HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Առևտրի ոլորտում կենտրոնացումը խորացել է

Առևտրաշրջանառությունը Հայաստանում կենտրոնացված է մայրաքաղաքում և համեմատաբար մեծ խանութների շուրջ։ Տարիների ընցաքում կենտրոնացվածությունը խորացել է, և այդ միտումը շարունակվում է նաև այսօր։ Չնայած որ շատ է խոսվում Երևանի ու մարզերի շուրջ տարածքային անհամաչափությունը թուլացնելու անհրաժեշտության մասին, սակայն այսօր պաշտոնական վիճակագրությունը ճիշտ հակառակն է փաստում։

Ըստ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ)՝ այս տարվա հունվար-հունիսին ներքին առևտրաշրջանառությունը Հայաստանում ընթացիկ գներով կազմել է 1 տրլն 415 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 8.9 %-ով։

Ընդ որում՝ աճել է ինչպես մանրածախ, այնպես էլ մեծածախ առևտրաշրջանառությունը։ Մանրածախ առևտուրն առաջին կիսամյակում կազմել է մոտ 675 մլրդ դրամ՝ աճելով 8.2 %-ով։ Միևնույն ժամանակ, մեծածախ առևտուրը մոտ 694 մլրդ դրամ է, աճը՝ 12.2 %։ Իսկ ավտոմեքենաների առևտուրը կազմել է 46 մլրդ դրամ՝ նվազելով 18.2 %-ով, սակայն պետք է նկատի ունենալ, որ ավտոմեքենաների այս ցուցանիշը ներառում է միայն մասնագիտացված խանութների միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց պահեստամասերի և պարագաների վաճառքը, ինչպես նաև՝ դրանց տեխնիկական սպասարկումը և նորոգումը:

Նշենք, որ Վիճկոմիտեն հրապարակել է նաև առևտրի ցուցանիշները հունվար-հուլիսի կտրվածքով, սակայն կիսամյակային (հունվար-հունիս) զեկույցում առևտրի ոլորտն ավելի մանրամասն է ներկայացված, հետևաբար հոդվածի համար հիմք ենք ընդունել կիսամյակայինը։

Առևտրի շրջանառության ծավալների մեծացումը որոշակիորեն կարող է պայմանավորված լինել ստվերային շրջանառության կրճատմամբ, երբ տնտեսվարողները ստվերից տեղափոխվել են սպիտակ դաշտ։ Իսկ առհասարակ, առևտրի ծավալների աճի վրա ազդող գործոնները բազմաթիվ են՝ ընդհուպ մինչև բանկերից ստացվող սպառողական վարկերի աճը։

Նկատելի է, որ տարվա առաջին եռամսյակում առևտրաշրջանառության ծավալներն ավելի արագ տեմպերով են ավելացել, քան երկրորդում։ Մասնավորապես, եթե այս տարվա առաջին եռամսյակում առևտուրը 11.4 %-ով է աճել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ապա երկրորդ եռամսյակում աճը կազմել է 6.8 %: Այսինքն՝ երկրորդ եռամսյակում աճը դանդաղել է։

Մանրածախ առևտրի գերակշիռ մասն այսօր կենտրոնացված է խանութների շուրջ։ Եվ առևտրի մյուս օբյեկտներին, ինչպիսիք են գյուղատնտեսական շուկաները, սպառողական ապրանքների շուկաները, կրպակները և այլն, առևտրի փոքր մաս է բաժին ընկնում։

Այս տարվա առաջին կիսամյակում մանրածախ առևտրի 79.3 %-ը ապահովել են խանութները՝ 535 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 9.2 %-ով ավելացել է։

Վերջին տարիներին խանութների մասնաբաժինը մանրածախ առևտրում գնալով մեծանում է։ Համեմատության համար՝ նախորդ տարվա առաջին կիսամյակում խանութներն ապահովել են մանրածախ առևտրի 78.4 %-ը։ Իսկ եթե ավելի հետ գնանք, ապա հինգ տարի առաջ՝ 2014 թվականի առաջին կիսամյակում, խանութների կշիռը մանրածախ առևտրում կազմել է 70.8 %: Ավելի հետ գնանք. 10 տարի առաջ՝ 2009 թվականի առաջին կիսամյակում այն կազմել է 64.1 %: Այդ տարիներին համեմատաբար էական կշիռ են ունեցել սպառողական ապրանքների շուկաները։

Այդպիսով, խանութներում առևտրի ծավալներն աճում են, ու աճում է դրանց կիշռը՝ ի հաշիվ մյուս ապրանքային շուկաների։ Նախկինում Վիճկոմիտեն հրապարակում էր նաև խանութների կառուցվածքը՝ ըստ աշխատակիցների քանակի, որից էլ պարզ էր, որ նշված խանութների մեծ մասը սուպերմարկետներն են, որոնք ունեն համեմատաբար մեծ թվով աշխատակիցներ՝ 50-250 հոգի:

Առևտրի կենտրոնացումը մեծ խանութների ձեռքում մեր տնտեսության գլխավոր խնդիրներից մեկն է, որ խոսում է փոքր բիզնեսի խոչընդոտների մասին։

Այս տարվա առաջին կիսամյակում, 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ, սպառողական ապրանքների շուկաներում իրականացվող առևտրի ծավալները կրճատվել են 8.7 %-ով, իսկ գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում՝ 25.5 %-ով։ Որոշակի աճ կա կրպակներում՝ 5.1 % և առևտրի այլ օբյեկտներում՝ 12.9 %: Առևտրի այլ օբյեկտները շարժիչային և կենցաղային վառելիքի մանրածախ առևտրի կետերն են։

Առևտրի ոլորտում հաջորդ խնդիրը, որը ևս գալիս է նախորդ տարիներից և որը բնորոշ է մեր տնտեսության գրեթե բոլոր ճյուղերին, մայրաքաղաքի շուրջ կենտրոնացվածությունն է։ Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում կատարված 1 տրլն 415 մլրդ դրամ առևտրի 74.8 %-ը բաժին է ընկել Երևանին։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը 71.7 % էր։ Այսինքն՝ նաև Երևանի շուրջ կենտրոնացվածությունն է խորացել։

Իսկ մարզերը բավական պասիվ վիճակում են։ Միայն Կոտայքն ու Արարատն են, որոնց տեսակարար կշիռը առևտրաշրջանառության ծավալում անցնում է 4 %-ի շեմը։ Իսկ ամենափոքր կշիռն ունի Վայոց ձորը։

Ընդհանուր առմամբ, առևտուրն ու ծառայությունները Հայաստանում գրանցվող տնտեսական աճին նպաստող հիմնական ոլորտներն են։ Այս երկու ոլորտներն ավելի արագ տեմպերով են աճում, քան երկրի տնտեսական աճի տեմպերը: Ըստ Վիճկոմիտեի վերջին տվյալների՝ այս տարվա երկրորդ եռամսյակում գրանցված 6.5 % տնտեսական աճի 4.91 տոկոսային կետն ապահովել են առևտուրն ու ծառայությունները։ Ծառայությունների ոլորտում ևս մեծ է Երևանի շուրջ կենտրոնացվածությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter