
Բնապահպանն ահազանգում է. Արծվանիկի պոչամբարի աղտոտված պարզվածքը լցվել է Նորաշենիկ գետ
Քիչ առաջ Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը «Հետքին» ուղարկել է տեսանյութ, որտեղ երեւում է Նորաշենիկ գետ թափված «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի Արծվանիկի պոչամբարի պարզվածքը, որից գետը կապտականաչ գույն է ստացել: Փարսադանյանի փոխանցմամբ՝ սա նշանակում է, որ բնապահպանական նույն խնդիրները շարունակվում են, եւ այս իմաստով որևէ դրական տեղաշարժ չի արձանագրվել:
Ա. Փարսադանյանը ահազանգել է նաեւ ընդերքի եւ տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժին, որի ղեկավար Լեւոն Պետրոսյանը գետից նմուշառում է վերցրել լաբորատոր փորձաքննության համար:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ԶՊՄԿ-ի պոչատարի՝ Ներքին Գիրաթաղ բնակավայրի հատվածում տեղի ունեցած վթարի պատճառով պոչատարի խյուսը լցվել էր Ողջի գետ: Այդ պատճառով գետը մոխրագույն էր դարձել: Վթարի հարցը քննարկվել էր կառավարության նիստում: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտնել էր, որ կոմբինատը պատկան մարմիններից գաղտնի է պահել վթարի փաստը՝ փորձելով սեփական ուժերով վերացնել այն: Իսկ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն էլ նշել էր, որ Ողջի գետից փորձանմուշներ են վերցրել: Ըստ Գրիգորյանի՝ ներկայում վերանայվում են շրջակա միջավայրին հասցված վնասների փոխհատուցման չափերը, որոնք սահմանվում են օրենսդրությամբ:
Այսօր կապանցի բնապահպան Արմեն Փարսադանյանը «Հետքի» հետ զրույցում նաեւ ասել է, որ տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնից տեղեկացել է, որ ԶՊՄԿ-ի պոչատարի վթարի հարցով վաղվանից սկսվելու է շրջակա միջավայրին հասցված վնասի գնահատումը, որը տեւելու է մեկ շաբաթ:
Տեսանյութը՝ Արմեն Փարսադանյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել