
Հակոբ Մկրտչյանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն
Թաիլանդի Պատայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 89 կգ քաշային կարգում հանդես եկող Հակոբ Մկրտչյանը երկամարտի 375 կգ (167+208) արդյունքով դարձավ աշխարհի չեմպիոն:
Պոկում վարժությունում Հակոբ Մկրտչյանը առաջին մոտեցմամբ կարողացավ իր գլխավերևում պահել 163 կիլոգրամանոց ծանրաձողը: Երկրորդ մոտեցմամբ հայ ծանրորդը բարձրացրեց նաև 167 կգ ծանրաձողը, սակայն երրորդ մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 170 կիլոգրամը և պոկում վարժությունում բավարարվեց 4-րդ տեղով:
Հրում վարժությունում Հակոբ Մկրտչյանը առաջին մոտեցման համար պատվիրել էր 204 կլիոգրամանոց ծանրաձող, որը կարողացավ հաջողությամբ բարձրացնել: Երկրորդ մոտեցմամբ հայ ծանրորդը կարողացավ իր գլխավերևում պահել 208 կիլոգրամը: Եվ քանի որ իրանցի Ալի Միրին անհաջողություն գրանցեց 212 կգ ծանրաձողը բարձրացնելիս, Հակոբ Մկրտչյանը, առանց երրորդ մոտեցումը կատարելու, հռչակվեց աշխարհի չեմպիոն:
Հարկ է նշել, որ հրում վարժությունում Հակոբ Մկրտչյանը փոքր արծաթ նվաճեց, քանի որ B խմբում ճապոնացի Տոշիկի Յամամոտոն ավելի շուտ էր բարձրացրել 208 կիլոգրամանոց ծանրաձողը։ Ինչևէ, դա չխանգարեց հայ ծանրորդին դառնալ աշխարհի չեմպիոն: Իրանցի Ալի Միրին հռչակվեց փոխչեմպիոն, իսկ վրացի Ռևազ Դավիտաձեն՝ բրոնզե մեդալակիր:
89 կգ քաշային կարգում էր հանդես գալիս նաև Եվրոպայի 2019թ. առաջնության բրոնզե մեդալակիր Դավիթ Հովհաննիսյանը, որին երկամարտի 355 կգ արդյունքով չհաջողվեց մրցանակային տեղ գրավել:
Հիշեցնենք, որ 22-ամյա Հակոբ Մկրտչյանը 2019թ. ապրիլին հաղթել էր նաև Եվրոպայի առաջնությունում: Բացի այդ, գյումրեցի ծանրորդը 2014թ. պատանեկան Օլիմպիական խաղերի և 2018թ. Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն է:
Աշխարհի ընթացիկ առաջնությունում Հակոբ Մկրտչյանը ծանրամարտի Հայաստանի հավաքականի առաջին ներկայացուցիչն էր, որը մրցանակային տեղ գրավեց երկամարտի արդյունքներով: Մինչև այդ, 81 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում փոքր բրոնզե մեդալի էր արժանացել:
Մեկնաբանել