HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գագիկ Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը. նա բողոքարկել է գույքի վրա կալանք դնելու որոշումը

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին այսօր Խաչատրյանի խափանման միջոցի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Երեմ Սարգսյանը: Նշենք, որ պաշտպանը մինչ այս պահը չէր հայտնել Խաչատրյանի դիրքորոշումը մեղադրանքի վերաբերյալ:

Գագիկ Խաչատրյանը Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ էր ներգրավվել Քրեական օրենսգրքի 38- 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը), ապա մեղադրյալ ներգրավվեց նաև ԱԱԾ-ում հարուցված մեկ այլ քրեական գործով` կապված պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու հետ: Նրա վերաբերյալ երկու քրեական գործերն այս պահին քննվում են մեկ վարույթում:

Երեմ Սարգսյանը մեր հարցին ի պատասխան հայտնեց, որ Գագիկ Խաչատրյանի գույքի վրա, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, կալանք է դրված: Այս որոշումն իրենց կողմից բողոքարկվել է, սակայն դեռևս բողոքի վերաբերյալ որոշում կայացված չէ:

Ինչպես ավելի վաղ նշել ենք, Վերաքննիչ քրեական դատարանում այսօր քննվում էր Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ նրա բողոքը: Սարգսյանը ներկայացրեց բողոքի հիմքերը:

Ըստ պաշտպանի` Խաչատրյանին կալանավորելու որոշում կայացրած դատավոր Արտուշ Գաբրիելյանն անհայտ կոպիտ խախտումներ է թույլ տվել, և իրենք դիմել են արդարադատության նախարարին ու Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովին՝ նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով:

«Բոլորս գիտենք, որ երբ անձին ներկայացնում են կալանավորման միջնորդություն, դատարանին պետք է պարտադիր նյութեր ներկայացվեն, որոնց հիման վրա դատարանը կարող է ողջամիտ ենթադրություն անել՝ արդյոք անձը կապ ունի՞ ներկայացված մեղադրանքի հետ։ Դատարանը սա պետք է հաստատի, որ կարողանա անձին կալանավորել. խոսքը հիմնավոր կասկածի մասին է»,- նշեց Երեմ Սարգսյանը՝ պնդելով, որ դատարանն իր տրամադրության տակ ընդհանրապես չի ունեցել Խաչատրյանին առաջադրված յուրացում կամ վատնում կատարելու մեղադրանքի վերաբերյալ որևէ փաստական տվյալ:

Սարգսյանը հիշեցրեց, որ դատավորները կարող են կարգապահական պատասխանատվության ենթարկվել նյութական և դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումների համար, այսինքն՝ ամեն խախտում չէ, որը կարգապահական պատասխանատվության է հանգեցնում:

«Այս դեպքում ակնհայտ է կոպիտ խախտումը, որովհետև այստեղ անձի ազատության իրավունքի սահմանափակման խնդիր կա, պետք է անձերից վեր կանգնել»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Վերջինս նշեց նաև, որ բողոքում անդրադարձել են հանգամանքին, որ Խաչատրյանի ձերբակալումից երկու օր առաջ խուզարկություն կատարելու միջնորդություններ են մուտքագրվել դատարան, որոնք մակագրվել են նույն դատավորին՝ Արտուշ Գաբրիելյանին, ու, ըստ պաշտպանի՝ դատավորը առանց որևէ փաստական տվյալի առկայության բավարարել է նաև այս միջնորդությունները։ Արտուշ Գաբիելյանն է քննել նաև խուզարկությունից հետո Գագիկ Խաչատրյանի ձերբակալման դեմ բողոքը, և դատավորն, ըստ Երեմ Սարգսյանի, այն անհապաղ քննության առնելու փոխարեն սպասել է մինչև վարույթն իրականացնող մարմինը կներկայացնի նրան կալանավորելու միջնորդություն:

Մեր դիտարկմանը, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանն, ի վերջո, իրենց բողոքը քննելով, ոչ իրավաչափ է ճանաչել Գագիկ Խաչատրյանին ձերբակալելու որոշումը, պաշտպանը պատասխանեց.

«Եթե նույն նյութերի վրա դատարանը չի կարողացել ձերբակալման հիմնավորվածությունը հաստատել, հարց է ծագում, թե ինչպե՞ս եղավ, որ նույն նյութերի հիման վրա կալանավորման հիմնավոր կասկած հաստատեց։ Այս ամենը վկայում է, որ դատարանն ընդամենը մեխանիկական որոշում է կայացրել, եւ դատարանին մակագրված միջնորդությունները հատուկ նպատակով են նույն դատավորին մակագրվում, որպեսզի կայացվի ակնկալվող որոշում»:

Նշենք, որ դեռևս այն ժամանակ, երբ Գագիկ Խաչատրյանը մեղադրյալ էր միայն Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործով, դրա շրջանակներում մոտ 800 մլն դրամի փոխհատուցում է եղել: Այս գործին «Հետքն» անդրադարձել է ամիսներ առաջ ու նշել, որ քրեական գործով անցնում է նաև գյուղատնտեսության նախին նախարար Սերգո Կարապետյանը: Իրավապահ համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քրեական գործը վերաբերում է պետական սուբսիդավորման ծրագրով գյուղացիներին մատչելի գներով տրամադրված պարարտանյութերի գործընթացում ենթադրյալ չարաշահումներին, և  քրեական գործի նախաքննության ընթացքում պետությանը պատճառված էական վնասի փոխհատուցման բեռն իր վրա է վերցրել Գագիկ Խաչատրյանը, այդ թվում՝ Սերգո Կարապետյանի համար վճարվելիք գումարների պարտավորությունը:

Երեմ Սարգսյանը այս առնչությամբ պարզաբանումներ չտվեց, նշեց միայն, որ գումար փոխհատուցում եղել է, իսկ թե ով և ինչ հանգամանքներում է փոխհատուցել, դրան այս պահին չանդրադարձավ։

Սարգսյանը խոսեց նաև իր պաշտպանյալի առողջական վիճակի մասին ու հիշեցրեց, որ առկա են համապատասխան փաստաթղթեր, որ իմ պաշտպանյալն ունի կոնկրետ ծանր հիվանդություններ, որոնց բուժումը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել:

«Միայն սա բավարար էր անձին բուժման մեկնելու թույլտվություն տալու և վերադառնալու համար»,- ասաց պաշտպանն ու հիշեցրեց, որ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ ՀՔԾ-ում քննվող քրեական գործով խափանման միջոց է ընտրված եղել չհեռանալու մասին ստորագրությունը, որի պայմանը նա երբևէ չի խախտել, և հարց բարձրաձայնեց, թե ինչո՞ւ հանկարծ նոր մեղադրանքի պայմաններում անհրաժեշտություն առաջացավ նրան կալանավորելու:

Մեկնաբանություններ (1)

HAGOP
JAIL JAIL JAIL IS WHERE THIS BUM AND ALL THE CORRUPT BUMS BELONG!!!!!! SERIOUS HEALTH ISSUES MY ASS!!!!!!! IF ARMENIA GOVERNMENT IS STUPID TO LET HIM LEAVE ARMENIA FOR HEALTH ISSUE, THAT IS THE LAST TIME THEY WILL SEE KHACHATRYAN!!!!!!!!!! JAIL JAIL JAIL!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter