
Սևանա լճից լրացուցիչ ջրառն արգելող նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի հեղինակած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկը:
Այս փոփոխություններով պատգամավորն առաջարկում է, որ օրենքով թույլ չտրվի տարեկան 170 մլն խմ չափաքանակից ավելի ջրառ իրականացել Սևանա լճից: Նախագիծն ընդունվեց 73 կողմ, 8 դեմ 37 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Այս նախաձեռնությանը Կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել` համարելով այն ոչ նպատակահարմար:
Քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ խմբակցությունն ազատ է քվեարկելու:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ իրենք մտահոգություն ունեն, որ նախագիծը զուտ սիմվոլիկ բնույթ է կրելու, ուստի ձեռնպահ են քվեարկելու:
Մեկնաբանել