HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Հնարավոր է՝ Գագիկ Խաչատրյանի պաշտպանները դատավոր Ռուբիկ Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջ ներկայացնեն

ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանները, հնարավոր է, դիմեն պատկան մարմիններին՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Այս մասին այսօր Խաչատրյանի կալանքի դեմ իրենց բողոքը մերժելու մասին Մխիթարյանի որոշումից հետո ասաց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Պաշտպաններն արդեն դիմել են Արդարադատության նախարարությանն ու Դատարանների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովին՝ Խաչատրյանի նկատմամբ կալանքի որոշում կայացրած առաջին ատյանի դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Ըստ Երեմ Սարգսյանի՝ դատավոր Գաբրիելյանը Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը քննելիս հաստատված է համարել, որ առկա է հիմնավոր կասկած  Խաչատրյանին վերագրվող վատնում կատարելու արարքում այն դեպքում, երբ նման փաստական տվյալներ չի ունեցել իր տրամադրության տակ:

«Եթե փաստաթղթեր առկա չեն որևէ հանցագործության վերաբերյալ, այսինքն հաղթահարված չէ հիմնավոր կասկածի շեմը, ապա դատարանը այլ քայլ չունի, քան մերժել կալանավորման միջնորդությունը, այսինքն դատարանները այս միջնորդությունը գնահատելու տեղ էլ չունեին»,- ասաց նա։

Անդրադառնալով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ մեղադրանքին, որով, ըստ պաշտպանի, նախաքննական մարմինը որոշակի փաստաթղթեր է ներկայացրել, Սարգսյանը նշեց, որ այս հոդվածի վրա առերևույթ համաներման ակտ պետք է կիրառվեր:

«Վճռաբեկ դատարանն ունի նախադեպային որոշում, որ եթե որևէ արարքի նկատմամբ համաներում է կիրառելի, դատարանը պարտավոր է մերժել կալանքի միջնորդությունը»,- ասաց Սարգսյանը:

Պաշտպանը նշեց, որ Գագիկ Խաչատրյանն այսօր բերվել էր դատարան: Վերջինիս համար, ըստ Սարգսյանի, սպասելի էր իր կալանքի դեմ տարված բողոքը մերժելու որոշումը:

Հարցին՝ Գագիկ Խաչատրյանն իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը պայմանավորո՞ւմ է քաղաքական գործոնով, Երեմ Սարգսյանը պատասխանեց, որ այդ մասին չի զրուցել իր պաշտպանյալի հետ։

Ինչպես ավելի վաղ նշել ենք, ԱԱԾ դեպոզիտ հաշվին փոխանցվել է Գագիկ Խաչատրյանին վերագրվող ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը՝ շուրջ 200 մլն դրամ: Գրել ենք նաև այն մասին, որ Խաչատրյանի գույքը գտնվում է կալանքի տակ: Մեր հարցին՝ եթե Խաչատրյանի ամբողջ գույքը կալանքի տակ է, ի՞նչ միջոցներով, ո՞վ է վճարել շուրջ 200 մլն դրամ գումարը, պաշտպանը չպատասխանեց՝ նշելով, որ ինքն իրավասու չէ մեկնաբանել դա:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի դատական ակտին՝ Սարգսյանը նշեց, որ եթե ժամանակին դատական համակարգին մոտ կանգնած ցանկացած ոք կարող էր ասել, որ Վերաքննիչ դատարանը  կարողանում էր քիչ թե շատ անկախ որոշումներ կայացնել՝ այսօր այլևս այս ատյանը ևս չի կարողանում հաղթահարել այդ ճնշումները։

«Ռուբիկ Մխիթարյանի պես դատավորը, որն աչքի է ընկել իր կողմից կայացրած անկախ, օբյեկտիվ որոշումներով, այսօր փաստացի չկարողացավ հաղթահարել այն ճնշումները, որոնք առկա են իր նկատմամբ։ Երկու դատական ատյաններում էլ մենք դատավորներին ասում էինք, որ այս քրեական գործով ակնհայտ են ճնշումները, սակայն եթե դատարանը մեր ներկայացրած առարկությունները կոնկրետ փաստերով հերքի, կարող ենք արձանագրել, որ արդար որոշում է կայացրել, ինչը չի արվել»,-ասաց Երեմ Սարգսյանը:

Պաշտպանը նկատեց՝ այն դատավորները, որոնք տարիներ շարունակ ցածր վարկանիշ են ունեցել, այսօր հերոսներ են դարձել, քանի որ անում են այն, ինչ ցանկանում է իշխանությունը, իսկ այն դատավորները, որոնք նախկինում համարվում էին քիչ թե շատ նորմալ, օբյեկտիվ որոշումներ կայացնողներ, այսօր էլ չեն կարող նման որոշումներ կայացնել:

«Այն առաջընթացը, որ առկա էր հեղափոխությունից հետո դատական համակարգում, երբ դատարանները որոշակի անկախություն ունեին, այժմ չկա: Պետք է արձանագրել, որ դատական համակարգը կործանվել է»,- ասաց պաշտպանը:

Լուսանկարում՝ Երեմ Սարգսյանը

Պաշտպանի հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter