HY RU EN

Դիտավորյալ բեռնաթափո՞ւմ են Արծվանիկի պոչամբարը, թե՞ անտեսում տեխնիկական խնդիրները (տեսանյութ)

Վթա՞ր է, թե՞ դիտավորյալ բեռնաթափում. կապանցի բնապահպանն այսպես է ձևակերպում այսօր Նորաշենիկ գետ թափված աղտոտված պարզվածքի դեպքը:

Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանն այսօր ահազանգ էր ստացել, որ Արծվանիկի պոչամբարի պարզվածքը, որ լցվում է Նորաշենիկ գետ, աղտոտված է, գետի գույնը խիստ փոխվել է, շրջակայքում էլ «անտանելի հոտ է» տարածվել:

Ահազանգ ստանալուց հետո Փարսադանյանը գնացել է այնտեղ, որտեղ պարզվածքը լցվում է գետը, լուսանկարներ և նկարահանում է կատարել:

Բնապահպանն ասում է, որ խնդիրը ոչ թե պարզվածքի՝ Նորաշենիկ գետ լցվելն է, այլ այն, որ պարզվածքը թույլատրելի սահմանային կոնցետրացիան չպետք է գերազանցի: Մինչդեռ, ըստ նրա, այսօր տեսանելի էր հենց դա:

«Նման վթարներ հաճախակի են լինում, և արդեն իսկ կասկածելի է՝ արդյո՞ք դիտավորյալ բեռնաթափում են Արծվանիկի պոչամբարը, թե՞ պարզապես անտեսում են տեխնիկական խնդիրները: Փաստերը արձանագրելով՝ հստակ կարող ենք ասել, որ ընկերության ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ղեկավարությունը լուրջ չի վերաբերվում բնապահպանական խնդիրներին»,- ասում է նա:

Բնապահպանը կատարվածի մասին հայտնել է Սյունիքի տարածքային բնապահպանական տեսչության պետ Լևոն Պետրոսյանին: Վերջինս չի առարկել, որ անզեն աչքով տեսանելի է պարզվածքի գույնը: Ա. Փարսադանյանը նշում է, որ այս դեպքում արդեն տեսչության գործառույթն է՝ նմուշարկում անել և լաբորատոր փորձաքննության ենթարկել, ապա, արտահոսքի ծավալները հաշվի առնելով, հաշվարկել շրջակա միջավայրին հասցված վնասը:

Բնապահպանը խոսել է նաև ԶՊՄԿ-ի բնապահպանության բաժնի պետ Մարտուն Հարությունյանի հետ: Թե՛ տեսչությունը, թե՛ ԶՊՄԿ-ն դեպքը մեկնաբանում են որպես քամու և տեխնիկական գործունեության հետևանք: «Բայց թերահավատորեն եմ վերաբերվում, քանի որ սա, մեղմ ասած, առաջին դեպքը չէ, և տեսչությունը պարտավոր է բոլոր դեպքերում արձանագրել վթարը, հաշվարկել շրջակա միջավայրին հասցված վնասը և նշանակել տուգանք»,- ասում է «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահը:

Վերջինս լուսանկարել է նաև Նորաշենիկին հարակից այն տեղանքը (տես լուսանկարներում), որը նախատեսված է վթարի դեպքում ԶՊՄԿ-ի պոչատարի բեռնաթափման համար, որպեսզի պոչանքներն այլ տեղ չթափվեն: Փարսադանյանն ասում է, որ տեղանքում հավաքված պոչանքն անհրաժեշտ է տեղափոխել Արծվանիկի պոչամբար, այնինչ ներկայում այդտեղ մետրից ավելի հաստությամբ պոչեր են կուտակվել:

Դեպքի առնչությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լևոն Պետրոսյանից: Վերջինս նշեց, որ ինքը «բյուլուտենի» մեջ է և չի կարող պատասխանել մեր հարցերին: Ավելի ուշ տեղեկացանք, որ վերջերս Լ. Պետրոսյանը սրտի վիրահատություն է տարել:

Բաժնի պետն, ըստ Ա. Փարսադանյանի, խոստացել է, որ տեսչությունը կանի օրենքով սահմանված իր պարտականությունները:

ԶՊՄԿ-ի բնապահպանական բաժնի պետ Մարտուն Հարությունյանն էլ ասաց, որ ինքն իրավասու չէ պատասխանել մեր հարցերին, և խորհուրդ տվեց դիմել տնօրինությանը:

Բնապահպան Արմեն Փարսադանյանը դեռևս նախկինում բազմիցս ահազանգել է Նորաշենիկ գետ թափվող աղտոտված պարզանքի համար: 2013-ի սեպտեմբերի 20-25-ին Արծվանիկի պոչամբարի աղտոտված պարզվածքը գետ թափելու համար լաբորատոր փորձաքննություն էր անցկացվել: Հիշյալ տեսչության աշխատակիցն այն ժամանակ առանձնացրել էր միայն 24-25-ին կատարված նմուշառման արդյունքները: Ըստ այդմ՝ սեպտեմբերի 24-ին արտահոսքը տևել է 4 ժամ 40 րոպե, իսկ սեպտեմբերի 25-ին` 3 ժամ: Երկու օրերին թույլատրելի սահմանային կոնցենտրացիան գերազանցվել է 24 անգամ: Արդյունքում «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին»ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն` սահմանված դրույքաչափերի վճարում է սահմանվել: Մեր հարցին, թե արդյունքում ինչքան պետք է վճարի կոմբինատը, բաժնի աշխատակիցն ասել էր, որ վճարն իրենք չեն հաշվարկել, բայց «1 միլիոնի կարգի կլինի»:

«Եթե տնտեսվարողը նման ծավալով շրջակա միջավայրին վնաս է հասցնում, և հասցված վնասի գումարը կազմում է ընդամենը 1 միլիոն դրամ, դա ծիծաղելի է, քանի որ արտահոսքը տևել է 5 օր»,- դեռևս այն ժամանակ մեզ հետ զրույցում ասել էր «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը:

Առաջիկայում բնապահպանը դիմելու է բնապահպանության նախարարին ԶՊՄԿ-ում ստուգումներ կատարելու համար: Պատճառը ընկերությունում պարբերաբար տեղի ունեցող վթարներն են, որոնք պետք է կանխել: «Նախարարին ուղղված նամակում կներառվի նաև այս դեպքով շրջակա միջավայրին հասցված վնասի և տուժանքի չափի մասին հարցումը»,- նշեց կապանցի բնապահպանը: