HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տրանսֆերտների արտահոսքը Հայաստանից արագացել է

Այս տարվա հունիս և հուլիս ամիսներին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով էականորեն ավելի մեծ գումար են Հայաստանից փոխանցել արտասահման, քան նախորդ տարվա նույն ամիսներին։ Կենտրոնական բանկը դա պայմանավորում է ավտոմեքենաների ծավալների ներմուծման աննախադեպ աճով։

Այս տարվա առաջին 7 ամիսներին՝ հունվար-հուլիսին, ըստ Կենտրոնական բանկի վերջին տվյալների, ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտերկրից Հայաստան են փոխանցել  1 մլրդ 55 մլն դոլարին համարժեք գումար։ 2018 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ այն աճել է 88.2 մլն դոլարով կամ 9.1%-ով։

Նույն ընթացքում ֆիզիկական անձինք, կրկին բանկերի միջոցով, Հայաստանից դեպի արտասահման են փոխանցել մոտ 781 մլն դոլարին համարժեք գումար՝ մոտ 147 մլն դոլարով կամ 23.2 %-ով ավելին, քան նախորդ տարվա հունվար-հուլիսին։

Ինչպես երևում է, դրամական փոխանցումների արտահոսքը շատ ավելի մեծ տեմպերով է աճել, քան ներհոսքը։ Փողի արտահոսքն արագացել է հատկապես հունիսին և հուլիսին։ Մասնավորապես, այս տարվա հունիսին Հայաստանից արտերկիր է փոխանցվել 126.4 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ամսվա 76 մլն դոլարի դիմաց (աճը՝ 50.4 մլն դոլար կամ 66.3%), իսկ հուլիսին փոխանցվել է 144.6 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ամսվա 98.5 մլն դոլարի դիմաց (աճը՝ 46.1 մլն դոլար կամ 46.8%)։

Կենտրոնական բանկը պարզաբանում է, որ հունիս-հուլիս ամիսներին արտահոսքի աճը հիմնականում պայմանավորված է ավտոմեքենաների ծավալների ներմուծման աննախադեպ շարունակական աճով։ Ինչպես նաև ազդել է այն գործոնը, որ 2018թ. հունիսին արձանագրվել է փողի արտահոսքի ցածր մակարդակ։ Այսինքն՝ նաև համեմատության բազան է ցածր։

Ավտոմեքենաների ներմուծումն իսկապես աննախադեպ ծավալների է հասել։ Ինչպես ավելի վաղ գրել ենք, այս տարի Հայաստան ներմուծվող մեքենաների քանակը կտրուկ աճել է, և այս տարվա ցուցանիշները ռեկորդային են։ Քաղաքացիները փորձում են մինչև տարեվերջ տեղ հասցնել ու մաքսազերծել մեքենաները, քանի դեռ դրանց մաքսատուրքերը չեն բարձրացել։ 2020 թվականից ոչ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը բարձրանալու են և համապատասխանեցվելու են ԵԱՏՄ հավաքական մաքսային վճարների։ Եթե քաղաքացին չհասցնի մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը կազմակերպել ավտոմեքենայի ներմուծումն ու մաքսազերծումը, ապա հաջորդ իսկ օրվանից ստիպված է լինելու շատ ավելի բարձր գին վճարել դրա համար։

Ըստ Մաքսային ծառայության տվյալների՝ առաջին կիսամյակում ներմուծվել է 53 210 հատ մարդատար ավտոմեքենա։ 2018 թվականի առաջին կիսամյակում, ընդհանուր առմամբ, ներմուծվել է 26 410 ավտոմեքենա։ Այսինքն՝ այս տարի ներմուծվող մեքենաների քանակը կրկնակի աճել է։ Նշենք, որ այստեղ ներառված չէ Ռուսաստանից, ինչպես  նաև ԵԱՏՄ մյուս երկրներից ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող մեքենաների քանակը։ Դրանք մաքսային վիճակագրության մեջ չեն հաշվառվում, քանի որ համարվում են մեկ միասնական մաքսային տարածքի երկրներ։

Ավտոմեքենաների աճին զուգահեռ էլ, ինչպես տեսնում ենք, ավելանում է Հայաստանից բանկերի միջոցով արտերկիր փոխանցվող գումարները, որոնք մեր քաղաքացիները վճարում են ավտոմեքենաների դիմաց։ Ու քանի որ սպասվում է ներմուծվող ավտոմեքենաների քանակի աճ մինչև տարեվերջ, նշանակում է՝ աճելու է նաև փողի արտահոսքը։ Իսկ եկող տարեսկզբից արդեն հակառակ միտումները կգրանցվեն, քանի որ ավտոմեքենաների ներմուծումը, ինչպես սպասվում է, նույնքան կտրուկ նվազելու է։

Վերջին տարիների վիճակագրությունը փաստում է, որ դեպի Հայաստան ամենից  շատ գումարներ է փոխանցվում Ռուսաստանից։ Այս երկիրը առաջին տեղում է նաև Հայաստանից արտասահման դրամական փոխանցումների մեջ։ Սակայն, այս տարվա հունիս և հուլիս ամիսներին, երբ փողի ատահոսքը կտրուկ աճել է, Ռուսաստանը զիջել է իր դիրքերը։ Հիշեցնենք, որ ավտոմեքենաների ներմուծման մաքսային վճարների բարձրացումը չի վերաբերում ԵԱՏՄ երկրներից ներմուծմանը։ Այդ իսկ պատճառով էլ հայերը շտապում են մեքենաներ ներմուծել ոչ ԵԱՏՄ երկրներից. (ԵԱՏՄ անդամ երկրներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը)։

Ավտոմեքենաները բերվում են Գերմանիայից, Ճապոնիայից, ԱՄՆ-ից, Կորեայից և այլ երկրներից։ Հետևաբար, ավելացել են Հայաստանից դեպի այս երկրներ դրամական փոխանցումները։ Օրինակ, եթե նախորդ տարվա հուլիսին Հայաստանից ԱՄՆ է փոխանցվել 13.1 մլն դոլար, ապա՝ այս տարվա նույն ամսում փոխանցվել է 33.5 մլն դոլար։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այս տարվա հուլիսին փոխանցվել է 24.6 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ամսվա 41.4 մլն դոլարի դիմաց։

Այս ամենի արդյունքում պակասում է երկրում մնացած փողը։ Մասնագիտական լեզվով ասած՝ սա բացասաբար է ազդում երկրի վճարային հաշվեկշռի վրա, որի գլխավոր տարերից մեկն էլ տրանսֆերտներն են՝ դրամական փոխանցումները։ Այս տարվա առաջին ութ ամիսներին (հունվար-հուլիսին) դրամական փոխանցումների ներհոսքի 88.2 մլն դոլար և արտահոսքի 147 մլն դոլար աճի արդյունքում զուտ ներհոսքը նվազել է մոտ 58.8 մլն դոլար։ Զուտ ներհոսքը ցույց է տալիս ներհոսքի ու արտահոսքի տարբերությունը։ Տվյալներն առավել մանրամասն ներկայացված են ստորև գտնվող ինֆոգրաֆիկայում։

Հիշեցնենք, որ 2018 թվականին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտերկրից Հայաստան են ուղարկել 1 մլրդ 785.6 մլն դոլարին համաժեք գումար, որը 2017 թվականի համեմատ աճել է 29.1 մլն դոլարով կամ 1.6 %-ով։ Միևնույն ժամանակ, Հայաստանից արտերկիր փոխանցվել է 1 մլրդ 188.4 մլն դոլար: Ի տարբերություն ներհոսքի, այս ցուցանիշի աճը շատ ավելի մեծ է՝ 198.6 մլն դոլարով կամ 20 %:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter