HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արմեն Գրիգորյան. «Հանձնարարական կա քննարկելու, հասկանալու, թե ինչպես ենք կարողանալու Սիրիայում բնակվող հայերի անվտանգությունն ապահովել»

Կառավարության նիստի ընթացքում դռնփակ քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակն ու այնտեղի հայ բնակչության անվտանգությանն առնչվող հարցեր: Այս մասին այսօր Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Այս պահին հանձնարարական կա քննարկելու, հասկանալու, թե ինչպես ենք կարողանալու Սիրիայում բնակվող հայերի անվտանգությունն ապահովել: Նաև հասկանանք, թե ինչպիսի օգնություն ենք կարողանալու ցուցաբերել: Անվտանգության խորհրդի գրասենյակում, հենց վերադառնամ, արդեն ավելի մանրամասն պլանները կմշակենք, օրվա վերջում ավելի հստակ քննարկումներ կունենանք»,- ասաց Գրիգորյանը՝ վստահեցնելով, որ Կառավարության ուշադրության կենտրոնում են Սիրիայի այն քաղաքներն ու համայնքները, որտեղ հայ բնակչություն կա:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Սիրիա ուղարկված հայկական հումանիտար խմբի համար վտանգը մեծացել է, Գրիգորյանը նշեց, որ, ինչպես ենթադրվում է, Սիրիայում ընդհանուր զարգացումներն ազդում են հայկական հումանիտար առաքելության վրա, բայց այս պահին լուրջ մարտահրավերներ չկան:

«Սիրիայում մեր առաքելության մասով լուրջ անհանգստանալու խնդիր չունենք»,- ասաց Արմեն Գրիգորյանը՝ պարզաբանելով, որ հայկական առաքելությունը ռազմական գործողություններում չի  ներգրավվելու այն պարզ պատճառով, որ հումանիտար առաքելությունը չի կարող որևէ կերպ մասնակցություն ունենալ ռազմական գործողություներին:

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի զինված ուժերը ներխուժել են Սիրիայի Արաբական Հանրապետություն: Տեղի ունեցածին արձագանքել են Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։ Հատկապես մտահոգիչ իրավիճակ է ստեղծվում ազգային և կրոնական փոքրամասնությունների համար:

Այս ռազմական ներխուժումը ստեղծում է նաև ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր և զանգվածային խախտումների անմիջական վտանգ։

Հայաստանը կոչ է անում գործադրել գործուն միջազգային ջանքեր այս ռազմական ներխուժումը դադարեցնելու, զանգվածային վայրագությունները կանխելու և Թուրքիային սահմանակից Սիրիայի բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ։

Հայաստանն աջակցում է Սիրիայի միասնությանը և ինքնիշխանությանը և կոչ է անում զերծ մնալ Սիրիայի և նրա ժողովրդի դեմ ռազմական ոտնձգություններից: Հայաստանը կշարունակի տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերել բարեկամ Սիրիայի ժողովրդին»,- հայտարարել է Արտաքին գործերի նախարարությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստի ընթացքում հայտնել է Հայաստանի՝ Հալեպում մարդասիրական առաքելություն իրականացնելու մասին:

«Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է ներխուժման այդ գործողությունը, և մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետև մեր գնահատմամբ՝ այդ գործողությունը ավելի կխորացնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճգնաժամը։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնություններին և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ»,- ասել է  վարչապետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter