
Գրա՞վ, թե՞ գրավական
Ռազմիկ Մարկոսյան
Ամիսներ առաջ լույս տեսավ տպագրության պատրաստվող ինքնակենսագրական գրքիս մի հատվածը` վերնագրված «Մահվան ապրեցնող աղոթքը»:
Գրքիս այս հատվածը շատ թանկ է ինձ համար: Նկատի ունեմ նրա ոչ միայն կենսագրական նշանակությունը, այլև նրանում բարոյական այն արժեքների վերհանումը, որոնք իրենց ներսում բազմաթիվ շերտեր ունեն, որ դեռ մտադիր եմ բանալ: Ձեռնարկելիք աշխատանքիս համար մեծ օգնություն ու խթան են այն գրավոր ու բանավոր սրտառուչ արձագանքները, որոնք ստացա այս հրապարակման լույսընծայման առիթով:
Բազմաթիվ ծանոթ ու անծանոթ ընթերցողներ զարմաքով պատմեցին, որ իրենք էլ երբեք չեն երդվել` անգամ հատուկ չանդրադառնալով դրան: Պարզապես նրանց քրիստոնեական բնազդն է ճիշտ գործել: Չերդվելը բարեպաշտություն է, ինքնահարգանք:
«Ձեր խոսքը լինի` այոն` այո և ոչը` ոչ. որովհետև դրանից ավելին չարից է»: Մատթեոս, 5:37:
Շատերը երդվելը շփոթում են խոստում տալու հետ: Բայց խոստանալն, իհարկե, բոլորովին այլ բան է: Այն կարող է անընդունելի լինել, պախարակվել անազնվության, խոստումը չպահելու դեպքում, ինչը միանգամայն այլ հարթության խնդիր ու զրույցի առարկա է: Մինչդեռ երդումը, հատկապես` ինչ-որ բանով, որևէ մարդու կամ երևույթի «գրավադրմամբ» (ասենք` ծնողի արևը կամ գերեզմանը. ի~նչ սրբապղծություն), զուտ կռապաշտական դրսևորում է:
«Յանցավոր է այն մարդը, որ լսում է մէկի երդումը, վկայ է լինում դրան, տեսնում է դա կամ դրան տեղյակ է լինում և այդ մասին չի յայտնում: Այդ մարդը մեղքի տակ է ընկնում»: Ղևտական, 5:1:
Իսկ մտածե±լ եք արդյոք այն զավեշտալի իրողության մասին, որ քրիստոնեական երկրի նախագահն իր պաշտոնավարությունը սկսում է ոչ քրիստոնեական (եթե մեղմ լինեմ ու չասեմ` հակաքրիստոնեական)` երդման արարողությամբ:
Նորընտիր նախագահը երդվում է` ձեռքը դնելով Սահմանադրության, ինչպես նաև Սուրբ գրության վրա, որը մերժում է երդումը: Կա երկիր, որն ավելի առաջ են անցել. նախագահն իր «թագադրման օրը» երդվում է Սուրբ երրորդությամբ…
Իսկ եթե այնուամենայնիվ կա վստահություն ներշնչելու խնդիր՞ը: Սուրբ գիրքը ոչ մի հարց անպատասխան չի թողնում: Նման դեպքում մարդու և Աստծո, մարդու և իր նմանի միջև հարաբերություններում դրվում է ուխտը:
Երբ Աստված ուզում է, որ մարդը հավատա իրեն ու վստահի, չի երդվում, այլ ուխտ է կապում նրա հետ (հիշենք մեծ ջրհեղեղին հաջորդած ծիածանը, որը Աստծո ուխտի ոչ թե գրավն էր, այլ գրավականը` կապված ուխտի մասին հիշեցնող նշանը):
Ուխտն, ի հակադրություն երդման, իր խորքում խիստ քրիստոնեական, խոհեմ ու գիտակցված երևեւյթ է: Պատահական չէ, որ «Ուխտ» են կոչվում Աստվածաշնչի հին ու նոր կտակարանները` «Հին ուխտ», «Նոր ուխտ»:
Այս հրապարակման շուրջ ծավալված գրավոր ու բանավոր քննարկումները այս և նման երևույթների առավել խորքային ուսումնասիրման պատճառ հանդիսացան, ինչի համար մեկ անգամ ևս` շնորհակալություն:
Մեկնաբանել