HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Արտահանումն այս տարի. հայկական ապրանքների 10 առաջատար շուկաները

2018 թվականի կեսերին և այս տարվա սկզբին գրանցված անկումից հետո Հայաստանի արտահանման դինամիկան բարելավվել է։ Արտահանումն ուսումնասիրելիս երևում են ինչպես դրական, այնպես էլ մտահոգիչ միտումներ։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալներով՝ այս տարվա առաջին ութ ամիսներին՝ հունվար-օգոստոսին, Հայաստանից ապրանքների արտահանումը կազմել է 1.66 մլրդ դոլար։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արտահանումն աճել է 4.6 %-ով։

Նախորդ տարվա համեմատ, արտահանումն այս տարի ավելի համեստ տեմպերով է աճում։ Տարվա առաջին եռամսյակում այն նվազել է։ Անկումը սկսվել էր դեռևս 2018 թվականի սեպտեմբերին։ Այս տարվա ապրիլից արդեն այն սկսել է աճել երկնիշ ցուցանիշներով։ Այս ընթացքում ամենաբարձր աճն արձանագրվել է հուլիսին. նախորդ տարվա նույն ամսվա համեմատ այն կազմել է 20.9 %: Ու չնայած ապրիլից դրական տեղաշարժեր են գրանցվել, աճի տեմպերը զիջում են նախորդ տարվան։ Համեմատության համար նշենք, որ 2018 թվականի հունվար-օգոստոսին արտահանումն աճել է 15.7 %-ով։

Այս տարի աճել է արտահանումը դեպի ԱՊՀ երկրներ, իսկ դեպի ԵՄ արտահանման ընդհանուր ցուցանիշը նվազել է։ Մյուս երկրների առումով միտումները տարբեր են։

TOP 10 շուկաները. որ ուղղություններով է աճել կամ նվազել արտահանումը

Հայաստանի արտահանման թիվ մեկ շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը։ Հաջորդում է Շվեյցարիան։ Այս երկու երկրներին միասին բաժին է ընկել այս տարվա հունվար-օգոստոսի արտահանման ծավալի 44.1 %-ը։

Դեպի մյուս երկրներ արտահանման ծավալներն ավելի փոքր են։ Համեմատաբար զգալի տեսակարար կշիռ ունեն այն երկրները, ուր Հայաստանը հանքահումք է արտահանում՝ պղինձ, ոսկի, մոլիբդեն, թանկարժեք մետաղների խտանյութ։ Նրանց շարքում են Բուլղարիան, Նիդերլանդներն ու Չինաստանը։ Առանձնանում է նաև Իրաքը, ուր Հայաստանը մեծ մասամբ ծխախոտ է արտահանում։

Հայաստանի արտահանման TOP 10 շուկաների կազմում են նաև Իրանը, Գերմանիան, Վրաստանն ու Իտալիան։ Ընդհանուր առմամբ, մեր թվարկած 10 երկրների տեսակարար կշիռը Հայաստանի արտահանման մեջ այս տարվա հունվար-օգոստոսին կազմել է 83.3 %: Սա վկայում է այն մասին, որ արտահանումը մեծ կենտրոնացվածություն ունի, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ արտահանվող հայկական ապրանքների «ճակատագիրը» կախված է այդ երկրների տնտեսական իրադրություններից։

Դեպի Ռուսաստան արտահանումն այս տարվա հունվար-օգոտոսին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, աճել է 6.4 %-ով։ Չինաստան արտահանման աճն ավելի մեծ է՝ 59.4 %։ Տեսանելի աճ կա նաև Շվեյցարիայի պարագայում՝ 30.9 % և Նիդերլանդների՝ 39.3 %-ով։

Փոխարենը կտրուկ նվազել է դեպի Գերմանիա արտահանումը՝ 55 %-ով և դեպի Բուլղարիա՝ 17.3 %-ով։ Ցուցանիշներն առավել մանրամասն ներկայացված են ինֆոգրաֆիկայում։

Համեմատելով Մաքսային ծառայության այս տարվա առաջին կիսամյակի տվյալների հետ` կարող ենք ենթադրել, որ այս տարի դեպի Ռուսաստան արտահանումն աճել է մեծապես ի հաշիվ թանկարժեք մետաղի ջարդոնի ծավալների ավելացման, ինչպես նաև՝ կոնյակի ու մի քանի այլ ապրանքների։

Դեպի Շվեյցարիա արտահանման աճը պայմանավորված է ոսկու (ոչ վերջնական մշակված) և պղնձի խտանյութի ծավալների աճով։

Հայաստանն ավելացրել է դեպի Իրաք ծխախոտի արտահանումը, ֆեռոմոլիբդենի արտահանումը դեպի Նիդերլանդներ, պղնձի խտանյութի արտահանումը դեպի Չինաստան և Կանադա: 

Դրան զուգահեռ զգալի կրճատվել է պղնձի խտանյութի արտահանումը դեպի Բուլղարիա և ալյումինե նրբաթիթեղի և չզտած պղնձի արտահանումը դեպի Գերմանիա, ինչի հետևանքով էլ Հայաստանից այս երկրներ արտահանման ընդհանուր ծավալը կտրուկ ընկել է:  էլեկտրաէներգիայի արտահանումը դեպի Իրան ևս նվազել է (որի դիմաց Հայաստանը գազ է ստանում)։

Ընդհանուր առմամբ, եթե արտահանումը դիտարկում ենք ըստ խոշորացված ապրանքախմբերի, տեսնում ենք, որ այս տարի զգալի նվազել է մանածագործական իրերի (-29.2 %), ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի (-13.8 %), քարից, գիպսից ու ցեմենտից պատրաստված իրերի (-31.8 %) և մի քանի այլ ապրանքների արտահանումը։

Որոշ ապրքաների մասով էլ աճ կա, ինչպես պատրաստի սննդի (+13.7 %), թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ու դրանցից պատրաստված իրերի (+36.3 %), բուսական ծագման արտադրանքի (+6.5 %) և այլն։

Ի տարբերություն նախորդ տարիների, երբ հանքահումքի արտահանումը մեծ տեմպերով էր աճում, այս տարվա առաջին ութ ամիսներին այն աճել է 0.8 %-ով։

Նշված ապրանքախմբերը էական կշիռ ունեն Հայաստանի արտահանման կազմում։ Ամենամեծ կշիռն ունի հանքահումքը (այս տարվա հունվար-օգոստոսի ընդհանուր արտահանման 27.6 %-ը)։ Մեծ է պատրաստի սննդի (22.2 %), թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի (16 %), ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի (10.7 %), ինչպես նաև՝ մանածագործական իրերի (6.8 %) կշիռը։

Արտաքին առևտրում Հայաստանի բացասական հաշվեկշիռը դեռևս մեծ է։ Այս տարվա հունվար-օգոստոսին այն կազմել է 1.523 մլրդ դոլար։ Այսինքն՝ Հայաստանն այդքանով ավելի շատ ապրանք է ներմուծում, քան արտահանում։ 2018 թվականի նույն ամիսների համեմատ բացասական հաշվեկշիռը մնացել է գրեթե նույն մակարդակում։

2020 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծում, որն արժանացել է Կառավարության հավանությանը և դեռևս պետք է քննարկվի Ազգային ժողովում, կանխատեսվում է 7.1% արտահանման աճ։ Իսկ եկող տարվա համար ավելի բարձր նշաձող է ընտրված։ Նախածգում նշված է. «2019 թվականի ընթացիկ զարգացումներով և մշակող արդյունաբերության ակտիվությամբ պայմանավորված` ակնկալվում է դոլարային արտահայտությամբ 7.1% արտահանման աճ (անվանական արժեքով): 2020 թվականին` գործընկեր երկրների տնտեսական աճերի և ՀՀ կառավա­րության կողմից տնտեսության արտահանելի ոլորտում վարվող քաղաքականության ուղղությանը համահունչ, կանխատեսվում է արտահանման շուրջ 10% աճ (դոլարային արտահայտությամբ)»։

Նույն փաստաթղթում նաև գրված է, որ համաշխարհային և հատկապես գործընկեր երկրների փոփոխական և անհամաչափ տնտեսական զարգացումներն իրենց ազդեցությունն են թողնում Հայաստանի վրա, որը, լինելով փոքր և բաց տնտեսություն, արագ է արձագանքում այդ երևույթներին։ Սա հենց այն կենտրոնացվածության հետևանքն է, որի մասին գրել ենք հոդվածում։

Այսպիսով, Հայաստանի արտահանումը մի քանի ամսվա անկումից հետո այս տարվա ապրիլից սկսել է աճել։ Արտահանման գլխավոր շուկաներ հանդիսացող երկրներից մի քանիսի ուղղությամբ աճ ունենք, որոշների դեպքում՝ անկում։ Արտահանման կենտրոնացվածությունը պահպանվում է. հայկական ապրանքներն առաքվում են սահմանափակ թվով երկրներ։ Արտահանվող ապրանքների առումով ևս միտումները տարբեր են. մի կողմից` ավելացել է արտահանման կազմում էական կշիռ ունեցող պատրաստի սննդի, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ու դրանցիցի պատրաստված իրերի, սարքերի ու ապարատների ու որոշ այլ ապրանքների արտահանումը։ Մյուս կողմից՝ նվազել է մանածագործական իրերի, ոչ թանկարժեք մետաղների և մի քանի այլ ապրանքախմբերի արտահանումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter