
Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել ՀԴՄ-ների գնման պայմանագրերը տրամադրելու որոշման դեմ ՊԵԿ-ի բողոքը
Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ)՝ Վարչական դատարանի կայացրած վճռի դեմ բողոքը, որի քննությունը նշանակվել է 2020 թվականի հունիսի 20-ին՝ 8 ամիս հետո։
Նշենք, որ օգոստոսի 6-ին Վարչական դատարանը որոշեց «Հետաքննող լրագրողներ»-ի հայցը բավարարել մասնակի։ Մասնավորապես՝ դատարանը ՊԵԿ-ին պարտավորեցրեց տրամադրել չինական «Պաքս Թեքնոլոջի» և թայվանական «Միտաք Ինֆորմեյշն Թեքնոլոջի» ընկերությունների հետ կնքված բոլոր պայմանագրերի պատճենները՝ փակելով այն տեղեկությունները, որոնք, ըստ Կառավարության որոշման, համարվում են գաղտնի։ Բացի այդ, ՊԵԿ-ը պարտավոր է պարզաբանել՝ արդյոք այս ընկերությունների հետ կապ է հաստատել հայաստանյա՞ն ներկայացուցիչների միջոցով: Եթե այո, ապա ովքեր են նրանք։
Պետական եկամուտների կոմիտեն Վերաքննիչ դատարան ներկայացրեց բողոք՝ նշելով, որ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի վերլուծել այս գործի քննության ընթացքում ձեռք բերված ապացույցները։
«Այն, որ այդ որոշումներում (նկատի ունի Կառավարության որոշումները-հեղ․) ըստ դատարանի առկա չէ որևէ կետ, որով կսահմանվեր ՀԴՄ-ների գնման գործընթացը գաղտնի ընթացակարգով իրականացնելու իրավակարգավորում, փաստում է դատարանի կողմից ներկայացված ապացույցի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտված չլինելու մասին։ Հակառակ դեպքում դատարանը չէր հանգի վերոնշյալ ներքին համոզմունքի, ինչն էլ չէր հանգեցնի դատական սխալի»,- վերաքննիչ բողոքում նշել է ՊԵԿ-ը։
Պետական եկամուտների կոմիտեն հայտնել է նաև, որ եթե գաղտնի որոշման որևէ կետով իրականացվող գործընթացը չի առանձնացվում որպես գաղտնի, ապա այդ գաղտնի որոշմամբ կարգավորվող գործընթացի բոլոր ընթացակարգերն են համարվում գաղտնի։
Ըստ ՊԵԿ-ի՝ թեև դատարանը պարզաբանել է, որ ՀԴՄ-ների գնման մասին Կառավարության որոշման վրա դրված է «գաղտնի» գրառումը, այն, միևնույն է, պետք է ունենար նաև առանձին տող՝ սահմանելով գործընթացը գաղտնի ընթացակարգով իրականացնելու իրավակարգավորում։
ՊԵԿ-ը համարում է, որ դատարանի վերլուծությունները հիմնավոր չեն, իսկ նման պայմաններում հայցվող տեղեկությունը ենթակա չէ տրամադրման։
Մեկնաբանել