
Ոստիկանության օպերատիվ փնտրողական վարչության պետն ազատվել է ծառայությունից
ՀՀ ոստիկանությունից հաստատել են մեր տեղեկությունն այն մասին, որ պաշտոնից ազատվել է ոստիկանության օպերատիվ փնտրողական (հասարակության մեջ հայտնի է որպես 7-րդ) վարչության պետ, գնդապետ Բաբկեն Սեդրակյանը: Դուբայում մեծահարուստ հայերի եւ պաշտոնյաների ունեցվածքի մասին հետաքննության մեջ անդրադարձել էինք նաեւ Սեդրակյանին: 2014 թ. վերջինս բնակարան է ձեռք բերել Դուբայի հայտնի «արմավենու» («Palm Jumeirah») վրա՝ «Al Hatimi» բնակելի շենքում: Նույն տարում նա եւ կինը՝ Իդա Եղիազարյանը, վաճառել են Դուբայի Միջազգային քաղաք թաղամասի «Al Dana 1» բնակելի շենքում գտնվող իրենց բնակարանը:
Հատկանշական է, որ «Հետքի» հրապարակումից հետո գլխավոր դատախազությունը համապատասխան նյութերն ուղարկել է ոստիկանություն, որտեղ, ըստ ԳԴ-ի, կատարվում են լայնածավալ ստուգողական աշխատանքներ: Հաշվի առնելով Բ. Սեդրակյանի բարձր պաշտոնը ոստիկանությունում՝ մեր տարակուսանքն էինք հայտնել, որ նյութերն ուղարկվել են այս մարմին:
Բաբկեն Սեդրակյանը ՕՓՎ պետ էր նշանակվել անցյալ տարվա դեկտեմբերին նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով: Գրել էինք նաեւ, որ նշանակումից հետո Սեդրակյանի որդին՝ Ժիրայր Սեդրակյանը, կրկին Օսիպյանի հրամանով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (ԿՀԴՊԳՎ, հայտնի է որպես 6-րդ) 3-րդ վարչության ավագ օպերլիազորի պաշտոնից փոխադրվել է Երեւան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնին:
Հիշեցնենք, որ վերը նշվածից բացի Բ. Սեդրակյանը Ղրղըզստանի պատվավոր հյուպատոսն է Հայաստանում, ինչպես նաեւ «Պատվավոր հյուպատոսների միություն» ՀԿ-ի նախագահը, մինչեւ ՕՓՎ պետ նշանակվելը նա դարձել էր ոստիկանապետին կից հասարակական խորհրդի անդամ, իսկ այդ պաշտոնում նշանվելուց հետո դարձել էր նաեւ ոստիկանության խորհրդակցական մարմնի (կոլեգիայի) անդամ:
Ի դեպ, գնդապետ Բ. Սեդրակյանը ոչ թե ուղարկվել է կադրերի ռեզերվ, այլ ազատվել է ոստիկանությունում ծառայությունից:
Մեկնաբանել