HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Սկսվում է «Եվրո-2020»-ի ընտրական մրցաշարի վճռական փուլը. այսօր՝ Լիխտենշտայն-Հայաստան

Այսօր՝ Երեւանի ժամանակով 22:45-ին, Վադուցում կմեկնարկի Լիխտենշտայն-Հայաստան հանդիպումը: Սա մեր ազգային ընտրանու մասնակցությամբ «Եվրո-2020»-ի ընտրական փուլի 10-րդ խմբի 7-րդ տուրի մրցավեճն է: Չնայած գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը թիմ էր հրավիրել 25 ֆուտբոլիստի, նրանցից դարպասապահ Անատոլի Այվազովը եւ պաշտպան Կամո Հովհաննիսյանը չեն մեկնել Շվեյցարիա, որտեղ հանգրվանել է մեր ընտրանին հանդիպումից առաջ:

Ինչպես հայտնի է, Կամոն ղազախական իր ակումբում ստացած վնասվածքից ամբողջովին չի ապաքինվել, եւ մարզչական շտաբը որոշել է ռիսկի չգնալ: «Հաշվի առնելով վնասվածքը եւ թռիչքի հետ կապված ծանրաբեռնվածությունից խուսափելու համար Կամո Հովհաննիսյանը մնացել է Երեւանում եւ կշարունակի անհատական մարզումները: Նա բաց կթողնի Լիխտենշտայնի դեմ հանդիպումը եւ ապաքինվելու դեպքում կարող է միանալ ազգային թիմին արդեն Ֆինլանդիայի դեմ խաղում»,- հայտնել է ՀՖՖ-ն:

Փոխարենը վերջին պահին հավաքական է հրավիրվել հենակետային Գոռ Մալաքյանը: Հիշեցնենք, որ կիսապաշտպանությունում մեր թիմը կորուստներ ունի. վնասվածքի պատճառով բացակայում է թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, հիվանդության պատճառով կոլեկտիվին չի միացել Կառլեն Մկրտչյանը, իսկ Արտակ Գրիգորյանը, որը թիմի կազմում մեկնել է Շվեյցարիա, սակայն վնասվածք էր ստացել մեր ներքին առաջնությունում, չի ընդգրկվել խաղի՝ 23 հոգուց կազմված հայտացուցակում: Սա, իհարկե, որոշակի բարդացնում է մարզիչների գործը, քանի որ հենակետային գոտում հիմնական կազմի խաղացողների կորուստներ ունենք: 

Կարեւոր է նաեւ, որ Լիխտենշտայնի հետ հանդիպմանը դեղին քարտ չստանան կիսապաշտպանության ձախ թեւում հանդես եկող Գեւորգ Ղազարյանն ու Էդգար Բաբայանը, այլապես դա կլինի նրանց 3-րդ զգուշացումն, ու այս ֆուտբոլիստներն ստիպված բաց կթողնեն ֆինների հետ կարեւոր հանդիպումը:

Ահա այն խաղացողների ցուցակը, ովքեր կարող են մասնակցել այսօրվա մրցավեճին:

Դարպասապահներ

Արամ Հայրապետյան, «Ուրարտու»           
Հենրի Ավագյան, «Ալաշկերտ»     
Արսեն Բեգլարյան, «Դնեպր» (Բելառուս)     

Պաշտպաններ

Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»                                                                 
Հայկ Իշխանյան, «Ալաշկերտ»
Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան»
Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)
Ժորդի Ժոաո Մոնրոյ Արարատ, «Բոյակա Չիկո» (Կոլումբիա)
Անդրե Չալըշըր, «Գյոթեբորգ» (Շվեդիա)

Կիսապաշտպաններ                                                       

Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»
Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»
Արաս Օզբիլիզ, «Փյունիկ»
Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»
Գոռ Մալաքյան, «Արարատ-Արմենիա»
Ռումյան Հովսեփյան, «Արդա» (Բուլղարիա)
Մարկոս Պիզելի, «Ակտոբե» (Ղազախստան)
Գեւորգ Ղազարյան, ԱԷԼ (Կիպրոս)
Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)

Հարձակվողներ

Արթուր Միրանյան «Փյունիկ»
Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան)
Սարգիս Ադամյան, «Հոֆենհայմ» (Գերմանիա)
Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի» (Ռուսաստան)

Լիխտենշտեյն-Հայաստան խաղը կսպասարկի ռումինական մրցավարական անձնակազմը։ Հանդիպման մրցավարն է Իշտվան Կովաչը։ Նրան կօգնեն Ֆլորին Մարտինեսկուն եւ Միհայ Արտենեն։ 4-րդ պաշտոնյան Մարինուս Ավրամն է։ ՈւԵՖԱ-ի մրցավարների տեսուչն է Յան Վեգերեֆը (Նիդերլանդներ)։ Պատվիրակն ալբանացի Բույար Կասմին է։

Հիշեցնենք, որ Երեւանում կայացած առաջին խաղում մեր թիմը հաղթել է 3-0 հաշվով: Գոլերի հեղինակ են դարձել Գեւորգ Ղազարյանը, Ալեքսանդր Կարապետյանը, Տիգրան Բարսեղյանը: 

Չնայած Լիխտենշտայնը համարվում է խմբի հետնապահը, դա չի նշանակում, որ մեր ընտրանուն հեշտ խաղ է սպասվում: Հիշենք թեկուզ Ազգերի լիգայի խաղարկությունը, որում մերոնք տանը մեծ դժվարությամբ հաղթեցին 2-1, իսկ Վադուցում գրանցվեց 2-2, ընդ որում՝ մերոնք հաշվի մեջ առաջ անցան, բայց հետո արդեն պարտվողի դերում էին:     

Այսպիսով՝ մինչ այժմ կայացած 3 խաղերում Հայաստանը 2 անգամ հաղթել է Լիխտենշտայնին, 1 անգամ էլ գրանցվել է ոչ-ոքի, գոլերի տարբերությունը՝ 7-3: Մրցակցին չթերագնահատելու ու միեւնույն ժամանակ ֆինների հետ ամսի 15-ին կայանալիք խաղին պատրաստ լինելու մասին խոսել են նաեւ մեր ֆուտբոլիստները: 

Այսօրվա հաղթանակը մեկ քայլ առաջ կլինի դեպի «Եվրո-2020»-ի եզրափակիչ փուլի ուղեգիր, որին հասնելը, սակայն, ամենեւին էլ հեշտ չի լինելու, քանի որ երկրորդ տեղում ընթացող ֆինները ունեն 12 միավոր, իսկ մերոնք՝ 9: Մյուս կողմից՝ այսօր՝ Երեւանի ժամանակով 20:00-ին, մեկնարկելու է Բոսնիա եւ Հերցեգովինա-Ֆինլանդիա հանդիպումը, ու եթե տանտերերը հաղթեն, մեր թիմը լավ առիթ կունենա հաղթանակի դեպքում հավասարվել ֆիններին, իսկ ամսի 15-ին արդեն ֆիննական Տուրկուում կռիվ տալ երկրորդ տեղի համար: Այսօր՝ 22:45-ին, կսկսվի նաեւ Իտալիա-Հունաստան մրցավեճը: 

Հիշեցնենք, որ Իտալիան ընտրական 10-րդ խմբի ֆավորիտն է եւ 6 տուրից հետո ունի 100-տոկոսանոց արդյունք՝ 18 միավոր, ֆինները վաստակել են 12, մերոնք՝ 9, բոսնիացիները՝ 7, հույները՝ 5, լիխտենշտայնցիները՝ 1 միավոր: Ընդ որում՝ խմբի հետնապահն այդ միավորը վաստակել է նախորդ տուրում՝ հույների դաշտում 1-1 խաղալով: Ավելին՝ այդ գոլը եղել է Լիխտենշտայնի առայժմ միակ գոլը:    

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter