HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արսեն Թորոսյանը խոսեց հիվանդանոցում գտնվող սպա Արա Մխիթարյանի, Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի և իր հասցեին հնչող մեղադրանքների մասին

Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպից հետո հիվանդանոց տեղափոխված սպա Արա Մխիթարյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ չկա: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ես երեկ եմ վերադարձել Հայաստան ու այսօր առավոտյան տեսակցեցի սպային: Բժիշկների հետ երկար քննարկեցինք նրա առողջական վիճակը, այս պահին վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Բժիշկներն ամեն ինչ անում են՝ առողջական վիճակն առնվազն այսպես պահելու և լավացնելու ուղղությամբ, անընդհատ կապի մեջ ենք՝ հասկանալու համար՝ դրական տեղաշարժ կա, թե ոչ: Այս պահին, ցավոք սրտի, դեռ չկա: Կանխատեումներ անել դժվար է, սակայն ամեն ինչ արվում է, որպեսզի նրա կյանքը փրկվի և առողջական վիճակը բարելավվի»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզում միջադեպ էր տեղի ունեցել, որից հետո Արա Մխիթարյանը տեղափոխվել էր հիվանդանոց: Միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է:

Նախարար Թորոսյանն անդրադարձավ նաև ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին: Նշենք, որ Գրիգորյանի պաշտպանները  նրա գործով գրեթե բոլոր դատական նիստերի ընթացքում միջնորդություններ են ներկայացնում Գրիգորյանին ազատ արձակելու վերաբերյալ՝ ասելով, որ նրա կյանքին վտանգ է սպառնում: Թորոսյանի խոսքով՝ Գրիգորյանը, թեև խրոնիկական մի քանի հիվանդություն ունի՝ անհանգստանալու ոչինչ չկա:

«Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը հենց սկզբից մեր ուշադրության կենտրոնում է: Հենց սկզբից մասնակցել ենք նրա նկատմամբ  նշանակված փորձաքննություններին, իսկ քրեակատարողական հիմնարկից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց հետո մշտական հսկողության տակ է գտնվում: Վիճակը գնահատում ենք կայուն, անհանգստանալու հրատապ ոչինչ չկա: Ուզում եմ միանգամից պատասխանել նաև այն մեղադրանքներին, իբր Մանվել Գրիգորյանին «սպանում ենք». նման բան չկա: Ամեն ինչ արվում է՝ ցանկացած անձի առողջական վիճակը պահպանելու համար»,- ասաց Թորոսյանը՝ շեշտելով, որ Գրիգորյանը բուժում է ստանում նաև իր ընտրած բժիշկների կողմից:

Անդրադառնալով իր հասցեին հնչող տարաբնույթ քննադատություններին՝ Թորոսյանը նշեց, որ վերջին մեկուսկես տարվա մեջ իրեն բոլոր «մահացու մեղքերի» մեջ մեղադրել են:

«Բայց ես կարծում եմ, որ ճիշտ հակառակ պրոցեսն է տեղի ունենում. գնալով ավելի շատ մարդիկ են պետության հաշվին բուժվում, նոր ծրագրեր են ներդրվել»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Նախարարի հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter