HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանտի հացը. մաս 1

Գրիշա Բալասանյան, Զարուհի Մեջլումյան

Բանտարկյալների ձեռքի աշխատանքների ամենատարածված հումքը դեռ խորհրդային տարիներից բանտային հացի խմորն է: Ծաղիկները բանտային հացից են (լուսանկարում):

Ի՞նչն է պատճառը, որ ՔԿՀ-ներում հացը երբեմն կիրառության այլ ձև է ստանում: Զրուցելով նախկին ու ներկա ազատազրկվածների հետ՝ արձանագրեցինք, որ հացի խմորը որոշ ՔԿՀ-ներում կպչուն է, ավելի հարմար` քանդակելու, քան ուտելու համար: Մի խոսքով՝ որոշ ՔԿՀ-ներում ավելի հեշտ է հացի խմորից ծաղիկ ու թզբեհ ստանալ, քան ուտել: «Իսկ ուտել կարելի է տաքացուցիչի վրա մի լավ չորացնելուց հետո»,- ասում էին մեր զրուցակիցներից մի քանիսը:   

Բանտային հացի մասին բողոքներ լսելուց հետո դիմեցինք Արդարադատության նախարարություն և Քրեակատարողական վարչություն, թույլտվություն ստացանք նկարահանել 5 ՔԿՀ-ներին հացով ապահովող «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ գործող արտադրամասը: Պետք էր սեփական աչքերով տեսնել հացաթխման պրոցեսը: Հացթուխ տիկին Էսթերն առավոտյան 5-ից արտադրամասում է: «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի «Նուբարաշենի» մասնաճյուղի հացի արտադրամասի պետն ասում է, որ 80 տարվա սարքերով օրական 18 պարկ ալյուրից հաց են թխում, ապահովում են 5 ՔԿՀ-ների ազատազրկվածներին՝ «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն», «Արմավիր», «Դատապարտյալների հիվանդանոց»: 

Հայաստանի բոլոր ՔԿՀ-ներին հաց է մատակարարում 2001թ. Կառավարության որոշմամբ ստեղծված «Աջակցություն դատապարտյալին հիմնադրամը»՝ առանց մրցույթի: Հիմնադրամը պարտավորվում է ազատազրկվածներին ապահովել ՀՍՏ չափանիշներին համապատասխան 650 գրամանոց հացեր (+, - 3 գրամ):

Օրինակ՝ միայն 2016թ. քրեակատարողական վարչությունը 233 մլն 633 հազար 700 դրամի պայմանագիր է կնքել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հետ՝ 1-ին տեսակի ցորենի ալյուրից հացի գնման համար:

Կառավարության կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` 2015թ. քրեակատարողական վարչությունը «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամից գնել է 40,000 կգ մակարոնեղեն՝ 14 մլն 760 դրամ ընդհանուր արժեքով:

«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը թեև շահույթ չհետապնդող կազմակերպություն է, սակայն հացի, մակարոնեղենի (նախկինում` նաև այլ անուն ապրանքների ու պարագաների գնումները) պետությունը հիմնադրամից կատարում է մեկ անձից գնման սկզբունքով, առանց մրցույթի: Օրինակ՝ 2014թ. հիմնադրամը քրեակատարողական վարչությանը մատակարարել է նաև 56 մլն 706 հազար դրամի, իսկ 2015թ.` 122 մլն 404 հազար դրամի հանդերձանք և անկողնային պարագաներ:

Նշենք, որ 2015-ի սեպտեմբերին քրեական գործ էր հարուցվել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի կողմից հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու հատկանիշներով, սակայն նախաքննության փուլում այն կարճվել էր: Գլխավոր դատախազությունից մեզ պատասխանեցին, որ հիմնադրամի` պետական բյուջե կատարած վճարումների արդյունքում է գործը կարճվել:    Արդարադատության նախարության ՔԿՎ պետի տեղակալ Վարուժան Մելքոնյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ հացի փորձաքննություն կատարվել է: Պարզվում է` «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը այս տարվա փետրվարին հացի որակի փորձարկում է կատարել «Մավաս Գրուպ» ՍՊԸ-ում: Արդյունքները վկայում են, որ բանտային հացը համապատասխանում է ՀՍՏ ստանդարտներին: Սակայն, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից մեր հարցմանն ի  պատասխան հայտնել են, որ «Հավատարմագրման մասին» օրենքի համաձայն՝ վերապահումներով տրված հավատարմագրման վկայագրերն առավելագույնը գործում են մինչև 2016թ. դեկտեմբերի 31ը: «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ «Մավաս Գրուպ» ՍՊԸ-ի փորձարկման լաբորատորիայի կողմից  ՊՈԱԿ-ին ներկայացվել է վերապահումները հանելու վերաբերյալ հայտ: Այդ հայտի հիման վրա ՊՈԱԿ-ի կողմից «Մավաս Գրուպ» ՍՊԸ-ի փորձարկման լաբորատորիայում ներկայումս իրականացվում է պարբերական գնահատում:

 

Բանտային հացի վերաբերյալ բողոքների հետքերով` որոշեցինք ինքներս պատվիրել բանտային հացի փորձաքննություն: Մեկի փոխարեն` 2 անգամ. 2017-ի մարտ և ապրիլ ամիսներին  «Ստանդարտ Դիալոգ» անկախ փորձարկման լաբորատորիայում պատվիրեցինք «Նուբարաշեն» մասնաճյուղի հացի արտադրամասում թխված հացի փորձաքննություն: Ըստ փորձարկման  արձանագրությունների` հացի որակը չի համապատասխանում ՀՍՏ չափանիշներին. թթվայնությունը ցածր է, խոնավությունը՝ բարձր, լավ չթխված, խոնավ, շոշափելիս կպչող, թույլ ծակոտկեն: «Ստանդարտ Դիալոգ» ՍՊԸ լաբորատորիայի ղեկավար Կարեն Ղարիբյանն ասաց, որ խոնավությունն առաջին հերթին կազդի հացի քաշի վրա:  

Հացի քաշը որոշելու համար դիմեցինք Չափագիտության ազգային ինստիտուտ՝ խնդրելով կշռել բանտային հացը: Ինստիտուտի մասնագետը տեղում կշռեց. հացի քաշը նորմայի մեջ էր: Ըստ «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիայի ղեկավարի` ՀՍՏ չափանիշներից բարձր խոնավության տոկոսը կարող է հավելյալ քաշ ապահովել: 

Հացը մեր սննդակարգում մեծ տեղ է զբաղեցնում, ածխաջրեր ու բուսական սպիտակուցներ, Բ վիտամին ստանալու դարերով եկած մեր ձևն է: «Այնքան հաց, ինչքան հայերն են ուտում, երևի թե աշխարհում ոչ մի ժողովուրդ չի ուտում»,-ասում է բժիշկ-սննդաբան Լիդիա Այվազյանը: Հացը պիտի լինի ճիշտ եփված, այլապես օգտակար նյութերը չենք ստանա: Ավելին՝ հնարավոր է սնկային ինտոքսիկացիա, իսկ շաքարային դիաբետ ունեցողներին առհասարակ չի կարելի սպիտակ հաց օգտագործել:

Ըստ ՔԿՎ տվյալների` 2013-2016թթ. աղեստամոքսային ու սրտանոթային հիվանդություններ ունեցող ազատազրկվածների թիվը գրեթե բոլոր ՔԿՀ-ներում ավելացել է:  

Սարո ԲաղդասարյանԴավիթ Բանուչյան

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։