HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

1500 հետաքննող լրագրող հավաքվել է Համբուրգում

Գերմանիայի Համբուրգ քաղաքում սեպտեմբերի 25-ին մեկնարկել է Հետաքննական լրագրության 11-րդ գլոբալ կոնֆերանսը (Global Investigative Journalism Conference):

Այս տարվա միջոցառումը, որը կազմակերպել են Հետաքննական լրագրության գլոբալ ցանցը (GIJN, Global Investihative Journalism Network), «Netzwerk Recherche»-ն՝ Գերմանիայի հետաքննող լրագրողների ասոցիացիան, ինչպես նաեւ գերմանական «Interlink Academy»-ն, իր մասշտաբներով աննախադեպ է. այս անգամ կոնֆերանսը միավորել է 130 երկրի ավելի քան 1500 լրագրողի: Ըստ GIJN-ի՝ ռեկորդային է նաեւ զարգացող եւ անցումային փուլում գտնվող երկրներից ժամանած այն լրագրողների թիվը (450 հոգի), որոնց ժամանման, կացության եւ այլ ծախսերը հոգացել են կազմակերպիչները, նրանց գործընկերները կամ դոնորները:

Սեպտեմբերի 25-29-ն անցկացվող GIJC19-ի շրջանակներում կազմակերպվելու է ավելի քան 250 քննարկում, հանդիպում, դասընթաց, աշխատաժողով: Ինչպես միշտ, զեկույցներով հանդես են գալու աշխարհի տարբեր երկրներում աշխատող հայտնի հետաքննող լրագրողներ, այդ թվում՝ Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներ:

Սեպտեմբերի 28-ին հանձնվելու է հետաքննական լրագրության մեջ ամենահայտնի մրցանակներից մեկը՝ «Global Shining Light Award»-ը, որը GIJC-ի անբաժան մասն է:

Առաջին անգամ նման համաշխարհային կոնֆերանս կազմակերպվել է 2001 թվականին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում հետաքննող լրագրողներ Նիլս Մուլվադի (Nils Mulvad) եւ Բրանտ Հյուսթոնի (Brant Houston) նախաձեռնությամբ: Դրան մասնակցում էր 40 երկրի ավելի քան 300 լրագրող: 2003-ին կրկին Կոպենհագենում անցկացվեց երկրորդ կոնֆերանսը: Հենց երկրորդ հավաքի ժամանակ էլ որոշվեց ստեղծել ընդհանուր ցանց՝ միավորելով շահույթ չհետապնդող կազմակերպություններին: Հենց նման կազմակերպությունների ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ, ըստ ձեռնարկի հեղինակների, եթե կոմերցիոն լրատվամիջոցները մեծ ավանդ ունեն հետաքննական լրագրության մեջ, ապա նշված կազմակերպություններն են, որ դասընթացների, փորձի փոխանակման եւ այլ միջոցներով այս ոլորտը զարգացնում են ամբողջ աշխարհում: Ցանցի գաղափարը կյանքի կոչելու փաստաթղթին միացավ 22 երկրի 35 կազմակերպություն: Ահա այսպես ձեւավորվեց Հետաքննական լրագրության գլոբալ ցանցը:

Վերջինիս անմիջական մասնակցությամբ կազմակերպված առաջին կոնֆերանսը կայացավ 2005-ին Ամստերդամում: Նախատեսված էր կոնֆերանսները կազմակերպել յուրաքանչյուր 18-24 ամիսը մեկ: 2007-ին հետաքննող լրագրողներին հյուրընկալեց կանադական Տորոնտոն, իսկ 2008-ին՝ նորվեգական Լիլեհամերը, հաջորդեցին կոնֆերանսները Ժնեւում (2010), Կիեւում (2011), Ռիո դե Ժանեյրոյում (2013), Լիլեհամերում (2015), Յոհանեսբուրգում (2017):

Այժմ GIJN-ի անդամ է 77 երկրի 182 կազմակերպություն: Դրանց թվում է նաեւ «Հետքի» հիմնադիր «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն: 2008-ին «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը «Global Shining Light Award»-ի մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ երկրորդ մրցանակի, ինչի հիմք էին հանդիսացել այն ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի հանքարդյունաբերական բիզնեսի մասին հրապարակումները: 2015-ին էլ «Հետքի»՝ օֆշորային սկանդալի մասին պատմությունը (գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման մասին) «Global Shining Light Award»-ի 12 հավակնորդների ցանկում էր:             

Մեկնաբանություններ (1)

Andrzej Poreda
Բարի լույս, ես տեղեկություններ ունեմ վտանգավոր վտանգավոր մարդկանց մասին, ողջունում եմ Անջեյ Պորեսային:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter