HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Քաղաքացիները Քոչարյանի և մյուսների նիստի մեկնարկին բողոքի ակցիա իրականացրին ի պաշտպանություն Աննա Դանիբեկյանի գործով կալանավորված անձանց

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի մեկնարկին քաղաքացիները բողոքի ակցիա իրականացրին ի պաշտպանություն դատավոր Աննա Դանիբեկյանի գործով կալանավորված Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի՝ պաստառներ պարզելով նիստերի դահլիճում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանը, ով քննում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը, ոտքով գնալիս է եղել Շենգավիթի դատարան, երբ նրան են մոտեցել երիտասարդներ, ու նրանցից մեկը՝ Նարեկ Մութաֆյանը, ֆեյսբուքում ուղիղ եթերով հեռարձակում միացնելով, դատավոր Դանիբեկյանին պարբերաբար հարցրել է, թե արդյոք նա կա՞ «վնգստացող դատավորների ցանկում», որոնց մասին ավելի վաղ խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Տեղի ունեցածից հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել և հարուցվել քրեական գործ, որով Նարեկ Մութաֆյանին ու նրան ուղեկցող Սարգիս Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու հոդվածով և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Մարտի 1-ի գործով մեղադրյալներն ու նրանց պաշտպանները, անդրադառնալով տեղի ունեցածին, հայտարարություն արեցին այն մասին, որ կալանավորված անձինք քաղբանտարկյալ են:

Երբ դատավոր Դանիբեկյանը ներս մտավ դատական նիստերի դահլիճ, պաշտպանները ոտքի կանգնելուց հետո չնստեցին: Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն ասաց, որ իրենք հայտարարություն ունեն անելու: Երբ Խուդայանին խոսքի իրավունք տրվեց, վերջինս դատավոր Դանիբեկյանին հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արել է մի արտահայտություն, որը հետագայում կրկնել է քաղաքացի Նարեկ Մութաֆյանը:

Խուդոյանը հիշեցրեց, որ այս իրադարձություններից առաջ փակվել են դատարանների մուտքերը, դատավոր Դավիթ Բալայանի նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրվել, իսկ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի նկատմամբ՝ անհարգալից վերաբերմունքի դրսևորում և ֆիզիկական բռնություն:

«Այս դեպքերում դերակատարում ունեցող անձանց գործողություններին չի տրվել համարժեք քրեաիրավական գնահատական: Մինչդեռ, ձեզ կատարված հարցադրումների կապակցությամբ ձեր հաղորդման հիման վրա երկու անձինք կալանավորված են: Այսինքն՝ մենք տեսնում ենք հստակ խտրական վերաբերմունք և հիմք ընդունելով ԵԽԽՎ 2012 թվականի 1900 բանաձևը՝ նրանք քաղաքական բանտարկյալներ են: Հատկանշական է, որ խտրական վերաբերմունքով քաղաքական շարժառիթներով ազատազրկումների կենտրոնացում կա հենց ձեր անձի շուրջ, հենց այդ է պատճառը, որը այս հայտարարությունն ուղղվում է ձեզ: Ձեր վարույթում քննվող այս գործով քաղաքական հետանդման են ենթարկվում բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ձեր ներկայացրած հաղորդման հիման վրա են հետապնդվում 2 երիտասարդ: Հորդորում ենք այսուհետ հետևողական լինել, քաղաքական հետապնդումներին չնպաստելու հարցում իրականացնել արդարադատություն»,- հայտարարությունն ընթերցեց Խուդոյանը:

Այս հայտարարությունից հետո դահլիճում ներկա մի խումբ քաղաքացիներ վեր պարզեցին Նարեկ Մութաֆյանի, Սարգիս Օհանջանյանի, ինչպես նաև դատավոր Աննա Դանիբեկյանի նկարով պաստառներ: Դանիբեկյանի նկարով պաստառներից մեկի վրա գրված էր «վնգստալու արվեստը»:

Դատական կարգադրիչները սկսեցին արագ հավաքել քաղաքացիների ձեռքում գտնվող պաստառները:

Այս պահին Քոչարյանի և մյուսների գործի քննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter