HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքական օպերացիան շարունակվում է. նոր զարգացումներ

Անցած շաբաթ Թուրքիան սկսել էր #OperationPeaceSpring (Խաղաղության ակունք) լայնածավալ ռազմական օպերացիան։ Այն ուղղված է հյուսիսային Սիրիայում բնակվող քրդերի դեմ։

Թուրքիան չի ճանաչում Ռոժավայում[1] գործող ինքնավար քրդական ուժերին և դրանց համարում է Քրդական բանվորական կուսակցության հսկողության տակ գործող ահաբեկչական խմբավորումներ։

Ամիսներ առաջ պլանավորած այս գործողությունները սկսվեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց ամերիկյան զորքը դուրս բերելու մասին։

Թուրքիան պլանավորում է ստեղծել 20 կմ լայնություն ունեցող, այսպես կոչվող, արաբական բուֆերային տարածք և Թուրքիայից այդտեղ տեղափոխել ավելի քան 2 միլիոն սիրիացի փախստականներին, որոնք այս պահին գտնվում են Թուրքիայում։

Ինչ տարածքներ է գրավել Թուրքիան

Սահմանին մոտ գտնվող Թել Աբյադ և Ռաս ալ-Այն քաղաքները ռազմավարական նշանակություն ունեն Թուրքիայի համար։

Կիրակի օրը Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց էր, որ արդեն գրավել են 109 կմ2 տարածք և վերահսկում են Ռաս ալ-Այն քաղաքն ու շրջակա գյուղերը։ Սակայն Սիրիայի դեմոկրատական ուժերը[2] (ՍԴՈւ) պնդում են, որ կարողացել են քաղաքից դուրս մղել թուրքական զորքը։

Այս պահին թուրքական զորքն ամբողջովին շրջափակել է Թել Աբյադը։ Իսկ Թուրքիայի հովանու տակ գործող արաբ ջիհադիստական խմբավորումներին հաջողվել է գրավել ռազմավարական նշանակություն ունեցող M4 մայրուղին, որը գտնվում է սահմանից 35 կմ դեպի հարավ։

Որքան զոհ կա

Ինչպես սովորաբար է լինում պատերազմական գործողությունների ընթացքում, բարդ է նշել զոհերի հստակ թիվ, քանի որ դրանց թիվը տարբեր է ըստ աղբյուրների։

Այսպես, ՍԴՈւ-ն նշում է, որ իր ռազմական զոհերի թիվը 56-ն է, իսկ թուրքական կողմը ավելի մեծ թիվ է նշում՝ 400-ից ավելի։

Զոհվել է 4 թուրք զինվոր և 15 հոգի Թուրքիայի հետ համագործակցող զինված խմբավորումներից։

Մինչ այս պահը նշվում է շուրջ 50 քաղաքացիական զոհերի մասին քրդական կողմից, որոնց մեջ շատ են երեխաներն ու կանայք։ Զոհերի թիվը կտրուկ աճեց Թուրքիայի կողմից վերևում նշված քաղաքների ռմբակոծումից հետո։

Ըստ թուրքական աղբյուրների՝ սահմանին մոտ գտվող թուրքական բնակավայրերում կա 18 զոհ։

Ըստ ՄԱԿ-ի՝ ռազմական գործողությունների ընթացքում ավելի քան 160 հազար հոգի լքել են իրենց բնակավայրերը։ Այս թիվը կտրուկ աճում է, տարածաշրջանում հասունանում է ևս մեկ հումանիտար ճգնաժամ։

Համացանցում տարածվել է տեսանյութ (18+), որտեղ Թուրքիայի հետ կապ ունեցող արաբ զինյալները մահապատժի են ենթարկում անզեն քաղաքացու: ՍԴՈւ-ն հայտարարել էր, որ այս խմբերը դաժանաբար սպանել են նաև այլ քաղաքացիների, որոնց մեջ էր նաև քուրդ կին քաղաքական գործիչ Հեվրին Խալաֆը։

Իսլամական պետության վերելքի վտանգը

Ռոժավայի տարածքում կա 7 բանտ, որտեղ քրդական ուժերը կալանքի տակ են պահում Իսլամական պետության շուրջ 12 հազար անդամների, որոնցից առնվազն 4 հազարը արտասահմանցի է։

Կան նաեւ ճամբարներ, որտեղ պահվում են ջիհադիստների ընտանիքների անդամներն ու նրանց հետ կապեր ունեցող այլ անձինք։

Նման ճամբարներից է Աին Իսսան։ Ըստ ՍԴՈւ տվյալների՝ Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների արդյունքում ԻՊ անդամների հետ բարեկամական և այլ կապեր ունեցող ավելի քան 800 մարդ կարողացել է փախուստի դիմել։

Նշված բանտերի գտնվելու վայրերը հստակ հայտնի չեն, սակայն դրանցից որոշները գտնվում են թուրքերի կողմից հայտարարած 30 կմ խորություն ունեցող բուֆերային տարածքում։ ՍԴՈւ-ն հայտարարել է, որ քրդական ուժերը այլևս չեն կարողանա պատշաճ կերպով վերահսկել ԻՊ ահաբեկիչների կալանավայրերը։

Քուրդ առաջնորդներից Ռեդուր Քսելիլը շաբաթ օրը հայտարարել էր, որ «ԻՊ բանտերի վերահսկողությունը մեզ համար այլևս առաջնահերթություն չէ։ Քուրդ զինվորները գնում են պաշտպանելու մեր քաղաքներն ու մեր ժողովրդին»։

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Քամիշլի քաղաքի ռմբակոծման արդյունքում ԻՊ 5 ահաբեկիչներ դիմել էին փախուստի։ Ըստ Քսելիլի՝ ԻՊ-ն արդեն ակտիվ գործունեություն է սկսել և նոր միավորումներ է ստեղծում Քամիշլիում և Խասաքում։

Նույն օրը այս երկու քաղաքներում երկու մեքենա է պայթել, պատասխանատվությունը իր վրա է վերցրել ԻՊ-ն և հայտարարել է պատերազմ քրդերի դեմ, բանտերում պահվող իր անդամներին ազատելու եւ վրեժխնդիր լինելու նպատակով։

Ավելի վաղ, ԻՊ-ի երկու զինյալների ինքնապայթեցման արդյունքում, Ռաքքայում զոհվել էր 25 հոգի։

Թուրքիան հայտարարել էր, որ բուֆերային տարածքում գտնվող բանտերի վերահսկողությունը վերցնելու է իր վրա։

Նոր պայմանավորվածություն քրդերի և Ասադի միջև

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, հայտնի դարձավ այն մասին, որ նոր պայմանավորվածություն է ձեռք բերվել քրդերի և Ասադի միջև։

Սիրիան արդեն զորքեր է ուղարկել դեպի հյուսիս՝ միանալու թուրքական ռազմական գործողություններին դիմադրող քրդական ուժերին։

Սիրիական բանակը միանում է գործողություններին, որպեսզի հակադրի «այս ագրեսիային և ազատագրի այն տարածքները, որտեղ մուտք են գործել Թուրքիան և իր վարձկանները»,- ասվում է հայտարարությունում։

Սիրիան նաև նպատակ ունի ազատագրել Աֆրին քաղաքը, որը թուրքական զորքերն ու Թուրքիայի հովանու տակ գործող արաբ ընդդիմադիր ուժերը գրավել էին դեռևս 2018 թվականին, երկու ամիս տևած ռազմական գործողությունների արդյունքում։

Այս պայմանավորվածությունը կարևոր է քրդերի համար, սակայն դրա մանրամասները դեռ պարզ չեն, և հայտնի չէ, թե քրդերը ինչ փոխզիջումների են գնալու Սիրիայի բանակի օգնության դիմաց։

Քուրդ գլխավոր հրամանատար Մազլում Աբդին «Foreign Policy» պարբերականում այսօր հրապարակված հոդվածում գրում է, որ լինելու են «ցավալի փոխզիջումներ» Ասադի և նրա ռուս դաշնակիցների հետ, ավելացնելով, որ «մենք չենք վստահում նրանց խոստումներին», բայց «եթե մենք ստիպված լինենք ընտրել փոխզիջումների և մեր ժողովրդի ցեղասպանության միջև, մենք անպայման կընտրենք մեր ժողովրդի կյանքը»։

Ավելի վաղ Ասադը իր ելույթներից մեկում կանխատեսել էր իրադարձությունների նման ընթացքը։

 

[1] Սիրիայի քրդերով բնակեցված հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանների ընդհանուր անվանում

[2] Սիրիական ընդդիմության զինված ուժերի խմբավորում, որը ձևավորվել է 2015 թվականի հոկտեմբերի 10-ին: Ներառում է քրդական ազգային ինքնապաշտպանության (Ազգային ինքնապաշտպանության խմբավորումը և Կանանց ինքնապաշտպանության խմբավորում), արաբական տարբեր ընդդիմադիր խմբեր, որոնք մտնում են Սիրիական արաբական կոալիցիայի մեջ, ինչպես նաև ասորական, հայկական և թուրքմենական խմբավորումներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։