HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարցեր հայերենի մասին՝ տեղեկատվական առիթով

Պե՞տք է արդյոք հանել հայերենն ու հայոց պատմությունը ոչ մասնագիտական ֆակուլտետներում պարտադիր դասավանդելու օրենսդրական պահանջը: Լատինատառ հայերեն չգրողներն անգլերե՞ն են գրում: Ո՞ր դիրքերից հարց տալ հայերենի մասին...

Արդի մշակութային-լեզվաբանական տեսությունները պնդում են՝ «լեզուն դժվար է վերլուծել՝ անդրադառնալով ավելի բառերին, քան դրանք արտադրող օրենքներին»[1], ուստի կարող ենք ասել՝ ատենախոսությունները, տարբեր հարթակներից հնչող քննադատությունները, որոնք սոսկ արձանագրում են, օրինակ, հայերենի խեղաթյուրումները, մեծ մասամբ անպտուղ են: Արդյունավետ ճանապարհն այդ խեղաթյուրումների սոցիալական պայմանավորվածության մասին մտածելը կլիներ, որը հայերենը կդներ սոցիալական համատեքստերում: Ուրեմն ո՞ր կողմերից, ո՞ր դիրքերից նայել հայոց լեզվի ժամանակակից խնդիրներին: Շիտակ հարց է. փորձելու եմ որպես պատասխան՝ դուրս բերել մի քանի հարց, որոնց դիտանկյունից թերևս արդյունավետ կլիներ քննել հայերենը:  Ցանկն, անշուշտ, սպառիչ չէ:

1. Իմ ֆեյսբուքյան ընկերների բացարձակ մեծամասնությունը, առավելապես այն մասը, որի հրապարակումները տեսնում եմ իմ լրահոսում, բարձրագույն կրթություն ունեցող անձինք ենք կամ բուհի ուսանողներ: Իմ ֆեյսբուքյան լրահոսում լատինատառ հայերենի շատ հազվադեպ եմ հանդիպում, բայց փոխարենն ամեն անգամ լրահոսը թերթելիս բազմաթիվ անգլերեն գրառումների եմ հանդիպում, որոնց ոչ մի օտար ազգանուն չի «լայքել»:

Կարծես արդեն օրինաչափություն է, որ լուսանկարներին ուղեկցող մեկնաբանությունները պետք է անգլերեն լինեն, այնպիսի օրինաչափություն, որ այլևս նույնիսկ վիճակագրությանը դիմելու կարիք չի լինում՝ պարզելու, թե մեկնաբանությունների որ մասն է անգլերեն: Մոտ 100 այդպիսի մեկնաբանություն ժողովելուց հետո դադարեցի դա անել՝ արդեն համոզված, որ պնդումս հավաստի է. դրանք գրեթե առանց բացառության անգլերեն են: Այնտեղ, որտեղ շրջուն շարադասություն կամ «գրական» ձևակերպում պիտի լիներ, գալիս է անգլերենը: «Օտարամոլություն» եզրից մեկնարկը քիչ արդյունավետ է, քանի որ եզրն ինքնին բացատրության կարիք ունի, առավելապես պիտակ է և քիչ բան է բացատրում: Սա քննադատության ոչ արդյունավետ, թերևս նաև սխալ դիրք է:

Հարց. անգլերեն մեկնաբանությունները փախչելու տեղ չե՞ն, թեթև ինքնահեգնանք ներմուծելու հնարավորություն, սմայլիկի բառային վերաձևություն՝ առանց հայերենի հուզականության հետ կապվող հարցերի:

Հայերեն հուզականությունն, ինչպես պարզվում է, պաթետիկ է թվում. հայերենը հարմար չի գալիս ժամանակակից հուզականության, սրամտության ու պաթետիկության համար: Հայերենը հեռանալու և թեթևությամբ ասելու, շուրթերի ծայրով ասելու, հետևից ռեպլիկ նետելու հնարավորություն չի տալիս կարծեք: Ինչո՞ւ:

Լեզվի խնդիրը ներկայանում է որպես կիրառման իրավիճակի խնդիր, երբ գործնականի, անելիքի ոլորտ ենք տեղափոխում, երբ ցանկանում ենք լուծել այն: Իսկ «առաջին ընթերցմամբ» այն լեզվական միջոցների օտարացման խնդիր է: Անգամ դրանք կիրառելու վախի խնդիր: Բառապաշարի, արտահայտման ոճերի, արտահայտությունների մի մեծ շերտ անկարելի է թվում անվանել հայերեն, որովհետև դրանք առնվազն պաթետիկ են թվում: Անգլերեն գրառումը մի կողմից՝ ավելի բնական (ոչ պաթետիկ, մերօրյա տարածված ձևակերպմամբ՝ «անկեղծ») է թվում, մյուս կողմից՝ առնչում և տեղադրում է գրողին համաշխարհային համատեքստում: Այլ կերպ՝ մեր մասնավոր հույզերն առնչում է դրանց հետ կապված արդի համաշխարհային բովանդակությունների ու դրանց արտահայտման եղանակների հետ: Այն է՝ ժամանակակցի, համաշխարհայինի հարանշանակություններն է հավելում: Օրինակ՝ ՛՛Happy bd, mom’’ գրելը հոլիվուդյան հնչերանգի ու միջանձնային հարաբերությունների ժամանակակից հովերի մեդիաիրականությունն է հավելում անձնական ապրումին ու հարաբերությանը: Ապրումն ինքը դեռ պաթետիկ, ժամանակավրեպ ու ոչ անկեղծ չի թվում, բայց այդպիսին կարող է թվալ, եթե հայերեն գրվի: Լեզուն այսպես կորցնում է ամեն բան անվանելու կարողությունը, ավելի ճիշտ՝ նրանից կամաց-կամաց, փոքր առ փոքր անգիտակցաբար խլվում է այդ կարողությունը: Խնդիրն իր հրապարակումներից մեկում սրությամբ ձևակերպում է մշակութաբան Հ. Բայադյանը. «Գրական արեւելահայերենը առաջին հերթին մշակվել է գրականության (լայն իմաստով) մեջ եւ, ինչպես ակնհայտ դարձավ Խորհրդային Միության փլուզումից հետո, այդպես էլ չունեցավ իր սոցիալական խավը»[2]։

Դեր ունե՞ն այստեղ միջանձնային հարաբերությունների «հայկական առանձնահատկությունները»[3]:

Օրինակ՝ եթե ծնողն իր երեխայի հետ չի համարձակվում որոշ թեմաներ շոշափել իրական կյանքում, Ֆեյսբուքում կարողանում է նրան տեսնել նաև այլ՝ ոչ կենցաղային կողմերից: Ինչու՞: Երեխայի հետ որոշ թեմաներից խոսելն անհնար է թվում. անթույլատրելի է, վտանգավոր է, անհարմար է: Մարդիկ առհասարակ  կենցաղայինից դուրս թեմաներով միմյանց հետ խոսելու, քննարկելու փորձառություն կարծես չունեն: Ինչքան էլ զգացմունքային, հուզական կապն ամուր է, բանավորության, քննարկման նույն կապը հազվադեպ է վերածվում: Իսկ սոցիալական ցանցերը հնարավորություն են տալիս տեսնելու միմյանց այն թաքնված կողմերը, որոնք նրանք ցանկանում են հանրային դարձնել: Քանի որ իրական հանրային կյանքում մեզ պակասում են հեռավորությունները (միջանձնային տարածությունները փոքր են), կարիք ենք զգում մեր շուրջն ունենալու մեզ «հեռվից դիտողների», որոնք կկարողանան տեսնել նաև մեր այն կողմերը, որոնք միայն մեծ միջանձնային հեռավորությունից նկատելի կդառնան: Սա սոցիալականացման հավելյալ հնարավորություն է:

Ֆեյսբուքն, ուրեմն, «մասնավոր հանրայնություն» է՝ անձնական բան, որն ամեն վայրկյան հավակնում է դառնալ հանրային: Իսկ ահա անգլերենը կարծեք հավելյալ մասնավորություն է, հավելյալ հանրայնություն, դյուրին հավելյալ ինքնություն, որովհետև հստակորեն չանվանված, բայց կռահելի թվացող նշանակություններով ծանրաբեռնված արժեք է: Անգլերենն ակնարկի նման է. կարելի է մինչև վերջ չմտածել դրա հոդավորած սոցիալական նշանակությունները, բայց կարելի է հիանալ դրանցով ու վայելել դրանք: Ինքնադրսևորվելու, գոնե մի քանի ինքնություն երևակայելու-ակնարկելու, խաղարկելու հնարավորություն է: Սա ավելի նկատելի է, երբ ընտանիքի անդամներն են իրար հետ անգլերեն գրություններ, առավելապես շնորհավորանքներ փոխանակում: Էլ ավելի ուշագրավ է, երբ սեփական երկու տարեկան երեխայի լուսանկարն են շրջանակում անգլերեն մեկնաբանությամբ՝ ասենք, ծննդյան օրվա բարեմաղթանքով:

Քննարկենք անգլերեն գրության մի օրինակ՝ մի մասնավոր դեպք վեր հանելու համար: Խնդրի քննարկան համար խոստումնալից է, օրինակ, «Ամպերն ասես յուղաներկով նկարած լինեն» և ՛՛What a beautifull sky’’ դատողությունների հարևանությունը երկնքի մի լուսանկարի գլխագրում: Ինչո՞ւ է անհրաժեշտ այս հարևանությունը: Հայերեն ասույթն ավելի փաստարկող է, դատողական, անգլերենը՝ գնահատողական-հուզական: Առաջինի հայերեն գրությունը գուցե պայմանավորված է անգլերեն ձևակերպելու դժվարության և ավելի հասկանալի ձևակերպելու նպատակով, սակայն ամեն դեպքում կա այն, ինչ կա. կողք կողքի են հայերեն ու անգլերեն գրություները: Երկրորդը հայերեն ձևակերպելուն գուցե խանգարում է «է» օժանդակ բայի ներկայությունը. «Ինչ գեղեցիկ է երկինքը» կամ «Ինչ գեղեցիկ երկինք է»: Գուցե «է»-ն փոխարինել  «ա»-ո՞վ: Է-ն կարծեք վերամբարձ, առնվազն անանմիջական է, ա-ն՝ չափազանց կենցաղային: Ստացվում է՝ վերամբարձության տպավորության գործոններից մեկն է-ն է: Մեր լեզուն շարունակ հեռավորություն պահել-չպահելու ընտրության առջև է դնում մեզ. ներսի՞ց խոսենք, թե՞ կողքից: Ֆորմալի ու ոչ ֆորմալի միջև ընտրության կարիքը շարունակ առաջանում է ամենագործածական բառերից մեկի՝ է օժանդակ բայի գործածության ժամանակ, որից փախուստի միջոց, գործածման միջին տարբերակ չկա: Դուրս է գալիս՝ մի շարք բովանդակային հարցեր, լեզվական նախապատվություններ ոճական խնդիրներ են ավելի մեծ չափով, քան սովորաբար պատկերացնում ենք[4]:

Գուցե ոճական տեսանկյունն ավելի՞ կարևոր դիրք պիտի դառնա հայերենի այս խնդիրներն ուսումնասիրելիս:

Այսպիսով՝ անգլերենին են բաժին ընկնում անձնական-հուզական դատողությունները: Հայերենին սոցիալական խնդիրներն են մնում, առնվազն ծավալուն գրությունները: Հայերենին կարծեք այլևս հատուկ չեն հակիրճություն-դիպուկությունն ու անպաթետիկ հուզականությունը:

Ուրեմն հարց. լատինատառ հայերեն չգրողներն անգլերե՞ն են գրում:

2. 2014 թ. հրապարակած իր մի հոդվածում Հ. Բայադյանը գրում է. «Մի դեպքում լեզուն իր սոցիալական համոզչությունը ստանում է քաղաքային ժարգոնի առոգանությունից եւ շարժուձեւից (նախկինում լուսանցքային, բայց որոշակի սոցիալական հեղինակություն ունեցող «ապերոյական լեզվից»), իսկ մյուսում՝ նախկին վերնախավային նշաններից (ռուսականացված արտաբերությունից): Այս երկու բեւեռները բնավ իրարամերժ չեն, ինչպես կարող է թվալ: Դրանք հաճախ համատեղվում են, ինչպես, օրինակ, ապերոյական ոճեր բանեցնող կանանց խոսքում, որոնք հասու են նաեւ ռուսական արտաբերության սոցիալական արժեքին: … Վերջին հաշվով, այս երկու ոճերն էլ արտացոլում են առնվազն լոյալությունը ներկա իշխանության (արդեն նախկին - Մ. Կ.) նկատմամբ եւ հակումը՝ պահպանելու սոցիալական ստատուս-քվոն»[5]: Իսկ ահա հեղափոխություն անելու համար մենք հայերեն բառ չունեինք, և ռուսերեն բառի հայկական իմաստը կարգախոս դարձավ: 

Հարց. ի՞նչ դեր է կատարում այսօր ավելի ու ավելի շատացող անգլերենը: Սա «հետռուսակա(՞)ն» նախապատվություններով երիտասարդների ո՞ր դիրքն է:

3. Այս հարցերը, որ վաղուց է՝ մտքումս են, տեղեկատվական առիթով զուգահեռվեցին մեկ այլ հարցի հետ. պե՞տք է արդյոք հանել հայերենն ու հայոց պատմությունը ոչ մասնագիտական ֆակուլտետներում պարտադիր դասավանդելու օրենսդրական պահանջը: Թեման բուռն քննարկվում է մասնավորապես Ֆեյսբուքում: Մի քանի բանավեճի ինքնս էլ մասնակցել եմ: Մի քանի հիմնական շեշտադրումների հանդիպեցի: Մի դեպքում այդ նախաձեռնությունը համարվում է մեկնաբանության կարիք իսկ չունեցող անհեթեթություն, մի դեպքում քննադատվում է «ազգային» դիսկուրսի պաթոսով՝ փոքրաքանակ դեպքերում չափավոր՝ փորձ անելով հղում անել ագային-պետական շահերին, մյուս դեպքում պաշտպանվում է մասնակիորեն, և այլն: Սրանք պայմանականորեն դիրքորոշումների մի թևը կարող ենք համարել՝ նախաձեռնությունը մերժողների թևը: Մյուս՝ կողմնակիցների թևում առանձնանում են նրանք, ովքեր առհասարակ դեմ են բուհերում ոչ մասնագիտական առարկաների դասավանդմանը, նրանք, ովքեր պարտադիր դասավանդումը չեղարկելու նախաձեռնությունը համարում են բուհերում այդ առարկաների դասավանդման ցածր որակի հետևանք, նրանք, ովքեր լեզվի ուսուցումը համարում են անհամապատասխան համալսարանական կրթությանը՝ համարելով դա դպրոցի խնդիրը, և այլն: Առաջին թևում առաջարկներ էին հնչում՝ հայոց լեզվի ներկա ուսուցումը փոխարինել նոր առարկայի ուսուցմամբ, որը կհամատեղեր լեզուն, տեքստի ուսումնասիրությունը, գիտական տեքստեր գրելու հմտությունները[6]: Հարցերի այս բազմությունը նախ նշանակում է անհամաձայնություն մի հարցում՝ ո՞ր դիրքից դիտարկել հայերենի խնդիրները:

Ցավոք, այս և ուրիշ բանավեճեր և հիմնականում բոլոր բանավեճերն ինչ-որ բանի չեն հանգում, որովհետև ամեն գրառման մեջ մի ուրիշ բան է ապացուցվում, շրջանցվում է, անտեսվում է, կիսատ է մնում ելակետային դիրքը, նախնական վարկածը՝ «այն, ինչ պահանջվում էր ապացուցել»: Միմյանց դիրքերին ու վարկածներին բավարար ուշադրություն չդարձնելուց զատ անհետևողական ենք լինում նաև մեր սեփական վարկածները փաստարկելիս: Դիսկուրսի վերլուծության տեսությանը դիմելով՝ կարող ենք ասել, որ փաստարկելիս, հիմնավորելիս փոխում ենք մեր սահմանած դրույթը: Օրինակ՝ «Հայերենը պետք է պարտադիր դասավանդվի բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում» նախնական առաջադրությունն ապացուցելու փոխարեն ապացուցվում է  մեկ այլ առարկայի՝ գիտական տեքստի գրության ուսուցման անհրաժեշտությունը, որը հիմնավորումների շարադրանքում վերածվում է հայոց լեզվի,   աննկատորեն զբաղեցնում է հայոց լեզվի տեղը: Նման անհետևողականությունը թաքցնում, կիսով չափ է ներկայացնում խնդիրները: Փորձում է թաքցնել և դրանով իսկ մատնում է, որ այստեղ ուրիշ պատճառ կա: Դա կարող է լինել այն հանգամանքը, որ առարկաների պարտադիր դասավանդման պայմանի չեղարկմամբ մտահոգվածությունը պայմանավորված է նախ և առաջ դասախոսների աշխատանքի խնդրով: Միտումնավոր կամ ակամա տեղի ունեցող տրամաբանական վթարները լինում են պնդումների ամենասկզբում՝ թեզերի ձևակերպման և հիմնավորումներին անցնելու միջակայքում, և դրանք դատապարտված են սխալվելու՝ հաճախ աննկատ կերպով, որ ավելի վտանգավոր է: Եվ դրանք նաև քողարկում են խնդիրների իրական բնույթը՝ անվանելու ու շիտակ լուծումներ փնտրելու փոխարեն:

Հապա հայերենի կետադրական կանոննե՜րը, որ միայն բուհական ընդունելության քննությունների համար են և նույնիսկ մայրենիի դասագրքերում չեն պահպանվում... Անհետևողականությունը երևան է գալիս բոլոր կողմերում:

Այս օրինակների համատեքստում թերևս  արժե հարց տալ հայերենի մասին տրվող հարցերի դիրքերը քննելու անհրաժեշտության մասին: Ո՞ր դիրքերից հարցեր տալ հայերենի մասին. սա հավանաբար հայերենի մասին առաջնահերթ հարցերից մեկն է:

Մարիամ Կարապետյան, Բ. գ. թ., մեդիայի հետազոտող

--------------------------------------------------------------------

[1] «Մեդիայի նշանագիտության ներածություն», Եր., ԵՊՀ հրատ., 2018 թ., էջ 60:

[2] Հ. Բայադյան, Հարմարվողականության լեզուն:

[3] Հարցին պատասխանելիս նաև մեջբերումներ եմ անում իմ տված մի հարցազրույցից:

[4] Թեմայի մասին տե՛ս նաև Մ. Կարապետյան, Մշակույթ և մերձավորություն:

[5] Հ. Բայադյան, Լեզվի լեգիտիմության աղբյուրները։ 

[6] Թեմայի վերաբերյալ բանավեճեր տե՛ս, օրինակ։ 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter