
Ն. Փաշինյան. «Եթե գաղտնի գրիֆով Է գնացել, չի նշանակում, որ հանրությունից գաղտնի պահելու նպատակով է արվել»
Նախարարների աշխատավարձերի բարձրացումը գաղտնի չի արվել, հարցը բավարար չափով քննարկվել է թե' խոհրդարանում, թե' հանրության հետ:
Այս մասին Ազգային Ժողով-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրառանալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցադրմանը:
Մարուքյանը հարց էր հղել Հետք-ի հոդվածի վերաբերյալ` հետաքրքրվելով, թե ինչու է կառավարության որոշ անդամների աշխատավարձը գաղտնի կրկնապատկվել: Պատգամավորը նաև հարցրեց, թե ինչու է անտեսվել Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքը, քանի որ պետական պաշտոնյաների աշխատավարձերի գործակիցները կարող են փոփոխվել միայն օրենքի փոփոխության արդյունքում, սակայն օրենսդիրը այդ փոփոխություններից տեղյակ չէ:
«Խնդիր եմ տեսնում, որ սա առանց խորհրդարանի է եղել և գաղտնիության մեջ է խնդիրը, ինչու օրենքը չի բերվել խորհրդարան»,-հարցրեց Մարուքյանը:
«Որոշման արդունքում ձեր նշած ոչ բոլոր սուբյեկտների աշխատավարձն է բարձրացվել, ոմանցը իջել է, ոմանցը` բարձրացվել: Որոշման անկյունաքարային նշանակությունը դրա մեջ է: Անցած տարի պարգևատրումային, այսպես կոչված սկանդալի արդյունքում, այս դահլիճում քննարկումներ ենք ունեցել և արձանագրել ենք, որ որոշակի դիսպրոպորցիա կա, և խնդիր է դրվել, որ նույն սանդղակի մարդիկ նույն աշխատավարձը պետք է ստանան: Մենք էս պրոցեսը տարել ենք հրապարակային»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով` պետական բյուջեի քննարկման ժամանակ ևս ինքն ասել է, որ եթե նախկինում պարգևատրումների ֆոնդ ուներ մի քանի մարմին, այժմ բոլոր մարմինների համար սահմանել են պարգևատրումների ֆոնդ:
«Դուք իմացել եք դրա մասին ու քվեարկել եք դրա օգտին»,-ասաց նա:
Փաշինյանի խոսքով` ինք պաշտպանել է այն դիրքորոշումը, որ պաշտոնյաները պետք է ստանան արժանապատիվ աշխատավարձ:
«Մենք համարել ենք որ հանրության հետ բավարար չափով քննարկում ենք ունեցել, որ այդ հարցը լուծենք: Եթե գաղտնի գրիֆով Է գնացել, չի նշանակում որ հանրությունից գաղտնի պահելու նպատակով է արվել»,-ասաց նա:
Փաշինյանի համոզմամբ` անհնար է նախարարի աշխատավարձը գաղտնի պահել, քանի որ նախարարը հանրային ծառայող է, լրացնում է հայտարարագիր, և ցանկացած անձ կարող է հաշվել վերջինիս աշխատավարձը:
Վարչապետը նաև տեղեկացրեց, որ կառավարությունում աշխատանքային խումբ է ձևավորվել քաղաքացիական ծառայության ամբողջ համակարգը բարեփոխելու համար:
Մեկնաբանել