HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մարմին․ մետամորֆոզներ»․ 4 պատասխան՝ արտիստից և համադրողից

Սեպտեմբերի 20-ին «Դալան» ցուցասրահում բացվեց Սամվել Սաղաթելյանի անհատական՝ «Մարմին․ մետամորֆոզներ» շարքի ցուցահանդեսը։ Համադրողը Էլլա Կանեգարիանն է:

Ցուցադրվող աշխատանքների սկիզբը դրվել է 90-ականներին՝ պատերազմից հետո, շարունակվում է մինչ օրս։ Սամվելն իր այս շարքի մասին խոսելիս նշում է, որ փորձել է անդրադառնալ կնոջ դիմակայման մեխանիզմին՝ հասարակական ու քաղաքական ճնշումների շրջանում։ Էլլան՝ համադրողի իր տեքստում առանձնացնում է իրականության անհարմարության ու դրան դիմանալու ձեւերից երկուսը՝ այդ նույն իրականության «չափազանցության» եւ/կամ այդ իրականությունը «սվաղելու», «լղոզելու» ձեւամիջոցները։

Սաղաթելյանն այս իմաստով եւ՛ «չափազանցրել» է, եւ՛ «լղոզել» այդ իրականությունը՝ առաջ բերելով եւ հանրայնացնելով «Գրոտեսակային իրականություն» աղմուկ հանած շարքը, ապա նաեւ «Մարմին․ մետամորֆոզները»։

Իրականության, հարատեւ փոփոխությունների (որոնք ենթադրում են նաեւ կարճաժամկետ եւ/կամ կարծրացած հետեւանքներ), քաղաքական, հասարակական, տնտեսական եւ շատ այլ գործոնների անմիջական եւ ոչ թիրախավորված ազդեցությունները Սաղաթելյանի «Մարմին․մետամորֆոզներ» շարքում ընդգծվում են կոնկրետ պատկերներով, կոնկրետ կրիչներով, որոնք որ հանրային քննարկման, մեդիահարթակների բովանդակության, այսպես ասած՝ հատուկ ընդգծված, քննարկվող, երբեմն ուղղակի լրահոսով «հոսող» թեմաներն են։

Տեսնում ենք կնոջ անդեմ, մոնոխրոմ, դեղինով երիզված թեթեւ ու ճկուն մարմինը, որը չի ծածկում, բայց ընդգծում է իր եւ խնդրի առնչությունը։ Տեսնում ենք այդ մարմինը՝ որպես դոմինանտություն (գուցե ոչ ակնհայտ), որը հայտնվել է քաղաքային առօրեական խնդիրը ներկայացնող օբյեկտի՝ աղբամանի վրա կամ համադրվել է այդ պատկերին։ Ընդ որում աղբամանը լցված է, քաղաքն անխնամ է, անուշադրությունն ակնհայտ է, իսկ կնոջ մարմնի դիրքը տարածք է «բացել»՝ տեսնելու այն, ինչ հաճախ երեւում է ոչ այս դիտանկյունից, ոչ այս պրիզմայով։

Այս նույն շարքն ընդգրկում է նաեւ դոմինանտ, չափերով ավելի մեծ աշխատանքներ, որտեղ «մոնոխրոմ» մերկությունը հայտվնել է կոնկրետ մեկ գույնի, մեկ տրամադրության կոնտեքստում՝ ըստ ինձ ամբողջացնելով ընդհանուր հղումը, որ Սաղաթելյանը փորձել է հաղորդել այս շարքի միջոցով։

«Մարմին․մետամորֆոզներ» շարքի մասին կարծիքներն ու մեկնաբանությունները շատ հակասական են․ առհասարակ Սաղաթելյանի վերջին շարքերը (որոնք դեռ չեն ցուցադրվել, բայց մեդիականացվել են) մեծ աղմուկ են բարձրացրել տարբեր խմբերում․ օնլայն հարթակներում որակումները սուր են, քննադատությունը՝ նույնպես, բայց այս մասին կարելի է դեռ խոսել ու արտահայտվել այլ մի հրապարակմամբ՝ ներառելով նաեւ քննադող կողմին։

4 պատասխան՝ արտիստից եւ համադրողից

 Պատերազմ եւ կին 90-ականների կոնտեքստ, մարմնի ազատագրման փորձ

Սամվել- Պատերազմի ազդեցությունն արտահայտված է կնոջ վրա։ Կանացի էությունը դեմ է պատերազմին, բայց առանց կնոջ չի լինում պատերազմ եւ առանց նրա դերի չի լինում հաղթանակ եւ նաեւ խաղաղություն։

«Հետպատերազմյան» արտահայտության կիրառումը սիմվոլիկ է, քանի որ ըստ էության չի արձանագրվել պատերազմի հաղթական ավարտ կամ խաղաղության պակտ, այլ պատերազմը վերափոխվել է անորոշության՝ երբեմն հենց բուն պատերազմի առկայության, ինչ-որ տեղ գոյության եւ չգոյության հարցի։ Իսկ պատերազմի հետեւանքը երկատված, մասնատված համընդհանուր մարմինն է, որի միացման համար էլ սկսվել եւ տեղի է ունեցել այդ նույն պատերազմը։

Կնոջ մարմնի ազատագրումը պետք է կրեր համապարփակ, հիմնավորված բնույթ՝ արտահայտված սեքսուալ հեղափոխության հատկանիշներով։ Տղամարդ հերոսները, վերադառնալով պատերազմից, խեղդում են այն թվացյալ եւ չձեւակերպված, նաեւ չհաստատված հաղթանակի մեջ (որին անգամ իրենք չեն հավատում)՝ ստեղծելով «կենցաղային» պատերազմի դաշտ, որտեղ միակ ելքը տեսնում են իշխելու, թալանելու եւ մասնատված մարմինը հաճախ բռնության ենթարկելու մեջ։

Էլլա– կանացի մարմինը յուրահատուկ կերպ է առնչվում դրսի, տարածքի փոփոխություններին՝ հատկապես այն տարիներին, երբ այդ առնչությունը դեռեւս ընկալվում էր որպես ամբողջություն իր կողակցի մարմնի եւ գոյության հետ։

Հետաքրքիր շրջան էր, որովհետեւ կնոջը «զոռով» պոկեցին իր կողակցից, ինչը մենակության ձեւ սահմանեց, բայց հետո ավելի դանդաղ ու սահուն քայլերով մոտեցրեց մի վիճակի, որի հետեւանքով նա դադարեց ունենալ այդ կողակցի կարիքը, քանի որ կախվածություն այլեւս չկար, առօրյայում տղամարդն արդեն տեղ չուներ։

Կնոջ ուժեղացումն այստեղ անխուսափելիորեն տանում է դեպի իր կողակցի ճնշում, ով հետպատերազմական կոնտեքստում, պատերազմի պատկերն իր ուղեղում ունենալով, չի կարողանում ինտեգրվել այն միջավայրին, որից դուրս է մնացել կոնկրետ պատճառով։

Մարմին դիմակայման մեխանիզմներ։ Մարմինն իրականությա՞ն մաս, թե՞ վերագրման տեղ

Սամվել- Մարմնի դիմակայությունը մշտական բնույթ է կրում՝ ենթարկվելով պատրիարխալ դոմինանտ ճնշմանը (հաճախ՝ անտեսանելի) եւ սոցիալական անարդարությանը։ Կնոջ մարմինը մնում է անմաս, անկախ իրականությունից՝ ազդեցության ու ճնշման արդյունքում վերաձեւակերպվելով ու վերափոխվելով  այլ իրականության։

Էլլա- մարմինը իրականության մաս չի ինքնին, ավելի ճիշտ՝ ներսի եւ դրսի առնչման վայրն է, մի տեղ, որի ներսային մետաֆիզիկան կարող է բախվել դրսի իրականության հետ, խառնվել ու փոփոխվել։

Որպես այդպիսին կանացի մարմինն ավելի ընդգծված է ներկայանում որպես բախման հարթակ, որտեղ իրականությունը կարող է լցվել, կոտրել այն եւ միաժամանակ այլ, նոր իրականություններ ստեղծել։ 

Մարմին- մետամորֆոզ մարմնի կերպի փոփոխությու՞ն, թե՞ կերպարանափոխում

Սամվել- լինելով ավելի ճկուն եւ տարբեր իրավիճակներին ադապտացվող՝ կնոջ մարմինն ի վիճակի է կերպի փոփոխության՝ հիմքում դնելով իրականությունից պոկված, վերացական դիմակայությունը, որի մեջ տղամարդու դերը դառնում է ոչ էական՝ առաջ մղելով մարմնի ինքնաբավ գեղեցկության մետամորֆոզները։

Գեղեցկության սեփական կոնցեպտը, մարմնի կերպարանափոխության սեփական առաջարկը՝ որպես ճնշման դիմակայում, ըստ էության կարող է վերածվել սեռից անկախ դիմակայման մարմին-մետամորֆոզի։

Էլլա- ոչ մեկը, ոչ մյուսը․ մարմնի կերպի փոփոխությունը շատ ֆիզիկական երեւույթ է, որը կարող է դրսից կամ ներսից ունենալ իր դրդապատճառները, իսկ կերպարանափոխությունն առնչվում է մարմնի «տիրոջ» հետ՝ իր փոփոխությանը։

Երկու դեպքում էլ խոսում ենք հիմնականում դրսի ազդակների մասին, որոնք ստիպում են մարդուն փոփոխելու իր ներսը եւ իր մոտեցումները սեփական ներսի, սեփական մարմնի վերաբերյալ, ինչպես նաեւ դրա առնչության ձեւի  այլ մարմինների հետ։

Մարմին եւ իրականություն նախահեղափոխական եւ հետհեղափոխական զարգացումներ

Սամվել- նախահեղափոխականը՝ «մարմին եւ կոռուպցիա»։

Կոռուպցիա․ երբ ինքնությունը նույնացվում է սահմանափակ եւ մասնատված մարմնի հետ, որի մասերը հաճախ կորցնում են կապն իրար հետ։

Ոչ կոռուպցիա․ երբ ինքնությունը նույնացվում է սահմանները ընդլայնած, ազատագրված ամբողջական մարմնի հետ, որի մասերը միավորվում են համապարփակ, ինքնաբավ ես-ի մեջ։

Էլլա- եթե կարճ, ապա հեղափոխությունն իրենից ներկայացնում է «կոտրման» գործողություն, ջարդելու, հինը քանդելու ընթացք, որի ավարտից հետո այն կառույցը, որը փլվել է, կվերականգվի առանց ավելորդ մասնիկների, որոնք մինչ այդ փչացրել ու քանդման են տարել կառույցը։

 

ՀԳԼուսանկարները՝ «Մարմին․ մետամորֆոզներ» ցուցահանդեսի բացումից։ Ցուցահանդեսը տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, «Դալան» ցուցասրահում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter