HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերջին վթարը ԶՊՄԿ-ին կարժենա 6 մլն դրամ. նախկին դեպքերի մասին նախարարությունը լռում է

Սյունիքի մարզի Նորաշենիկ գետի աղտոտման արդյունքում բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչությունը (ԲՏ) վարչական վարույթ է հարուցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նկատմամբ: Այս մասին «Հետքին» հայտնել է նախարարության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը:

Հունվարի 25-ին ԶՊՄԿ-ի Արծվանիկի պոչամբարի ակնհայտ աղտոտ պարզվածքը լցվել էր Նորաշենիկ գետ: Դրանից 12 օր անց, սակայն, վթարի հետևանքները չէին վերացվել: Գետով դարձյալ թափոնաջրեր էին հոսում: Սա նկարահանել էր Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը:

Նախարարությունը նշում է, որ հունվարի 25-ին ստացած ահազանգի հիմա վրա բնապահպանական պետական տեսչության կողմից ԶՊՄԿ-ի Արծվանիկի պոչամբարից դուրս եկող 4-րդ թունելախորշից վերցվել է հոսքաջրերի փորձանմուշ և կատարվել է ֆիզիկաքիմիական վերլուծություն: Արձանագրվել է «կախյալ մասնիկների գերազանցում»: Սրա հիման վրա էլ հարուցվել է վարչական վարույթ: Այսօր արդեն ԲՆ-ն հայտարարել է, որ խախտման արդյունքում հաշվարկվել է ՀՀ պետբյուջե գանձման ենթակա 6,33 մլն դրամի բնապահպանական վճար:

Նախարարարությանն ուղղված հարցման մեջ նշել էինք, որ ԶՊՄԿ-ի վթարների մասին տեղացիները պարբերաբար ահազանգում են: Հարցրել էինք, թե ԲՆ-ն, նրա համապատասխան մարմինները այս թեմայով երբևէ քննարկում ունեցել են ԶՊՄԿ-ի հետ, ինչ քայլեր է անում ԲՆ-ն նման վթարներից խուսափելու համար: Նախարարությունը տվել է ընդհանրական, խուսափողական, ոչինչ չասող պատասխան. ««Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի վթարների մասին հարակից տարածքների բնակիչների ահազանգերին ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունն օրենքով սահմանված կարգով ընթացք է տվել»:

«Կանաչ լույս»՝ ԶՊՄԿ-ին

Ինչպես գրել ենք նախկինում, ԶՊՄԿ-ն նախատեսում է արտադրողականության տարեկան ծավալներն հասցնել մինչև 22 մլն տոննայի, ինչը լուրջ մտահոգություն է առաջացրել բնապահպանների շրջանում: Ընդլայնումը ենթադրում է ավելի շատ թափոնների և աղոտվածության առաջացում: Նախարարությանը հարցրել էինք, թե ինչ դիրքորոշում ունի այս հարցում, ինչ մեխանիզմներ են մշակվելու՝ շրջակա միջավայրին վնաս չտալու ուղղությամբ: ««Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի արտադրողականության ծավալներն ընդլայնելու վերաբերյալ ընկերությանը 16.12.2016 թ. տրվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ԲՓ108 դրական եզրակացություն»,- ասվում է պատասխանի մեջ:

Կապանի ԼՀԿ-ի գործն ուղարկվել է դատախազություն

Անցյալ տարվա նոյեմբերի 29-ին Սյունիքի մեկ այլ խոշոր արդյունաբերողի՝ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի թափուկատարի վթարի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել էր 21 միլիոն 200 հազար դրամի վնաս: ԲՆ-ից «Հետքին» հայտնել են, որ վթարի հետևանքով արտահոսած արդյունաբերական թափոններով հողի վերին շերտի աղտոտման վերաբերյալ ԲՏ Սյունիքի տարածքային բաժնում հարուցված վարչական վարույթը 24.01.2017 թ. կասեցվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ Սյունիքի մարզի դատախազություն:

Նախարարությունը վիճակագրական տվյալներ չի տրամադրում, իսկ վթարներ՝ որքան ուզես

Նախարարությանը խնդրել էինք հայտնել, թե 2012-ից մինչ օրս ԶՊՄԿ-ի ու Կապանի ԼՀԿ-ի (նախկինում՝ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի», ապա՝ «Դանդի Փրիշս Մեթալս Կապան») գործունեության ընթացքում քանի վթար (ոչ միայն պոչամբարներին առնչվող) է արձանագրել բնապահպանական տեսչությունը, դրանցից քանիսի դեպքում են տուգանվել ընկերությունները: Խնդրել էինք վթարները ներկայացնել ըստ տարիների և տուգանքի չափի: Այսինքն՝ նպատակ ունեինք ԲՆ-ից հստակ վիճակագրություն ստանալ արդյունաբերական երկու հսկաների գործունեության արդյունքում շրջակա միջավայրին հասցված վնասների ու հատուցումների մասին:

Աշխատակազմի ղեկավար Հ. Հովհաննիսյանը պատասխանել է. «2012 թ. մինչ օրս «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեության հետևանքով առաջացած վթարներն օրենքով սահմանված կարգով արձանագրվել, և հաշվարկվել են վնասի հատուցման ենթակա գումարների չափերը, որոնց մասին տեղեկատվությունը տեղադրված է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում»: Նույն պատասխանը տրվել է Կապանի ԼՀԿ-ի վերաբերյալ: Տպավորություն է, որ ԲՆ-ն խուսափում է հստակ վիճակագրություն ներկայացնելուց և անհարմար դրությունից դուրս գալու համար մեջբերում է ընդհանուր կայքը՝ իր տրամադրության տակ ունեցած նյութերի աղբյուրները չհստակեցնելով:

Այդուհանդերձ, ուսումնասիրելով նախարարության բնապահպանական տեսչության կատարած աշխատանքների տարեկան հաշվետվությունները, տեսնում ենք, որ դրանցում ներկայացվում է ընդհանրական պատկեր:

Այսպես՝ ԲՏ-ի 2012-ի տարեկան հաշվետվության մեջ Սյունիքի տարածքային բաժնի անալիտիկ լաբորատորիայի աշխատանքների մասով ասվում է, որ դրա կողմից վերահսկվել են Ողջի, Վաչագան, Նորաշենիկ, Գեղի, Կավարտ, Որոտան, Վարարակն, Կարճևան գետերը, «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի», «ԶՊՄԿ», «Ագարակի ՊՄԿ», «Քաջարանի կոմունալ տնտեսություն» ՓԲԸ-ների արտահոսքերը: 2012-ին պարզվել է հետևյալը. ««Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի արտահոսքերում բնապահպանական նորմերը գերազանցել են ամոնիում՝  3,2 մգ/լ (ՍԹԽ՝ 2,4 մգ/լ), նիտրիտ՝ 2,5-3,2 մգ/լ (ՍԹԽ՝ 0,675 մգ/լ), նիտրատ՝ 6,5մգ/լ  (ՍԹԽ՝ 3,4 մգ/լ) իոնները, «ԶՊՄԿ», «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ-ների և Արաքս գետի ջրերում բնապահպանական նորմերը գերազանցել է պղինձը՝ 0,019-0,158 մգ/լ (ՍԹԽ՝ 0,001- 0,08մգ/լ), «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ արտահոսքերում ՍԹԽ-ը գերազանցել են նաև կախյալ մասնիկները` 5020 մգ/լ (ՍԹԽ՝ 65մգ/լ) իսկ Գորիս, Որոտան գետերի նմուշներում՝ ամոնիում՝ 1,8-2,1 մգ/լ (ՍԹԽ՝ 0,39 մգ/լ), նիտրիտ՝ 0,9-2,2 մգ/լ (ՍԹԽ՝ 0,024 մգ/լ) իոնները, Ողջի գետի փորձանմուշներում՝ նիտրիտ իոնը 1,2 մգ/լ (ՍԹԽ՝ 0,024 մգ/լ), Ագարակի Կարճևան գետում ՍԹԽ-ը գերազանցել են կախյալ մասնիկները՝ 15000 մգ/լ (ՍԹԽ՝ 65մգ/լ)»: Թե կոնկրետ այս խախտումների դիմաց որքան բնապահպանական վճար է գանձնվել (եթե, իհարկե, գանձնվել է), ոչ մի խոսք չկա:

Նախարարության կայքի որոնման համակարգը ԶՊՄԿ-ի հանդեպ կիրառված տուգանքների մասին ընդամենը երկու նյութ է ցույց տալիս: Դրանցից մեկը վերջին խախտումն է, որի դիմաց, ինչպես նշեցինք, հաշվարկվել է ավելի քան 6 մլն դրամի վճար: Իսկ երկրորդը 5 տարվա հնություն ունի: 2012-ի օգոստոսի 20-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ ԶՊՄԿ-ում տեղի է ունեցել մետաղյա խողովակաշարի վթար, ինչի հետևանքով ապարախյուսը հոսել է շրջակա միջավայր՝ թափվելով Գեղի տանող ավտոճանապարհի աջ մասում գտնվող հեղեղատարի մեջ, որոշակի մասը՝ Ողջի գետ, ինչպես նաև շուրջ 100 մ երկարությամբ ասֆալտապատ տարածք: Ողջի գետից կատարված նմուշառման անալիտիկ հետազոտությունների և խողովակատարից արտահոսքի ծավալների հաշվարկի համադրության արդյունքում արձանագրվել էր շուրջ 38 տոննա ապարախյուս, որից 28 տոննան լցվել էր բաց ջրավազան: Վնասի չափը հաշվարկվել էր ընդամենը 294 հազար դրամ: «Ապարախյուսով աղտոտված տարածքն անմիջապես ընկերության կողմից մաքրվել է և լվացվել, իսկ շուրջ 7 խմ կոշտ մնացորդ տեղափոխվել է վթարային ավազան: Նշված աղտոտված տարածքի համար բնապահպանական վնաս չի հաշվարկվել, քանի որ արդյունաբերական և տրանսպորտային նշանակության հողերի աղտոտման դեպքում վնասի հաշվարկ չի նախատեսված»,- հայտնել էր ԲՆ-ն:

2013 թ. փաստաթղթերում Սյունիքի անալիտիկ լաբորատորիայի աշխատանքների մասին ինֆորմացիա չկա: Այդ տարի, սակայն, ԲՏ-ն «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ում ստուգում է իրականացրել ու պարզել, որ չեն պահպանվել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 15-րդ հոդվածի պահանջները: Այս դրույթը վերաբերում է օդն աղտոտող նյութերի արտանետումների նկատմամբ պահանջների կատարմանը: Թե ինչպիսի պատասխանատվության է ենթարկվել ընկերությունը, չի նշվում:

2013-ին «Հետքը» մի քանի անգամ անդրադարձավ ԶՊՄԿ-ի վթարներին: Սեպտեմբերի 20-25-ին Արծվանիկի պոչամբարից Նորաշենիկ թափվող ջրերում գերազանցվել էր սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: ԲՏ Սյունիքի տարածքային բաժնից հատուցման վճարի կոնկրետ չափ չէին նշել՝ բավարարվելով «1 միլիոնի կարգի կլինի» արտահայտությամբ:

Այս դեպքից մեկ տարի առաջ ԶՊՄԿ-ի վթարի արդյունքում թափոնաջրերը 12 ժամից ավելի հոսում էին Ողջի գետով, որի պատճառած վնասը հաշվարկվեց կես միլիոն դրամից էլ պակաս: 2013-ի դեկտեմբերի 26-ին նոր վթար տեղի ունեցավ Արծվանիկի պոչամբարում, որից կրկին տուժեց Նորաշենիկ գետը:

Նույն օրը «Լեռ-Էքս» ընկերության հանքում վթարի հետեւանքով պոչանքները թափվել էին Գեղի գետ:

2014-ին Սյունիքի տարածքային լաբորատորիայի տվյալները ներկայացված են ընդհանուր աղյուսակով՝ առանց օբյեկտները մասնավորեցնելու եւ անուն նշելու:

2015-ի հաշվետվության մեջ էլ թռուցիկ ասվում է. «Հաշվետու ժամանակահատվածում լաբորատորիայում անալիտիկ հետազոտություններ են իրականացվել «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ում, «ԶՊՄԿ» ՓԲԸ-ում»: 2015-ին ԲՏ-ն ստուգում է իրականացրել ԶՊՄԿ-ում և խախտումների մի ամբողջ փունջ է հայտնաբերել: Պատասխանատվության մասին որեւէ նշում, սակայն, չկա:

Ինչ վերաբերում է 2016-ին, ապա այդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին կատարած աշխատանքներում ԲՏ-ն ԶՊՄԿ-ի եւ Կապանի լեռնահարստացման կոմբինատի մասին գրել է. «Ընկերությունների կողմից շահագործվող պոչամբարների անվտանգ շահագործման վերաբերյալ տեսչությունը պարբերաբար զգուշացնում է ընկերություններին, վերցնում պոչամբարներից դուրս եկող ջրերի բաղադրության անալիզ, անհրաժեշտության դեպքում հաշվարկում բնությանը հասցված վնասները, տալիս վթարների նվազեցնելուն ուղղված բանավոր կամ գրավոր հանձնարարականներ: Արտադրության ընթացքում 2016 թ. տեղի ունեցած վթարային արտանետումներին տեսչությունը նույնպես արագ արձագանքել է և հաշվարկել բնությանը հասցված վնասները»: Մասնավորապես, 2016-ի հունվարի 19-ին գրել էինք, որ Արծվանիկից Նորաշենիկ թափվող ջրերում կրկին գերազանցվել է թույլատրելի սահմանային կոնցենտրացիան:  

Ամբողջ հարցն այն է, որ, ինչպես երևում է ԲՏ-ի այս նկարագրությունից, արտանետումները բազմաթիվ են ու շարունակական, սակայն ԲՆ-ն, չգիտես ինչու, չի ցանկանում ցույց տալ իրական պատկերը՝ չներկայացնելով ամբողջական վիճակագրություն:

Նախարարությանը նաեւ հարցրել էինք, թե ինչ եղավ «Ալյոտիգ» ՍՊԸ-ի կողմից Փուխրուտի, Ողջիի ու Արծվանիկի պոչամբարների լցակույտերը վերամշակելու ծրագիրը, որի մասին ԱԺ-ն 2015-ի հունիսին օրենք ընդունեց: Այս ընկերությունը 2016-ի հունվարի 8-ին Գեղարքունիքի դատարանի կողմից սնանկ է ճանաչվել: ԲՆ-ին հարցրել էինք, թե արդյոք ծրագիրը կասեցվել է, ինչին աշխատակազմի ղեկավար Հ. Հովհաննիսյանը պատասխանել է. ««Ալյոտիգ» ՍՊԸ-ի կողմից Փուխրուտի, Ողջիի և Արծվանիկի պոչամբարների լցակույտերի վերամշակման ծրագիրը ՀՀ բնապահպանության նախարարություն փորձաքննության չի ներկայացվել»:

Առաջին լուսանկարում՝ Արծվանիկի պոչամբարը

Մեկնաբանություններ (1)

ՀԲՃ
Երբ հանքեր շահագործողներն իրենց օրենքից դուրս են հայտարարել, իսկ պետական մարմինները կույր են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter