HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թեղուտ» ՓԲԸ-ի ճնշումների պատճառով Շնողի և Թեղուտի 4 ընտանիք փաստաբանին խնդրել է Եվրոպական դատարանից հետ վերցնել հայցադիմումները

«Թեղուտ» ՓԲԸ պղնձամոլիբդենային հանքավայրը պահանջում է Թեղուտի աշխատակիցներից հետ վերցնել սեփականության և գույքային իրավունքների ոտնահարման մասին հայցերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից:

«Հակառակ դեպքում ընկերության ղեկավարները սպառնում են դիմումատուներիս հեռացնել աշխատանքից»,- ասաց հողատերերից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը: Շնողի և Թեղուտի 4 ընտանիք Եվրոպական դատարան դիմելու գործով փաստաբան Կարեն Թումանյանից խնդրել է հետ վերցնել իրենց հայցադիմումները: 

Հիշեցնենք, որ տարվա սկզբին փաստաբանը Եվրոպական դատարանից ստացել է 8 շահած գործ՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

«Ընկերության ղեկավարները վերջերս անհատապես հանդիպումներ են ունենում աշխատողների հետ, և նրանց ենթարկում են ճնշումների: Գյուղացիները գալիս, մեզ ասում են «Թեղուտ» ՓԲԸ-ն իրենց գործից հանում է»,- ասաց Կարեն Թումանյանը: Վերջինս դիմումատուների համաձայնությունը չունենալու պատճառով անուններ չհրապարակեց, սակայն նշեց, որ նրանցից ոմանք ուզում են իրենց հայցերից հրաժարվել, որովհետև ընտանիքի որևէ անդամ աշխատում է ընկերությունում, որտեղ նրանց աշխատանքից ազատելու սպառնալիքով ճնշում են: Կարեն Թումանյանը հողատերերի նկատմամբ ճնշումը որակում է ակնհայտ ապօրինի: Նա հայցերը հետ պահանջող գյուղացիներին բացատրել է, որ իրենց գործերը ընթացքի մեջ են և չի կարող գործընթացի կեսից հանել: Իսկ ընկերության ղեկավարներին զգուշացրել է, որ հողատերերին աշխատանքից ազատելու համար լրացուցիչ գործ կներկայացնի Եվրոպական դատարան:

«Թեղուտ» ՓԲԸ-ի դիմումատուներին սպառնալու մասին «Հետք»-ը  սեպտեմբերի 17-ի Վանաձորի ասուլիսում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Գիտեք, ես այդքան մանրամասն չեմ տիրապետում, բայց կարող եմ ասել, որ Թեղուտի հանքի վերաբերյալ ես շփումներ եմ ունեցել ՎՏԲ բանկի նախագահ պարոն Կոստինի հետ: Նա շատ լուրջ մարդու տպավորություն է թողել: Եվ ըստ էության այն պայմանավորվածությունները, որ բանավոր ձևով մենք ձեռք ենք բերել, բոլորը իրագործել է: Ես համոզված եմ նաև, որ այս հարցի վերաբերյալ ձեռք բերված ահազանգերը լսելուց հետո ՎՏԲ բանկը պատասխանատու որոշում կկայացնի, կուսումնասիրի իրավիճակը: Եթե հարցը մեզ էլ կհասնի, մենք էլ կնայենք և կփորձենք օգնել»,- պատասխանեց վարչապետը:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ում հաղթած 8 գործերը նոր հանգամանքի հիմք են հանդիսացել: Այդ հիմքով իրենց սեփականության և գույքային իրավունքները պաշտպանելու գանգատներ է ներկայացրել Շնողի և Թեղուտի ևս 58 ընտանիք: Փաստաբանը, այդ գործերը հիմք ընդունելով, ներպետական դատարաններին դիմել է նոր գործերի վերաբացման համար: Գործերը ներկայացված են ընդհանուր իրավասության, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում: Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել ներկայացրած բոլոր գործերը:

«Հետո անցել է որոշակի ժամանակ, իրավիճակ է փոխվել, ենթադրում եմ՝ բացասական առումով և դատարանից որոշումներ եմ ստանում, որ Եվրոդատարանի նշած  փաստարկները նոր հանգամանք չեն: Հետևությունները թողնում եմ ընթերցողներին»,- ասում է Կարեն Թումանյանը: Նրա խոսքով՝ Եվրոպական դատարանը իր դատական ակտով 8 գործերով նոր ստանդարտ է նշել, այն է՝ օրենքը ընդունելիս պետությունը պետք է հաշվի առներ այն հանգամանքը, որ դիմումատուները կորցրել են իրենց եկամտի հիմնական աղբյուրը: Չեն դիտարկել այն հարցը, թե արդյոք տրամադրվող փոխհատուցումը կծածկի դիմումատուների ապրուստը հոգալու միջոցներից զրկվելու հետ կապված փաստացի կորուստը: Արդյոք ազգային դատարանի կողմից սահմանված փոխհատուցումը բավարարել է, որպեսզի գյուղացիները ձեռք բերեն համարժեք հող այն տարածքում, որտեղ ապրում էին: Այս հիմքերով դատարանը 8 գյուղացիների գանգատն ընդունելի է համարել և վճռել է պարտավորեցնել Հայաստանի Հանրապետությանը նյութական և ոչ նյութական վնասի դիմաց դիմումատուներին վճարել իր կողմից սահմանված գումարները: Կարեն Թումանյանի ասելով՝ Հայաստանի դեմ եղած գործերով Եվրոպական խորհրդի նախարարների կոմիտեում վարույթ կա: «Ճիշտ է, Կառավարությունը դիմումատուների վնասը փոխահատուցել է, սակայն Եվրոդատարանի վճիռը ենթադրում է նաև օրենքների փոփոխություն: Հիմա այն փուլում ենք, որ պետք է օրենքներ փոխեն, որ մնացած գործերը ևս քննարկենք: Կառավարությունը Եվրոդատարանի նշած օրենսդրական փոփոխությունները չի շտապում իրականացնել»,-ասաց փաստաբանը:

Փաստաբանը գտնում է, որ Հայաստանի կառավարությունը նախ և առաջ պետք է քրեական գործով քննության առնի և առաջին հերթին պարզի, թե այդ լիցենզիան, որ տրվել է «Թեղուտ» ՓԲԸ-ին՝ իրավաչափ է եղել, թե չէ: Պետք է նաև պարզել, թե ում մեղքի համար է պետական բյուջեից 100 հազար դոլար վճարվել գյուղացիներին: Առայժմ, Կառավարությունը դրա հետ կապված որևէ պահանջ չի ներկայացրել «Թեղուտ» ՓԲԸ-ին:

Կարեն Թումանյանը լավատես է: «Օրենսդրական պահանջը չեն կատարի, մենք հողատերերի գործերը նորից Եվրոպական դատարան կուղարկենք: Ես ակնկալում եմ, որ մարդու խախտված իրավունքը պետք է վերականգնվի»,- ասում է Կարեն Թումանյանը:

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter