HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տոքսիկ նյութեր, ծանր մետաղներ. Ողջի գետով հոսում է ԶՊՄԿ-ի պոչատարի խյուսը

Սյունիքի մարզի Ողջի գետն այսօր առավոտվանից մոխրագույն է: Պատճառը «Զանգեզուրի պղնձմոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պոչատարի՝ Ներքին Գիրաթաղ բնակավայրի հատվածում տեղի ունեցած վթարն է, ինչի հետեւանքով պոչանքները լցվել են Ողջի գետ: Կոմբինատից դուրս եկող պոչանքները թափուկատար խողովակաշարով անցնում են մի քանի կիլոմետր ու լցվում Արծվանիկի պոչամբար:

Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը պարզաբանում է, որ արտահոսել է դեպի պոչամբար մղվող խյուսը, որը պոչամբարում հատուկ նյութերի միջոցով նստվածք է տալիս, իսկ պարզվածքը պոչամբարից դուրս է բերվում եւ թափվում Նորաշենիկ գետ, այնտեղից էլ՝ Ողջի:

«Այս դեպքում գետ լցվել են հենց պոչերը, որոնց մեջ պարունակվում են տոքսիկ նյութեր, ծանր մետաղներ, ռեագենտներ»,- ասում է Ա. Փարսադանյանը: Վերջինիս խոսքով՝ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը պետք է հաշվարկի շրջակա միջավայր լցված պոչանքի ծավալը, դրա հիման վրա շրջակա միջավայրին հասցված վնասի գնահատում պետք է իրականացվի, ինչի արդյունքում էլ, կախված կոնկրետ օրենսդրական նորմերի խախտման փաստից, որոշվի՝ վարչական վարո՞ւյթ, թե՞ քրեական գործ կհարուցվի:

Թե ինչից է եղել վթարը, բնապահպանը նշեց, որ տեղեկություններ չունի՝ հավելելով, որ ցանկացած արտադրության դեպքում վթարներ լինում են, պարզապես ընկերությունը պետք է կարողանա կառավարել դրանք, արդյունավետ գնահատի ռիսկերը, ենթակառուցվածքները համապատասխանեցնի միջազգային չափանիշներին, որպեսզի շրջակա միջավայրին նման վնասներ չհասցնի:

Առաջին դեպքը չէ, որ ԶՊՄԿ-ի վթարների հետեւանքով պոչանքներ են թափվում շրջակա միջավայր: Արծվանիկի պոչամբարի, կոմբինատից Արծվանիկ ձգվող պոչատարի, դրանցից տեղի ունեցող շարունակական արտահոսքերի մասին «Հետքը» նախկինում պարբերաբար գրել է: Անդրադարձել ենք նաեւ կատարած խախտումների հետեւանքով ԶՊՄԿ-ի հանդեպ հաշվարկված փոխհատուցման չնչին գումարներին:  

Հիշեցնենք, որ այսօր ԶՊՄԿ-ի պոչատարի վթարը քննարկվել է կառավարության նիստում: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, մասնավորապես, հայտնել է, որ կոմբինատը պատկան մարմիններից գաղտնի է պահել վթարի փաստը՝ փորձելով սեփական ուժերով վերացնել այն: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն էլ հայտնել է, որ Ողջի գետից փորձանմուշներ են վերցվել: Ըստ Գրիգորյանի՝ ներկայում վերանայվում են շրջակա միջավայրին հասցված վնասների փոխհատուցման չափերը, որոնք սահմանվում են օրենսդրությամբ:   

Լուսանկարում՝ պոչատարի դյուկերային անցումը Ներքին Գիրաթաղի ձորում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter