HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ջիլիզայի անտառտնտեսությունում» անտառահատումները շարունակվում են

Հոկտեմբերի 21-ին Ջիլիզա տանող ճանապարհի «Ռսի թալա» հանդամասում փայտանյութ էր թափված: Փայտակույտերի մեջ նաև շինափայտ կար: Փայտակույտերի մոտ ոչ ոքի չհանդիպեցինք:

Ընդամենը 20 րոպե հետո Ջիլիզայի վարչական շենքի մոտ մեզ մոտեցան «Ջիլիզայի անտառտնտեսություն» անտառների պահպանության բաժնի պետ Արմեն Ղազինյանը և «Ախքյորփի» ու «Խոժոռնի» անտառապետությունների անտառապետերը:

Արմեն Ղազինյանը մեզ ներկայացրեց «Ռսի թալա» հանդամասում թափված փայտի ֆինանսական փաստաթուղթը: Անտառի աշխատողների հետ որոշեցինք փաստաթղթի մեջ առկա տվյալները ստուգել փայտանյութի մոտ: Դեռ նոր էինք հասել փայտանյութի մոտ, երբ հատատեղից այդտեղ հասավ փայտով բեռնված բեռնատարը:

Խոժոռնի անտառպետության անտառապետ Տիգրան Ղարիբյանն ասաց, որ ավտոմեքենայում եղած փայտը բոխի է: Բեռնատարի վարորդի մոտ փայտը տեղափոխելու փաստաթուղթ չկար: Ըստ գործող կարգի՝ փայտանյութը տրամադրող  անտառապահի կողմից հատատեղից մինչև գնորդի ավտոմեքենային կամ ներքին պահեստ հասնելը ավտոմեքենայի վրա պետք է փակցվի պիտակ, որի վրա նշվում են հատատեղի համարը, գնորդի ավտոմեքենայի կամ ներքին պահեստի գտնվելու վայրը և տեղափոխվող փայտի քանակը: Պիտակը կնքում է անտառապետը: Նման տեղեկատվություն պարունակող փաստաթուղթ ավտոմեքենայի վրա չկար:

«Ձեր լուսանկարած փայտը  Ջիլիզայի անտառտնտեսության վրա դրված պլանային առաջադրանքով նախատեսված փայտ է, հիմա մենք վաճառք ունենք, տեղում տրանսպորտը կանգնած է, բեռնում են փայտը, փաստաթղթերը կա, գնորդը կա»,- ասաց Արմեն Ղազինյանը:

Անտառային օրենսգրքի համաձայն՝ բնափայտի մթերումն իրականացվում է միջանկյալ (խնամքի) և սանիտարական հատումների, իսկ հասուն և գերհասուն ծառուտներում՝ անտառավերականգնման հատումների միջոցով:

«Ռսի թալա» հանդամասում կուտակված հսկա կոճղերը սանիտարական հատումների կամ  անտառավերականգնման միջոցով պատրաստված փայտանյութ  չէին հիշեցնում: Թափված փայտանյութը բարձրորակ էր:

Արմեն Ղազինյանի ասելով՝ փայտանյութը տեղափոխվել է «Ռսի թալա» հանդամասից 6 կմ հեռու գտնվող «Ախքյորփու» անտառապետության 18-րդ հատատեղից: Փայտակույտի մոտ մեծ բեռնատար էր կանգնած: Անտառտնտեսության ներկայացրած ֆինանսական փաստաթղթով ավտոմեքենան պետք է բարձվեր 25 խմ փայտ, 1 խմ՝ 16 հազար 200  դրամ արժեքով:

«Փայտը տանում ենք Արմավիր»,- հայտնեց մեքենայի մոտ կանգանծ մի տղամարդ: Ըստ ֆինանսական փաստաթղթի՝ փայտի գնորդը Արկադի Տիգրանի Ղարիբյանն էր:

«Քնած է, չեք կարող նրան տեսնել»,- ասաց անտառապետ Տիգրան Ղարիբյանը: Փորձեցինք  ուսումնասիրել նաև գնորդի՝ փայտի գնման ֆինանսական փաստաթուղթը: Մեզ չհաջողվեց տեսնել գնորդին, նա թաքնվեց:

«Ջիլիզայի անտառտնտեսության» անտառների պահպանության բաժնի պետ Արմեն Ղազինյանի մեզ տրամադրած փաստաթղթով  Ջիլիզիայի անտառտնտեսության տնօրեն Արամ Բարոյանը 25 խմ վառելափայտն անտառտնտեսության պահեստից դուրս էր գրել անտառապետ Հենրիկ Մոսինյանի և հաշվապահ Մ. Աբելյանի միջոցով:  Փաստաթղթով՝ 25 խմ որակյալ փայտանյութը վաճառվել էր  Խոժոռնու անտառապետ Տիգրան Ղարիբյանի որդուն՝ Արկադի Ղարիբյանին:

2019 թ. մայիսին «Հայանտառի» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով Հենրիկ Մոսինյանը ազատվել էր «Ախքյորփու» անտառապետի պաշտոնից: Արմեն Ղազինյանը հայտնեց, որ Հենրիկ Մոսինյանը դատարանի վճռով վերականգնվել է անտառապետի աշխատանքում:

«Այս փայտը հաճարի ծառ է, մեծ կոճղերը շինափայտի արանքի չափում է: Այս կտորները շինափայտ կտրելիս է առաջացել: Սա որպես վառելափայտ է գնում: Երկարություն ունեցողները շինափայտ են գնում: Էդ մնացորդայինից, որոնք 1 մետր 40 սմ են մնացել, հնարավոր չէ շինափայտ օգտագործել, վառելափայտ են դարձել»,- բացատրում էր Տիգրան Ղարիբյանը:

Շինափայտի 1 խմ-ը 35 հազար դրամ է, սակայն փայտակույտում, ինչպես շինափայտ գերանները, այնպես էլ հսկա կոճղերը ֆինանսական փաստաթղթով գնահատվել էին որպես վառելափայտ:

Անտառտնտեսության աշխատողներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր ազգանունը, բացատրեց, որ 1մ 40 սմ երկարությամբ շինափայտ գերանից պատրաստվում են մանրահատակ և կահույքի դետալներ: «Եթե իսկապես այդ կոճղերը որպես վառելափայտ էր վաճառվելու, դրանք վաճառելիս պետք է այդքան մեծ չթողնեին»,- բացատրեց  զրուցակիցս: 

«Ջիլիզայի անտառտնտեսության» մասնաճյուղի 2019թ.-ի փայտանյութի պատրաստման պլանը կազմում է 2510 խմ: Արմեն Ղազինյանի խոսքով ՝ անտառտնտեսությունում 2000 խմ փայտանյութն արդեն մթերել են, 500 խմ-ը մինչև տարեվերջ պետք է մթերվի:

Հենրիկ Մոսինյանը մոտ 10 տարի աշխատել է «Ախքյորփու» անտառապետության անտառապետ:

Հիշեցնենք, որ «Ջիլիզայի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Արամ Բարոյանի թողտվությամբ Ջիլիզայի «Ռսի թալա» հանդամասում 2018թ.-ի ձմռանը Կարեն Վարոսյանը փայտածուխի արտադրամաս էր հիմնել: Կարեն Վարոսյանը Հենրիկ Մոսինյանի կնոջ որդին է, ինչպես ինքն է ասում` իր տղացուն: 

«Հետքը» պարզել է, որ Կարեն Վարոսյանն արտադրամաս հիմնելու համար չի ունեցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և մասնաճյուղի տնօրինության թույլտվությունը: Փայտածուխի արտադրությանում ապահոված չէր նաև անտառի հակահրդեհային անվտանգությունը:

Հոկտեմբերի 21-ին Արմեն Ղազինյանը մեզ հայտնեց, որ «Ռսի թալա» հանդամասում փայտածուխի արտադրամասի գործունեությունը դադարեցվել է:  

«Մեր կողմից չի դադարեցվել, դադարեցվել է վերևից՝ «Հայանտառի» կողմից: Ու քանի որ նպատակ չկա հետագայում փայտածուխի արտադրամասն այլևս շահագործելու, մենք դիմել ենք շահագործող անձանց, որ ապամոնտաժեն այդ արտադրամասը»,- ասաց Արմեն Ղազինյանը:

տես նաեւ՝  Ջիլիզայի անտառների թալանը շարունակվելու է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter