
Դատարանը մերժեց «Ջերմուկցիներն ընդդեմ Էրիկ Գրիգորյանի» գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ «Լիդիան Արմենիայի» միջնորդությունը
«Ջերմուկցիներն ընդդեմ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի գործը պատրաստ է դատաքննության: Վարչական դատարանում, նախագահությամբ դատավոր Արծրուն Միրզոյանի, այսօր տեղի ունեցավ հայցի քննության վերաբերյալ նախնական դատական նիստ, որից հետո դատավորը գործը դատաքննություն նշանակելու որոշում կայացրեց:
Մինչ դատաքննություն անցնելը գործում որպես երրորդ կողմ ներգրավված «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Սայադ Բադալյանը դատարանին միջնորդեց գործի վարույթը կասեցնել մինչև «Ամուլսարի» քրեական գործով որոշում կայացնելը:
Ըստ Սայադ Բադալյանի՝ վարչական դատարան ներկայացված հայցի հիմքերի մի մասը հիմնված է «Ամուլսարի գործի» շրջանակներում ստացված փորձագիտական եզրակացության վրա, որը դեռևս պետք է գնահատական ստանա նշված քրեական գործի շրջանակներում՝ քրեական գործով ձեռք բերված մյուս ապացույցների համադրության արդյունքում: Ըստ Բադայանի՝ հայցը քննող վարչական դատարանը չի տիրապետում քրեական գործի ամբողջ նյութերին, և նման պայմաններում վարչական գործի վարույթը ենթակա է կասեցման:
Միջնորդության դեմ հայցվորների ներկայացուցիչ Նազելի Վարդանյանն առարկեց. վերջինս նշեց, որ նախկինում նույնաբովանդակ միջնորդություն արդեն իսկ ներկայացված է եղել, որը դատարանը մերժել է: Նշենք, որ 2019-ի փետրվարին տեղի ունեցած դատական նիստի ընթացում գործի վարույթը կասեցնելու միջնորդություն ներկայացվել է Բնապահպանության նախարարության ներկայացուցչի կողմից:
Այս անգամ ևս դատարանը մերժեց միջնորդությունը:
Նախորդ դատական նիստի ավարտին հայցվոր կողմը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ խնդրելով արգելել «Լիդիան Արմենիային» որևէ գործողություն իրականացնել Ամուլսարում: Այս միջնորդությունը ևս մերժել է:
Գործով դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 24-ին:
Լուսանկարում՝ դատավոր Արծրուն Միրզոյանը
Մեկնաբանել