HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Հայ ռեժիսորների ֆիլմերը՝ Լայպցիգի հեղինակավոր փառատոնի մրցութային ծրագրում․ «Եվրասիադոկ» նախագծի հաջող արդյունքները

Սեպտեմբերի 17-ից 28-ը Երեւանում անցկացվեց «Եվրասիադոկ» սցենարական զարգացման հայաստանյան դասընթացը, որին այս տարի մասնակցում էին նախապես ընտրություն անցած 6 հայտատուներ, ովքեր հնարավորություն ունեին զարգացնելու իրենց վավերագրական նախագծերը։ Նախագծերի վերջնական տարբերակները կդիտարկվեն Ֆրանսիայի «ԴոկՄոնդ» կազմակերպության կողմից, որից հետո կհրապարակվեն համատեղ արտադրության ֆորումին մասնակցող վերջնական փուլ անցած 3 նախագծերը։

«Եվրասիադոկ»-ն իր գործունեության ընթացքում արդեն ունեցել է 182 մասնակից 11 երկրից, ընդհանուր հաշվով 26 դասընթաց եւ 7 համատեղ արտադրության ֆորում։ Ութերորդ տարին անընդմեջ ֆորումի անցկացման վայրը Հայաստանն է։ Այս տարի այն տեղի կունենա նոյեմբերի 28-ից 30-ն ընկած ժամանակահատվածում։

Առաջին փուլի՝ սցենարական դասընթացի մանրամասների, «Եվրասիադոկ»-ի կարեւորության եւ տարածաշրջանում վավերագրական ֆիլմերի զարգացման, արտադրությանը նպաստող հիմնական եւ թերեւս տեսակի մեջ միակ նախագծի մասին զրուցել ենք Հայաստանում «Եվրասիադոկ»-ի ներկայացուցիչ Արեւիկ Ավանեսյանի հետ։ 

Մինչ բուն զրույցի հատվածին անցնելը, նշենք, որ «Եվրասիդոկ»-ի արդյունքում մինչ այս արտադրվել է 60 ֆիլմ, որից 24-ն արդեն ունեն ամբողջական, ավարտուն կարգավիճակ։ Այս տարվա գլխավոր իրադարձություններից մեկն այն է, որ նախագծի շրջանակներում հայ ռեժիսորների համատեղ արտադրության «Կանանց գյուղը»  եւ «Վախենալու ոչինչ չկա» ֆիլմերն ընդգրկվել են Լայպցիգի վավերագրական ֆիլմերի միջազգային հեղինակավոր փառատոնի մրցութային ծրագրում։ 

Սկսենք «Եվրասիադոկ» նախագծի կարեւորությունից նախագիծն իրականացնում է համալիր գործառույթ՝ սցենարական դասընթացներից մինչեւ վերջնարդյունք՝ համատեղ ֆիլմարտադրության մեկնարկ։  

Այո, «Եվրասիադոկ»-ը, որպես այդպիսին, սաղմնային փուլից մինչեւ ֆիլմի ստեղծում հարթակն է ապահովում՝ ընդհուպ մինչեւ ցուցադրություններ։ Առանձնահատուկ կերպով կարեւորում եմ այն իմաստով, որ վավերագրական ֆիլմերի հետ կապված դաշտն այստեղ շատ թույլ պատկեր ունի, ռեալ ֆինանսական աջակցության հնարավորությունները շատ քիչ են, եւ առհասարակ չկան դասընթացներ, որոնք կնպաստեն հեղինակին միջազգային մասնագետի հետ աշխատելու ուղղությամբ։ 

«Եվրասիադոկը» այս բացերը լրացնելու պրոֆեսիոնալ հարթակ է, որի տրամաբանական շղթան կառուցված է գաղափարից-վերջնական փուլ-միջազգային ցուցադրություն կոնտեքստում։ 

Երբ նախագիծը Հայաստանում նոր էր գործարկվում, եւ մեկնարկում էր երկրորդ աշխատանքային տարին (2012), «Լուսաս» կազմակերպության հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր Ժան Մաղի Բաղբը ասում էր, որ հայ ռեժիսորների նախընտրած թեմաները նեղ են եւ հիմնականում վերաբերում են Ցեղասպանության եւ ինքնության հարցերին։ 

Վերջին տարիներին այս իմաստով զարգացումներ կա՞ն։ 

Կարծում եմ՝ փոփոխություններն ակնհայտ են, զարգացումներ կան։ Հիմա մերոնք սկսել են հասկանալ, որ մարդկային պատմություններն ու այսօրվա իրականությունն ավելի հետաքրքիր է։ 

Վերջին երկու-երեք տարիների հայկական նախագծերը բավականին ազդեցիկ են։ Անցյալ տարի 3 նախագծի փոխարեն 4-ը հաստատեցին, քանի որ նախագծերը շատ ուժեղ էին, ու դժվար էր ընտրություն կատարել։ 

Սոնա Սիմոնյանի ֆիլմն, օրինակ, Գյումրիում ապրող մարդկանց մասին է («Մեծ սպասելիքներ», 60ր, Հայաստան, Ֆրանսիա, Վրաստան), ովքեր կրում են երկրաշարժի հետեւանքները, բայց այսօրվա կյանքի ռիթմի մեջ են ներկայանումայս իմաստով ֆիլմն արդեն անցյալի պատմություն չէներկայացնում է այսօրը՝ եղած աղետի հետեւանքները զգուշորեն բացելով։ 

Մեկ այլ հետաքրքիր պատմություն է ներկայացնում Խնկանոսյան Սիլվանֆիլմը Արցախում աշխատող ականազերծող կանանց մասին է, ովքեր կրկնակի հակասության մեջ են՝ պատերազմը պատճառ է դարձել, որ իրենք աշխատանք ունենան, բայց միեւնույն ժամանակ այդ կանայք չեն դադարում երազել խաղաղության մասին։ Ֆիլմն այս տարի մասնակցում է Լայպցիգի վավերագրական միջազգգային հեղինակավոր փառատոնին՝ ընդգրկվելով մրցութային ծրագրում («Վախենալու ոչինչ չկա», 72ր, Ֆրանսիա, Հայաստան):

Առհասարակ այս տարին բացառիկ է այն իմաստով, որ հայ ռեժիսորների երկու ֆիլմերը միաժամանակ ընդգրկվել են Լայպցիգի փառատոնի մրցութային ծրագրում, ինչը եւ ոգեւորիչ է, եւ մեծ հաղթանակ ծրագրի համար մեկն, ինչպես արդեն նշեցի, Սիլվա Խնկանոսյանի «Վախենալու ոչինչ չկա» ֆիլմն է, մյուսը՝ Թամարա Ստեփանյանի «Կանանց գյուղը»։

Սեպտեմբերի 17-ից 28-ն  ընկած ժամանակահատվածում փաստորեն անցկացվում էր համատեղ արտադրության ֆորումին նախորդող սցենարական զարգացման թրեյնինգը, որը վարում էր Ֆրանսիայից ժամանած թրեյներ Սամուել Աուբինը։ Հետագայում թրեյնինգի արդյունքում մշակված 6 նախագծերից 3-ը հնարավորություն կունենան մասնակցելու ֆորումին։ Կխնդրեի մանրամասնել թրեյնինգների ընթացքը, աշխատարանների ձեւաչափերը։ 

Այս տարի ունեցել ենք 11 հայտատու, որոնց ներկայացրած փաթեթեների արդյունքում ընտրվել են 6-ը։ Ինչպես նախորդ տարիներին, դասընթացների օգնությամբ նախագծերի հեղինակները կարողանում են տիրապետել այն հմտություններին, որոնց միջոցով նախագծի փաթեթին եւ սցենարին վերջնական տեսք կարող են հաղորդել։ 

Դասընթացները բավականին ինտենսիվ են, թրեյներն աշխատում է ինչպես խմբային, այնպես էլ անհատական ձեւաչափերով։ Բացի նախագծի փաթեթի մշակումից եւ սցենարի վրա աշխատելուց հանձնարարվում են նկարահանման յուրահատուկ առաջադրանքներ, նախագծերի հեղինակները փորձում են հասկանալ՝ արդյոք միջազգային շուկայում իրենց ներկայացրածը հասկանալի է, իրագործելի է տեխնիկական եւ այլ իմաստներով։ 

Վերադառնալով վավերագրական կինոյի ներկայիս զարգացումներին։ 

Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը ծրագրային փոփոխություններ կատարեց՝ այդ թվում խաղարկային եւ վավերագրական կինոն ներկայացնելով մեկ անվանակարգոմ։ Երբ ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանին հարցրեցի փոփոխության պատճառը, ասաց, որ դրանով փորձում են ուշադրություն հրավիրել, քանի որ հակառակ դեպքում՝ մեկ առանձին ծրագրով ներկայացվող վավերագրական կինոն ստվերում է մնում։ 

Որպես պրոդյուսեր վավերագրական կինոյի զարգացման ի՞նչ հնարավորություններ ես առանձնացնում։ Որո՞նք են խնդիրները։ 

Վավերագրական կինո ստեղծելու պոտենցիալն իսկապես մեծ է, բայց, այո, այս կինոն թե իր սպեցիֆիկայի, թե իր ստեղծման համար հայթայթվող ֆինանսական միջոցների տեսանկյունից մեծ բարդությունների առաջ է կանգնած։ 

Հստակ է մի բան, որ յուրահատուկ պատմություններ շատ կան, կան նաեւ ռեժիսորներ, ովքեր «պատմում» են այդ պատմությունները շատ հետեւաքրքիր լեզվով եւ կերպով։ Վավերագրական կինոն ցավալիորեն անտեսված է, աշխատանք այս ուղղությամբ շատ ունենք տանելու, որովհետեւ ափսոս է այն պոտենցիալը, որը կարող է միջազգային հարթակում երեւալ, բայց ինչ-ինչ պատճառներով չի հասնում վերջնական կետին։ 

Միջազգային շուկան այս իմաստով ունի իր կանոնները եւ իր պահանջները։ Իհարկե վավերագրական կինոն խաղարկայինի հետ մրցակցության մեջ մտնել չի կարող, սակայն հատուկ քաղաքականության միջոցով կարելի է ստեղծել վավերագրական կինո, որը մրցակցային եւ սպասված է միջազգային շուկայում։ 

Այս իմաստով ստացվում է, որ «Եվրասիադոկը» վավերագրական կինոյի զարգացման այստեղ իրականացվող գրեթե միակ հնարավորությունն է, որը կարող է տեղական արտադրանքը հասցնել միջազգային շուկա։ 

Վավերագրական կինոնախագծերը ֆինանսավորվում են նաեւ Ազգային կինոկենտրոնի եւ «Հայկ» փաստավավերագրական ստուդիայի կողմից, բայց գործընթացը շատ խրթին է ու դեռ ոչ բավարար։ Անհրաժեշտ է ստեղծել մասնագիտական գործիքներով հագեցած հարթակներ, որոնք հնարավորություն կտան նախագծերը կյանքի կոչել՝ համեմատելով միջազգային փորձի եւ հարուստ բովանդակության հետ։ 

Այս իմաստով, ինչպես արդեն նշեցի, «Եվրասիադոկ»-ի գործունեությունը Հայաստանում անփոխարինելի է։ Ուրախ եմ, որ տեղական դասընթացին աջակցել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։ Սակայն ունենք ֆինանսական բացեր, որոնք կապված են համատեղ արտադրության սկզբնավորման եւ ընթացքի հետ։ Այս իմաստով արդեն դիմել ենք մի քանի կազմակերպությունների, որոնց հետ վարում ենք բանակցություններ։ 

Նոյեմբերին կանցկացվի համատեղ արտադրության ֆորումը։ Ֆորումի ընթացքը կմանրամասնե՞ս։ Ակնկալվու՞մ է, որ մեր մասնակիցներից որեւէ մեկի նախագիծը կանցնի արտադրական փուլ։ 

Ֆորումին մասնակցելու են շուրջ 20 հյուրեր եւ գնորդներ Եվրոպայից։ 2 օրվա ընթացքում դասընթացների արդյունքում ընտրված հեղինակները ներկայացնելու են իրենց նախագծերը (փիչինգի ընթացք), որի արդյունքում էլ գնորդները, պրոդյուսերները, փառատոնների ներկայացուցիչները ընտրելու են նախագծեր՝ համատեղ արտադրության համար։ 

Ֆորումի երրորդ օրվա ընթացքում նախատեսված են անհատական հանդիպումներ մասնակիցների հետ։ Ըստ նախնական պլանավորման բոլոր հյուրերը պետք է ընտրեն մեկ նախագիծ հետագայում դրա զարգացման վրա աշխատելու համար։ 

Ստացվում է 16 նախագիծ եւ ավելի կարող են զարգացման փուլ մտնել։ Ըստ նախորդ երկու տարիների փորձի՝ կարող եմ ասել, որ հայկական նախագծերը միշտ կռվախնձոր են դառնումմեծ հետաքրքրություն են առաջացնում, եւ, որպես կանոն, գտնում են լավ գործընկերներ։

Ֆորումը Երեւանում անցկացնելը շատ եմ կարեւորում, քանի որ հնարավորություն է տալիս նաեւ դաշտի ներկայացուցիչներին ակտիվանալ եւ կապեր հաստատել, բայց, ցավոք, սա երեւի վերջին տարին կլինի, քանի որ ֆինանսավորման լուրջ խնդիր կա։

 

Հետգրություն։ «Եվրասիադոկ» 2019-ի ծրագրի իրականացումը հնարավոր է եղել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ֆինանսավորման, «ԴոկՄոնդ» ֆրանսիական կազմակերպության եւ Լիոն քաղաքի մասնակի ֆինանսավորման, Հայաստանում Եվրոպական միության գրասենյակի եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մասնակի ֆինանսավորման արդյունքում, ինչպես նաեւ Հայաստանի անկախ կինոգործիչների համայնքի (ԻՖԿԱ), Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) եւ Կինեմատոգրաֆիստների միության աջակցության (ոչ ֆինանսական) շնորհիվ։ 

Գլխավոր լուսանկարում՝ Սիլվա Խնկանոսյանի «Վախենալու ոչինչ չկա» եւ Թամարա Ստեփանյանի «Կանանց գյուղը» վավերագրական ֆիլմերի ազդագրերը։ Մյուս լուսանկարում՝ «Եվրասիադոկ» սցենարական դասընթացի 2019-ի մասնակիցները (ձախից) եւ նախագծի հայաստանյան ներկայացուցիչ՝ Արեւիկ Ավանեսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter