HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հեռակա ուսուցումը կփոխարինվի նոր գաղափարով, դեկանները կնշանակվեն. ի՞նչ է փոխելու նոր օրինագիծը

Սեպտեմբերին «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագծի աշխատանքային տարբերակը ներկայացվել է բարձրագույն ուսումնական հաստատություններին: Այն առայժմ հրապարակված չէ հանրության լայն շերտերի համար, սակայն արդեն հասցրել է աղմուկ հանել՝ հայտնվելով իրարամերժ կարծիքների թիրախում:

Հոկտեմբերի 3-ին ԵՊՀ գիտխորհուրդը քննարկվել է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագիծը: ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը, մասնավորապես, նշել է հետեւյալը. «Ըստ իս՝ օրենք գրելուց առաջ պետք է քննարկել հիմնական սկզբունքները, այսինքն՝ համաձայնության գալ ընդհանուր հայեցակարգի շուրջ, այնուհետեւ հանձնարարել մասնագետների խմբին, որոնք պրոֆեսիոնալ ձեւով օրենք կգրեն: Իհարկե, դրանից հետո էլ կարող են քննարկումներ եւ առաջարկներ լինել, բայց դրանք արդեն թեթեւ խմբագրական բնույթ կունենան: Օրենքի այս նախագիծն արդեն երրորդ տարին է շրջանառվում, դրույթներ կան, որ ներառվում են, հետո հանվում: Պարզ չէ, թե որ պահին պիտի ամրագրենք, որ ընդունելի լինի գիտակրթական հանրությանը: Միակ հիմնարար նոր դրույթը, որ այսօր կա այս նախագծում, գիտության ներառումն է»:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանը «Հետքի» հետ զրույցում անդրադարձել է օրինագծի որոշ դրույթների:

Սողոմոնյանն ասում է, որ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության» մասին գործող օրենքն ընդունվել է 2004-ին, սակայն դանից հետո բավական ժամանակ է անցել, իրողություններ են փոխվել, հետեւաբար, օրենքը կարիք ունի փոփոխության: Ըստ «Հետքի» զրուցակցի՝ ներկայացված օրինագիծը կարելի է առաջընթացային համարել վերապահումներով, քանի որ փոփոխության ենթակա դրույթներ, խոչընդոտող կետեր կան:

Մ. Սողոմոնյանի խոսքով՝ այս օրինագիծը կարգավորում է բացառապես պետութան մասնակցությամբ ստեղծված բուհերի գործունեությունը, եւ չի անդրադառնում մասնավորներին: Հետեւաբար, ըստ ԵՊՀ դոցենտի, մրցակցության տեսանկյունից պետական բուհերը հայտնվում են ոչ շահեկան դիրքերում, քանի որ ավելի շատ սահմանափակումներ կտարածվեն դրանց վրա:

Բարձրագույն կրթության եւ գիտության քաղաքականության միահյուսումը հարցեր է առաջացնում

Մեր զրուցակիցն ասում է, թե նոր նախագծով փորձ է արվում միահյուսել բարձրագույն կրթության եւ գիտության քաղաքականությունները, սակայն հարցն այն է, որ օրինագիծը սահմանափակվում է միայն նպատակի ձեւակերպմամբ: Այսպես՝ ձեւակերպվում է նպատակ, ըստ որի՝ բարձրագույն կրթությունն ու գիտությունը պետք է միահյուսվեն կադրային ներուժը զարգացնելու, ավելի արդյունավետ օգտագործելու տեսանկյունից, բայց այդ ինտեգրմանը վերաբերող գործառույթները սահմանված են միայն ասպիրանտական կրթության համար (oրինագծով նախատեսվում է, որ բուհն ու գիտական կազմակերպությունը համատեղ են մշակելու ասպիրանտական կրթության ծրագիրը), իսկ ահա բակալավրիատի ու մագիստրատուրայի մասին այդ համատեքստում անդրադարձ չկա: «Շատ կարեւոր է, որ ինտեգրումն սկսվի հենց բակալավրիատից, եւ երբ խոսում ենք հետազոտահեն կրթության մասին, պետք է նկատի ունենանք ոչ միայն ասպիրանտուրան»,- նկատում է Մենուա Սողոմոնյանը:

Հեռակա ուսուցումը կփոխարինվի մասնակի բեռնվածության գաղափարով

Նոր նախագծով հեռակա ուսուցումը կվերանա, սակայն դրան փոխարինելու է մասնակի բեռնվածության գաղափարը, ինչը Սողոմոնյանը ողջունում է:

«Ի՞նչ էր իրենից ներկայացնում հեռակա ուսուցումը: Ուսանողի լսարանային բեռնվածությունն ավելի քիչ էր լինում, այսինքն՝ եթե ստացիոնարի սովորողը մի կիսամյակի ընթացքում դասի էր գալիս 4 ամիս, հեռակայի ուսանողը՝ 1 ամիս, մնացածը մնում էր նրա  ինքնուրույն աշխատանքին: Այս մեթոդը որակյալ կրթության տեսակետից չի աշխատում: Միեւնույն ժամանակ այդ դեպքում թե՛ ստացիոնար, թե՛ հեռակա սովորողները պարտավոր էին լրացնել նույն չափի կրեդիտներ: Հիմա սահմանվում է մասնակի բեռնվածության գաղափարը, որի էությունը հետեւյալն է. եթե լրիվ բեռնվածությամբ սովորող ուսանողը պետք է տարեկան ապահովի կրեդիտների մինիմում 75 տոկոսը եւ կարող է սովորել 4-6 տարի, ապա մասնակի բեռնվածության դեպքում ուսանողը պարտավոր է ապահովել կրեդիտների մինիմում 50 տոկոսը եւ սովորել ավելի երկար: Այսինքն՝ եթե դու աշխատում ես, բայց միեւնույն ժամանակ համալսարան ես գալիս, որ որակյալ կրթություն ստանաս, ոչ թե պետք է բոլոր առարկաներն անցնես մի ամբողջ ժամանակահատվածում՝ գլխառադ անելով, կիսատ-պռատ անցնելով, այլ արի քիչ դասերի նստի, բայց որակյալ ձեւով սովորի: Սովորելու տարիներն էլ ուսանողն է որոշում, եւ սրա առավելությունն այն է, որ ինքն է ձեւավորում իր ուսումնական պլանը»,- բացատրում է Մենուա Սողմոնյանը:

Հայոց լեզվի, գրականության եւ հայոց պատմության ուսուցման մասին

Հայոց լեզուն, գրականությունն ու հայոց պատմությունը բուհերում ոչ պարտադիր դարձնելու դրույթը մեծ աղմուկ է հանել: Այս առումով ԵՊՀ դասախոսը նախ ընդգծում է, որ հայի տեսակի պահպանման, հայի ինքնության տեսակետից անառարկելիորեն կարեւոր են այս երեք առարկաները:

Բայց միաժամանակ շեշտում է, որ աշակերտը 12 տարի դպրոցում սովորելիս պետք է տիրապետի հայոց լեզվին ու գրականությանը, հայոց պատմությանը, պետք է կարողանա իր մտքերն արտահայտել հայերեն: «Հետքի» զրուցակցի խոսքով՝ չնայած այսքան ժամանակ հայոց լեզուն ու պատմությունը պարտադիր են եղել բուհերի ուսումնական ծրագրերում, դրանց դասավանդումը չի ադապտացվել համապատասխան մասնագիտությունների պահանջներին, ինչպես, օրինակ, տնտեսագետների համար հայոց լեզուն չի ուսուցանվել տնտեսագիտության տեսանկյունից (համապատասխան բառապաշարով), փոխարենը տնտեսագետը պետք է ստուգարք հանձնելիս պատասխանի հարցերի, որոնք լեզվաբանների համար են, ինչը նշանակում է, որ այդ դեպքում ուսանողը պարզապես անգիր է անում նյութն ու շատ արագ մոռանում:

Դեկանները կնշանակվեն ռեկտորի կողմից, ամբիոնի «ցմահ» վարիչներ չեն լինի

Բուհի կառավարման նորություններից մեկը դեկանների նշանակումն է ռեկտորի կողմից 5 տարի ժամկետով: Նշենք, որ ներկայում դեկաններին ընտրում են ֆակուլտետների գիտխորհուրդները: Խոսելով դեկանի նշանակման կետի մասին՝ Մ. Սողոմոնյանն ասում է, թե երբեւիցե չի լսել, որ որեւէ պաշտոնում նշանակումը ժամկետով լինի, այդպիսին լինում է ընտրությունը: «Ես դեմ չեմ լինի, որ դեկանները նշանակվեն, բայց դա պիտի այն դեպքում լինի, երբ նրանք ֆակուլտետում չունենան լայն լիազորություններ ֆորմալ եւ ոչ ֆորմալ առումով: Այսինքն՝ ուժեղ լիազորություններով դեկանի պաշտոն ունենալիս նրան նշանակելն արդեն պրոբլեմատիկ է»,- ասում է Մենուա Սողոմոնյանը՝ հավելելով, որ եթե նշանակված դեկանն իր աշխատանքով չարդարացնի, ապա այդ դեպքում նրան նշանակողը պետք է պատասխանատվություն կրի:

Ներկայացված օրինագծով ամբիոնի «ցմահ» վարիչներ այլեւս չեն լինի: Այսուհետ ամբիոնի վարիչի պաշտոնը հնարավոր կլինի զբաղեցնել անընդմեջ երկու անգամից ոչ ավելի՝ յուրաքանչյուր ժամկետը՝ 5 տարի:

«Գործող օրենքների դրույթներն այլեւս լիովին համահունչ չեն միջազգային չափանիշներին»

Գիտության եւ բարձրագույն ու հետբուհական կրթության մասին օրենքները միավորելու գաղափարը վաղուց էր շրջանառվում: Այս տարվա հունիսին գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը «Հետքի» հետ զրույցում նշել էր, որ 2018-ի իշխանափոխությունից հետո իրենց հաջողվել էր համաձայնության գալ նախարար Արայիկ Հարությունյանի հետ երկու օրենքները միավորելու վերաբերյալ: Խոսքը «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» (2004 թ.) եւ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» (2000 թ.) օրենքների մասին է:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը «Հետքին» հայտնել է, որ նոր օրինագիծը մշակվել է նախարարությունում, որին մասնակցել է նաեւ գիտության կոմիտեն:

Հարցին, թե այս նախագիծը բովանդակային առումով ինչով է տարբերվում գործող օրենքներից, եւ արդյոք այն համապատասխանեցված է Բոլոնիայի գործընթացին, Ս. Կարաբեկյանը պատասխանել է. ««Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» եւ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» գործող ՀՀ օրենքներով, ինչպես նաեւ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության ոլորտը կանոնակարգող «Կրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված համապատասխան դրույթներն այլեւս լիովին համահունչ չեն միջազգային չափանիշներին, այդ թվում՝ Բոլոնիայի գործընթացից բխող իրողություններին, չեն ապահովում կամ մասնակի են ապահովում բուհ-հետազոտություն-տնտեսություն կապը, բարձրագույն կրթության երրորդ մակարդակի կրթություն իրականացնող գիտահետազոտական կազմակերպությունների ու բուհերի մոտեցումների միասնականացումը, դրանց արդյունավետ փոխգործակցությունը, ինչպես նաեւ բուհերի եւ գիտահետազոտական կառույցների կազմակերպաիրավական ձեւից ու կարգավիճակից կախված կառավարման, ինքնավարության, ակադեմիական ազատությունների, ֆինանսավորման եւ հաշվետվողականության անհրաժեշտ լիարժեք մեխանիզմները»:

Նոր օրենքի ընդունման նպատակը նախարարի խորհրդականը բացատրել է այսպես. ««Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի ընդունման նպատակն է բուհերի եւ գիտական կազմակերպությունների ինքնավարության եւ ակադեմիական ազատությունների ընդլայնման, արդյունավետ կառավարման, հավասարակշռված հաշվետվողականության եւ թափանցիկության մեխանիզմների ինստիտուցիոնալ հենքի, իրավական հիմքերի ստեղծման ապահովումը՝ բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտների բարեփոխումների իրականացման համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։