
Ներմուծումը դանդաղ է աճում. ոգևորվե՞լ, թե՞ ոչ
Այս տարի Հայաստանի ներմուծումն ավելի դանդաղ տեմպերով է աճում, քան արտահանումը։ Ինչպես գրել ենք մեր նախորդ հոդվածում, արտահանումն աճել է սննդի, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ու մետաղների, սարքերի ու մի քանի այլ ապրանքների հաշվին։ Սակայն, դրան զուգահեռ նվազել է, օրինակ՝ մանածագործական իրերի արտահանումը։
Միտումները տարբեր են նաև ներմուծման ոլորտում։ Տրանսպորտային միջոցների, քիմիական արտադրանքի, բուսական ծագման արտադրանքի և տարբեր արդյունաբերական իրերի ներմուծման աճին զուգահեռ էապես նվազել է մեքենաների, սարքավորումների ու մեխանիզմների ներմուծումը, որոնք համարվում են ներդրումային բնույթի ապրանքներ։
Ներմուծումը կրճատվել է այս տարվա առաջին երկու ամիսներին, որից հետո երկու ամիս աճ է գրանցվել։ Մայիսին այն դարձյալ նվազել է, և երկու ամսվա աճից հետո դինամիկան կրկին բացասական է։
Ըստ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ)` այս տարվա առաջին ութ ամիսներին (հունվար-օգոստոս), Հայաստանի ներմուծումը կազմել է մոտ 3.2 մլրդ ԱՄՆ դոլար։ 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 0.7 %-ով։
Այս տարվա առաջին ութ ամիսներին Հայաստանը կրճատել է ոչ միայն մեքենաների, սարքավորումների ու մեխանիզմների, այլև՝ մանածագործական իրերի, տարբեր արդյունաբերական ապրանքների, ոչ թանկարժեք մետաղների, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ու մի շարք այլ ապրանքների ներմուծումը։ Փոխարենն աճել է փայտյա և պլաստմասսե իրերի, կոշիկների, կենդանիների, հանքահումքի և մի շարք այլ ապրանքների ներմուծումը։ Ընդհանուր առմամբ, ներմուծման կազմում ամենամեծ տեսակարար կշիռն ունեն «մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ» (2019թ. հունվար-օգոստոսին Հայաստանի ներմուծման մոտ 16 %-ը) ու «հանքահումքային արտադրանք» (15 %) ապրանքախմբերը։ Զգալի է նաև տրանսպորտային միջոցների ներմուծումը (11 %-ը)։
Մասնավորապես, այս տարվա հունվար-օգոստոսին ներմուծվել են 509.5 մլն դոլարի մեքենաներ, սարքավորումներ ու մեխանիզմներ։ Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ այս ապրանքախբի ներմուծման ծավալները զգալի նվազել են՝ 13.6 %-ով կամ 80.5 մլն դոլարով։ Ներմուծման կազմում բացարձակ թվով ամենամեծ անկումը գրանցվել է հենց այս ապրանքախմբի մասով։ Ըստ Վիճկոմիտեի պարզաբանման՝ այս ապրանքախմբի մեջ են ներառվում ամենատարբեր կենցաղային ապրանքներ՝ սկսած ջեռուցման կաթսաներից մինչև սառնարաններ, հեռուստացույց, փոշեկուլ, ինչպես նաև՝ բջջային հեռախոսներ, մետաղամշակման մեքենաներ, հաստոցներ և այլն։ Այսինքն՝ սրանք ապրանքներ են, որոնք օգտագործվում են ոչ միայն կենցաղում, այլև՝ արդյունաբերության մեջ և այլ բնագավառներում, որի համար կոչվում են ներդրումային բնույթի ապրանքներ կամ կապիտալ ապրանքներ։
Ներմուծման աճի տեմպերի դանդաղումը կարելի է մի կողմից դիտարկել որպես դրական երևույթ մեր տնտեսության համար, որը արտահանման աճին զուգահեռ, կարող է նվազեցնել երկրի բացասական հաշվեկշիռը, մյուս կողմից էլ՝ այն կարող է խոսել մեր երկրում գնողունակության ու սպառման մակարդակի անկման մասին։ Այս առումով մեքենաների, սարքավորումների ու մեխանիզմների ներմուծման կրճատումը մտահոգիչ է։ Այս ապրանքախումբը նախորդ տարի ամենամեծ նպաստումն է ունեցել ներմուծման աճին։
«2018թ. դոլարային արտահայտությամբ ներմուծման աճին (21.4%) ամենամեծ նպաստումն է ունեցել ներդրումային բնույթ ունեցող՝ «Մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ» ապրանքախումբը (7.5 տոկոսային կետ), որի կշռի ավելացումը ներմուծման մեջ շարունակվում է՝ հասնելով 18.8 %-ի»,- այս մասին նշված է ՀՀ 2020թ. բյուջեի նախագծին կից Կառավարության ուղերձում։ Իսկ այս տարի, փաստորեն, «ներդրումային բնույթ ունեցող ապրանքախմբի» ներմուծումը նվազել է։ Սա նշանակում է, որ այս ապրանքների պահանջարկը ընկել է։ Դա մտահագիչ չէր լինի, եթե տեղում զարգացած լիներ նման ապրանքների արտադրությունը։
Իսկ ներկրվող հանքահումքի ծավալներն այս տարվա հունվար-օգոստոսին կազմել են մոտ 479 մլն դոլար՝ աճելով 3.4 %-ով կամ մոտ 16 մլն դոլարով։
Վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների ներմուծումը կազմել է 352.5 մլն դոլար՝ աճելով 43.7 %-ով կամ 107 մլն դոլար, որը ներմուծման կազմում ամենամեծ աճն է։ Սա էական աճ է, որը պայմանավորված է մարդատար ավտոմեքենաների ներկրման աննախադեպ աճով։ Իսկ այդ աճը ժամանակավոր բնույթ է կրելու, քանի որ եկող տարվանից, ինչպես սպասվում է, մեքենաների ներմուծումը կտրուկ կնվազի մաքսատուրքերի նույնքան կտրուկ աճի ֆոնին։
Ներմուծման նվազմամբ կամ դրա աճի տեմպերի դանդաղմամբ կարելի է ոգևորվել միայն այն ժամանակ, երբ ներմուծվող ապրանքներին փոխարինելու եկած լինեին տեղական արտադրության նույնանուն ապրանքները, ինչն այդպես չէ։ Այնուամենայնիվ, Կառավարությունը կանխատեսում է, որ մինչև այս տարեվերջ ներմուծման աճն արագանալու է։
«Հաշվի առնելով ընթացիկ զարգացումները ակնկալվում է, որ մինչև տարեվերջ դոլարային արտահայտությամբ ապրանքների ներմուծման աճը կարագանա և 2019 թվականի արդյունքներով կկազմի շուրջ 5 %: 2020 թվականին ներմուծման աճը կկազմի շուրջ 6 %՝ զիջելով արտահանման աճին»,- նշված է բյուջեի ուղերձում:
Ներմուծման առաջատար 10 շուկաները
Հայաստանն արտաքին աշխարհի հետ առևտուր է անում բացասական հաշվեկշռով. հունվար-օգոստոսին ներմուծումն արտահանմանը գերազանցել է 1.523 մլրդ դոլարով։ Նկատելի է, որ այս տարվա առաջին կիսամյակից հետո արտահանումն ավելի արագ տեմպերով է աճում, քան ներմուծումը։ Հիշեցնենք՝ հունվար-օգոստոսին արտահանումն աճել է 4.6 %-ով։
Այս տարի նվազել է ներմուծումը Եվրամիության երկրներից (-11.4 %), իսկ այլ երկրներից, այդ թվում՝ ԵԱՏՄ (+7.1), աճել է։ ԵԱՏՄ-ի հետ առևտուր ասելով՝ պետք է հասկանալ հիմնականում Ռուսաստանի հետ առևտուրը։
Ինչպես Հայաստանի արտահանման, այնպես էլ ներմուծման կազմում ամենամեծ տեսակարար կշիռն ունի Ռուսաստանը։ Այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստան ներմուծված ապրանքների 27 %-ը ռուսական ծագման են։ Ութ ամսում Հայաստանը Ռուսաստանից ներմուծել է 854 մլն դոլարի ապրանք՝ 6.5 %-ով ավելին, քան 2018 թվականի հունվար-օգոստոսին։
Մյուս երկու երկրները, որոնք առավել մեծ տեսակարար կշիռ ունեն Հայաստանի ներմուծման կազմում, Չինաստանն ու Իրանն են։ Ներմուծման 14.4 %-ը բաժին է ընկել Չինաստանին և 6 %-ը՝ Իրանին։ Հաջորդում են Գերմանիան ու Թուրքիան։
ԵԱՏՄ երկրներից Հայաստանը միայն Ռուսաստանի հետ է ակտիվ առևտուր անում, համեմատաբար տեսանելի ծավալներ ունի նաև Բելառուսի հետ առևտուրը։ Իսկ Ղազախստանի ու Ղրղզստանի հետ առևտրաշրջանառությունը ցածր մակարդակում է։ Բելառուսից Հայաստանն այս տարվա հունվար-օգոստոսին ներմուծել է 31.5 մլն դոլարի ապրանք՝ 28.4 %-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ամիսներին։ Միևնույն ժամանակ Բելառուս է արտահանվել 8.6 մլն դոլարի հայկական ապրանք, աճը՝ 13.9 %:
Վերադառնալով ներմուծման առաջատար շուկաներին՝ նշենք, որ առաջին տասնյակում են նաև Իտալիան, ԱՄՆ-ն, Ճապոնիան, Ուկրաինան ու Ֆրանսիան։ Այս տարի կրճատվել է միայն Ուկրաինայից ու Ֆրանսիայից ներմուծումը։ Ցուցանիշներն առավել մանրամասն ներկայացված են ինֆոգրաֆիկայում։
Մեկնաբանել