HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Ես կյանքիս մեջ սուտ խոսացած չկամ»,- ասում է Էդուարդ Բաբայանի գործով սուտ ցուցմունք տալու մեջ մեղադրվող Վյաչեսլավ Հարությունովը

Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով սուտ ցուցմունք տալու մեջ մեղադրվող Վյաչեսլավ Հարությունովը պնդում է, որ սուտ չի խոսել:

«Ես կյանքիս մեջ սուտ խոսացած չկամ»,- «Հետքի» լրագրողի հարցին ի պատասխան ասաց Վյաչեսլավ Հարությունովը: Մեր դիտարկմանը՝ եթե նախաքննության ընթացքում Հարությունովն ասել է, թե Էդուարդ Բաբայանն իրեն հարվածել է, իսկ դատարանում պնդել, որ նման բան չի եղել, ուրեմն չի՞ ստացվում, որ երկու ցուցմունքներից մեկը սուտ է, Հարությունովը պատասխանեց.

«Դուք իմ բերանից նման բան լսե՞լ եք»:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանն, ով նախկինում եղել է Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետը, մեղավոր է ճանաչվել  «Օլիմպավան» մարզական համալիրում Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ:

Բաբայանի մասնակցությամբ միջադեպից հետո ոստիկանությունը հայտնել է, որ ըստ տուժողի հաղորդման՝  նրան նախ «հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է»։

Տուժող Հարությունովը հետագայում հայտարարել է, թե իրեն չեն հարվածել, այլ սայթաքել ու վայր է ընկել, և այս հանգամանքը պնդել է նաև Էդուարդ Բաբայանի գործով դատական նիստի մեկնարկին, որից հետո միջնորդել է նիստը դռնփակ քննել, ուստի նրա նախաքննական ցուցմունքի բովանդակությունը հանրությանը հասանելի չի դարձել: Թերևս սա է պատճառը, որ նա պնդում է, թե «իր բերանից հասարակությունը չի լսել տեղեկություն իրեն հարվածողների վերաբերյալ»:

Դատարանը, փաստորեն արժանահավատ չի համարել Հարությունովի՝ դատարանում տված ցուցմունքն, ու Էդուարդ Բաբայանին մեղավոր է ճանաչել իրեն վերագրվող արարքում:

Նշենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում Հարությունովի պաշտպաններից Ռոման Սարգսյանը հայտնել է, որ նա պատրաստվում է պատմել միջադեպի հետ կապված ամբողջ ճշմարտությունը: Մեր հարցին՝ ի վերջո ո՞րն է այս ճշմարտությունը, Հարությունովը չցանկանցավ հայտնել՝ նշելով, որ երբ դատարանում պատմի ճշմարտությունն, այն հասանելի է լինելու բոլորին:

Ի դեպ, քրեական գործով հաստատվել է նաև, որ Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ հարվածել է Հարությունովին, սակայն մեկ հարվածը Վճռաբեկ դատարանի մեկնաբանության լույսի ներքո ծեծ համարվել չի կարող, ուստի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել:

Այսօր նշանակված էր Հարությունովի գործով առաջին դատական նիստը, որը հետաձգվեց դատավորի՝ արձակուրդում գտնվելու պատճառով:

Լուսանկարում՝  ձախից Վյաչեսլավ Հարությունովը, Էդուարդ Բաբայանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter