HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի շուկայում հայտնվել են Ադրբեջանի համար նախատեսված սմարթֆոններ

Ադրբեջանի շուկայի համար նախատեսված «Samsung» ապրանքանիշի սմարթֆոնները հայտնվել են հայկական շուկայում, ընդ որում՝ դրանք մեկ-երկու հատ չեն, այլ մի քանի հարյուր, անգամ հազարին մոտ: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնել է համակարգչային, թվային ու ցանցային սրահներից մեկի հիմնադիր Ներսես Ավդալյանը՝ նախապես շեշտելով, որ այս պատմության մեջ մրցակցության ենթատեքստ փնտրել պետք չէ, իրենք ունեն իրենց գնորդները:

Ներսեսն ասում է, որ վերջին 1,5 տարում իրենք «Ֆեյսբուք» սոցցանցի միջոցով գրեթե ամեն օր ուղիղ եթերներով ներկայացնում են տարբեր տեսակի տեխնիկայի անալիտիկան, որպեսզի գնորդները տեղեկացված լինեն դրանց հնարավորություններից: Օգոստոսի 21-ի եթերում ներկայացրել են «Samsung Galaxy A50» մոդելի սմարթֆոնը, թե ինչու է, ենթադրենք, իրենց սրահում այն ավելի թանկ, քան հարեւան խանութում: Համեմատության համար նախապես նմանատիպ հեռախոս էին գնել Երեւանի կենտրոնում գտնվող փոքր խանութներից մեկից, որն ավելի էժան է եղել եւ, ըստ օգտատերերի, նախատեսված է եղել ուզբեկական շուկայի համար:

«Մենք բացատրում էինք, որ դա նույն «Samsung»-ը չէ, որ, տեսեք, որակն ուրիշ է, ավելի դանդաղ է աշխատում, անտենաների որակը, Wi-Fi-ի որակն ավելի վատ է: Ջերմագոյացման թեստ արեցինք, այն 5-7 տոկոսով ավելի շատ էր տաքանում, իսկ դա նշանակում է, որ մարտկոցի եւ մայր սալիկի կյանքը մինչեւ 50-60 տոկոս կարճանում է: Այսինքն՝ «ուզբեկականը» 30-40 տոկոսով որակապես զիջում է «եվրոպականին»»,- նշում է Ներսես Ավդալյանը:

Հավելում է, որ մինչ այդ էլ իրենց գնորդները ուզբեկական շուկայի համար նախատեսված մոդելներ էին բերել թեստավորման, ինչի արդյունքում պարզվել էր, որ դրանք եվրոպականներից շատ ավելի դանդաղ են աշխատում, ինչը տարօրինակ էր թվացել մասնագետներին:

«Թեստավորման ընթացքում տպավորություն էր, կարծես, անտիվիրուս դրած լինեին մեջը, երբ ընթացք ես տալիս, մի պահ կանգնում է, ապա նոր սկսում աշխատել: Բոլոր գործողությունները շարունակական նույն դեֆեկտներով էին: Հասկացանք, որ դա ծրագրային դեֆեկտ չէ»,- պատմում է մեր զրուցակիցը:

Օգոստոսի 21-ի ուղիղ եթերում «ուզբեկական» ու «եվրոպական» հեռախոսների համեմատություն անելիս «Samsung»-ի պաշտոնական կայքում առցանց եղանակով լրացրել են իբր ուզբեկական շուկայի «Samsung Galaxy A50» սմարթֆոնի տվյալները՝ փորձելով պարզել, թե իրականում որ երկրի համար է արտադրված այն: Եվ պարզվել է, որ դա նախատեսված է ադրբեջանական շուկայի համար:

Այս անակնկալ պատասխանից հետո կրկին լրացրել են նույն տվյալները, այս անգամ «Samsung»-ը որպես հասցեատեր երկիր ցույց է տվել Կովկասը, իսկ հաջորդ անգամ՝ Հայաստանը:

Ներսեսն ասում է, որ, այդուհանդերձ, ուղիղ եթերում իրենց հետեւորդներին չեն հայտնել այս մասին՝ վերջիններիս հնարավորություն տալով անձամբ պարզել, թե որ շուկայի համար են իրենց սմարթֆոնները: Մեր զրուցակցի պատմելով՝ ուղիղ եթերից հետո օգտատերերից մոտ 100 նամակ են ստացել. քաղաքացիները եւս «Samsung»-ից տարբեր պատասխաններ են ստացել իրենց հեռախոսների մասին՝ մի մասի պարագայում նշվել է Ադրբեջան, մյուսների դեպքում՝ Կովկաս, մնացածի համար՝ Հայաստան:

«Հետքի» զրուցակցի ասելով՝ 3-4 օր անց «Samsung»-ի պաշտոնական կայքում այլեւս հնարավոր չէր ստուգել, թե արդյոք տվյալ հեռախոսը նախատեսված է Հայաստանի, Վրաստանի կամ Ադրբեջանի շուկայի համար:

Ներսեսը նաեւ նկատում է, որ ուղիղ եթերում իրենց ստուգած թվացյալ ուզբեկական «Samsung Galaxy A50» սմարթֆոնի հասցեատեր շուկան եղել է Ադրբեջանը:

«Առհասարակ բրենդների մեծ մասն ապրանքն ուղարկում է կոնկրետ մատակարարին՝ կոնկրետ հասցեով: Ես ինքս տարբեր ապրանքների մատակարար եմ: Ապրանքը, ենթադրենք, Հոլանդիայից դուրս է գալիս, հասնում է Հայաստան, մեր անունով մաքսազերծում է արվում: Այսինքն՝ բրենդը ռեգիոնալ մատակարարներին ապրանք բաժանելիս մեկի ապրանքը մյուսին չի ուղարկում»,- բացատրում է Ն. Ավդալյանը՝ ավելացնելով, թե խիստ կասկածում է, որ մեղավոր լինեն մատակարարները, քանի որ դա մեծ աղմուկ կառաջացնի, իսկ տվյալ մատակարարը խայտառակ կլինի:

Ներսեսի կարծիքով՝ ադրբեջանական շուկայի համար նախատեսված հեռախոսները Հայաստան են գալիս Վրաստանի տարածքով եւ ֆիզիկական անձանց միջոցով: Օրինակ է բերում վերջերս Վրաստանից Հայաստան մտած մեքենայի գազի բալոնի մեջ հայտնաբերված 60-70 հատ «Samsung» տեսակի հեռախոսները:

Ըստ մեր զրուցակցի՝ ամսական Հայաստան է բերվում մի քանի հազար հատ սմարթֆոն, որոնց մեծ մասը, նրա համոզմամբ, մեր երկիր են մտնում էլեկտրոնային առեւտրային հարթակների եւ փոստային ծառայությունների միջոցով՝ ֆիզիկական անձանց անուններով, որպեսզի չհարկվեն:

«Փոստային ծառայությունը վերահսկելի չէ. եթե թմրանյութ կամ զենք չէ, ոչ ոք չի ստուգում, թե դա ինչ է»,- ասում է Ներսես Ավդալյանը: Նա խնդրի մասին արդեն տեղյակ է պահել ազգային անվտանգության ծառայությանը, բայց նշում է, որ գործընթացի կամ զարգացումների մասին առայժմ ոչինչ չի կարող հայտնել:

Համակարգչային, թվային ու ցանցային սրահի հիմնադիրն ասում է, որ մեր շուկայում ադրբեջանական շուկայի համար նախատեսված հեռախոսների հայտնվելը տեղեկատվական անվտանգության հարց է: Ըստ նրա՝ չի բացառվում, որ դրանց միջոցով հարեւան երկրի հատուկ ծառայությունները կարող են գաղտնալսել մեր քաղաքացիներին:

Ներսես Ավդալյանը համոզված է, որ փոստային ծառայությունները ավելի խիստ վերահսկողության պիտի ենթարկվեն, իսկ դրա համար անհրաժեշտ են նաեւ օրենսդրական փոփոխություններ: «Այն ապրանքները, որոնք տեղեկատվական կրիչներ են պարունակում, պետք է վերահսկվեն ավելի պրոֆեսիոնալ ձեւով, այսինքն՝ եթե մեկը սմարթֆոն է բերում, նվազագույնը պետք է ստուգեն, թե որ երկրի համար է արտադրված»,- նշում է նա:

Միաժամանակ շեշտում է, որ խնդիրը միայն «Samsung»-ին չի վերաբերում, այլեւ «Huawei»-ին, «Xiaomi»-ին եւ «Apple»-ին, որոնց պատրաստվում են անվստահություն հայտնել ստորագրահավաքի միջոցով, այսինքն՝ այն մարդիկ, ովքեր տուժել են նշված ապրանքանիշերից, կարող են միանալ ստորագրահավաքին՝ կցելով իրենց ունեցած փաստերն ու պահանջելով բացատրություն:

Հայտնի ապրանքանիշերը, ինչպես բացատրում է Ներսես Ավդալյանը, գովազդային խայծ են օգտագործում գնորդների համար. գովազդում են ինչ-որ սմարթֆոն, սակայն հետո «երրորդ կարգի երկրներ» են ուղարկում գովազդվածից տարբերվող տեխնիկական տվյալներով սարքեր: Այս պարագայում անհրաժեշտ է, որ գնորդները հետամուտ լինեն իրենց իրավունքներին եւ համապատասխան պահանջներ ներկայացնեն վաճառողին ու արտադրողին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter