HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բալկոնում Բյուրակն Իշխանյանն է

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելու․ նա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում  հոգեբույժ, նյարդահոգելեզվաբան, արձակագիր Բյուրակն Իշխանյանն է։

Բյուրակն Իշխանյանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Բյուրակն Իշխանյանը մասնագիտությամբ ժամանակին հոգեբույժ, հիմա նյարդահոգելեզվաբան, գիտահետազոտող է, ով ազատ ժամանակ նաեւ գրում է ու շատ այլ բաներ անում։

Ապրել է շատ երկրներում, հիմա՝ Դանիայում․ Հայաստան հետ չի գալու։ Եվ ինքը թերեւս շատ հետաքրքրություններ ունի, ինչի արդյունքում շատ բաներից լավ է, բայց ոչ մի բանից շատ լավ չէ։ Այսքանը։

1.jpg (153 KB)

«Երրորդ տարածությունում» խոսելը բարդ ստացվեց, այնինչ համոզված եմ, որ ուրիշի նկարագիրը, որպես հոգեբույժ, նյարդալեզվաբան հեշտությամբ կտրվեր։

Այդպես է, բայց գաղտնիք ասեմ՝ իմ պատմվածքների մեծ մասը գրում եմ առաջին դեմքով, այդ հետո է, որ աշխատելու ընթացքում փոխում եմ երրորդ դեմքի․ այդպես հեշտ է կերպարի մեջ մտնել՝ անկախ այն բանից, որ պատմությունների մեծ մասը հորինված է։

«Հայաստանում չեմ ապրելու» հաստատակամ նախադասությունը առաջին անգամ չես ասումդու այս մասին գրել ես անգամ ինքնակենսագրությանդ մեջ («Ինքնագիր»)։

2013-ին, երբ Եվրոպայում վերջացրեցի մագիստրատուրան, տարված էի հայրենասիրական հովերով․ որոշել էի, որ վերադառնում եմ՝ իմ ոլորտում բարեփոխումներ անելու նպատակով։ Այդ նույն ընթացքում իմ ընկերները որոշում էին կայացնում շարունակել մասնագիտացումը, կոչումներ ստանալ, կարիերա անել ի վերջո։

Եկա․․․ Ու սառը ջուրը միանգամից լցվեց գլխիս, այստեղից այնտեղ գնացի, ներկայացա, խոսեցի, հասկացա, որ ոչ մեկին չեն հետաքրքրում իմ նպատակները, կրթությունը, դիպլոմները։ Այդ ընթացքը բավականին ծանր էր․ երկու ամիս գործազուրկ մնալուց հետո աշխատանքի ընդունվեցի Նուբարաշենի հոգեբուժարանում, որտեղ կարճ մնացի, քանի որ արդեն որոշել էի Հայաստանից գնալու մասին։

Մի խոսքով բոլոր հնարավորություններն ու «փորձությունները» հաստատեցին, որ Հայաստանում մասնագետին ընդունելու ձեւն անգամ կանոնակարգված չէ։ 

Այդ ընթացքի վերաբերյալ մի քանի հարցազրույց ունեսմեծ հիասթափության եւ մասնագիտական ոլորտի բացերի մասին խոսել ես դեռ այն ժամանակ, նշել, որ գիտությանը պատշաճ կերպով մոտեցում չկա։ Վերջնական որոշմանը դրդող հիմնական անլուծելի խնդիրը ո՞րն էր։

Հիմնական խնդիրը ոլորտի ղեկավարներն էին․ այստեղ շատ երիտասարդներ կան, ովքեր ուզում են եւ կարող են լավ բան անել, բայց ի վերջո, բախվելով պատերի, թողնում, գնում եմ։

Երբ որոշված է, որ հիվանդությունների պատմությունները ձեռագիր պիտի գրվեն, որովհետեւ համապատասխան կառույցները չեն ապահովում տարրական համակարգչի առկայությունը, ինչքան էլ պնդում ես, որ տեխնիկապես ավելի հեշտ միջոցներով կարելի  դա անել, մեկ է, խոսքդ չի անցնում։

Սա շատ փոքր խնդիր է, բայց հարաբերության ձեւ է բացում։ Այդպես հնարավորինս բարդացվում է գիտական մարդու կյանքը, տեխնիկական խնդիրները, որ պայմանավորված են ղեկավարի անհիմն կամայականությամբ, համակարգի բացթողումներով, չեն թողնում, որ զուգահեռ գիտական աշխատանք տանես։

Հիշում եմ՝ մասնագիտական թեզիս ժամանակ ոլորտի մասնագետներն անգամ ուշադրություն չէին դարձնում դիմումներիս․ միակ մարդը, որ այդ հարցում օգտակար եղավ, Մանկավարժական ինստիտուտի Լոգոպեդիայի եւ վերականգնողական թերապիայի ամբիոնի վարիչն էր։ Հիմնական հարցերը նորից լուծվեցին ծանոթների ու ընկերների միջոցով։

2.jpg (141 KB)

Հիմա Օրհուսի համալսարանում գիտական աշխատանքո՞վ ես զբաղված։

Իմ թեման նեյրոլեզվաբանությունն է, եւ ահագին աշխատանք եմ տանում ուրիշ լեզուների՝ դանիերենի, նորվեգերենի, իսպաներենի, բայց ոչ մայրենիի հետ․ շատ եմ ուզում հայերենի հետ աշխատել, հետազոտություն անել, բայց խնդիր է, որովհետեւ հայերենի ուսումնասիրության համար նախատեսված դրամաշնորհներ չկան, Հայաստանում էլ այս ուղղությամբ գումար հայթայթելը աբսուրդի ժանրից է։

Մի պատմվածք ունես «Քաղաքը սիրուն է, երբ այնտեղ չես» վերնագրով, որն սկսվում է «Իմ հայրենիք» վերնագրով շարադրության խնդրականացման դրվագով եւ ավարտվում «Իմ քայլը» ստեղծագործական շարադրության համեմատական փոփոխությամբ։ Այն, ինչ տեղի ունեցավ անցյալ տարի, կասկածի տա՞կ է դրված։

Այսպես կձեւակերպեմ․ այն, ինչ տեղի ունեցավ անցյալ տարի, պետք էր, որովհետեւ բոլորս էինք ուզում Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Անձամբ ես հենց իր իշխանության օրոք եմ Հայաստանից հեռացել եւ հույս ունեի՝ երբ ինքը չլինի, մի բան փոխվելու է․․․ Բայց այն, ինչ հիմա է կատարվում քաղաքական դաշտում, հաստատ այն չէ, ինչ կուզեի եւ դեռ անցյալ տարի մտավախություն ունեի, որ ընթացքը հենց այսպես էլ լինելու է։

Ի՞նչ է կատարվում քաղաքական դաշտում։

Մեկ օրինակով էլ կարող եմ ասել․ համահարթ հարկման այդ գաղափարը․․․ Աշխարհում չկա պետություն, որտեղ համահարթ հարկում եւ հավասարություն լինի։ Համահարթ հարկումից շահելու են առավել բարձր աշխատավարձ ստացողները, իսկ ցածր աշխատավարձ ստացողների համար ոչ մի փոփոխություն չի լինելու, սոցիալական անհավասարությունն էլ մեծանալու է։

Ես ինքս ձախ հայացքներ ունեմ, բայց հաշվի եմ նստում այն մտքի հետ, որ անգամ Ամերիկայի ամենակոնսերվատիվ հանրապետականների մտքով չի անցնի նման հայտարարություն անելը։ Հայաստանում համահարթ հարկումը վատ հետեւանքներ է ունենալու, խաչ է քաշվելու սոցիալական արդարության վրա․․․ Էլ չեմ ասում Նիկոլ Փաշինյանի հռետորիկայի մասին․ այն, որ «աղքաությունը մեր ուղեղներում» է, արդեն իսկ վախեցնող է, որովհետեւ ակնհայտ է՝ նեոլիբերալ գիծն է առաջ գնալու՝ ըստ որի աղքատին փորձում են հավատացնել, որ ինքն է մեղավոր իր աղքատության համար։

Անցյալ տարվա հրապարակային տեքստն ու այսօրվա գործողությունները տրամաբանական նույն գծի վրա՞ են, թե՞ խզում կա։

Հեղափոխության ժամանակ ոչ մի կոնկրետ բան չէր էլ ասվում․ ինչն էլ հնչում էր հրապարակում, շատ պարզունակ ու շատ ընդհանուր էր։ Այդ ամենը ես շատ լավ տեսնում էի, եւ ուրիշներն էլ էին շատ լավ տեսնում, լռում էի/էինք, որովետեւ մտածում էինք, որ նախ Սերժ Սարգսյանից ազատվելու ժամանակն է։

Հետաքրքիրն այն է, որ «Քաղաքացիական պայմանագիրն» արդեն 2017-ի իր նախընտրական ծրագրում կոնկրետացումներ ուներ, ինչպես համահարթ հարկման մասին ընդգծումն էր, ու, եթե ես կարդացած լինեի այդ ծրագիրը նախապես, գուցե առհասարակ հեղափոխությանը չաջակցեցի, մտածեի, որ անկախ ամեն ինչից,  ՀՀԿ-ի օրոք գոնե թե հարկումը պրոգրեսիվ էր։

Հեղափոխության այդ ընդհանուր, պարզունակ տեքստն իհարկե ուներ իր պատճառը․ խնդիր կար հնարավորինս շատ մարդ համախմբելու, բայց հետո, երբ նայում ես համաշխարհային պատմությունը, տեսնում ես, որ մյուս պոպուլիստ առաջնորդներն էլ ճիշտ նույն բանն են արել․ այդպես է վարվել Էրդողանը, Թրամպը, Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն․ նրանք նույն պրիմիտիվ, ընդհանրական լեզուն են գործածել։

Կառավարման մակարդակում լեզուն շարունակու՞մ է մնալ  պարզունակ եւ ընդհանուր։

«Հայաստանան իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» պաստառները այդ պարզունակության շարքից են։ Օնլայն տիրույթում էլ այդ նույն գծի վրա են պրոպագանդիստական գրառումները, որոնք պրիմիտիվ կերպով նշումներ են կատարում, թե անցյալ տարվա համեմատ այսքան աճ ենք գրանցել, այն ենք արել, այս ենք արել։ Եվ ըստ երեւույթին, լեզուն շարունակում է բացահայտել, որ ընդհանրական այդ ուղղությունը շարունակում են պահպանվել, խոսում են ամբողջից՝ պրիմիտիվ կերպով։

Դադար

Նեոլիբերալիստական գիծն առաջ տանող երկրներում աղքատը միշտ մեղավոր է իր աղքատ լինելու համար, իրեն ասում են՝ լավ չես աշխատել, բավականաչափ խելոք չես, այդպես նաեւ պատասխանատվություն են թոթափում, բայց ինքս համոզված եմ, որ աղքատը կարող է դուրս գալ աղքատությունից, երբ ստեղծվեն համապատասխան հնարավորություններ։ Դեռ որ ընդհանուր պատկերից երեւում է, որ բիզնեսներն էլի շահ են ունենալու, հասարակ մարդն էլի շահագործվելու է․․․ Գուցե մի տարբերությամբ միայն՝ առանց կոռուպցիայի (հուսանք)։

Աղքատությունը կապ ունի կրթության, զարգացման, ինտեգրման ու շատ ուրիշ հարցերի հետ։ Հնարավորությունը մեկ կոչով կամ մեկ օրինակով չես սահմանի։

Հենց այդ է․հնարավորություն ասելով ի նկատի չունեմ այն, որ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ գնացեք, աշխատեք, բիզնես բացեք։ Խոսքն ուրիշ բանի մասին է։

Տնտեսագիտության ոլորտում այս տարվա Նոբելյան մրցանակ ստացողները աղքատության դեմ պայքարելու աշխատությունների համար են արժանացել այդ մրցանակին։ Իրենք ի՞նչ են ասում, շատ պարզ մի բան․ աղքատների ամեն խումբ ունի իր սպեցիֆիկ խնդիրները, որոնք պիտի առանձին-առանձին թիրախավորել։ Ուսումնասիրության ընթացքում նրանք հայտնաբերել են, որ մի դեպքում աղքատություն հաղթահարելու ձեւը կրթության մեջ ներդրում անելու միջոցով է հնարավոր, մյուս դեպքում՝ այլ մեխանիզմների կարիք կա եւ այլն, եւ այլն։

Պիտի հասկանալ՝ Հայաստանում որն է կամ որոնք են խնդրները։ Օրինակ խնդիր է, որ գործատուն շահագործում է աշխատողին, մեկ այլ խնդիր է այն, որ խուլ գյուղի երիտասարդը չունի կրթություն ստանալու հնարավորություն, որովհետեւ քաղաքը թանկ հաճույք է։ Հետո, երբ ավելի ես խորանում, տեսնում ես, որ այդ նույն երիտասարդը, որ ունի բարձրագույն կրթություն ստանալու խնդիր, իր հանրակրթական դպրոցում անգամ տարրական գիտելիքներ չի ստացել, որովհետեւ դպրոցները խայտառակ վիճակում են։

Անվերջ կարելի է թվել այն խնդիրները, որոնց գոյութունն արդեն աղքատության խորացման հիմքում է։ Այս խնդիրները առանձին-առանձին թիրախավորման կարիք ունեն, ոչ թե ասելու՝ վեր կաց, քայլիր կամ բիզնես դիր, ես դրա համար բոլոր պայմանները ստեղծել եմ։

Չէ՛, պայմանները ստեղծված չեն ու չեն էլ կարող այդքան արագ ստեղծվել։

3.jpg (197 KB)

Բայց «սիրո եւ համերաշխության» հրապարակը կար․․․

Այո, կար եւ սերը, եւ համերաշխությունը, բայց հիմա հակառակ պատկերն է։

Ես Հայաստանի իրադարձություններին հետեւում եմ Ֆեյսբուքի միջոցով, տեսնում եմ, որ մարդիկ երկու, երեք կամ ավելի ճամբարի են բաժանված, իրար «ուտելու» գործով են զբաղված․ սերն ու համերաշխությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ ներառում ես բոլորին, չես բաժանում սեւերի եւ սպիտակների, ՀՀԿ-ականների եւ ոչ ՀՀԿ-ականների, հեղափոխականների եւ հակահեղափոխականների․․․

Հրապարակում հնարավոր էր, որովհետեւ բոլորն ուզում էին՝ Սերժը գնա, իսկ հեղափոխությունից հետո սկսեցին ի հայտ գալ պահանջների տարբերակումները, եւ դա բնական էր։

Նոր իշխանությունը փոխարենը ներառելու բոլորին, սկսեց տարանջելու քաղաքականությունը․ աղքատներին մեղադրեց աղքատության մեջ, այլ կարծիք արտաբերողներին անվանեց «հակահեղափոխական», «ասֆալտին ծեփելու» եւ այլ արտահայտություններով սկսեց գործարկել ատելության հռետորիկան, որի հետեւանքով «սերն ու համերաշխությունը» հօդս ցնդեցին։

Կերպարներիցդ մեկի հայրն ասում էր«քաղաքական հայացքն անձերով մի պայմանավորիր»։ Հայաստանում դա հնարավո՞ր է։

Շատ հետաքրքիր հարց ես տալիս, որովհետեւ տարիներ շարունակ ընկերներիս հետ վիճել եմ այս թեմայով, ասել եմ, որ Հայաստանում ձախ կուսակցություն չկա ու պիտի լինի, լսել եմ պատասխանը, թե Հայաստանում անհնարին է գաղափարական կուսակցության գոյությունը։

Հիմա փաստացի կառավարման ձեւը նախագահականից փոխվել է պառլամենտականի, որն էլ ենթադրում էր, որ անձն ավելի քիչ նշանակություն պիտի ունենար, քան գաղափարը, բայց էլի տեսնում ենք, որ ամեն ինչ անձի շուրջ է ձեւավորվում, եւ իրականում գոյություն չունի այդ պառլամենտական համակարգը, ավելին՝ կառավարութունը կոնկրետ մեկ անձի շուրջ է, ում պաշտում են․․․

Այս ամենի արանքում, ինչպես դու ես մի անգամ ձեւակերպել, տեղավորվում է նաեւ պատմվածքը․․․ Գրում ես, երբ ազատ ես։ Ինչու՞ ես գրում։

Մեր տանն ընդունված է, որ «բոլորը գրում են», ես էլ տասը տարեկանից գրում եմ ու, փաստորեն, միակն էի, որ գիրք չունեի (ծիծաղում է)։

Եթե ավելի լուրջ, գրելն իմ ինքնության կարեւոր մասն է, որն ինձ հնարավորություն է տալիս պահել կապը հայերենի հետ։ Առօրյայում գրեթե հայերեն չեմ գործածում, ինչը շատ տխրեցնող է․ ուզում եմ հայերենը դոմինանտ լինի, իսկ այս պահի մեջ անհնար է։ Սա մեկ։

Երկրորդը․․․ Պատմվածքներում խոսում եմ այնպիսի բաների մասին, որոնք բացեիբաց խոսելու ռիսկ չէի ունենա․ փաստորեն գրելն այդպիսի համարձակության տարածքներ է բացում նաեւ։

Այսօր առավոտյան վերընթերցում էի «Նիդերլանդական հուշեր» օրագրությունդ, որը մաս-մաս հրապարակվել է մեդիայում։ Եվրոպայում ունեցած այդ փորձառությունը, որ հիմնականում շոկային է, վերածվել է օրագրության։

Հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ Ամստերդամը տեսել եմ տուրիստի աչքերով, եւ դա բնավ այն Ամստերդամը չի, որ կա իրականում։ Մյուս կողմից չեմ հեռացնում այդ տեքստերը համացանցից՝ կարծելով, որ դրանք գոյություն ունենալու իրավունք ունեն, որովհետեւ սեփական անձի եւ գրի փորձարկման էվոլյուցիա են ցույց տալիս։

Բայց այն Ամստերդամը, որ կա տեքստիդ մեջ, եւ, որը բնավ իրական Ամստերդամը չէ, քեզ չի՞ վախեցնում, հա՞շտ ես այդ տեքստերի հետ։

Հա, հաշտ եմ։ Դրանք իհարկե առանձին գիրք դառնալ չեն կարող, բայց պիտի պահպանվեն այնպես, ինչպես իրենց նախնականությունն է։

Մի քանի օր առաջ լույս տեսած առաջին գիրքդ, որ ներառում է տարբեր տարիների 15 պատմվածք, «Դժվար հիշվող անուն» ընդհանրական վերնագրով ես ներկայացնում։ Այդ «չհիշվող» անունը ո՞րն է։

Վերջին երեք օրվա ընթացքում այս հարցը երեւի 20 անգամից ավելի հնչել է, ավելին՝ կարծել են, թե խոսքն իմ անվան մասին է։

Կարդացել ես գիրքը, հիշում ես երեւի «Թագուհի Լուիզայի կամուրջը» պատմվածքը, որտեղ կա այդ հարցադրումը՝ ուղղված Միային։ Միան Գերմանիայում է ծնվել, մեծացել, բայց ծնողները տաջիկ են, եւ, չնայած, որ իր անունը շատ հեշտ է արտաբերել եւ հիշել, որովհետեւ տարածված է ու պարզ, մեկ է, իրեն անընդհատ ուղղվում է այդ հարցը։

Առհասարակ կոնկրետ միջավայրում անունդ հիշել չեն ուզում, ջանք չեն գործադրում մտապահելու այնպիսի պարզ մի անուն, ինչպիսին օրինակ Միան է, որովհետեւ այդ մարդն օտար է իրենց․․․ Այս որոշակի նախապաշարմունքը երբեմն արդարացվում է քաղաքավարության դրսեւորումներով, թե «գիտե՜ս, հիշողությունս լա՜վ չէ, ներողություն, չեմ հիշում», բայց իրականությունն այն է, որ դու իրենց հետաքրքիր չես։

«Դժվար հիշվող անունը» դարձավ գրքի վերնագիր, որովհետեւ պատմվածքների կերպարները հիմնական միջավայրից դուրս են, օտար են, եւ նրանց անունը կարող են չհիշել եւ չլարվել դրանից։

Իմիգրանտի ապրումն ու խնդիրները պատմվածքներիդ առանցքում են։ Օտարին մտահապահելը, նկատելը, ներառելը տեղացու համար ավելո՞րդ ինֆորմացիա է։

Շատ ժամանակ նրանք ուղղակի չեն նկատում իմիգրանտին, եւ սա թերեւս հանդուրժելու ամենաբարի դրսեւորումն է։ Կարող են այդպես անունդ չհիշել, չկարեւորել ասածդ, անգամ մեյլինգ լիստի մեջ կմոռանան ընդգրկել քեզ․․․ Խոսում եմ Կոպենհագենի փորձից, բարեբախտաբար Օրհուսի համալսարանում նման խնդիր չկա, որովհետեւ հիմնական միջավայրը միջազգային է։

Կան տեղացիներ, որոնք ուզում են ավելին իմանալ քո մասին, երկրի մասին, որտեղից եկել ես, անգամ զրույցի ընթացքում պարզվում է, որ դուք նույն քաղաքական հայացքներն ունեք, գաղափարակիցներ եք, բայց, մեկ է, «վերեւից» նայելու դիմադրություն կա։

Սա սարսափելի զգացում է․  Օրհուսում այս զգացումը նահանջել է, որովհետեւ գիտական միջավայրը բացառիկ է, ստացվում է հաղորդակցությունը, բայց դրանից դուրս ամեն ինչ այնպես է, ինչպես նկարագրեցի։

«Նիդերլանդական հուշեր» օրագրությունից մի տող կա, որն ուզում եմ մեջբերել «Այստեղ մարդիկ ազատ են ուզածն անելու, այնքան ազատ, որ նույնիսկ կարող են լավը լինել, եւ ոչ ոք  նրանց չի մեղադրի»։ «Լավը լինելու» համար մեղադրվել․․․

Հիմա ավելի իրական է այն, որ նույն Ամստերդամում ազատությունը չափազանցված է ու կեղծ։ Ես այնպիսի ընտանիքում եմ մեծացել, որ չեմ պատկերացրել «լավ»-ի հակազդեցության ձեւերը, հիմա գուցե ավելի պինդ եմ, «լավը» չեմ, բայց կոնկրետ օրինակներով եմ համոզվել, որ ժամանակակից աշխարհը չի քաջալերում լավը լինելու շարժառիթը, ավելին՝ հաճախ հակառակ ռեակցիաներ են լինում։

Դանիայում այդպիսի մի օրինակ եղավ․ մարդիկ փախստականներին մեքենաներով Շվեդիա էին տեղափոխում, փրկում էին, լավ բան էին անում, բայց վերջում այդ մարդկանց դատեցին․․․

4.jpg (174 KB)

Բալկոնում հնչող մշտական հարցին պատասխանելը քո դեպքում, կարծում եմ, բարդ կլինի, բայց այս թեմային անդրադառնալը մշտական բնույթ է կրումքո եւ Հայաստանի հարաբերությունները։

Բարդ է իսկապես, շատ բարդ․․․

Վերջերս կարդում էի թուրք գրող Էչէ Թեմելկուրանի «Ինչպես կորցնել երկիրը» գիրքը։ (Թեմելկուրանը լրագրող է, որը չի կարող հայրենիք՝ Թուրքիա մտնել, որովհետեւ խոսել է Էրդողանի ռեժիմի դեմ)։ Գրքի վերջում հայրենիքի սահմանում է տալիս ու ասում, որ այն հող չէ, սեղան է, որի շուրջ հավաքվում ես ընկերներիդ ու հարազատներիդ հետ․․․

Այս սահմանումն ինձ հարազատ է, որովհետեւ Հայաստանի հետ խնդիրներ ունեմ, հարաբերությունների հետ խնդիրներ ունեմ, ու այդ կապը շատ ավելի նեղ է՝ ընդամենը մի սեղան։ Տարին երկու անգամ գալիս եմ Հայաստան, որ «սեղան նստեմ» այն սակավաթիվ ընկերներիս ու հարազատներիս հետ, ովքեր շարունակում են ապրել այստեղ։

Բայց եղել է ժամանակ, երբ Հայաստանի՝ որպես հայրենիքի ընկալումը շատ տարբեր է եղելես քեզ հիշում եմ՝ պաստառներ ձեռքիդ, պայքարի ակտիվ շարքերում։

Հա, բայց հասկացա, որ համակարգի մաս չեմ կարող դառնալ։ Դրա համար է, որ ասում եմ՝ այստեղ այլեւս ապրել չեմ կարող, որովհետեւ մաս դառնալու այդ զգացումը սահմանափակվում է այդ մի սեղանով։

Այդ դեպքում տեղ ունենալու խնդի՞ր չկաի վերջո այն տեղը, որը սահմանել է ինքնությունդ, հիմա անընդունելի է, բայց այնպես չէ, որ մյուս տեղը կամ տեղերը չեն խնդրականացնում ինքնության հարցը։

Ես ապրում եմ Կոպենհագենում եւ աշխատում Օրհուսում, որը մոտ 200 կմ հեռու է մայրաքաղաքից․ շաբաթվա մի կեսը Կոպենհագենի իմ տանն եմ, մյուսը կեսը՝ Օրհուսի իմ սենյակում, բայց, հա, արդյունքում ոչ մի տեղ եմ, ավելի շատ ժամանակ գնացքներում եմ անցկացնում․․․

Անցած տարի հենց այս տեղ ունենալու հարցի հետեւանքով մեծ ճգնաժամի մեջ հայտնվեցի․ չէի հասկանում՝ որն է իմ տունը, որտեղ եմ ապրում, այդ անվերջ ճանապարհները, Երեւանի իմ սենյակը, որտեղ իրերս են, երկու, երեք եւ ավելի տեղերը խախտել էին հավասարակշռությունս․․․ Հետո հասկացա, որ տեղը կարեւոր չի՝ մանավանդ իմ սերնդի համար, որը բավականին անհանգիստ է ու տեղից տեղ է անցնում։

Կոպենհագենում տարիներ առաջ ձեւավորված ընկերական շրջապատն անգամ չկա․ նրանք բոլորը գնացին այս ու այն կողմ․ մնացել է մի ընկեր, որն ապրում է Կոպենհագենում, բայց ինքն էլ Նորվեգիայում է աշխատում։ Այս ամենի ֆոնին տեղը կորցնում է կարեւորությունը, առաջ են գալիս տեղի հետ կապված մշտական հիշողություններն ու էմոցիաները։

Երբ ասում ես՝ տեղն այլեւս կարեւորություն չունի, թվում է՝ ինքնապաշտպանական, փխրունությունը ծածկելու լեզվական կառույց ես սարքում։

Գուցե, բայց հարցի մյուս կողմն էլ կա․ եթե ցանկություն ունենայի տեղից կառչելու, դա էլ կստացվեր։ Հարաբերությունները, իրավիճակները որոշումներ կայացնելու համար առավել կարեւոր նշումներն են, քան տեղի մասին մտածելը։ Հակառակ դեպքում կարող էի տեղափոխվել Օրհուս եւ այնտեղ հաստատվել, բայց զուգահեռ կարեւորություն տվեցի եւ՛ Օրհուսում ունենալիք մասնագիտական աճին ու աշխատանքին, եւ՛ Կոպենհագենի իմ տանը, ընկերոջս հետ ունեցած հարաբերություններին։

Տարիներ առաջ այսպիսի հարցադրում էիր արել «Ինչու՞ եմ ես հայ»։ Այս զրույցի ընթացքում թվաց, որ «ինչու՞»-ներն արդեն նահանջել են։

Հա, դրանք այլեւս էական չեն, ունեն պարզ, ռացիոնալ պատասխաններ․ հայ եմ, որովհետեւ ծնողներս հայ են, չեմ կարող փոխել ծննդավայրս, ազգությունս, բայց կարող եմ նոր հարցադրում անել․ «ի՞նչ անել այդ հայ լինելու հետ»։ Եթե իմիգրանտ եմ, ուրեմն ոչ թե «ինչու՞ եմ իմիգրանտ», այլ «ի՞նչ անեմ դրա հետ»․․․

5.jpg (162 KB)

«Ի՞նչ անելու» տրամաբանական հետեւանքը գուցե հայերենով հրատարակված պատմվածքներիդ ժողովածուն է։

Ես ոչ հպարտ եմ, որ հայ եմ, ոչ էլ հակառակը։ Այսինքն կարող եմ իմ օգտին օգտագործել հայ լինելս, եւ իմ դեմ՝ նույնպես։ Գրքի հայերեն տպագրությունը իմ օգտին գործածելու օրինակներից է։

Դրսի հետ ունեցած առնչություններն ի վերջո տվե՞լ են այս հարցի պատասխանըինտերգվե՞լ հնարավոր է։

Նախ պետք է սահմանել՝ ինչ է ինտեգրումը․ շատերն ինտեգրում ասելով հասկանում են ասիմիլյացիա՝ հրաժարվելով այն ամենից, ինչ ունես, փորձում ես նոր  միջավայրի, հանրույթի մաս դառնալ։ Սա ինձ համար ընդունելի չէ․ ես չեմ ուզում այդպիսի ինտեգրում, որովհետեւ իմ հայ լինելը, նախկին իմ բոլոր փորձառությունները, իմ ինքնությունը, անունը, ազգանունը եւ շատ այլ բաներ հետեւում թողնելու մտադրություն չունեմ։

Ինտեգրումը լեզուն իմանալն է, այդ լեզվով խոսելը, տեղի մշակույթին ծանոթ լինելը։ Ես, օրինակ, դանիական գրականություն ավելի շատ եմ կարդացել, քան դանիացիներից շատերը, հետազոտությանս նյութն ի վերջո հենց այդ լեզուն է, այդ միջավայրում ունեմ գաղափարակիցներ, գործընկերներ, ընկերս էլ դանիացի է․․․ Ինձ համարում եմ ինտեգրված, բայց քաղաքական իմաստով այդ ինտեգրումը չի «վավերացվում»․ վերջերս օրինակ  մերժեցին իմ մշտական կացության դիմումը՝ պատճառաբանելով, որ կես տարի աշխատել եմ Ֆինլանդիայում․․․

Դանիերենը կարծրատիպային արտահայտություններ ունի՞, ինչպես օրինակ, «էս աղջիկը խելքը տվել է գիտությանը» (հիշում եմ, որ այս արտահայտության մասին խոսել ես հարցազրույցներիցդ մեկում)։

Դանիան գենդերային հավասարության առումով աշխարհի առաջատարներից է, իհարկե այնտեղ էլ դիսկրիմնացիա կա, բայց դիսկուրսն արդեն ուրիշ հարթություն է տեղափոխվել։

Որեւէ մեկը հարցականի տակ չի դնում կնոջ ինտելեկտուալ ունակությունները, կնոջ ներդրումը հասարակության կայացման գործում, որեւէ մեկը չի ասում, թե կնոջ դերը «օջախը վառ պահելն է»․․․

Այնտեղ գործ ունենք անգիտակցական խտրականության հետ․ ինչպես օրինակ նույն որակավորմամբ կնոջ համար (հատկապես, եթե երեխաներ ունի) շատ ավելի դժվար է աշխատանքի ընդունվել կամ բարձրանալ հիերարխիայով, քան տղամարդու համար, բայց սա եւս քննարկման նյութ է։

Հայաստանում նման դիսկուրսի դաշտ կա՞։

Այո, կա, բայց գենդերային հավասարության մասին ավելի շուտ խոսում են կանայք, եւ այս իմաստով հայ տղամարդկանցից շատերն ի վիճակի չեն դիսկուրսի գնալ (թող ինձ ներեն հայ տղամարդիկ)։ Եթե հավասար իրավունքներից ենք խոսում, ու զրույցը սկսվում է «իսկ դուք պատրա՞ստ եք բանակում ծառայել» արտահայտությունից, արդեն ամեն ինչ դադարում է։

Հայաստան չգալու, դիսկուրսների բովանդակային խնդիրների եւ շատ այլ հարցերի ֆոնին, այնուամենայնիվ, ընթերցողդ հայ է, գիրքդ հրատարակվել է հայերենով․․․

Հա, բայց հաստատ այն տղամարդը չի, որն ասում է՝ «բանակ կգնաք, նոր կխոսենք հավասարությունից»․․․

last.jpg (134 KB)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter