
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Մաշկաբանության եւ սեռավարակաբանության» ԲԿ-ն մասնավորեցման ցանկից հանելու նախագիծը
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» նախագծում փոփոխություններ կատարելու հարցը, որով պատգամավորն առաջարկում է «Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ն հանել մասնավորեցվող ընկերությունների ցանկից։ Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը դեմ է, որ այս ԲԿ-ն դուրս գա մասնավորեցման ցանկից։
Նախարար Արսեն Թորոսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ մանրամասնեց՝ Կառավարությունում արդեն այդ ԲԿ-ի մասնավորեցման գործընթաց է ընթանում, մրցույթի փաթեթ է պատրաստվում։
Մինչ քվեարկությունը, վարման կարգով խոսեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ հիշեցնելով, որ այս հարցում խմբակցությունն ազատ է քվեարկելու։
Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 71 կողմ, 4 դեմ և 22 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Նախագիծը պետք է քննարկվի նաև երկրորդ ընթերցմամբ։
Մեկնաբանել