HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքական օդուժը ռմբակոծել է նաեւ Սիրիայի հայաբնակ շրջանները

Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող Քամիշլի քաղաքում մոտ երկու ժամ առաջ դադարեցվել է թուրքական օդուժի ռմբակոծությունը, սակայն իրավիճակը շարունակում է անորոշ մնալ: Պաշտոնական տվյալներով՝ Քամիշլիում 8 զոհ եւ 20 վիրավոր կա, նրանց թվում հայեր չկան, չնայած Քամիշլին Սիրիայում հայերով բնակեցված բնակավայրերից մեկն է: Այս մասին մեզ հայտնել է «Եռագույն» կայքի հիմնադիր-խմբագիր, քամիշլեցի Նաիրի Մկրտչյանը՝ հղում անելով քաղաքում իր աղբյուրներին: Նաիրին ավարտել է Քամիշլիի հայկական դպրոցը, սակայն երկար տարիներ բնակվում է Հայաստանում: Քամիշլիում են ապրում նրա բարեկամները:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան թուրքական զինուժը ռազմական գործողություններ է սկսել Սիրիայի հյուսիսում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ թուրքական զինուժը Սիրիայի ազգային բանակի (հայտնի է նաեւ որպես Ազատ սիրիական բանակ, Թուրքիայի աջակցությունը վայելող ընդդիմադիր ուժ է) հետ միասին սկսել է «Խաղաղության ակունք» գործողությունը Սիրիայի հյուսիսում, որն ուղղված է Քրդական աշխատավորական կուսակցության (PKK), Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների (YPG, քրդական ուժ Սիրիայում) եւ Իսլամական պետության (ISIS) ահաբեկիչների դեմ:

Նաիրի Մկրտչյանն ասում է, որ թուրքական զինուժը ռմբակոծել է Քամիշլիի ծայրամասային թաղամասերը, որտեղ տեղակայված են քրդական զորակայանները: Ներկայում, ըստ Մկրտչյանի, Քամիշլիում բնակվում է 450 հայ ընտանիք, իսկ նախքան 2011 թ., երբ Սիրիայում պատերազմ սկսվեց, նրանց թիվը 1200-ի էր հասնում: Այսօր անվտանգության նկատառումներով փակ են Քամիշլիի հայկական դպրոցներն ու քաղաքի օդանավակայանը:

Նաիրի Մկրտչյանը նշում է՝ մոտ 2 ժամ առաջ տեղեկություն է ստացել, որ ռմբակոծվել են Քամիշլիի մոտ գտնվող նավթահորերը:

Հայաբնակ մյուս բնակավայրը՝ Դերիկը, որը եւս սահմանակից է Թուրքիային, նույնպես ռմբակոծվել է: Այստեղ 62 հայ ընտանիք է բնակվում: Դերիկում գործում է հայկական դպրոց ու եկեղեցի: Ռմբակոծվել է նաեւ սահմանամերձ Թել Աբյադ քաղաքը, որտեղ, ըստ Ն. Մկրտչյանի, 16 հայ ընտանիք է բնակվում: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ այս ընտանիքներից 5-ը երեկ Քամիշլի էր գնացել՝ հարսանեկան արարողության մասնակցելու, իսկ 6 ընտանիք տեղափոխվել է համեմատաբար ապահով գյուղեր: «Խոսվում է տարհանումների մասին, բայց Թել Աբյադի հայերը չեն ցանկանում լքել իրենց բնակավայրը: Նրանց կարծիքով՝ սա ժամանակավոր բնույթ է կրում: Նրանք հույս ունեն, որ կվերադառնան իրենց տները»,- նշում է Նաիրին:

«Իրենք համարում են, որ այսքան ժամանակ ապրել են այդ երկրում, հիմա թուրքի մի գնդակից չեն թողնի համայնքը, կմնան, կպաշտպանեն»,- ասում է Նաիրի Մկրտչյանը քամիշլեցի հայերի մասին:

ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանն այսօր հայտնել է, որ, իր ստացած տեղեկությունների համաձայն, Ռաքքա նահանգի Թել Աբյադ քաղաքում բնակվող հայ ընտանիքների մեծ մասը հեռացել է դեպի արեւելք՝ Ալ Հասաքա նահանգ, ինչպես նաեւ արեւմուտք՝ դեպի Հալեպ:

«Բարեբախտաբար, տուժածներ չկան,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայրապետյանն ու հավելել,- որոշ տեղեկությունների համաձայն՝ Ռաս ուլ-Այն բնակավայրից (գտնվում է Ալ Հասաքա նահանգում՝ Թուրքիայի հետ սահմանի հարեւանությամբ- «Հետք») նույնպես հայերը դուրս են եկել: Ինչ վերաբերում է Քամիշլիին, ապա այնտեղ ունենք շուրջ 3 հազար հայեր, որոնք շարունակում են մնալ քաղաքում. ինչպես հայտնում են իրենք՝ բնակիչներն ու քաղաքային իշխանությունները, տարհանման անհրաժեշտություն այս պահին չկա»:

Լուսանկարը՝ aljazeera.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter