HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Ովքեր են զորամասերի թեյարանների տերերը

Կառավարությունը 1000 և 2000 դրամով ավելացրեց ժամկետային զինծառայողների դրամական բարելավումները, որպեսզի լուծվի նաև հիգիենայի պարագաների ձեռքբերման խնդիրը: «Հետք»-ը մինչ այդ ուսումնասիրել էր հիգիենայի պարագաների նվազագույն զամբյուղը և պարզել դրամական հատկացման և գների անհամատեղելիությունը:

Երբևէ զինծառայող ունեցած ընտանիքներում քաջատեղյակ են, որ զորամասերում կան թեյարան-խանութներ, որտեղ վաճառվում է սնունդ, ծխախոտ, հիգիենայի պարագաներ, զինվորական հանդերձանքին առնչվող իրեր:

Նպատակ ունենալով պարզել, թե ինչ արժեք ունեն հիգիենայի պարագաները թեյարաններում, այցելեցինք Երևանի և մայրաքաղաքին մոտ գտնվող պատահական երկու զորամաս: Զորամասի հետ կապ չունեցող անձինք ամեն օր հնարավորություն չունեն մուտք գործել զորամասի տարածք: Դրա համար ընտրեցինք զինվորական երդման օրերը: Զինվորների ծնողների հետ մուտք գործեցինք զորամաս և ցանկացանք մտնել թեյարան: Ի զարմանս մեր սպասելիքների՝ թեյարանները հենց այդ օրը փակ էին: Զինծառայողների հավաստմամբ՝ թեյարանները փակ չեն լինում նույնիսկ կիրակի և տոն օրերին:

Զինծառայողների հետ ունեցած մեր մի շարք զրույցներից ընթացքում հաստատվեց այն կասկածը, որ թեյարաններում շուկայականից ավելի բարձր գնով են վաճառվում ապրանքները։ Ինչպես հիգիենայի պարագաներն, այնպես էլ ծխախոտն ու մյուս ապրանքները Երևանին մոտ զորամասերում վաճառվում են 20-50 դրամ ավել գնով, իսկ Երևանից 100 և ավելի կիլոմետր հեռու գտնվող զորամասերում՝ ավելի թանկ։

Զինծառայողները գների կտրուկ բարձրացում և նվազում են նկատել նաև մեկ-երկու օրվա կտրվածքով։ Այսինքն՝ գները տատանվում են կամայականորեն։

Ի՞նչ հիմքով են թեյարանները գործում զորամասերի տարածքում

Զորամասերում խանութներ ստեղծելու իրավական հիմքը 2000 թ.-ի Կառավարության Ն 908 որոշումն է, որով 13 մլն դրամ կանոնադրական կապիտալով ստեղծվել և ՊՆ-ի ենթակայության է հանձնվել «Զինառ» ՓԲԸ-ն: Պաշտպանության նախարարի 2001 թ.-ին թիվ 87 հրամանով «Զինառ» ՓԲԸ-ն ստեղծվել է մինչ այդ գործող առևտրի և կենցաղ-սպասարկման վարչության բազայի հիմքի վրա: Պաշտպանության նախարարի նույն տարվա թիվ 57 հրամանով սկսվել է զորամասերում գործող խանութները օրինականության դաշտ բերելու գործընթացը: Զորամասերի հրամանատարներին ուղղված հրամանում առաջարկվել էր ներկայացնել առաջարկներ խանութներ, թեյարաններ կամ բուֆետներ չունեցող զորամասերում դրանք ստեղծելու և համապատասխան տարածքներ տրամադրելու վերաբերյալ: Նույն հրամանից տեղեկանում ենք՝

  • զորամասերի տարածքները խանութներին տրամադրվել են անվճար, իսկ շինությունների պահպանումը իրականացնում է զորամասը,
  • զինվորների սանիտարահիգիենիկ և առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերումը կազմակերպվում է «Զինառ» ՓԲ ընկերության միջոցով,
  • «Զինառ» ՓԲԸ-ին հրամայվել է նորաստեղծ խանութները, թեյարանները և բուֆետները համալրել համապատասխան կադրերով, պարենային և ոչ պարենային զինվորական ապրանքատեսակներով

Ովքե՞ր են կանգնած թեյարանների թիկունքում

Պաշտպանության նախարարությունից մեզ են տրամադրել «Զինառ» ՓԲԸ-ի հետ պայմանագիր կնքած և զորամասերում առևտրային գործունեություն ծավալող կազմակերպությունների ցանկը: Ունենալով բոլոր կազմակերպությունների տվյալները՝ մենք որոշել ենք չհրապարակել նրանց ընդհանուր թիվն ու բոլորի տեղակայման վայրերը: Պատահական ընտրությամբ առանձնացրել ենք Հայաստանի հարավից մինչև հյուսիսն ընկնող սահմանային և ոչ սահմանային զորամասերի խանութները և պարզել շահագործողների կապերը: 

Մեղրի. Հայաստանի հարավում գտնվող N զորամասում առևտրային գործունեություն է ծավալում «Լիաննա Դավթյան» անհատ ձեռներեցը: ԱՁ-ի հիմնադիրը կապ ունի Ագարակի գնդի հիմնադիր Ղևոնդ Հովհաննիսյանի հետ: Ավելի կոնկրետ՝ Լիանա Դավթյանը Ղևոնդ Հովհաննիսյանի որդու՝ Խորեն Հովհաննիսյանի, կնոջ քույրն է:

Գորիս. Սյունիքի մարզի երկրորդ խոշոր քաղաքում՝ Գորիսում, տեղակայված N զորամասում առևտրային գործունեություն է ծավալում «Արտակ Առուշանյանը» ԱՁ-ն: Անհատ ձեռներեցը Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ազգականն է: Նախորդ տարի Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի, Արտակ Առուշանյանի և նույն քաղաքի ավագանու անդամ Լյովա Արզանյանի մասնակցությամբ ծեծկռտուք էր եղել: Ավագանու անդամի խոսքով՝ քաղաքապետն ու ազգականն իրեն ծեծի են ենթարկել: Գորիսի քաղաքապետի տեղակալ Իրինա Յոլյանը Հետք-ի հետ զրույցում պնդեց, որ քաղաքապետն Արտակ Առուշանյան անուն ազգանունով ազգական ունի, բայց նա կապ չունի զորամասին սնունդ մատակարարելու հետ։ «Քաղաքապետի ազգականը Գորիս համայնքի բարեկարգում ՀՈԱԿ-ի տնօրենն է և ԱՁ չունի»,- նշեց Իրինա Յոլյանը։

Բալահովիտ. Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի զորամասում առևտրային գործունեություն ծավալող «Դերենիկ Փայտյան» ԱՁ-ի հիմնադիրը Դերենիկ Հարությունի Փայտյանն է։ Վերջինս որդին՝ Արտակ Փայտյանը, 2016 թ-ին պաշտպանության նախարարի հրամանով նշանակված է եղել ՆԱՏՕ-ՀՀ զորավարժության ղեկավարի տեղակալ։

Բերդ. Տավուշի մարզի Բերդ համայնքում տեղակայված զորամասերում առևտրային գործունեություն է ծավալում «Արսեն Փայտյան» անհատ ձեռներեցը։ ԱՁ-ի հիմնադիր Արսեն Փայտյանն ազգակցական կապեր ունի ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանի հետ։ Փայտյանն ի դեպ, ծնունդով Տավուշի մարզի Նորաշեն գյուղից է, իսկ նշված ԱՁ-ն հաշվառված է Տավուշի մարզի Բերդ քաղաքում։ Տավուշի մարզը միշտ է եղել գեներալի հետաքրքրության շրջանակում։

Թե ինչ սկզբունքով են վերը նշված ԱՁ-ների հետ պայմանագրեր կնքվել, փորձեցինք պարզել ՊՆ-ից։ Նախարարության գլխավոր քարտուղար Գառնիկ Հայրապետյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է հետևյալը․ «Բոլոր չորս անհատ ձեռներեցների հետ պայմանագրերը կնքվել են Զինառ ՓԲԸ-ի նախորդ ղեկավարության հետ, թե ինչ սկզբունքով, չի հաջողվել ճշտել»։ Բացի այդ ՊՆ-ից հայտնել են նաև, որ Լիանա Դավթյանն ու Արտակ Առուշանյանը, մինչև ԱՁ-ով պայմանագիր կնքելը աշխատել են «Զինառ» ՓԲԸ-ում։

Զորամասերում տերմինալներ կտեղադրվեն

Պաշտպանական գերատեսչությանն ուղղված մեր հարցումներից մեկին ի պատասխան հայտնել էին, որ զորամասերում առևտրի կետերում սպասարկման որակի բարձրացման նպատակով բարեփոխումների գործընթաց է սկսվել։ Մեկ այլ հարցումով փորձել ենք հասկանալ, թե խոսքն ի՞նչ գործընթացի մասին է։

ՊՆ գլխավոր քարտուղար Գառնիկ Հայրապետյանը, որպես կատարված բարեփոխում, նշել է, որ զորամասերում տեղադրվել են ավտոմատացված եղանակով սուրճ պատրաստող սարքեր։ Դրանցով բարձրացվել է զինծառայողներին մատուցվող տվյալ ծառայության որակը։

«Տեղադրվելու են «Թել-Սել» վճարային ապարատներ, որոնց միջոցով զինծառայողները կարող են կատարել անհրաժեշտ կոմունալ, բանկային և այլ վճարումներ՝ չլքելով զորամասի տարածքը։ Նշենք նաև, որ վճարային ապարատներում արգելափակված են տոտալիզատորային հավելվածները:

«Զինառ» ՓԲԸ-ի կողմից պարբերաբար կատարվող ստուգայցերի միջոցով վեր են հանվել խանութ-թեյարանների գործունեության գնային, սպասարկման և այլ կազմակերպչական թերություններ և միջոցներ են ձեռնարկում դրանք վերացնելու ուղղությամբ»,- գրել է ՊՆ գլխավոր քարտուղարը։

Անկախ նրանից, թե տնտեսվարողը որ գեներալի կամ պաշտոնյայի ազգականն է, թեյարանների գործունեության վերահոկողությունը ՊՆ-ի՝ մասնավորապես «Զինառ» ՓԲԸ-ի պարտականությունն է, և թեյարաններում կամայական գներով վաճառք իրականացնելու պատասխանատուն նույն ՓԲԸ-ն է, հետո նոր՝ տնտեսվարողը։

Մեկնաբանություններ (1)

Սմբատ ՊետրոսյանԱյդ
Ես նաեւ լսել եմ, որ սուրճի սարքերի տեղադրումը ևս կենտրոնացվում է։ Տեղեկությունը Արցախի զորամասերից մեկի վերաբերյալ է, որտեղ հրամանատարի հետ առնչվող տնտեսվարողի սուրճի սարքը ստիպել են հանել զորամասից և փոխարենը պետք է տեղադրվի Դավիթ Տոնոյանի մոտ ընկերոջը պատկանող ընկերության սարքերը։ Այդ ընկերությունը արդեն մեծ քանակությամբ սարք է ներմուծել։ Պետք է նշեմ, սակայն, որ տեղեկությունը ճշտված չէ։ Խնդրում եմ Հետքին հետամուտ լինել այս տեղեկությունների ճշտմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։