HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հանձնվել են հետաքննական լրագրության լավագույնների մրցանակները

Գերմանիայի Համբուրգ քաղաքում անցկացվող Հետաքննական լրագրության 11-րդ գլոբալ կոնֆերանսի ավարտին տեղի ունեցավ «Global Shining Light Award» մրցանակաբաշխությունը:

Այս տարվա մրցույթին ներկայացվել էր 291 հայտ աշխարհի բազմաթիվ երկրների լրատվամիջոցներից: Այս նյութերը հրապարակվել են 2017-2018 թթ.: Առաջին անգամ կազմակերպիչները որոշել էին երկու խմբի բաժանել հայտերը. մի խումբը կազմել էին մինչեւ 10 աշխատող ունեցող լրատվամիջոցները, մյուսը՝ ավելի մեծ անձնակազմ ունեցողները: 

Փոքր խմբագրակազմերի մեջ լավագույնը ճանաչվեց Պերուի «IDL-Reporteros»-ի հետաքննությունների շարքը Լատինական Ամերիկայի անդրազգային կոռուպցիոն ցանցի մասին, որում ներգրավված են բարձրաստիճան պաշտոնյաներ:

Փոքր անձնակազմերի պատրաստած նյութերից խրախուսական մրցանակ ստացավ Քենիայի «Africa Uncesored» թիմի հետաքննությունը Հարավային Սուդանի վերնախավի մասին, որի անդամները սեփական երկրում քաղաքացիական պատերազմի շնորհիվ մեծ գումարներ են աշխատել եւ դրանցով ներդրումներ կատարել Արեւելյան Աֆրիկայի այլ երկրներում:

Մեծ թիմերի մեջ լավագույնի մրցանակը կիսեցին ֆիլիպինյան «Rappler»-ի «Սպանություն Մանիլայում» եւ մի քանի լրատվամիջոցների համատեղ «#GuptaLeaks» հետաքննությունները: Սրանցից առաջինը Ֆիլիպինների գործող նախագահ Դուարտեի՝ թմրամիջոցների դեմ թվացյալ պայքարի մասին է, որը հազարավոր մարդկանց կյանքեր է խլել: Լրագրողները բացահայտել են իշխանությունների եւ իրավապահների անմիջական կապը քաղաքացիների սպանությունների հետ: Մյուս պատմությունը Հնդկաստանից Հարավային Աֆրիկա տեղափոխված Գուպտա ընտանիքի բիզնես կայսրության մասին է. լրագրողները ցույց են տվել, թե ինչպես են Գուպտա եղբայրները իրենց փողով փաստացի զավթել հարավաֆրիկյան պետությունը:  

Մեծ կազմ ունեցող խմբագրությունների մեջ խրախուսական մրցանակ է ստացել Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP), որի անդամ է նաեւ «Հետքը»: OCCRP-ի թիմը, որում ներգրավված են եղել մի քանի երկրի լրատվամիջոցներ ու լրագրողներ, մրցանակը ստացել է մեծ աղմուկ հանած «Ադրբեջանական լվացքատուն» հետաքննության համար, որով ցույց տրվեց, թե ինչպես է Ադրբեջանի իշխող էլիտան շուրջ 3 մլրդ դոլար «լվացել» բարդ մեխանիզմներով:      

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter