HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքիայում արգելել են քննադատական հրապարակումներ անել Սիրիայում ռազմական ներխուժման մասին. երկու լրագրող ձերբակալվել է

Հոկտեմբերի 10-ին Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ Թուրքիայի զինված ուժերի կողմից հոկտեմբերի 9-ից Սիրիայի հյուսիսում սկսած ռազմական գործողությունների մասին արգելվում է քննադատական հրապարակումներ անել: Հայտարարության մեջ ասվում է, որ այն անձը կամ անձինք, որոնք նպատակաուղղված կլինեն Թուրքիայի սոցիալական և ներքին խաղաղության, միասնության և անվտանգության դեմ՝ ցանկացած նորությունով՝ գրավոր հրապարակումներով կամ հեռարձակման միջոցով, այդ թվում սոցցանցերի հաշիվերով, կհետապնդվեն՝ ըստ Թուրքիայի քրեական օրենսգրքի և հակակոռուպցիոն օրենսդրության պահանջների: Այս մասին ասվում է «Լրագրողների պաշտպանության կոմիտե» միջազգային կազմակերպության հայտարարությունում:

Արդեն իսկ արձանագրվել է լրագրողների ձերբակալման երկու դեպք: Նախ ձախական BirGün օրաթերթի լրագրող Հական Դեմիրն է ձերբակալվել այն պատճառաբանությամբ, որ նա օրաթերթի Twitter-ի էջից գրել է` Թուրքիան հարձակվել է Սիրիայի վրա: Դատարանի որոշմամբ նա ազատ է արձակվել, նշանակվել է փորձաշրջան և արգելվել է նրան դուրս գալ երկրի սահմաններից:

Ոստիկանությունը ձերբակալել էր նաև Diken լրատվական կայքի լուրերի խմբագիր Ֆատիհ Գյոքհանին այն բանի համար, որ Diken-ը մեջբերել էր քրդերի կողմից ղեկավարվող Սիրիայի դեմոկրատական ուժերի մամուլի խոսնակին: Դատարանը նրան ևս ազատ է արձակել և արգելել է լքել երկիրը:

Այնուեմանեյնիվ լրագրողներից և ոչ մեկին պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել, սակայն նրանց պայմանական ազատ արձակումը նշանակում է, որ հետաքննությունը շարունակվելու է:

Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչությունում Սիրիայի վրա հարձակման մասին հրապարակումների գործերով քրեական հետապնդման է ենթարկվում 78 մարդ: 

«Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ն դատապարտել է Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ երկրի իշխանությունները պետք է դադարեցնեն հետապնդել և վերահսկել Թուրքիայի ռազմական ներխուժումը լուսաբանող լրագրողներին և լրատվամիջոցներին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի զինված ուժերը լայնածավալ ռազամական գործողություն սկսեցին Սիրիայի հյուսիսում՝ ընդդեմ քրդերի: Կրակի տակ են հայտնվել նաև հայաբնակ մի շարք շրջաններ:

Լուսանկարը՝ Kerem Kocalar/Anadolu

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter