HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քրեակատարողական հիմնարկներում սննդի թափոնները դարձյալ չեն հաշվառվում

Աղբարկղի մեջ հայտնված հացերը լուսանկարել ենք «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում: Մասնաշենքերից մեկի միջանքում տեղադրված աղբի համար նախատեսված արկղերի մեջ ամբողջական հաց ու հացի կտորներ էին լցված: Տեղում պարզաբանեցին, որ դատապարտյալներն են հրաժարվել հացից:

«Հետք»-ը դեռևս երկու տարի առաջ  անդրադարձել էր քրեակատարողական հիմնարկներում սննդի թափոնների հաշվառման թեմային և հոդվածաշարեր պատրաստել: Դրանից հետո պարբերաբար դիմել էինք նախարարությանը, քրեակատարողական ծառայությանը՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ սննդի թափոնների վերաբերյալ: Սակայն, ամեն անգամ ստացել ենք բացասական պատասխան՝ պատճառաբանելով, որ սննդի թափոնների հաշվառում չի իրականացվում, և ոչ ոք չգիտի, թե որքան թափոն է առաջանում չօգտագործված սննդից:

Հերթական հարցման ժամանակ էլ՝ 2018թ. մարտին, Քրեակատարողական ծառայությունից պատասխանել էին, որ սննդի թափոնները հաշվառելու և դրանք նպատակային օգտագործելու արդյունավետ տարբերակ ընտրելու նպատակով Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը նախատեսում է կազմակերպել բաց քննարկումներ: Անցել է մեկ տարի, սակայն այդպես էլ տեղի չունեցան բաց քննարկումները, և հանրությունն այդպես էլ չիմացավ, թե այս տարիների ընթացքում ուր են գնում բանտային սննդի թափոնները, և պետական բյուջեից որքան գումար է «թափվում»:

Մեկ տարի անց դարձյալ հարցրել ենք Քրեակատարողական ծառայությանը՝ արդյոք սննդի թափոնները հաշվառվում են:

«Քրեակատարողական հիմնարկներում կալանավորների և դատապարտյալների համար պատրաստված սննդի թափոնների հաշվառում չի տարվում և թափելու կամ իրացնելու որևէ ընթացակարգ չկա, ուստի հնարավոր չէ տալ տեղեկություն ՔԿՀ-ներում չսպառված սննդի թափոնների վերաբերյալ: Անցած տարիներին, ինչպես նաև 2018-2019թթ. ընթացքում սննդի թափոնները դուրս բերելու կամ այլ տարբերակով ոչնչացնելու նպատակով քրեակատարողական ծառայությունը ոչ մի գումար չի ծախսել»,-պարզաբանել է ՔԿԾ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արտակ Ղազարյանը:

Գումար չի ծախսվում,  հայտնի չէ, թե որտեղ է տարիներ շարունակ թափվել սննդի թափոնները, կամ արդյոք թափվել է: Դեռ տարիներ առաջ հեռախոսազանգեր էինք ստանում դատապարտյալներից, որ սննդի թափոններով կերակրում են քրեակատարողական հիմնարկների ղեկավարների խոզերին և դիտավորյալ վատ որակի սնունդ են պատրաստել, որպեսզի դատապարտյալները հրաժարվեն դրանից: Ինչպես նախորդ իշխանությունների ժամանակ, այնպես էլ նորերի պաշտոնավարման օրերին այդպես էլ հնարավոր չեղավ պաշտոնական պարզաբանում ստանալ, թե ուր է տարվում սննդի թափոնը:

Արտակ Ղազարյանը նաև հայտնել է, որ քրեակատարողական հիմնարկներում տնտեսվարման արդյունավետ մեխանիզմների ապահովման, սննդի որակի էական բարձրացման նպատակով, միջազգային և Հայաստանի զինված ուժերում առկա փորձի հիման վրա, նախատեսվում է ազատությունից զրկված անձանց տրամադրվող սննդի ապահովման գործառույթը պատվիրակել մասնավոր հատվածին: Այսինքն՝ ոլորտում մասնագիտական ծառայություններ մատուցող ընկերություններից է ձեռք բերվելու պատրաստի սննդի մատուցման ծառայությունները:

Քրեակատարողական ծառայությունը սեպտեմբերի 24-ին սննդի պատրաստման ծառայությունների պայմանագիր է կնքել «Ռեդի-Ստեդի» ՍՊԸ-ի հետ: Ընկերության միջոցով հոկտեմբերի 15-ից 70 օր տևողությամբ սննդի պատրաստման փորձնական ծրագիր է իրականացվելու ամենամեծ լրակազմն ու առավել թվով շահառու ունեցող «Արմավիր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում: Ծրագրի հաջողության դեպքում հեռանկարային է դիտվում նույն համակարգը ներդնել նաև մյուս քրեակատարողական հիմնարկներում:

«Ռեդի-Ստեդի» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2002թ-ին: Ընկերության միակ բաժնետերը Գայանե Մարգարյանն է: Վերջինս դարձյալ սննդի ծառայություններ մատուցող «Արտ Լանչ» ընկերության հիմնադիր Բակուր Մելքոնյանի կինն է: 

«Նշված ծրագրի ներդնումից հետո քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների համար պատրաստված սննդի թափոնների խնդիրը միանգամից կվերանա»,-հույս են հայտնում քրեակատարողական ծառայությունից:

Նշենք, որ «Ռեդի-Ստեդի» ՍՊԸ-ի հետ կնքված 70 օր տևողությամբ սննդի պատրաստման փորձնական ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է մոտ 108 մլն դրամ, որից մոտ 68 մլն 344 հազարը՝ «Արմավիր», իսկ 39 մլն 620 հազար դրամը «Նուբարաշեն» ՔԿՀ-ների համար:

«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսվում սննդի պատրաստման ծառայությունը մատուցել 690 կալանավորի և դատապարտված անձի, իսկ «Նուբարաշեն»-ում՝ 400 անձի համար: Մեկ անձի համար պատրաստի սննդի վրա ծախսված օրվա գումարը կազմում է 1415 դրամ:

Մինչև բոլոր քրեակատարողական հիմնարկների համար սննդի պատրաստման պայմանագրի կնքումը որքան սնունդ է թափվելու կամ ում խոզերն են ուտելու այդ թափոնները՝ հայտնի չէ:

Տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի, Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter