HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Երթևեկության կանոնների խախտման մասին բջջային հավելվածով հաղորդում տալու նախագծում սահմանափակումներ կլինեն

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արմեն Փամբուխչյանի հեղինակած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի նախագծում երկրորդ ընթերցմամբ փոփոխություն կատարելու հարցը։ Հիշեցնենք, որ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է, և լրամշակվել։

Նախագծի էությունն այն է, որ քաղաքացին, տեսնելով ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտում, կարող է այն տեսանկարահանել և հատուկ հավելվածի միջոցով ուղարկել ճանապարհային ոստիկանություն, ինչի արդյունքում ՃՈ-ն խախտում արձանագրելու դեպքում վարչական պատասխանատվության է ենթարկում խախտողին:

Գաբրիելյանի խոսքով՝ Կառավարությունը սահմանելու է հավելվածում գրանցված անձանց նույն անձի կողմից նույն տրասնպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն չափը։ Նախագծի համահեղինակի համոզմամբ՝ դա հնարավորություն կընձեռի, որ համակարգն ավելի ճկուն գործի։

«Առաջարկ կա նաև, որ Կառավարության կողմից հաստատած կարգը խախտելու դեպքում վարչական մարմինը կարող է սահամանափակել հաղորդում ուղարկելու իրավունքը՝ միգուցե հավելվածը տարբեր բաների համար օգտագործեն, օրինակ հումորի համար սելֆիներ ուղարկեն, դրա համար սահմանում ենք, որ կարգը խախտելու դեպքում կարող է սահմանափակվել իր իրավունքը»,- ասաց Գաբրիելյանը։

Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նկատեց՝ օրենքը դեռ վերջնական չի ընդունվել, սակայն կարծես արդեն գործում է։ Պատգամավորը պատմեց, որ ԱԺ աշխատակազմից իրեն են ուղարկել իր ծառայողական մեքենայի ենթադրյալ խախտման մասին լուսանկար, որը քաղաքացի է ուղարկել։ Քոչարյանն ուրախությամբ նշեց՝ սա ցուցիչ է, որ քաղաքացիներն արդյունավետ կաշխատեն ոստիկանության հետ, իսկ իր ծառայողական մեքենան խախտում չէր արել։

Ըստ նախագծի՝ հավելվածում գրանցված անձանց կողմից տեխնիկական միջոցներով ամրագրված իրավախախտումներով վարչական մարմինը վարչական վարույթ իրականացնում է, եթե.

1) Իրավախախտումն ամրագրվել է բջջային հավելվածի օգտագործմամբ, որը հնարավորություն է տալիս նույնականացնել իրավախախտումն ամրագրած ֆիզիկական անձին, իրավախախտման գործիք հանդիսացող տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը, ինչպես նաեւ պարզել իրավախախտումն ամրագրելու վայրն ու ժամանակը։

2) Իրավախախտում ամրագրած տեսանյութը վարչական մարմնին ուղարկվել է համացանցային ուղիղ առցանց ռեժիմով այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային հարթակին՝ որպես իրավախախտման մասին էլեկտրոնային հաղորդում:

Բջջային հավելվածի տեխնիկական բնութագիրը (նկարագրությունը, ինտերֆեյսը) և դրանից օգտվելու կարգը սահմանում է Կառավարությունը:

Վարչական մարմինը պարտավոր է բջջային հավելվածը հասանելի դարձնել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող եւ հանրային ծառայության համարանիշ ունեցող կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք ունեցող ֆիզիկական անձանց համար:

Նախագծում նշվում է նաև, որ վարչական մարմինը պարտավոր է վարչական վարույթի արդյունքների մասին տեղեկացնել իրավախախտման մասին էլեկտրոնային հաղորդում ներկայացրած ֆիզիկական անձին վարչական ակտ ընդունելու համար օրենքով նախատեսված ժամկետները լրանալուց հետո մեկօրյա ժամկետում՝ ֆիզիկական անձին բջջային հավելվածի միջոցով էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելով:

Նախագիծն արժանացավ հանձնաժողովի հավանությանը։ ԱԺ խորհրդի հավանությունը ստանալուց հետո այն կընդգրկվի լիագումար նիստերի օրակարգ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter