HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է կիրառելու

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ԱՄՆ-ը հայտարարել է Թուրքիայի դեմ պատժամիջոց կիրառելու մասին հյուսիսային Սիրիայում օրեր առաջ սկսված #OperationPeaceSpring-ի (Խաղաղության ակունք օպերացիա) համար։

Պատժամիջոցների թիրախում են Թուրքիայի պաշտպանության, ներքին գործերի և էներգետիկայի նախարարները, պատժամիջոցներ կիրառվելու են նաև պաշտպանության և էներգետիկայի նախարարությունների հանդեպ։

Սառեցվելու են ԱՄՆ-ում նրանց ակտիվները և արգելվելու է նրանց հետ ցանկացած գործարք ամերիկյան ֆինանսական համակարգերի միջոցով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Թրամփը Էրդողանից պահանջել է քրդերի հետ անհապաղ զինադադար կնքել։ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը իր հերթին հայտարարել է, որ որքան հնարավոր է շուտ այցելելու է տարածաշրջան։

Քրդական միավորումները (Սիրիական Դեմոկրատական ուժեր) տարիներ շարունակ եղել են ԱՄՆ-ի դաշնակիցները Սիրիայում։ Քրդական և ամերիկյան զորքերը համագործակցելով` մեծ մասամբ ոչնչացրել և վնասազերծել են Իսլամական Պետության ահաբեկչական կազմակերպության գործունեությունն ու անդամներին։

Անցած շաբաթ ԱՄՆ-ն դուրս էր բերել իր զորքերը հյուսիսային Սիրիայից, ինչն էլ առիթ էր հանդիսացել Թուրքիայի ռազմական օպերացիայի համար։ ԱՄՆ-ի այս քայլը լայնորեն քննադատվեց, քրդերը այս քայլը համարեցին ևս մեկ դավաճանություն։

Թրամփն իր թվիթերյան էջում գրել էր, որ «Միացյալ Նահանգները և մեր գործընկերները ազատագրել են ԻՊ-ի անգութ խալիֆայության տարածքի 100 տոկոսը, Թուրքիան չպետք է վտանգի տակ դնի այդ հաջողությունները»:

Թուրքիան նույնպես արժանացավ քննադատության։ Ավելի վաղ նախագահ Էրդողանը սպառնացել էր Թուրքիայի դռները բացել և ԵՄ ուղարկել 2 մլն փախստականներ, եթե ԵՄ-ն շարունակի քննադատել Թուրքիայի գործողությունները և դրանք համարի ինտերվենցիա։

Երեկ ԵՄ-ն հայտարարեց, որ դադարեցնելու է զենքի վաճառքը Թուրքիային, ինչին ի պատասխան` Թուրքիան հայտարարել էր, որ կվերանայի իր հարաբերությունները ԵՄ-ի հետ «ապօրինի և կողմնակալ» մոտեցման պատճառով։

Հիշեցնենք, որ Թուրքիան չի ճանաչում Ռոժավայում գործող ինքնավար քրդական ուժերին և դրանք համարում է ահաբեկչական խմբավորումներ։

Թուրքիան պլանավորում է օպերացիայի արդյունքում 20 կմ լայնություն ունեցող բուֆերային տարածք Թուրքիայից տեղափոխել ավելի քան 2 միլիոն սիրիացի փախստականներին, որոնք այս պահին գտնվում են Թուրքիայում։

Գլխավոր լուսանկարը՝ Delil Souleiman AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter