
«Իմ քայլը» սկսում է գործընթաց՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ
Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը սկսում է գործընթաց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու վերաբերյալ։
Այս մասին «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Խմբակցությունը որոշեց, որ ՍԴ-ի դատավոր-անդամներից մեկի նկատմամբ սկսել գործընթաց՝ լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։ Խոսքը Հրայր Թովմասյանի մասին է։ Խմբակցությունը կայացրեց այդ որոշումը»,- ասաց նա։
ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ համապատասխան դիմում է ներկայացվելու ԱԺ նախագահին, վերջինս այն ուղարկում է գլխադասային հանձնաժողով, որի դրական եզրակացությունն էլ ստանալու դեպքում ներկայացվում է խորհրդարանին։
«Նման ընթացակարգ նախկինում չի եղել, և ԱԺ քննարկման ընթացքում հրավիրվում է նաև այն անձը, ում նկատմամբ նման գործընթաց է սկսվել, ունի ելույթի իրավունք, և կարող են հարցեր հղվել նրան»,- ասաց Վարդանյանը։
Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ այս կերպ խորհրդարանը «որևիցե մեկից ազատվելու խնդիր չունի», պարզապես ՍԴ-ն չունի որևիցե մարմին, որը կարող է դիտարկվել որպես իր վերադասը։
«Հիմնավոր կասկածներ կան, որ ՍԴ դատավորներից մեկը շեղվել է Սահմանադրությամբ վերապահված իր լիազորություններից, բայց վերջնական որոշումը կայացնում է հենց ՍԴ-ն, կայացնում է ձայների ⅔-ով»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը։
Ըստ Վարդանյանի՝ սա Սահմանադրությամբ խորհրդարանին վերապահված ընթացակարգ է, և երաշխիքն այն է, որ ոչ թե ԱԺ-ն է վերջնական որոշում կայացնելու, այլ՝ ՍԴ-ն, այն էլ՝ ձայների ճնշող մեծամասնությամբ։
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ԱԺ արտահերթ ելույթով անդրադարձավ ՍԴ-ում քննվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը և ՍԴ-ի՝ ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով հղված դիմումներին։
«Կարծում եմ, որ ԱԺ-ն՝ որպես ժողովրդի օրինական և լեգիտիմ ներկայացուցիչ և առաջնային մանդատով օժտված միակ պետական ինստիտուտ, Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իր դիրքորոշումը պետք է արտահայտի վերը նշված խնդիրների կապակցությամբ»,- ասել էր Միրզոյանը։
Լուսանկարում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը
Մեկնաբանել