HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արագածոտնի մարզում անտառ են վարձակալել գյուղապետը, նախկին պատգամավորի եղբայրն ու անտառապահը

Անտառային կոմիտեի Արագածոտնի անտառտնտեսության վարձակալների գերակշիռ մասը վարձակալած տարածքները չի օգտագործել և չի օգտագործում։ «Հետքը» Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու մարզերի անտառային տարածքների վարձակալությունների պատմություններն արդեն հրապարակել է։ Այս անգամ մենք եղանք Արագածոտնի մարզի անտառային տարածքներում։ 10840 հա տարածք զբաղեցնող Արագածոտնի մարզի անտառներից վարձակալության է տրված անտառային 8 տարածք, ընդհանուր՝ 22 հա մակերեսով: Բոլոր վարձակալներն անհատներ են:

Վարձակալ Հակոբ Երիցյան

Այս մարզի խոշոր վարձակալը ուջանցի Հակոբ Երիցյանն է: Նա 2006թ. հանգստի գոտի կազմակերպելու նպատակով 60 տարով վարձակալության է վերցրել 10 հա անտառային տարածք, որի դիմաց վճարում է 120․000 դրամ:

Հակոբ Երիցյանի տարածքը Բյուրական գյուղի մոտակայքում է: Վարձակալը 13 տարի է՝ որևէ կերպ չի օգտագործել տարածքը: Հակոբ Երիցյանը Տրանսպորտի և կապի նախկին փոխնախարար Դավիթ Երիցյանի եղբայրն է, Դավիթ Երիցյանն այնուհետև՝ 2-րդ գումարման ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր է ընտրվել:

Վարձակալ Էդուարդ Ղարիբյան

Էդուարդ Ղարիբյանը 2011-2036թթ. Ժամկետով վարձակալության է վերցրել 1 հա տարածք՝ 144 հազար դրամ տարեկան վարձավճարով: Տարածքում սեզոնային հանգստի համար նախատեսված տնակներ և տաղավարներ կան, որոշները՝ բետոնե հիմքերով: Էդուարդ Ղարիբյանը, ինչպես տեղեկացանք, ապարանցի գեներալ-լեյտենանտ Նվեր Թորոսյանի զարմիկն է: Նվեր Թորոսյանը ՌԴ ազգային անվտանգության հիմնախնդիրների միջազգային ակադեմիայի գեներալ-մայոր է, Կազակական զորքերի գեներալ-լեյտենանտ, նաև գործարար է:

Վարձակալ Արայիկ Մանուկյան

35 տարի ժամկետով, հանգստի գոտի կազմակերպելու նպատակով 0.24273 հա տարածք 2010թ.-ին վարձակալել է նաև Արայիկ Մանուկյանը, նույն ինքը՝ Արագածոտնի մարզի Օրգով համայնքի ղեկավարը: Նա ՀՀԿ անդամ է, համայնքի ղեկավար ընտրվել է 2012-ին: Արայիկ Մանուկյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ տարածքը վարձակալելու ժամանակ պետական պաշտոն չի զբաղեցրել, իսկ տեղադրված տաղավարների վարձավճարը ֆիքսված չէ՝ գյուղացիներից և ծանոթ մարդկանցից գումար չեն վերցնում, մյուսներից` 5-ից 10 հազար դրամի միջակայքում։ Տարածքը Ամբերդ գետի ափին է, որտեղ հանգստի համար նախատեսված տաղավարներ են տեղադրված:

Վարձակալ Արարատ Թադևոսյան

Արարատ Թադևոսյանը 2010-ին 35 տարի ժամկետով 0,73 հա տարածք է վարձակալել նույնպես հանգստի գոտի կազմակերպելու նպատակով: Դրա դիմաց վճարում է 110 հազար դրամ: Ձորի բերանին գտնվող այս տարածքը որևէ կերպ չի օգտագործվում: Արարատ Թադևոսյանը Բյուրականի բնակիչ է։ Տարիներ առաջ հայտնվել էր դատարանում իր համագյուղացու հետ գյուղի տարածքում գտնվող 5-6-րդ դդ. «Եկեղեցի Արտավազդիկ» հուշարձանի տարածքում հողային տաղավար տեղադրելու, հողային աշխատանքներ և այլն կատարելու համար։ Դատարանը պարտավորեցրել էր Բյուրականի բնակիչներին վերականգնել հուշարձանի նախկին տեսքը։

Վարձակալ Աղվան Արամյան

Աղվան Արամյանը 2008թ. 20 տարի ժամկետով վարձակալության է վերցրել 1 հա տարածք՝ հանգստի գոտու, խոտհարքի և ձկնաբուծության նպատակով: Դրա դիմաց պարտավորվել է վճարել 144000 դրամ: 1 հա անտառային տարածքը երկու տարբեր տեղերում է: Մեկում՝ հանգստի տաղավար կա, երկրորդում՝ երկաթե տնակ՝ փայտյա «շապիկով»: Առաջին տարածքում վարձակալը ծառատունկ է իրականացրել, եղևնիներ է տնկել, որոնց մեծ մասն արդեն աճում է: Աղվան Արամյանը Լուսագյուղից է, նախկինում հենց Լուսագյուղի անտառապահն է եղել։ 

Վարձակալ Էդուարդ Հակոբյան

2010թ.-ին Էդուարդ Հակոբյանը 25 տարի ժամկետով վարձակալության է վերցրել 1,36 հա տարածք, որի դիմաց վճարում է 196 հազար դրամ:

Էդուարդ Հակոբյանի տարածքը Ապարան-Եղիպատրուշ գյուղի ճանապարհին է: Վերջինս, սակայն, անձամբ չի օգտագործում այն, այլ ենթավարձակալության է տվել Կոտայքի մարզի Քասախ համայնքում հաշվառված Հրաչիկ Մելքոնյանին: Տարածքը սեզոնային հանգստի համար է նախատեսված, տեղադրված են տաղավարներ:

Վարձակալ Լիպարիտ Դանիելյան

2010թ. Լիպարիտ Դանիելյանը Բյուրականի մոտակայքում 3 հա տարածքը վարձակալել է 35 տարի ժամկետով: Դրա դիմաց վճարում է 60 հազար դրամ: Այն պետք է վերածեր հանգստի գոտու և կանաչապատեր տարածքը: Սակայն որևէ գործունեություն չի իրականացնում:

Վարձակալ Մարգարիտ Արսենյան

Մարգարիտ Արսենյանը 2015-2040թթ. Ժամկետներով վարձակալել է 5 հա տարածք՝ 200 հազար դրամ տարեկան վարձավճարով: Անտառապահ Մարատ Հովակիմյանը հայտնեց, որ Մարգարիտ Արսենյանը հանգուցյալ Վոլոդյա Արսենյանի կինն է, ով նախկինում աշխատել է տարածքի ճամբարում, իսկ տիկինը որպես ամուսնու հիշատակ, տարածքը վերցրել և խնամում է: Այն երկաթբետոնե ցանկապատով է առանձնացված:

Վարձակալած և չօգտագործած տարածքների պայմանագրերը չխզելու վերաբերյալ մեր հարցին ի պատասխան Անտառային կոմիտեից հայտնեցին, որ վարձակալության պայմանագրերին առնչվող բոլոր հարցերն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողով է ստեղծվել։ Հանձնաժողովի գործունեությանը կանդրադառնանք առաջիկայում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter