
Պաշտպան. «Նուբարաշենում տեղի ունեցած միջադեպի գործով միակ մեղադրյալը Սեդրակ Օսիպյանն է, մյուսների նկատմամբ հետապնդումը դադարեցվել է»
Նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի եղբորորդու` Սեդրակ Օսիպյանի մասնակցութամբ քրեական գործով անցնող Սարգիս Հովհաննիսյանի, եղբայրներ Վանուշ և Վիգեն Ալեքսանյանների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Գործով այս պահին մեղադրյալի կարգավիճակ ունի միայն Սեդրակ Օսիպյանը: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Սարգիս Հովհաննիսյանի պաշտպան Լուսինե Վիրաբյանը:
Հիշեցնենք, որ 2014 թվականի հունիս ամսին Նուբարաշենում Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով դանակահարվել է Վանուշ Ալեքսանյանը: Բժիշկները ստիպված են եղել հեռացնել հիվանդանոց տեղափոխված Ալեքսանյանի փայծաղը:
Ոստիկանությունը տեղի ունեցած միջադեպի մասին հայտնել էր երեք օր անց, Սեդրակ Օսիպյանը գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Օսիպյանի եղբորորդին իրավապահներին ներկայացել էր միայն այն բանից հետո, երբ նրա նկատմամբ ազատազրկման հետ չկապված խափանման միջոց էր ընտրվել:
Այն բանից հետո, երբ արդեն հայտնի էր դարձել վերը նշված միջադեպի մասին, քաղաքացի Սուսաննա Հովհաննիսյանը բարձրաձայնել էր, որ 2014-ին Երևանի փոխոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Վալերիյ Օսիպյանը փորձել է համոզել, որպեսզի որդին՝ Սարգիս Հովհաննիսյանը, իր վրա վերցնի դանակահարությունը: Վալերիյ Օսիպյանի վերաբերյալ մամուլում արված հայտարարության հիման վրա քրեական գործ էր հարուցվել, որը հետագայում կարճվել է: 2015 թվականի սեպտեմբերի 11-ին կասեցվել էր նաև դանակահարության առթիվ հարուցված քրեական գործի վարույթն այն հիմքով, թե «հայտնի չէ անձը, որ գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ»:
2018 թվականին, այն ժամանակահատվածում, երբ Վալերիյ Օսիպյանը ոստիկանապետ էր, քրեական գործի վարույթը վերսկսվել է: Գործով մեղադրյալի կարգավիճակ էին ստացել չորս անձինք` Սեդրակ Օսիպյանը, Սարգիս Հովհաննիսյանը, Վիգեն և Վանուշ Ալեքսանյանները: Օսիպյանի, Վանուշ և Վիգեն Ալեքսանյանների նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Սարգիս Հովհաննիսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում և խափանման միջոց ընտրվել կալանավորումը: Այժմ Հովհաննիսյանի կալանավորման որոշումը ևս վերացվել է:
Լուսանկարում՝ փաստաբան Լուսինե Վիրաբյանը
Լուսանկարը՝ Iravaban.net-ի
Մեկնաբանել