
Հաշմանդամություն չունենալը գերադասելի է ամեն ինչից
«Հետքը» մի քանի անգամ արդեն անդրադարձել է 14-ամյա Պետրոս Բադալյանի պատմությանը: Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչ այս տղան 2005 եւ 2007 թթ. երկուական տարով ստացել է «հաշմանդամ երեխա» կարգավիճակ՝ ձեռքի վնասվածքի պատճառով: 2009-ին նրան կարգավիճակ չի տրվել: Գեղարքունիքի մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական (ԲՍՓ) հանձնաժողովը Պետրոսի մոտ ախտորոշել է «աջ արմնկահոդի հետայրվածքային կելոիդ սպիներ, արմնկահոդի թեթեւ տարածիչ կոնտրակտուրա, հենաշարժական ֆունկցիայի աննշան խանգարում»: Ըստ հանձնաժողովի՝ «աննշան խանգարումը» չի հանգեցնում կենսագործունեության սահմանափակման, հետեւաբար՝ նաեւ կարգավիճակի տրամադրման:
Տղայի հայրը՝ Արայիկը, դիմել էր դատարան, որը 2011-ին անվավեր էր ճանաչել հանձնաժողովի որոշումը: Սակայն դրանից հետո հանձնաժողովը երեխային կրկին հաշմանդամ չի ճանաչել. այս վերջին անգամ՝ անցյալ սեպտեմբերին, նրա մոտ ախտորոշվել էր «աջ արմնկահոդի հետայրվածքային սպիներ՝ առանց վերին վերջույթի և առանց հենաշարժողական ֆունկցիայի խանգարման»: Արայիկը այս որոշումն էլ բողոքարկել էր վերադասի մոտ՝ ՀՀ ԲՍՓ գործակալության փորձաքննական բաժին: Փետրվարի 14-ին այս մարմինը չի փոխել Գեղարքունիքի թիվ 1 ԲՍՓ հանձնաժողովի որոշումը:
Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտը կանոնակարգող հիմնական փաստաթուղթը ՀՀ կառավարության 2003 թ. ընդունած «Բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչների եւ հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները հաստատելու մասին» 780-Ն որոշումն է: Այս փաստաթղթում չափահասներին եւ երեխաներին վերաբերող հոդվածները տարանջատված են: Վերջիններիս, մասնավորապես, վերաբերում են որոշման VI, VII, VIII, IX հոդվածները, X հոդվածի 29 և XI հոդվածի 32 կետերը: Այս մասին նշել է նաեւ ԲՍՓ գործակալության պետ Միշա Վանյանը: Սակայն գործակալության աշխատակիցները հավաստիացնում են, որ երեխաներին են վերաբերում նաեւ X հոդվածի 26-28 կետերը: Սա կարեւոր է նրանով, որ հենց այս կետերում են սահմանվում հաշմանդամության խմբորոշման չափանիշները, իսկ ավելի կոնկրետ՝ թե որ աստիճանի խանգարման դեպքում որ աստիճանի սահմանափակում է ախտորոշվում, եւ հաշմանդամության ինչ խումբ է նշանակվում: Քանի որ այս կետը սահմանում է հաշմանդամության խմբորոշման չափորոշիչները, իսկ հաշմանդամության խումբ տրվում է միայն չափահասներին (անչափահասներին տրվում է միայն «հաշմանդամ երեխա» կարգավիճակ), տրամաբանական է մեկնաբանել, որ այս կետն առնչություն չունի երեխաների հետ: Սակայն այս դեպքում էլ անհասկանալի է մնում, թե երեխաների պարագայում ինչպե՞ս է որոշվում, թե որ աստիճանի խանգարման դեպքում որ աստիճանի սահմանափակում է սահմանվում: Եվ եթե ընդունենք, որ, այդուհանդերձ, 26-28 կետերը տարածվում են նաեւ երեխաների վրա, ապա պետք է շեշտենք, որ այստեղ կա ակնհայտ անհստակություն, ինչը տարակարծությունների տեղիք է տալիս:
ԲՍՓ գործակալությունից մեզ հայտնեցին, որ նման տարընթերցումներից խուսափելու համար այժմ մշակվում են համապատասխան փոփոխություններ, որոնք շուտով կներկայացվեն գործադիրին:
Եվ այսպես՝ ըստ 26-28 կետերի՝ սահմանափակում ախտորոշվում է չափավորից մինչեւ խիստ արտահայտված խանգարումների դեպքում: Պետրոս Բադալյանի մոտ 2009-ին Գեղարքունիքի հանձնաժողովն ախտորոշել է «աննշան խանգարում», իսկ 2011-ին՝ «առանց խանգարման»: Հիշեցնենք, որ 2010-ին դատավարության ընթացքում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ն էլ էր անցկացրել փորձաքննություն ու ախտորոշել «չափավոր խանգարում»: ԲՍՓ փորձաքննական հանձնաժողովի անդամները շեշտում են, որ պատանու մոտ նման փոփոխությունները չպետք է տարօրինակ համարել, քանի որ աճող օրգանիզմը արագ է վերականգվում նման վնասվածքներից: Եվ հակառակը՝ անզգուշության կամ այլ հանգամանքների արդյունքում վնասվածքը կարող է բարդանալ: Այդուհանդերձ, վերափորձաքննություն անցկացրած բժիշկները վստահ են, որ Պետրոս Բադալյանի մոտ այժմ առկա չէ վերին վերջույթի ֆունկցիայի խանգարում: Իսկ արմնկի ձգող սպիի վերաբերյալ նրանք նշում են, որ եթե երեխան ակտիվորեն օգտագործի ձեռքը, ժամանակի ընթացքում սպին կկորցնի իր ձգողունակությունը եւ արմունկը կբացվի մինչեւ վերջ՝ 180 աստիճան: Ընդ որում՝ դատական փաստաթղթերում նշվում է, որ տղայի ձեռքը բացվում է մինչեւ 160 աստիճան, իսկ հանձնաժողովի բժշկական եզրակացություններում նշված է 170 աստիճան:
Բացի կառավարության որոշումից՝ բժիշկների համար ուղեցույց է նաեւ մասնագիտական ձեռնարկը, ըստ որի՝ չափավոր խանգարում է համարվում այն դեպքը, երբ երեխայի ձեռքը բացվում է ընդամենը 80-130 աստիճան:
Պետրոս Բադալյանի դեպքն, անշուշտ միակը չէ: Սակայն խնդիրն այստեղ մեկն է: Եթե անձին օրենքի տառի համապատասխան հասնում է կարգավիճակ, այն պետք է տրվի՝ անկախ ամեն ինչից, իսկ եթե ծանրակշիռ փաստարկների հիման վրա ապացուցվում է հակառակը, ապա քաղաքացին պետք է հետ կանգնի ամեն գնով հաշմանդամ կոչվելու ցանկությունից: Ի վերջո, հաշմանդամության մի քանի հազար դրամ թոշակը կամ որեւէ այլ շարժառիթ չի կարող ավելի գերադասելի լինել հաշմանդամ չլինելու եւ չկոչվելու երջանիկ հնարավորությունից:
Մեկնաբանել