
Շինարարները, ոստիկաններն ու հանրային տարածքի պահապանները
Մաշտոցի այգում լարված մթնոլորտ է: Քիչ առաջ շինարարները յուրատեսակ մեթոդներով փորձում էին հաղթահարել բնապահպանների դիմադրությունը՝ բետոնախառնիչ մեքենան քշելով նրանց կենդանի պատի ուղղությամբ:
Այս պահին, ոստիկանները բանակցություններ են վարում բնապահպանների հետ՝ հորդորելով նրանց չխոչընդոտել շինարարությանը: Ըստ ոստիկաններին՝ այգու շինարարությունը օրինական է, և շինարարներն իրավունք ունեն շարունակելու իրենց աշխատանքները:
Սակայն ցուցարարները զիջման չեն գնում: Նրանց պնդմամբ՝ ոչ մի փաստաթուղթ, վահանակ, ցուցանակ չկա, որը կվկայեր շինարարության օրինականությունը, և իրենք թույլ չեն տալու, որ հանրային շահը ստորադասվի անձնականին:
«Իրավունքը մերն է, հանրային շահն ավելի բարձր է, քան մի քանի բիզնեսմենի թուրքական շորերի կրպակները»,- ասում է բնապահպան Վահրամ Սողոմոնյանը:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ «Կենդանի պարիսպ, ոչ մի շինարարական գործողություն մեր այգում» կարգախոսով Մաշտոցի այգում նստացույց են կազմակերպել բնապահպան ակտիվիստները:
Մեկնաբանել