HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արամի փողոցի բնակիչը պարզել է, որ իր գույքն այլևս իրենը չէ 

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունն ուսումնասիրում է հուշարձան համարվող Արամի 9 շենքի քանդման հանգամանքները: 

Քննությունը սկսվել է այս տարվա ապրիլին՝ դատախազության ուսումնասիրության արդյունքում: Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ գործով դեռեւս մեղադրյալ չկա։

Դատախազությունը ապրիլին հայտնել էր, որ Արամի 9 հասցեի շենքը քանդվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց տրամադրած քանդման թույլտվությունների և մշակույթի նախարարության պաշտոնատար անձանց կողմից՝ հուշարձանների պահպանության և օգտագործման վերահսկողական գործառույթը չկատարելու հետեւանքով: Նշենք, որ օրենքով արգելվում է հանրապետական նշանակության հուշարձանները քանդել:

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և այդ կերպ ծանր հետևանքներ առաջացնելու հատկանիշներով էլ հարուցվել է քրեական գործը։

Արամի 9 հասցեի նախկին բնակիչ Իսահակ Վարդանյանն արդեն 13 տարի պայքարում է իր բնակարանը հետ ստանալու համար։ Վարդանյանը պնդում է, որ բնակարանն իրենից վերցրել են կեղծիքներով և պարտադրելով։

Այս տարվա փետրվարին Իսահակ Վարդանյանը պարզել է, որ իր գույքը հանդիսանում է «Օլդ Սիթի» ՓԲԸ-ի սեփականությունը, թեև իր հետ գույքի վաճառքի հիմնական պայմանագրի չի կնքվել, գույքի հանձնման-ընդունման ակտ չի կազմվել։

Նշենք, որ Կառավարության 2014 թվականի որոշմամբ՝ «Օլդ Սիթի» ՓԲԸ-ն հանդիսացել է «Հին Երևան» նախագծի կառուցապատող, թեև ի սկզբանե գործադիրը որոշել էր, որ դրա կառուցումն իրականացնելու են «Գլենդել Հիլզ» և «Ի Էմ Սի» ընկերությունները։ Այս երեք ընկերությունների սեփականատերը Վահե-Վասկեն Յաքուբյանն է: 

Իսահակ Վարդանյանը 2019 թ.-ի փետրվարին Կադաստրի պետական կոմիտեից ստացած պատասխանից պարզել է, որ 2007 թվականի դեկտեմբերի 25-ին՝ իր հետ նախնական պայմանագիր կնքելուց հինգ օր անց, գույքն արդեն ձևակերպվել է որպես «Գլենդել Հիլզ» ընկերության սեփականություն։

«2007 թվականի դեկտեմբերի 25-ին «Գլենդել Հիլզ»-ն իր անունով ձևակերպել է անօրինական սեփականության վկայական։ Քանի որ գույքը որպես սեփականություն պետք է ձևակերպվեր միայն հիմնական պայմանագրի հիման վրա և հանձնման-ընդունման ակտի առկայության դեպքում, որը չկա»,- ասում է Իսահակ Վարդանյանը։

Նշենք, որ Քաղաքացիական օրենսգրքով նախնական պայմանագրով կողմերը պարտավորվում են ապագայում կնքել գույք հանձնելու հիմնական պայմանագիր։ Իսկ նախնական պայմանագիրը կնքվում է հիմնական պայմանագրի համար սահմանված ձևով։

Կադաստրի կոմիտեից ստացված փաստաթուղթը ստանալուց հետո՝ այս տարվա մարտին, Վարդանյանը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր և ոչ իրավաչափ ճանաչել «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն ու օտարումը։

Սակայն դատարանը մերժել է հայցը՝ պարզաբանելով, որ հայցվորների և «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի միջև ծագած հարաբերությունները հանրային բնույթ չեն կրում, ուստի չեն կարող վիճարկման առարկա դարձնել Վարչական դատարանում: Գործն այժմ Վարչական վճռաբեկ դատարանում է։

Շենքը պատկանել է Երևանի քաղաքային դումայի պատգամավոր Ֆադեյ Քալանթարյանին: Այստեղ 1917-1919թթ. ապրել է Հայաստանի առաջին հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանը:

Ինչպես Վարդանյանների գույքն անցավ «Գլենդել Հիլզ»-ին

Արամի 9 հասցեի շենքի հետ կապված գործընթացները սկսվեցին 2007 թվականի հունվարի 25-ին, երբ Կառավարությունը որոշեց Արամի 9 հասցեի շենքը գերակա շահ ճանաչել, որի ձեռք բերողը դարձավ «Գլենդել Հիլզ» ընկերությունը։ Վարդանյաններն այնտեղ էին բնակվում 1981 թվականից՝ 91 քմ մակերես ունեցող բնակարանում:

Իսահակ Վարդանյանը «Հետք»-ին պատմեց, որ մինչ իր բնակության տարածքը գերակա շահ ճանաչելը, իրենից կարծիք չեն հարցրել, իր հետ քննարկումներ չեն ունեցել, փոխհատուցման մասին չեն հայտնել։ «Հայաստանում չեմ եղել, հայրս է եղել տանը, տուն են մտել ու ասել՝ ձեր տունը պետական կարիքների համար գերակա շահ է ճանաչվել, դուք պետք է տնից դուրս գաք, վաճառեք մեզ: Ձեռք բերող են համարել «Գլենդել Հիլզ» ընկերությանը։ Ձեր տունն արդեն ձերը չէ»,- ասաց Վարդանյանը։

Ընտանիքը, իմանալով «Գլենդել Հիլզ» ընկերության իշխանության հետ ունեցած կապերի մասին, այլ ելք չի ունեցել եւ կնքել է նախնական պայմանագիր։

Վարդանյանների հետ կնքված նախնական պայմանագրով սահմանվել է, որ ընտանիքին որպես իրենց բնակարանի փոխհատուցում 37 քմ մակերեսով բնակարան կտրամադրվի՝ Արգիշտի փողոցում գտնվող «Գլենդել Հիլզ» թաղամասում։

Սակայն նրանք հրաժարվել են ընդունել այդ բնակարանը, քանի որ այն բավարար չի եղել 6 հոգուց բաղկացած ընտանիքի համար։ Բացի այդ, բնակարանը պետք է պատրաստ լիներ դրանից երեք տարի անց, այնինչ, Իսահակ Վարդանյանի խոսքով՝ անհայտ էր, թե մինչ այդ ընտանիքը որտեղ պետք է բնակվի կամ արդյոք դրա համար նրանց փոխհատուցում տրամադրվելու է, թե ոչ։ Նախնական պայմանագիր կնքելուց երեք տարի անց էլ ընտանիքին չեն հայտնել, որ իրենց բնակարանը պատրաստ է, կարող են տեղափոխվել այնտեղ։

Վարդանյանների փաստաբանը «Գլենդել Հիլզ» ընկերությանն առաջարկել է նախնական պայմանագրում կատարել փոփոխություն և Վարդանյաններից գնել 90 քմ մակերեսով բնակարանը՝ 37 քմ-ի փոխարեն կամ Արգիշտի փողոցում հատկացնել 90 քմ մակերեսով բնակարան՝ 37 քմ-ի փոխարեն։ Սակայն ընկերությունը հրաժարվել է փոփոխություններ կատարել։

Նախնական պայմանագրից հետո ընտանիքի հետ հիմնական պայմանագիր չի կնքվել, Իսահակ Վարդանյանը վստահեցնում է, որ եթե առաջարկեին էլ, չէին կնքի, քանի որ ընկերությունն իրենց խաբել է քմ-ի հաշվարկում։ «Մենք իրավունք չունեինք համաձայնել կամ չհամաձայնվել, դա պարտադրանքի պես բան էր, և մեզ ասեցին՝ եթե դուք չստորագրեք այս նախնական պայմանագիրը, դուք կմնաք փողոցում»,- ասում է Իսահակ Վարդանյանը։

Վարդանյանների՝ 37 քմ-ը մակերեսը հաշվարկել է «Երևանի կառուցապատման ներդրումային» ԾԻԳ-ը՝ չափագրելով բնակության տարածքը։ Հաշվարկել է հյուրասենյակն ու սենյակը, սակայն, ըստ Իսահակ Վարդանյանի՝ չի հաշվարկվել միջանցքները, միջանցքները կապող տարածքը, պատշգամբները, խոհանոցն ու լոգարանը, որոնց տարածքը միասին կազմել է 91 քմ։

Դատավարության ընթացքում՝ փաստաթղթերի ուսումնասիրության ժամանակ, Իսահակ Վարդանյանը պարզել է, որ սեփականության վկայականի հատակագծում որպես սեփականատիրոջ ստորագրություն դրված է նաև իր ստորագրությունը։ Այնինչ պնդում է, որ ինքը որևէ փաստաթղթի վրա չի ստորագրել և այն միտումնավոր դրվել է, որպեսզի այդ փաստաթուղթն ուժ ստանա։

«Մեր օգտագործած տարածքները ԾԻԳ-ը համարել է, որ մերը չէ, հարցին՝ եթե մեր զուգարանը մեզ չի պատկանում, ապա ում է պատկանում, ԾԻԳ-ի պատասխանը եղել է հետևյալը՝ ձեր զուգարանը պատկանում է քաղաքապետարանին։ Զարմացած ասեցի՝ մենք ուրեմն քաղաքապետարա՞ն ենք գնացել զուգարան։ Քանի որ ԾԻԳ-ի աշխատակիցները տեսան, որ մեր տարածքներն ավելին են, քան իրենք ցանկանում են, նրանք ոչ մի քարտեզ, ոչ մի հատկագիծ չեն գծում և չեն ցանկանում մեզ տրամադրել այդ գծագիրը։ Եթե մենք այդ գծագիրը տեսնեինք, կբողոքարկեինք։ Բայց որպեսզի մենք չկարողանայինք բողոքարկել, մեզ անգամ ցույց չեն տալիս այդ գծագիրը, և  մենք այդ չափագրումը բողոքարկելու ժամկետը կորցնում ենք»,- ասում է Իսահակ Վարդանյանը։

Խնդիրը կարգավորելու և իրենց բնակարանը հետ ստանալու համար Վարդանյանները դիմել են Երևանի քաղաքապետարան, վարչապետի և նախագահի աշխատակազմեր, սակայն այնտեղից եկել են պատասխաններ, որ տարածքը գերակա շահ է ճանաչվել, իրավունք չունեն այլևս այդ հարցերով զբաղվել։

««Գլենդել Հիլզ» կազմակերպությունը, քաղաքապետարանն ու Կառավարությունը պարտավոր էին ներկայացնել եռակողմ պայմանագիր՝ ովքեր են, ինչ են ուզում անեն։ Ոչ մի բան, ոչ մի ներդրումային ծրագիր մեզ չի ներկայացվել»,- ասում է նա։

Արամի 9 հասցեի շենքն այժմ կիսաքանդ է։ Այն քանդվել է Երևանի քաղաքապետի 2008 թվականի թույլատվությամբ։

Ներպետական դատարանները մերժել են նախնական պայմանագրում փոփոխություններ անելու պահանջը

Վարդանյանները իրենց խախտված իրավունքը վերականգնելու և կնքված նախնական պայմանագրում փոփոխություններ անելու պահանջով 2008 թվականին դիմել են դատարան։ Գործը քննվել է դատական երեք ատյաններում և մերժվել։

«Եթե մինչ դատարան մտնելը՝ 2008 թվականը, մենք պայքարում էինք մեր քմ-ի համար, որ գոնե մեզ հատկացնեն նորմալ բնակարան, որտեղ կկարողանանք ապրել։ Հիմա՝ ներկա դրությամբ, հարցն ուրիշ կերպ է դրվում, որովհետև բազմաթիվ խաբեություններն ու կեղծիքները, որ տեսանք, մենք կտրականապես դեմ ենք մեր բնակարանը վաճառելուն։ Մեր բնակարանը պետք է վերականգնեն, պետք է այսքան տարիների համար փոխհատուցեն։ Մոտավոր տասներեք տարի իմ կյանքից հանած է»,- ասում է Իսահակ Վարդանյանը։

Իսահակ Վարդանյանի փոխանցմամբ՝ գործը հասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, սակայն մինչ օրս  դատարանից որևէ պատասխան չի ստացել։

Այս կեղծիքները բացահայտելուց հետո՝ 2018-ի տարեվերջին, Իսահակ Վարդանյանը, տեղեկանալով, որ «Գլենեդել հիլզ» թաղամասում կան դատարկ բնակարաններ, գնացել և կոտրել է բնակարաններից մեկի դուռը և հորը բնակության համար տեղափոխել այնտեղ՝ մինչ Արամի փողոցի բնակարանի հարցը չլուծվի։

Գլխավոր լուսանկարում Իսահակ Վարդանյանն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter