HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոքր երկրի մեծ, թունավոր «աչքը». Արծվանիկի պոչամբար

Սա պատմություն է փոքր երկրի ամենամեծ պոչամբարի մասին, որն աշխարհում, ըստ փորձագետների, խոշորագույններից է: Պատմություն է երկրի մեծ «կապույտ աչքի» մասին, որի շուրջ հյուսվում է շրջակայքում ապրող մարդկանց կյանքը՝ վախերով, ծպտված դժգոհություններով, առողջական խնդիրներով, որոշ դեպքերում էլ՝ հանքարդյունաբերող ընկերության հանդեպ երախտագիտությամբ՝ ամսական 40 հազար դրամ նվիրատվության եւ աշխատատեղի համար:

-What a beautiful lake,- Երեւանից Կապան տանող տաքսու մեջ զբոսաշրջիկ կինը ձգվում է դեպի պատուհանը: Կապանցի տաքսու վարորդն իջեցնում է նվագարկչի ձայնն ու հարցում ինձ՝ «Հի՞նչ ա ասում»:

-Ասում ա՝ ինչ սիրուն լիճ ա,- պատասխանում եմ:

-Պո՜, պա ասե՝ հեսա մաշինը կըղնըցնիմ, թող քինի լըղանա (բա ասա՝ հիմա մեքենան կանգնեցնեմ, թող գնա լողանա),- առանց ժպիտի ասում է վարորդը, հետո նորից պնդում առաջարկը,- տու ուրան ասե (դու իրեն ասա):

Փոխարենը զբոսաշրջիկին ասում եմ՝ «այն, ինչ տեսնում եք, լիճ չէ, մետաղական հանքի պոչամբար է»:

DJI_00091.jpg (185 KB)

Կանաչ ծառաշերտով եզերված զմրուխտե-փիրուզագույն «լիճը», որի հարեւանությամբ նախիր է արածում, հեռվից իդիլիա է հիշեցնում, բայց բավական է մոտենալ դրան, ու կտեսնես իրականում մոխրագույն, կարծրացած մակերեսով թափոնների ամբարը՝ լցված միլիոնավոր խորանարդ մետր ծավալով թունավոր, ծանր մետաղներով, որոնց հոտը քիթդ որսում է հատկապես քամու ժամանակ: Բավական է մի քսան րոպե շնչել լվացող-ախտահանիչ միջոցի հոտ հիշեցնող օդն, ու գլխացավ ես ունենում:

Սա Արծվանիկի պոչամբարն է:

Պոչամբարի տեղում գյուղակներ ու այգիներ են եղել

Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքից 6-7 կմ (ուղիղ գծով՝ 3 կմ) հեռավորության վրա գտնվող պոչամբարն իր անունը ստացել է հարեւան Արծվանիկ գյուղից: Բնականաբար, պոչամբարն այստեղ հավերժ չի եղել, բայց 1970-ականներից հետո ծնվածները չեն տեսել այն ամենը, ինչ հիշում են ավագ սերնդի ներկայացուցիչներն ու ֆիքսված է պատմագիտական աղբյուրներում:

Իսկ պոչամբարի տեղում ժամանակին բնակավայրեր են եղել, ավելի ուշ՝ խորհրդային տարիներին, այստեղ կոլխոզի այգիներն էին:

Պատմաբան, Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանն ասում է, որ Արծվանիկը Կապանի հնագույն գյուղերից է, որի տարածքը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով: Հնագիտական պեղումների եւ, մասնավորապես, գյուղատնտեսական ու շինարարական աշխատանքների ժամանակ գյուղի տարածքում հայտնաբերվել են բրոնզեդարյան մշակութային արժեքներ՝ արձանիկներ, սափորներ, զենքեր, զարդեր: Գյուղի անունը (Երեց, Երեցվանիկ) առաջացել է 6-րդ դարի հայտնի հոգեւորական Երիցակի անունից, որից ծագում է նաեւ գյուղի մոտակայքում գտնվող Երիցավանք վանական համալիրի անունը:

Գ. Սմբատյանի փոխանցմամբ՝ ներկայիս պոչամբարի տեղում նախկինում եղել է երկու գյուղակ, դամբարանադաշտ, մատուռ, ջրաղաց եւ այլ կառույցներ: Հնագետների ուշադրությանն են արժանացել երաժիշտների ուշ բրոնզեդարյան քանդակները, ծածկագիր արձանագրությունը, բազմաթիվ գտածոներ:

Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը (ՀԱԻ) 2016-ից Արծվանիկ եւ հարեւան Չափնի գյուղերի տարածքներում հետազոտություններ է իրականացրել: Հնագետ Տիգրան Ալեքսանյանն ասում է, որ իրենց արշավախումբը հայտնաբերել է տարբեր դարաշրջանների հուշարձաններ, որոնցից առանձնանում են Չափնիի տարածքում հայտնաբերած միջնադարյան ձիթհանը, Արծվանիկից 1,5 կմ հարավ գտնվող 12-14-րդ դարերի հնձանը, իսկ դեպի արեւմուտք՝ 17-18-րդ դարերի բնակատեղին:

ՀԱԻ-ի աշխատակիցներն ասում են, որ, օրինակ, բացահայտված ձիթհանն իրենք կոնսերվացրել են՝ տեղեկացված լինելով, որ տարածքը ծածկվելու է պոչամբարի թափոններով, սակայն հետո պոչամբարը շահագործողը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, հայտնել է, թե այն չի ծածկվի:

Հանքարդյունաբերական հսկան

Կապանից 25 կմ արեւմուտք գտնվող Քաջարան քաղաքում է գործում Հայաստանի ամենախոշոր հանքարդյունաբերող ընկերությունը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, որը քաղաքի հարեւանությամբ գտնվող բաց հանքից արդյունահանում է պղինձ ու մոլիբդեն: Ընկերությունը կայուն տեղ է զբաղեցնում երկրի խոշոր հարկատուների առաջին տասնյակում: Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ ԶՊՄԿ-ն վճարել է 6,7 մլրդ դրամ հարկ եւ խոշոր հարկատուների մեջ երրորդն է, 2018-ի նույն ժամանակահատվածում վճարումները կազմել են 4,1 մլրդ դրամ: Իսկ տարեկան կտրվածքով անցյալ տարի ԶՊՄԿ-ն վճարել է 41 մլրդ դրամ հարկ՝ զբաղեցնելով երկրորդ տեղը (ավելի շատ վճարել է «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ն՝ 42 մլրդ դր):

ԶՊՄԿ-ի կայքը հայտնում է, որ Քաջարանում առաջին երկրաբանական հետազոտությունները կատարվել են 1880-ական թթ. եւ շարունակվել մինչեւ 1931 թ., երբ տարածքում սկսվել են լայնածավալ հորատումները: Կոմբինատն իր առաջին արտադրանքը տվել է 1951-ին: Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը 1951-1954 թթ. շահագործվել է ստորգետնյա եղանակով, մինչեւ 1962 թ.՝ համակցված (ստորգետնյա եւ բացահանք), իսկ դրանից հետո՝ միայն բաց եղանակով:

DSC_1939.jpg (658 KB)

Հայկական սովետական հանրագիտարանը հայտնում է, որ 1976-ին Քաջարանի պղնձամոլիբդենային եւ Կապանի պղնձահանքային կոմբինատները (երկրորդն ավելի հին պատմություն ունի) միավորվել են՝ դառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ (ԶՊՄԿ), որն իրենից ներկայացնում էր պղնձամոլիբդենային արդյունաբերության տեխնոլոգիայով կապված արտադրություններ միավորող ձեռնարկությունների համախումբ: ԶՊՄԿ-ի կողմից թողարկվող պղնձի եւ մոլիբդենի խտանյութերը, հանրագիտարանի փոխանցմամբ, պարունակում են ոսկի, արծաթ, սելեն, տելուր, ռենիում, ծծումբ եւ այլ օգտակար բաղադրիչներ: Միավորված կոմբինատները հետագայում կրկին առանձնացել են, սակայն Քաջարանինը պահպանել է ԶՊՄԿ անունը, իսկ մյուսը կոչվել է Կապանի լեռնահարստացման կոմբինատ (ԼՀԿ):

ԶՊՄԿ-ն մասնավորեցվել է 2004 թ., ինչի արդյունքում ՓԲԸ-ի 60 տոկոսի բաժնետեր է դարձել գերմանական «Քրոնիմետ Մայնինգ» ԲԸ-ն, 15 տոկոսինը՝ «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն, 12,5-ական տոկոս էլ անցել է «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ու «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ-ներին:

Դեռ 1975-ին որոշվել էր փուլ առ փուլ մեծացնել կոմբինատի տարեկան արտադրողականությունը: Այսպես՝ 1980-ին այն պիտի հասներ 8,5 մլն տոննայի, 1985-ին՝ 14,5 մլն-ի, 1990-ին՝ 20 մլն-ի: Սակայն, ըստ ԶՊՄԿ-ի, միայն 2007-ին է հաջողվել հասնել տարեկան 12,5 մլն տոննա ցուցանիշի: Մյուս կողմից՝ 2016 թ. Համաշխարհային բանկի պատվերով արված «Հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում- Հայաստան» ուսումնասիրության մեջ նշվում է, որ թույլատրված 12,5 մլն-ի փոխարեն ԶՊՄԿ-ն տարեկան արտադրում է մոտ 18,5 մլն տ հանքանյութ:

2016-ի դեկտեմբերին ԶՊՄԿ-ն իրավունք է ստացել տարեկան արդյունահանել 22 մլն տոննա հանքաքար, որի մեջ պղինձը 0,225 տոկոս է, մոլիբդենը՝ 0,03: Թույլտվությունն ուժի մեջ է մինչեւ 2041 թ., սակայն կարող է երկարաձգվել:

Պոչամբարի «ծնունդն» ու ներկան

ԶՊՄԿ-ն նախկինում 3 պոչամբար է շահագործել Զանգեզուրի լեռնաշղթայից սկիզբ առնող եւ մինչեւ Արաքս հոսող Ողջի գետի ավազանում, որոնք կոնսերվացվել են դեռ խորհրդային տարիներին: Արծվանիկի պոչամբարը չորրորդն է ու ամենամեծը: Այն եւս Ողջիի ավազանում է՝ Սեւաքարի ջուր գետակի հունում:  

Պոչամբարը կառուցվել է 1970-ականների սկզբին: Դրա հարեւանությամբ են Արծվանիկ, Չափնի, Սեւաքար, Աճանան ու Սյունիք գյուղերը:

DSC_6982.jpg (125 KB)

«Պոչամբարը կառուցվել է Պավլուշա Ղազարյանի օրոք. 1972-1973 թթ. կոլխոզի նախագահն էր, իրեն հաջորդել եմ ես,- ասում է արծվանիկցի 86-ամյա Հրանտ Հարությունյանը՝ հարեւան սենյակից բերելով «հիշողությունների մատյանը»: Նախկին ուսուցիչը ժամանակին գրի է առել իրենց գյուղի կարեւոր իրադարձությունները: Ծնված օրվանից Արծվանիկում ապրող Հրանտ պապը պատմում է, որ նախկինում պոչամբարի տարածքում գետնափոր տներ էին, այգիներ ու բանջարանոցներ: Պոչամբարի կառուցման համար Արծվանիկում քննարկումներ էին կազմակերպվել, որոնց մասնակցել էր նաեւ ինքը: Ասում է, որ գյուղի եկամտի հիմնական աղբյուրը հողն էր, բայց բնակիչներին խոստումներ էին տվել, ասել էին, թե տեղանքը «պոչանքներով այնքան է լցվելու, ծածկվի, որ մի լավ տարածք է դառնալու, ու հետո կոմբայնները հնձելու են»: Ըստ Հ. Հարությունյանի՝ նման զրույցներով ժողովրդի աչքերը փակել էին: Միաժամանակ նախատեսվել էր, որ պոչամբարը պետք է հասնի մինչեւ գյուղի գերեզմանատուն: Այսօր վերջինիս հեռավորությունը պոչամբարից ընդամենը 900 մ է:

Բնապահպան Հակոբ Սանասարյանն ասում է, որ երբ 1978-ին, հաշվի առնելով բնակիչների առողջական աղետալի վիճակը, հողի բերրիության անկումն ու շրջակա տարածքների ընդհանուր էկոլոգիական վիճակը, պետությունը որոշել էր փակել Կապանի կոմբինատի կողմից օգտագործվող Գեղանուշի պոչամբարը (գործում էր 1962-ից), ԼՀԿ-ն իր պոչանքները սկսել էր լցնել Արծվանիկի պոչամբար, ինչը շարունակվել էր մինչեւ 2008 թ., երբ Գեղանուշի պոչամբարը վերագործարկվել էր:

2017-ին Կապան քաղաքային համայնքը խոշորացվել է՝ «կուլ տալով» 31 գյուղական համայնք, այդ թվում՝ պոչամբարի հարեւան Արծվանիկը, Չափնին, Սեւաքարը, Աճանանը եւ Սյունիքը: Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը «Հետքին» հայտնել է, որ խոշորացված համայնքի վարչական տարածքում ԶՊՄԿ-ի կողմից շահագործվող պոչամբարի համար կառուցապատման իրավունքով տրամադրվել է 441 հա հող: Սա հավասար է 617 հատ ֆուտբոլային խաղադաշտի:

2016-ի հուլիսին արբանյակից արված նկարում երեւում է, որ պոչամբարի միայն հայելին մոտ 268 հա է: Եթե այն տեղադրենք Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանի եւ Ազատի ջրամբարի միջեւ, պարզ կդառնա, որ այն հեշտությամբ կարող է ծածկել վարչական շրջանի բնակելի հատվածները եւ ավելի մեծ է, քան Արարատյան դաշտավայրի ոռոգովի հողատարածությունների համար կենսական նշանակություն ունեցող ջրամբարը (խոսքը միայն պոչամբարի հայելու մասին է, որն այս պահին ավելի մեծ է, քան 3 տարի առաջ էր):

compare.jpg (135 KB)

Սակայն ամեն ինչ գնում է նրան, որ պոչամբարն առաջիկայում ծածկելու է հարյուրավոր հեկտար մակերեսով նոր հողատարածություններ՝ հարեւանությամբ ապրող գյուղացիներին կանգնեցնելով վերջնական երկընտրանքի առաջ՝ գնա՞լ, թե՞ մնալ: Այս մասին կպատմենք ստորեւ:  

maxresdefault.jpg (104 KB)

Երբ 2016-ի դեկտեմբերին ԶՊՄԿ-ն թույլտվություն է ստացել հանքաքարի տարեկան արդյունահանումը հասցնել 22 մլն տոննայի, Արծվանիկի պոչամբարում կար 212 մլն խմ պոչանք, իսկ այս տարվա հունվարի դրությամբ, ինչպես մեզ հայտնել է ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը, այն հասել է 239,7 մլն խմ-ի, այսինքն՝ 2 տարում կոմբինատի պոչանքներն ավելացել են 27,7 մլն խմ-ով: Համեմատության համար ասենք, որ Հայաստանի երկրորդ ամենամեծ լիճը՝ Արփին (1951-ից ծառայում է որպես ջրամբար), ծավալով ավելի փոքր է, այսինքն՝ ավելի քիչ ջուր է կուտակում (105 մլն խմ), քան Արծվանիկում պոչանք կա այս պահին:

Քաղցրահամ ջուրը ռազմավարական նշանակություն ունի ցանկացած պետության համար: Եթե նկատի չունենանք Սեւանը, որը մեր երկրի քաղցրահամ ջրի ամենամեծ բնական ամբարն է, ապա Հայաստանի ջրամբարներից ամենամեծը Ախուրյանն է (ծավալը՝ 525 մլն խմ), որին հաջորդում են Սպանդարյանն (257 մլն խմ) ու Արփի լիճը (105 մլն խմ): Այսպիսով՝ Արծվանիկը՝ որպես մարդաստեղծ ամբար, պարունակության ծավալով ներկայում երրորդն է Հայաստանում, սակայն դրա նախագծային ծավալը 325 մլն խմ է, ինչը նշանակում է, որ ամբողջությամբ լցվելու դեպքում այն կդառնա երկրորդը: Բայց սա էլ վերջ չէ:

DJI_0037.jpg (274 KB)

Արդյունահանման ծավալների մեծացման վերաբերյալ 2016 թ. փաստաթղթերում ԶՊՄԿ-ն նշել է, որ պոչամբարի նիշը 904 մետր է, սակայն նախատեսվում է գագաթի վերջնական նիշ ընդունել 1010 մետրը, ինչին համապատասխան պարզեցնող լճակի հորիզոնի նիշը լինելու է 950 մ: Այլ կերպ ասած՝ եթե բարձրացվի պոչամբարի պատնեշը, հնարավոր կլինի շարունակել այնտեղ պոչանքներ թափել: Ըստ ԶՊՄԿ-ի՝ վերը նշվածն իրականություն դարձնելու դեպքում Արծվանիկում կարելի է տեղավորել մինչեւ 398 մլն խմ պոչանք:  

Տեղացիները՝ պոչամբարի մասին

Արծվանիկցի 86-ամյա Հրանտ պապը հիշում է, որ նախկինում գյուղի բերքը տանում էին Կապանում վաճառելու, պահանջարկը մեծ էր, հիմա, սակայն, բերք գրեթե չեն ստանում: «Չի ստացվում, որովհետեւ օդը կեղտոտ է: Գիշերը որ քնում եմ, կոկորդս, քիթս փակվում է: Ժողովուրդը բոլորն էլ բողոքում են: Պոչամբարը խիստ ազդում է ե՛ւ բուսականության, ե՛ւ մարդկանց վրա»:

Արծվանիկի վարչական ներկայացուցիչ Անուշավան Հարությունյանը, սակայն, միանգամայն այլ կարծիք ունի. «Եթե իմ առողջությանը վնաս լինի, ես էլ կգնամ Լոս Անջելես ապրեմ, գյուղում չէի ապրի: Եթե իմանաս, որ վնաս է, ինչի՞ պիտի էդտեղ ապրես, ուրիշ տեղ կգնամ կապրեմ»:

DSC_6998.jpg (150 KB)

Հրանտ Հարությունյանի կինը՝ 83-ամյա Մարուսյա Մելքոնյանը, ասում է, որ գյուղի հատկապես ներքեւի թաղամասը տարածքների սղության պատճառով ստիպված է կովերին արածեցնել պոչամբարի հարեւանությամբ: Պատահել է նույնիսկ, որ կովերն ընկել են պոչամբարը: «Մեր խմած կաթն էլ, կերած պանիրն էլ խվոստի արդյունք են: Ո՛չ երիտասարդները, ո՛չ էլ ծերերն առողջություն ունեն»,- նշում է տիկին Մարուսյան, ամուսինն էլ հավելում է, թե մի անգամ էլ իրենց կովն էր ընկել պոչամբարը, հարեւանների օգնությամբ մի կերպ են հանել, բայց պատահել է, որ հարեւանների կովերից ընկել են դրա մեջ ու սատկել:

DJI_0015.jpg (244 KB)

«Գյուղում անասունների համար էլ հատված չկա՝ դիմացն է, մեկ էլ խվոստի մոտ: Ճանապարհով գնում-գալիս են անասունները: Ուրիշ տեղ չկա: Իսկ վերեւում խվոստից հեռու տեղ կա, վերեւի թաղամասի բնակիչներն էդտեղ են տանում»,- ասում է Հրանտ պապը, ում ընտանիքն այլեւս անասուն չի պահում, բավարարվում է հավերով:

Հարակից գյուղերի բնակիչները պոչամբարի աճին վախով են հետեւում: «Արծվանիկի տակը լցրել են, հիմա պիտի գա Սեւաքարի կողքով գնա Եղեգ գյուղ: Էստեղ մարդ կապրի՞»,- ասում է Արծվանիկի հարեւան Չափնի գյուղի բնակիչ, 85-ամյա Ռազմիկ Հակոբյանը: Պատմում է, որ նախկինում իրենց գյուղն առաջատար էր ընկույզի բերքով, մինչդեռ վերջին տարիներին ծառերը չորացել են: 63-ամյա չափնեցի Մարիետա Հակոբյանն էլ, ում ընտանիքը երկար տարիներ մեղվապահությամբ է զբաղվում, նշում է, որ վերջին տարիներին մեղուներն սկսել են սատկել:

DSC_7085.jpg (151 KB)

Նույն գյուղի բնակիչ, 58-ամյա Սվետլանա Գասպարյանն իր տան պատշգամբից ցույց է տալիս 1200 մետրի վրա գտնվող պոչամբարը, մտավախություն հայտնում, թե ընդլայնվելու դեպքում այն կծածկի նաեւ իրենց տունը: Ասում է՝ երեկոյան ժամերին չեն կարողանում դրսում նստել՝ պոչամբարից սուր հոտ է տարածվում, բացի դրանից՝ մոծակներն են շատացել: Տիկին Սվետան նկատում է նաեւ, որ տան շրջակայքում թռչուններ գրեթե չկան, ծառերն էլ աստիճանաբար չորացել են, հիշում է, որ նախկինում չափնեցիները մանր ու խոշոր եղջերավորներ ունեին, հիմա մի քանի տուն միայն հավ է պահում:

Բնապահպանների կարծիքները բախվում են

«Խուստուփ» բնապահպանական ՀԿ-ի նախագահ, կապանցի Վլադիկ Մարտիրոսյանը, ով 2003-2010 թթ. որպես ինժեներ աշխատել է ԶՊՄԿ-ի բնապահպանության բաժնում, իսկ 2012-2016 թթ. եղել կոմբինատի գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանի բնապահպանական հարցերով խորհրդականը, ասում է, թե պոչամբարն ինքնին դրական կողմեր ունենալ չի կարող, քանի որ զբաղեցնում է շատ մեծ մակերես, եւ հիմնականում ֆլոտացիայի թափուկներն են ամբարվում այդտեղ: Մարտիրոսյանը միաժամանակ շեշտում է, որ Սյունիքի մարզում հանքարդյունաբերությունն առաջատար ճյուղ է, ու բնական է, որ ընդերքը պետք է շահագործվի:

Հայաստանի կանաչների միության նախկին նախագահ (միությունը լուծարվել է) Հակոբ Սանասարյանն իր հերթին ասում է՝ որտեղ պոչամբար կա, դրանից 30-40 կմ շառավղով վտանգ կա, այսինքն՝ ինչքան մոտ պոչամբարին, այնքան դրա փոշին շատ է տարածվում, եւ այդ վայրերում գյուղատնտեսությունն անթույլատրելի է:

DSC_0423.jpg (228 KB)

Վլադիկ Մարտիրոսյանը, սակայն, վստահեցնում է, որ ԶՊՄԿ-ն պարբերաբար կատարում է պոչամբարի ռեկուլտիվացման աշխատանքներ. երբ դրա տիղմը չորանում է, հողի 70-100 սմ շերտով ծածկում են, որ փոշին չտարածվի շրջակա միջավայրի վրա: Ըստ բնապահպանի՝ մոտակա գյուղերի վրա պոչամբարի հիմնական ազդեցությունը հոտն է. «Մի քանի անգամ առաջարկել եմ, որ կարելի է այն սահմանին, մինչեւ որը պոչամբարը պետք է գնա, այդ տարածքում տնկեն պաշտպանիչ անտառաշերտեր, ինչը թույլ չի տա, որ քամու միջոցով այդ տհաճ հոտերը տարածվեն, ու նաեւ կպաշտպանի փոշուց»: Կոմբինատի նախկին աշխատակիցը նշում է, թե ուրիշ տեխնոլոգիա չկա՝ հանքաքարի հարստացումը կատարվում է ֆլոտացիայի միջոցով, իսկ թափոններն էլ պիտի ամբարվեն ինչ-որ տեղ: Համոզված է՝ շեշտը պետք է դնել թափուկավայրերի ռեկուլտիվացիայի վրա, քանի որ, օրինակ, մակաբացման աշխատանքների ժամանակ դատարկ ապարները ձորերը լցնելիս ամբողջ լանդշաֆտը խախտվում է, եւ դրա մասին է, որ պետք է մտածել՝ ռեկուլտիվացիա անել, թփապատել, անտառապատել, որպեսզի լանդշաֆտի ձեւը չխախտվի:

6780.jpg (126 KB)

Հակոբ Սանասարյանն էլ ասում է, որ հանքարդյունաբերության թափոնները քիմիական տարրերի շատ մեծ խտություն ունենալու դեպքում մինչեւ 70 տոկոս նվազեցնում են հողի բերրիությունը, փոխում հողի կառուցվածքը: Այս առումով բնապահպանը նկատում է, որ Արծվանիկի պոչամբար լցվող թափոններում բավական մեծ է այնպիսի տարրերի խտությունը (կոնցենտրացիան), ինչպիսիք են մոլիբդենը, պղինձը, ռենիումը, ոսկին, արծաթը, սելենը, տելուրը, նիկելը, կապարը, կոբալտը, ցինկը, մկնդեղը, մագնեզիումը, սկանդիումը, երկաթը, ծծումբը, պալադիումը եւ այլն: «Հետքի» զրուցակիցը նշում է, որ ԶՊՄԿ-ի հանքի տարածքներում կա նաեւ ուրան: «Ուրանը ցրված է, եւ գործնականում հնարավոր չէ կորզել այն, իսկ ո՞ւր է գնում՝ պոչանքի հետ լցվում է հողը,- ասում է Հ. Սանասարյանը՝ հավելելով, որ իր թվարկած բոլոր տարրերի վերաբերյալ աշխարհում կան կենսաբանական ազդեցության ուսումնասիրություններ,- դրանք հիմնականում առաջացնում են աղեստամոքսային, լյարդի, ոսկրային հիվանդություններ, քաղցկեղ, հոգեկան հիվանդություններ, կոորդինացիայի խախտում, մեռելածնություն, հրեշածնություն եւ այլն»:

DJI_0061.jpg (538 KB)

Ներկայում ԶՊՄԿ-ն երկու տիպի արտադրանք է տալիս՝ պղնձի հանքաքարեր եւ խտահանքեր ու ֆեռոմոլիբդեն: Հակոբ Սանասարյանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ հանքաքարում ու խտանյութում առկա թանկարժեք քիմիական տարրերը հանքարդյունաբերողները չեն ներկայացնում, դրանց ծավալը մնում է գաղտնիք, գաղտնիք է նաեւ, թե որքան շահույթ է ստացվում դրանց իրացումից:

Առողջապահական որոշ ցուցանիշներ

Կապանի տարածաշրջանում այսօր 2 խոշորացված համայնք կա՝ Կապանն ու Քաջարանը, որոնց կազմի մեջ է մտել նախկին 35 գյուղական համայնք: Տարածաշրջանի մշտական բնակչությունը (չշփոթել առկա բնակչության հետ), ՀՀ վիճակագրական կոմիտեի համաձայն, այս տարվա ապրիլի 1-ին եղել է 56.500 մարդ: Բնակչությանը սպասարկում է 2 բժշկական կենտրոն՝ Կապանի եւ Քաջարանի (առաջինը մարզի ամենամեծ առողջապահական հիմնարկն է):

Կապանի ԲԿ-ին խնդրել ենք տրամադրել 2014-2019 թթ. նորագոյացությունների ու սիրտանոթային հիվանդությունների պատճառով կենտրոնում գրանցված մահվան դեպքերի (բացարձակ եւ հարաբերական տվյալներով), ինչպես նաեւ այդ ընթացքում արձանագրված նորագոյացությունների նոր դեպքերի ցուցանիշները (2019-ի տվյալները միայն առաջին եռամսյակինն են): Նկատենք նաեւ, որ բնակչության մի մասը նախընտրում է օգտվել մայրաքաղաքի ԲԿ-ներից, այսինքն՝ ներկայացվողը չի կարելի ամբողջական պատկեր համարել:

Մահացության պատճառ
Infogram

Էկոլոգիական իրավունքի մասնագետ, բնապահպան Արթուր Գրիգորյանն ասում է, որ իր տեղեկություններով առողջապահության նախարարությունը երբեւէ չի իրականացրել թիրախային, լուրջ  հետազոտություն՝ պարզելու արտադրական թափոնների ազդեցությունը մարդկանց առողջության վրա, իսկ եթե անգամ նման հետազոտություններ արվել են, ապա դրանք հանրամատչելի չեն: «Ես տեղյակ չեմ եւ հանրային առողջության հետ կապված հարցերով ում հետ շփվում եմ, իրենք եւս տեղյակ չեն այդպիսի հետազոտությունենրի մասին: Ավելին՝ ԱՆ-ն մարդկանց առողջական խնդիրները հիմնականում կապում է վարքագծային հարցերի հետ՝ ծխել, խմել, քիչ շարժվել, անառողջ սնունդ, բայց ոչ երբեք այն, որ ուտում ենք կապար, մկնդեղ եւ այս կարգի բաներ»,- ասում է Գրիգորյանը, ով, ինչպես կտեսնենք ստորեւ, չի սխալվում:  

DJI_0019.jpg (314 KB)

Վերջինիս հետ զրույցից հետո մենք հարցում էինք ուղարկել ԱՆ՝ ճշտելու, թե արդյոք նախարարությունը երբեւէ ուսումնասիրել է Արծվանիկի պոչամբարի ազդեցությունը հարեւան գյուղերի բնակչության առողջության վրա: Թիրախային ուսումնասիրություն, ինչպիսին հետաքրքրում էր մեզ, չի իրականացվել, սակայն նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանը նշել է, որ մարդկանց առողջության վրա շրջակա միջավայրի ունեցած ազդեցությունը պարզելու համար ԱՆ-ն կատարել է մի ուսումնասիրություն, որով դիտարկել է պղնձի, ցինկի, մանգանի, մկնդեղի, կապարի հնարավոր ազդեցության հետեւանքով առաջացող հիվանդություններով հիվանդալու դեպքերը: Դրանք են արյան շրջանառության եւ նյարդային համակարգերի հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, բնածին արատները: Ուսումնասիրվել են 2013-2014 թթ. տվյալները:

Ըստ այդմ՝ Արծվանիկ գյուղում արյան շրջանառության համակարգի հիվանդություններով հիվանդացության հարաբերական ցուցանիշը (100.000 բնակչի հաշվարկով) 2013-2014 թթ. 708-ից նվազել է մինչեւ 531 (1,3 անգամ), իսկ ՀՀ-ում՝ 1860,1-ից իջել է 1840,1, այսինքն՝ ցուցանիշը նվազել է 1,01 անգամ: Եթե 2013-ին Արծվանիկում նյարդային համակարգի հիվանդություններով հիվանդացության հարաբերական ցուցանիշը եղել է 177, իսկ 2014-ին չի գրանցվել, ապա ՀՀ-ում այն եղել է համապատասխանաբար 766,9 եւ 807,1: 2013-2014 թթ. Արծվանիկում չարորակ նորագոյացություններ եւ բնածին արատներ չեն արձանագրվել:

«Վերը գրվածից երեւում է, որ նշված հիվանդություններով հիվանդացության ցուցանիշները Արծվանիկ համայնքում զգալիորեն ցածր են միջին հանրապետական եւ միջին մարզային ցուցանիշներից,- 5-6 տարվա վաղեմության թվերի մասին հայտնել է նախարարության պաշտոնյան,- միաժամանակ հարկ է նաեւ նշել, որ, համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների, նշված հիվանդությունների պատճառ կարող են հանդիսանալ նաեւ վարքագծային ռիսկի գործոնները՝ ծխախոտի օգտագործումը, ալկոհոլի չարաշահումը, ֆիզիկական թերակտիվությունը եւ անառողջ սնուցումը»:     

DSC_5121.jpg (153 KB)

Հարցին, թե պետությունն ինչու չի կատարում թիրախային հետազոտություն, Արթուր Գրիգորյանը պատասխանում է, թե բարդ է ասելը, ապա նշում, որ դեռեւս խորհրդային տարիներից եկած պրոֆհիվանդությունների արխիվները չկան, ինչը կասկած է հարուցում, որ միտում կա թաքցնել իրական ռիսկերն ու խնդիրները, որոնք առաջանում են հանքարդյունաբերական թափոնների անբարեխիղճ կառավարման հետեւանքով, որովհետեւ պետությունն ու հատկապես մասնավոր ընկերությունները պետք է պատասխանատվություն կրեն դրա համար, իսկ դա ենթադրում է մեծ ծախսեր:

Իր հերթին Հակոբ Սանասարյանը ցույց է տալիս դեռ 1989 թվականի մի գրություն, որը Արծվանիկ գյուղի բնակիչներն ուղղել էին ՀԽՍՀ մինիստրների խորհրդին, Գիտությունների ակադեմիային, շրջակա միջավայրի պահպանության պետական կոմիտեին եւ առողջապահության նախարարությանը: Այն ժամանակ պոչամբարի ծավալները շատ ավելի փոքր էին, սակայն բնակիչներն արդեն բողոքում էին. «Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարը իր հրեշավոր ճանկերի մեջ է առել Արծվանիկի սովխոզի ամենաբարեբեր վարելահողերը եւ տնամերձ հողատարածքները: Տասը տարվա արդյունքով մենք ականատես ենք լինում շրջակա միջավայրի նկատմամբ այնպիսի բռնության, որի հետ համակերպվելը հանցագործություն է մեր եւ մեր սերունդների նկատմամբ… Արդեն ակնհայտորեն նվազել են վարելահողերի եւ այգիների բերքատվությունը սովխոզում, իսկ բացարձակորեն այն նկատվում է թափոնները շրջապատող տնամերձ հողամասերում: Աճել են անասունների հիվանդությունները… (լեյկոզ, թունավորումներ, այլ հիվանդագին ախտահարումներ): Չորանում է պոչամբարին հարող անտառաշերտը… Առանց հետազոտությունների արդեն բացահայտ է աղեստամոքսային, հիպերտոնիկ, շնչուղիների, խոցային հիվանդությունների աճը… Օրվա հրամայական պահանջ ենք համարում միջոցներ ձեռնարկել՝ պոչամբարի ծավալումը Արծվանիկի ձորում դադարեցնելու եւ ռեկուլտիվացիան արագացնելու համար»:

Դիմում-գրության տակ ստորագրել է 152 հոգի, որոնց ՀԽՍՀ շրջակա միջավայրի պահպանության պետական կոմիտեն նույն տարում պատասխանել է այսպես. «Ղափանի շրջանի Արծվանիկ գյուղի բնակիչներին… վիզուալ ուսումնասիրություններից պարզվեց, որ պոչամբարին հարող հողահատվածներում աճող բուսականությունը չի տուժում պոչամբարի պարունակությունից (ձորակների մեջ աճում է փարթամ բուսականություն): Համաձայն Ղափանի շրջանային սանէպիդկայանի վիճակագրական տվյալների՝ վերջին տարիների ընթացքում անասունների հիվանդությունների աճի դինամիկա չի նկատվում… ԽՍՀՄ գունավոր մետալուրգիայի մինիստրության կողմից կատարվել են մանրամասն եւ բազմակողմանի հետազոտություններ, կոնցենտրատի (պոչանքի) բաղադրության մեջ չի հայտնաբերվել մարդկանց առողջության վրա ազդող քիմիական էլեմենտների առկայություն… Արծվանիկ գյուղի բնակիչների առողջությանը սպառնացող առկա վտանգ չկա: Արծվանիկ գյուղի եւ նրա բնակիչների ճակատագիրը մեզ համար նույնպես թանկ է»:

Ինչպես տեսնում ենք, թե՛ նախկինում, թե՛ այսօր պետական մարմինները սարի պես կանգնած են խոշոր հանքարդյունաբերողի թիկունքին, իսկ բնակիչների բողոքները բախվում են անտարբերության պատին:

40 հազար դրամ՝ յուրաքանչյուր բնակչի. ԶՊՄԿ-ի նվիրատվությունը

Այս տարվա փետրվարից ԶՊՄԿ-ն պոչամբարից հյուսիս գտնվող Արծվանիկ, Չափնի ու Սեւաքար գյուղերի յուրաքանչյուր բնակչի ամսական 40 հազար դրամ է տալիս որպես նվիրատվություն: Սեւաքարցիները դեռ 2018-ի նոյեմբերից էին 20 հազարական դրամ ստանում, ինչն էլ արծվանիկցների բողոքի պատճառ էր դարձել. նրանք փակել էին իրենց գյուղով անցնող Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհը, ինչը, փաստորեն, արդյունք տվեց. արծվանիկցիները ոչ միայն գումար սկսեցին ստանալ, այլեւ գյուղից մի քանի հոգի աշխատանքի ընդունվեց կոմբինատում:

Հատկանշական է, որ երբ 2018-ի աշնանն սկսվել էին նվիրատվությունները, ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը ԶՊՄԿ-ում ստուգումներ էր իրականացնում. դրանք ավարտվեցին այս տարվա հունվարին (արդյունքների մասին՝ ստորեւ): 

Ի տարբերություն նշված 3 գյուղերի՝ պոչամբարին արեւմուտքից ու հարավից հարեւան Աճանանի ու Սյունիքի բնակիչները կոմբինատից գումար չեն ստանում: Այս ֆոնին հետաքրքիր է, որ Արծվանիկի, Չափնիի ու Սեւաքարի մշտական բնակչությունը 2018 թ. համեմատ այս տարի աճել է, իսկ Աճանանինն ու Սյունիքինը՝ նվազել:

Տեղացիները չեն թաքցնում, որ թվաքականի աճի առիթը փողն է: Եթե այդ գումարները չլինեին, ըստ 57-ամյա արծվանիկցի Անժելա Հովակիմյանի, գյուղը հիմա կիսով չափ դատարկված կլիներ:

Այն, որ փողն է «շարժիչ ուժը», հուշում են նաեւ թվերը: Այսպես՝ 2001 թ. մարդահամարի համեմատ 2011-ին Արծվանիկի, Չափնիի ու Սեւաքարի մշտական բնակչությունը նվազել էր, այնինչ Աճանանի ու Սյունիքի բնակիչները այդ 10 տարում շատացել էին (շփոթություն չառաջացնելու համար նշենք, որ 2001 եւ 2011 թթ. տվյալներում ներկայացված է Սյունիք գյուղական համայնքի եւ ոչ թե գյուղի բնակչությունը. մինչեւ 2017 թ. այս համայնքի կազմում էին Սյունիք, Բարգուշատ, Դիցմայրի, Խորձոր, Սզնակ գյուղերը):   

Բնակչության փոփոխությունը
Infogram

Գումար հատկացնողը ԶՊՄԿ-ի ստեղծած «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամն է, որը նվիրատվության վերաբերյալ մեկ տարվա համաձայնագրեր է կնքել 3 գյուղերում հաշվառված եւ փաստացի բնակվող անձանց հետ (բնակիչների ասելով՝ ժամկետի ավարտից հետո պիտի նոր համաձայնագրեր կնքվեն): Փաստաթղթում նշվում է. «…նպատակ ունենալով մեղմել Արծվանիկի պոչամբարի՝ շրջակա գյուղական բնակավայրերում փաստացի բնակվող շահառուների սոցիալական վիճակի վրա անբարենպաստ ազդեցությունը՝ կապված գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու սահմանափակ հնարավորությունների հետ, կնքեցին սույն համաձայնագիրը…»:

Մեր հարցին, թե ինչու է գումարը ձեւակերպված որպես նվիրատվություն, այլ ոչ թե փոխհատուցում, ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը հայտնել է. «Նշված օժանդակությունը որեւէ պարագայում չի կարող դասակարգվել, որակվել կամ անվանվել փոխհատուցում, քանի որ «փոխհատուցում» տերմինը հիմնականում ածանցյալ է դելիկտային հարաբերություններին, հանդիսանում է անձանց որոշակի հակաիրավական վարքագծի (իրավախախտումներ, պայմանագրային պարտավորությունների խախտում եւ այլն) հետեւանք (պատճառված վնասներ եւ/կամ կորուստներ) եւ անձանց խախտված իրավունքների վերականգնման նպատակ է հետապնդում: Տվյալ պարագայում որեւէ հակաիրավական գործողության եւ դրա արդյունքում վնասների կամ կարուստների մասին խոսք լինել չի կարող, իսկ բնակիչների անհատույց որոշակի գումարի տրամադրումը մեր ընկերության զուտ սոցիալական քաղաքականության դրսեւորումներից մեկն է»:

DSC_7286.jpg (510 KB)

Էկոլոգիական իրավունքի մասնագետ Արթուր Գրիգորյանը ոչ թե փոխհատուցման, այլ նվիրատվության համաձայնագրեր կնքելու վերաբերյալ ասում է, որ դա մեկ բան է նշանակում՝ հանքարդյունաբերողը չի ընդունում, որ իր գործունեության հետեւանքով մարդկանց առողջությանը վնաս է պատճառում:

«Կապան համայնքի Արծվանիկ, Չափնի եւ Սեւաքար վարչական շրջանների բնակիչներին նշանակված ամսական օժանդակության վերաբերյալ հայտնում ենք, որ դա իրականացվում է ընկերության սոցիալական քաղաքականության շրջանակներում եւ նպատակ է հետապնդում նպաստել այդ շրջանների բնակիչների սոցիալական վիճակի բարելավմանը, գյուղատնտեսության եւ հարակից ոլորտների զարգացմանը,- «Հետքին» փոխանցել է Մհեր Պոլոսկովը:- Այդ ծրագիրն ամբողջությամբ իրականացվում է ընկերության նախաձեռնությամբ եւ նախատեսված չէ որեւէ իրավական ակտով կամ ընկերության ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերով»:

Սրան ի պատասխան՝ Ա. Գրիգորյանը նշում է. «Ընկերությունը ընդերքօգտագործման պայմանագիր է կնքել պետության հետ, եւ դրան կից կա հավելված սոցիալական պատասխանատվության հարցերի վերաբերյալ: Արդյոք այնտեղ նախատեսված է նման գործունեություն, եթե ոչ, ապա ինչպե՞ս կարելի է գնահատել սա: Օրենքի տեսանկյունից գուցե հակաիրավական որեւէ գործողություն չկա, սակայն սա կարելի է արդյոք դիտել որպես բնակիչներին տրվող կաշառք, որպեսզի բնակիչները շատ չգանգատվեն իրենց առողջության, կյանքի եւ այլնի վրա պոչամբարի ազդեցությունից: Կարելի՞ է, թե՞ ոչ»:

Համաձայնագրի առանձին կետով սահմանվում է. «Շահառուներն ընդունում են, որ սույն համաձայնագրով տրամադրվող գումարը բավարար երաշխիք է իրենց փաստացի բնակության վայրում գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու սահմանափակ հնարավորությունների պայմաններում ստեղծված սոցիալական անբարենպաստ կացությունը փոփոխելու եւ բարելավելու համար»:

DSC_7017.jpg (186 KB)

«Էդ գումարը տալիս են՝ գյուղացիներին լռեցնելու համար, ուրիշ ոչ մի բանի համար, գյուղը սարսափելի վնաս է կրում: Դա ողորմություն է կոչվում, ոչ թե նվիրատվություն»,- ասում է արծվանիկցի Անժելա Հովակիմյանը: Նույն կարծիքին է չափնեցի Ռազմիկ Հակոբյանը: Ասում է՝ մարդկանց աչքերն են փակում, բայց շատերն էլ ուրախանում են, էստեղից-էնտեղից փախել, եկել են գյուղ, որ այդ գումարը ստանան՝ չմտածելով, որ ինչքան էլ փող ունենան, մի քանի տարուց իրենց երեխաներին չեն կարողանալու բուժել:

DSC_7060.jpg (174 KB)

Բնապահպան Ա. Գրիգորյանն ասում է, թե ցանկացած պարագայում պետք է հաշվի առնել, որ հանքարդյունաբերությունը հանրությանը պատկանող պաշարների օգտագործումն է, որից ստացված եկամուտը կամ շահույթը պետք է առավելագույնս թափանցիկ օգտագործվի, այդ թվում՝ եթե դա ձեւակերպվում է տարբեր անվանումներով՝ սոցիալական աջակցություն, լրատվամիջոցներին կամ տարբեր հասարակական միավորումներին տրամադրվող հատկացումներ եւ այլն: Ըստ «Հետքի» զրուցակցի՝ այս ամենի մասին պետք է ստանալ մատչելի եւ հանգամանալից տեղեկատվություն, ապա հասկանալ, թե օրենքի տեսանկյունից արդյոք այն օրինական է, էթիկապես ճիշտ է, միջազգային ստանդանտներով ընդունելի է, թե ոչ:

Եթե մեզ հետ զրույցներում արծվանիկցիների ու չափնեցիների մեծ մասը, թեկուզ կոմբինատից գումար ստանալով, իրենց անհանգստությունն ու դժգոհությունն էր հայտնում պոչամբարի ազդեցությունից ու դրա ընդլայնումից, ապա Սեւաքարում այդպիսի մեկ-երկու հոգու հանդիպեցինք միայն: Սեւաքար եւ Չափնի գյուղերի վարչական ներկայացուցիչ Արմեն Դավթյանն ասում է. «Պոչամբարը քանի՞ տարի կա, նո՞ր է սկսել դրա ազդեցությունը, որ ձեզ այդքան հետաքրքրում է: 40 տարի է՝ պոչամբարն էստեղ է, նո՞ր եք հիշել»: Հետո ավելացնում է. «Պոչամբար է, էլի, նորմալ երեւույթ է, թափոնների համար նախատեսված վայր է»:

Գումար չստացողները բողոքում են

ԶՊՄԿ-ն ֆինանսական օժանդակություն չի հատկացնում Աճանանի ու Սյունիքի բնակիչներին: 63-ամյա աճանանցի Մարատ Հարությունյանն ասում է՝ անհասկանալի է, թե ինչու իրենք էլ չեն ստանում այդ գումարը՝ հաշվի առնելով, որ գյուղը պոչամբարին շատ մոտ է գտնվում. Աճանանի վերջին տների ու Արծվանիկի պոչամբարի պատնեշի հեռավորությունը 800 մետրից էլ քիչ է: Ըստ Մ. Հարությունյանի՝ եթե գումարը հատկացվում է պոչամբարին կից բնակավայրերին, ապա դրա սկիզբը հենց իրենց գյուղն է:

Աճանանի բնակիչն ասում է, որ ԶՊՄԿ-ի արտադրողականության մեծացմանը զուգահեռ իրենք ավելի ցայտուն են զգում պոչամբարի վնասակար ազդեցությունը: «Մեր լոբին մեծ համբավ ուներ, գյուղը բերքը վաճառում էր Կապանում, հիմա մարդիկ գնում քաղաքից են լոբի, գյուղմթերք առնում, էստեղ չկա: Եղած բերքն էլ մուտացիայի է ենթարկվում՝ կարալյոկը կարող է տարօրինակ տեսք ունենա, նույնը՝ պոմիդորը: Սարսափելին էն է, որ մենք անտեղյակ ենք, գոնե մասնագետներ կանչեն, գան տեսնեն, թե մարդկանց ինչ է սպառնում»,- ասում է Մ. Հարությունյանը:

DSC_7172.jpg (136 KB)

60-ամյա Էմմա Վարդանյանի տունը պոչամբարից մոտ 900 մ հեռավորության վրա է: Ասում է, որ դրա անմիջական վնասակարությունը զգում են թե՛ իրենց առողջության, թե՛ բերքատվության վրա:

Աճանանի վարչական ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի խոսքով՝ ոչ միայն իրենց գյուղը, այլեւ պոչամբարին հարակից ամբողջ տարածքն է զգում դրա ազդեցությունը: Վերջինիս անմիջական հարեւանությամբ գտնվող հողերից, ըստ Հարությունյանի, Աճանանն արդեն 2 տարի չի մշակում 8 հեկտար տարածություն, որտեղ նախկինում հացահատիկ էին աճեցնում, բայց վերջին տարիներին սկսել էին բերք չստանալ: «Բնակիչների բողոքը ճիշտ է, ոնց որ, մի տանը չորս երեխա լինի, հայրը գա երեքին կոնֆետ տա, չորրորդին չտա: Էրեխեն նեղանա, հարցնի՝ ինչի՞ չես տալիս, հայրն ասի՝ փողս չհերիքեց, կամ խանութում կոնֆետ չկար»,- նշում է վարչական ներկայացուցիչը:

Աճանանցիները ֆինանսական հատկացումների համար դիմել էին ԶՊՄԿ-ին ու Կապանի համայնքապետարանին: Ըստ Գ. Հարությունյանի՝ նվիրատվության գումարներ բաժանելու փոխարեն իրենց առաջարկել են դպրոցի գազիֆիկացման, ոռոգման ջրի եւ ճանապարհի բարեկարգման հարցերը լուծել, առաջարկ է եղել նաեւ կարի արտադրամաս բացել գյուղում: Ներկայացուցիչն ասում է, որ նման ծրագրերի իրականացումն ավելի արդյունավետ է, քանի որ հայտնի չէ, թե ինչքան ժամանակ գումար կտան, մինչդեռ ջուրը, ճանապարհը, գազը մնայուն կլինեն. «Աճանանցիները երկու ոտքը դրել են մի մաշիկի մեջ, ասել են՝ ո՛չ ոռոգում ենք ուզում, ո՛չ ճանապարհ ենք ուզում, մեր փողը տվեք, ես էլ ասում եմ՝ էդ փողը ցմահ չեն տալիս, իսկ ոռոգման ջուրը մնալու է: Կամ ասում են՝ ինձ պե՞տք է, որ դպրոցը գազ են քաշելու, դպրոցական էրեխա չունեմ»:

Սյունիք գյուղի վարչական ներկայացուցիչ Արթուր Մանուչարյանն էլ ասում է, թե բնակիչները համաձայնության են եկել, որ կոմբինատը տարբեր աշխատանքներ կատարի գյուղի համար, օրինակ, մանկապարտեզի շենքը, ֆուտբոլի դաշտը վերանորոգի եւ այլն:

Նոր հողեր՝ պոչամբարն ընդլայնելու համար

2011 թ. ապրիլին Տիգրան Սարգսյանի կառավարությունը որոշել էր Սյունիքի մարզի Քաջարան, Արծվանիկ, Չափնի, Սեւաքար, Աճանան եւ Սյունիք գյուղական համայնքների 608 հա հողերի (համայնքներին եւ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող) նկատմամբ ճանաչել բացառիկ՝ գերակա հանրային շահ, վերցնել դրանք սեփականատերերից, փոխել նպատակային նշանակությունը (կատեգորիան), դարձնելով արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր, ու վարձակալությամբ հանձնել ԶՊՄԿ-ին հանքավայրի շահագործման նպատակով: Այս որոշումը մեծ բողոքի ալիք բարձրացրեց նշված համայնքներում, մասնավորապես՝ Քաջարան գյուղում, որտեղ «գերակա հանրային շահի» տակ էր հայտնվել նույնիսկ գյուղի գերեզմանոցը:

2011-ի որոշումը հետագայում չի փոփոխվել կամ ուժը կորցրած ճանաչվել, սակայն, կարելի է ասել, նաեւ համայնքների բնակչության հակազդեցության պատճառով կյանքի չի կոչվել, փոխարենը 2015 թ. մայիսի 21-ին Հովիկ Աբրահամյանի կառավարությունը նմանատիպ մեկ այլ որոշում է կայացրել: Ընդ որում՝ այն տեղ-տեղ պարզապես արտագրված է 2011-ի որոշումից:

DJI_0017.jpg (275 KB)

2015-ին գործադիրը որոշել է Արծվանիկ, Չափնի, Սեւաքար, Աճանան եւ Սյունիք համայնքներից վերցնել 492 հա հող (պետական, համայնքային եւ մասնավոր սեփականություն): Այս որոշումը եւս հիմնված է «գերակա հանրային շահի» վրա: Կառավարությունը նշել է, թե պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը գերակայում է հողերի սեփականատերերի շահերին, քանի որ ունի ընդերքօգտագործման բնագավառում համապետական կարեւոր նշանակություն, ծրագիրը կապահովի ՀՀ արդյունաբերական արտադրանքի եւ արտահանման ծավալների էական աճ, մեծապես կնպաստի երկրի տնտեսական անվտանգության ամրապնդմանը, նաեւ լուրջ խթան է տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման համար:

«Ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, այն չհիմնավորված վնաս չի պատճառում սեփականատերերին, քանի որ հանքավայրի շահագործման հետ կապված արտադրական կեղտաջրերի պոչամբարի ընդլայնման տարածքների ընտրությունն իրականացվել է՝ հաշվի առնելով սահմանված տեխնիկական նորմերը, մակերեւույթի (ռելիեֆ) առանձնահատկությունները, այլընտրանքային տարբերակի բացակայությունը եւ ազդակիր համայնքների կարծիքները»,- փաստարկել է կառավարությունը:

Վերջինս որոշել է 492 հա հողերը ԶՊՄԿ-ի ֆինանսական միջոցներով ձեռք բերել սեփականատերերից եւ դարձնել համայնքների սեփականություն: Հողերը ձեռք բերելուց հետո գործադիրը 5 գյուղերի ղեկավարներին առաջարկել է փոխել դրանց նպատակային նշանակությունը՝ դարձնելով արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր: Իսկ ավելի կոնկրետ՝ գործառնական նշանակությամբ դրանք դառնալու են արդյունաբերական օբյեկտների հողեր: Այսքանից հետո, ըստ որոշման, համայնքների ղեկավարներին թույլատրվում է հողերն առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով տրամադրել ԶՊՄԿ-ին: Քանի որ 2017-ին Արծվանիկը, Չափնին, Սեւաքարը, Աճանանն ու Սյունիքը միացվել են Կապանին, հիմա հենց Կապանի համայնքապետարանն է կառավարության որոշման կատարման պատասխանատուն: 

DSC_7160.jpg (283 KB)

Սակայն 2018 թ. իշխանափոխությունից հետո կապանցի բնապահպանների ու նշված գյուղերի բնակիչների ճնշմամբ Կապանի ավագանու նիստերում չքննարկվեց հողերի կատեգորիան փոխելու հարցը: Իրավիճակը փոխվեց, երբ 2018-ի հոկտեմբերին Կապանի նոր համայնքապետ ընտրվեց անկուսակցական Գեւորգ Փարսյանը: Դեկտեմբերին նրա առաջարկությամբ ավագանին որոշեց հավանություն տալ Արծվանիկ, Չափնի, Սեւաքար գյուղերի 390,5 հա հողերի նպատակային նշանակությունը փոխելուն, սակայն դա գործընթացի սկիզբն է միայն: Գ. Փարսյանը «Հետքին» հայտնել է, որ 256 հա-ի վերաբերյալ համայնքապետարանում կազմվել է հողաշինարարական գործ եւ սահմանված կարգով ներկայացվել իրավասու մարմինների քննարկմանը. դրական եզրակացություն ստանալու դեպքում հողերի նպատակային նշանակությունը փոխելու հարցը կդրվի ավագանու վերջնական հաստատմանը: Կապանի ղեկավարը մեզ նաեւ տեղեկացրել է, որ ԶՊՄԿ-ն ամբողջությամբ ֆինանսավորել է հողերի ձեռքբերումը՝ նախկին սեփականատերերին վճարելով ավելի քան 337 մլն դրամ: Այսինքն՝ մնում է, որ Կապան համայնքը փոխի հողերի նպատակային ու գործառնական նշանակությունները եւ կառուցապատման իրավունքով տրամադրի կոմբինատին:    

67-ամյա Սեյրան Հովագիմյանը Սեւաքարի այն 24 բնակիչներից է, որոնց հողերը հայտնվել են «գերակա հանրային շահի» տակ: Նա կոմբինատի կարիքների համար համայնքին օտարել է 250 քմ վարելահող, որի դիմաց ստացել է 375 հազ. դրամ: Ասում է՝ բա ի՞նչ անեի, բոլորը վաճառեցին, ես էլ ստիպված էի:

Պոչամբարը ծածկել է հողեր, որոնք կոմբինատին չեն հատկացվել

Արծվանիկի պոչամբարից պարբերաբար տեղի ունեցող կեղտաջրերի արտահոսքերի մասին «Հետքը» նախկինում պարբերաբար գրել է: Ընդ որում՝ ամեն տարի, որպես կանոն, նման մի քանի դեպք է գրանցվում. պոչամբարից Նորաշենիկ գետ (հայտնի է այլ անուններով եւս, այդ թվում՝ Աճանան, Խալաջ, Օխտար) թափվող պարզվածքում կախյալ նյութերի սահմանային թույլատրելի խտությունը գերազանցվում է մի քանի անգամ, այսինքն՝ գետ է թափվում ոչ թե պարզվածք, այլ թափոնաջուր: Բնապահպաններից ոմանք նույնիսկ կասկածներ են հայտնում, որ միգուցե այդպես ԶՊՄԿ-ն բեռնաթափում է արագ լցվող պոչամբարը: Շրջակա միջավայրի նախարարությունը (նախկինում՝ ԲՆ) տարիներ շարունակ լոյալ վերաբերմունք է ցուցաբերում կոմբինատի հանդեպ: 2017-ին, օրինակ, ԲՆ-ին խնդրել էինք հայտնել, թե վերջին 5 տարում ԶՊՄԿ-ն քանի բնապահպանական խախտում է թույլ տվել եւ որքան է տուգանվել, սակայն նախարարությունը խուսափել էր կոնկրետ պատասխանից: Նույն գործելաոճն էր նաեւ դրան ենթակա բնապահպանական պետական տեսչությունում (ԲՊՏ), որն այսօր ենթակա է կառավարությանը եւ կոչվում է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին (ԲԸՏՄ):

Վերջինս 2018-ին ստուգումներ էր սկսել ԶՊՄԿ-ում, որոնց արդյունքները հայտնի դարձան այս տարեսկզբին: Բազմաթիվ խախտումների թվում արձանագրվել էր, որ Արծվանիկի պոչամբարը ծածկել է Արծվանիկ, Չափնի եւ Սեւաքար գյուղերի համայնքային ու պետական սեփականության 18,55 հա հողեր, որոնք կոմբինատին հանձնված չեն եղել: Տեսչական մարմինը հերթական անգամ թափոնաջրերի արտահոսք էր գրանցել պոչամբարից եւ պոչատարից:

«Հետքը» գրել է, որ Աճանան եւ Նորաշենիկ գյուղերն իրար կապող ճանապարհի վրայով անցնող այս պոչատարի վթարների ժամանակ պոչանքները կուտակվում են Նորաշենիկ գետի անմիջական հարեւանությամբ եւ տարիներով չեն տեղափոխվում պոչամբար՝ անմիջական վտանգ սպառնալով շրջակա միջավայրին: Տեսչական մարմինը ստուգումների արդյունքում բացահայտված վնասների դիմաց հաշվարկել էր ԶՊՄԿ-ի կողմից վճարման ենթակա 382 մլն դրամ գումար, ինչին կոմբինատը չէր առարկել:

Վերջինիս հարցրել էինք, թե ինչ բնապահպանական ծրագրեր են իրականացվում պոչամբարի հարեւան 5 գյուղերում՝ Արծվանիկում, Չափնիում, Սեւաքարում, Աճանանում, Սյունիքում: «Ընկերությունն իր բոլոր ազդակիր համայնքներում իրականացնում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությամբ, դրա փորձաքննական եզրակացությամբ, ինչպես նաեւ ընկերության բնապահպանական կառավարման պլանով նախատեսված բոլոր միջոցառումները, այդ թվում՝ խմելու ջրի, CO2 եւ SO2 գազերի, մակերեւութային ջրերի, էկոհամակարգերի եւ կենսաբազմազանության կառավարման մոնիթորինգներ մի շարք ցուցանիշներով, իրականացվում է մարդու առողջության վրա ազդեցության գնահատում, կատարվում են կանաչապատման աշխատանքներ եւ տնկիների տրամադրում»,- գրել է գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը՝ հավելելով, որ կատարվում են ուսումնասիրություններ՝ Նորաշենիկ գետ թափվող պարզվածքի մաքրման կայանների նախագծման եւ տեղադրման ուղղությամբ:

Կոմբինատի բնապահպանական վճարներն ու սոցիալական ծրագրերը

Պետեկամուտների կոմիտեին խնդրել էինք հայտնել, թե 2016-2018 թթ. ԶՊՄԿ-ն որքան բնապահպանական վճար է մուծել Արծվանիկի պոչամբարի լցակույտերի համար: ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը Հարկային օրենսգրքի մեջբերմամբ հայտնել է, որ այդ տեղեկությունը համարվում է հարկային գաղտնիք, փոխարենն ուղորդել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) կայք, որտեղ տեղադրվում են համապատասխան ընկերությունների վերաբերյալ հաշվետվությունները:

DSC_1931.jpg (261 KB)

Համաձայն ՊԵԿ հաշվետվությունների՝ 2016-ին ԶՊՄԿ-ն վճարել է 45 մլն դրամ բնապահպանական վճար, 2017-ին՝ 56 մլն դրամ, 2018-ի տվյալները բացակայում են: Նկատենք, որ սա ոչ միայն պոչամբարում լցակույտեր տեղադրելու, այլեւ կոմբինատի մնացած գործունեության համար է:

Կապան խոշորացված համայնքում 2017-2019 թթ. ԶՊՄԿ-ի իրականացրած սոցիալական ծրագրերի ամփոփ պատկերին կարող եք ծանոթանալ այստեղ եւ այստեղ: Համայնքապետ Գեւորգ Փարսյանի տեղեկացմամբ՝ խոշորացված համայնքի շուրջ 1500 բնակիչ աշխատում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում:   

Հանքարդյունաբերողը նոր տարածք է փնտրում նոր պոչամբարի համար

Ըստ ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի՝ պոչամբարում ամեն տարի տեղադրվում է 11-12 մլն խմ լցակույտ: Արդեն իսկ 240 մլն խմ թափոն ունեցող պոչամբարն այս դեպքում իր նախագծային ծավալը (325 մլն խմ) կլցնի առաջիկա 7 տարում՝ մինչեւ 2026 թ.: Բայց եթե այդ ծավալը համապատասխան լուծումներով հասցվի 398 մլն խմ-ի, պոչամբարի կյանքը կերկարացվի եւս 6-7 տարով:

«ԶՊՄԿ-ն, չսպասելով իր գործունեության վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությամբ սահմանված՝ Արծվանիկի պոչամբարի ընդլայնման կամ նոր պոչամբարի կառուցման նախագծի ներկայացման ժամկետի ավարտին, արդեն իսկ նախաձեռնել է նոր պոչամբարի կառուցման համար անհրաժեշտ տարածքների որոնման, տեխնիկական լուծումների մշակման եւ վերլուծության աշխատանքներ,- «Հետքին» հայտնել է Մ. Պոլոսվոկը:- Ընկերության հանձնարարությամբ հեղինակավոր «SRK Consulting (UK) Limited» ընկերությունն իրականացրել է նախնական ուսումնասիրություններ եւ տրամադրել առաջարկություններ պոչամբարի տեղակայման հնարավոր տարբերակների վերաբերյալ: Նոր պոչամբարի նախագծային լուծումների մշակման գործընթացի կազմակերպման շուրջ դեռեւս աշխատանքներ են տարվում ոլորտի լիազոր մարմինների հետ»:

Կապանում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ ապագա պոչամբարի համար դիտարկվում են Արծվանիկից արեւելք գտնվող Բարգուշատ (նախկինում՝ Ներքին Գյոդաքլու) եւ Վարդավանք (Վերին Գյոդաքլու) գյուղերի տարածքները, որոնք Արծվանիկից բաժանվում են բլրաշերտով: Կոմբինատի նախկին աշխատակից, բնապահպան Վլադիկ Մարտիրոսյանը նշում է, որ, ըստ խոսակցությունների, ներկա պոչամբարը լցվելուց հետո բլրի տակով՝ թունելով, միացվելու է Բարգուշատի ձորին, որտեղ պատվար է կառուցվելու՝ պոչանքներն ամբարելու համար: Այս ձորն անմիջապես Սյունիք գյուղի հյուսիսում է, այսինքն՝ նոր պոչամբարը պիտի կախվի Ողջի գետի հովտում գտնվող բնակավայրի գլխին:

DSC_7232.jpg (141 KB)

Սյունիքի վարչական ներկայացուցիչ Արթուր Մանուչարյանն ասում է, թե մի քանի տարի առաջ այդ նպատակով նույնիսկ 15 հա հող է հատկացվել ԶՊՄԿ-ին, սակայն հետո ծրագիրը կասեցվել է: Ըստ Մանուչարյանի՝ եթե այս նոր տարածքում պոչանքներ կուտակվեն, իրենց գյուղն անմիջական ազդեցության տակ է հայտնվելու: ՀՀ վիճկոմիտեի տվյալներով՝ 2018-ի հունվարի 1-ի դրությամբ Բարգուշատում հաշվառված էր 51 բնակիչ, Վարդավանքում՝ 93, Սյունիքում՝ 725:

Այնուամենայնիվ, համայնքապետ Գեւորգ Փարսյանը  մեզ հայտնել է հետեւյալը. «Համաձայն ընկերության կողմից տրամադրված եւ հրապարակված տեղեկատվության՝ Կապան խոշորացված համայնքի վարչական սահմաններում նոր պոչամբար չի կառուցվելու»:

Շրջանառվում է նաեւ Քաջարան խոշորացված համայնքի մեջ մտնող եւ հաշվառված բնակչություն չունեցող Ներքին ու Վերին Գիրաթաղ բնակավայրերի ձորը պոչամբարի վերածելու տարբերակը: Այս ձորը գտնվում է Երեւան-Կապան-Քաջարան-Մեղրի միջպետական ճանապարհից աջ՝ դրա անմիջական հարեւանությամբ: Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, սակայն, անցյալ տարի մեզ հետ զրույցում հերքել է, թե Գիրաթաղում կարող է նոր պոչամբար կառուցվել:

«Սյունիքի մարզի Բարգուշատ, Վարդավանք կամ Գիրաթաղ բնակավայրերի տարածքում նոր պոչամբար կառուցելու հարց ընկերության կողմից չի քննարկվում,- «Հետքին» իր հերթին հայտնել է ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Մ. Պոլոսկովը:- Արծվանիկի պոչամբարի կոնսերվացումից հետո նոր պոչամբարը նախատեսվում է նախագծել եւ կառուցել՝ օգտագործելով բնակավայրերից հեռու եւ արտադրական գործունեության արդյունքում արդեն իսկ խախտված տարածքներ՝ կիրառելով բնապահպանական առաջադեմ տեխնոլոգիաներ, ներդնելով ջրօգտագործման շրջանառու համակարգ»:

Այդուհանդերձ, գործող պոչամբարի հարեւանությամբ ապրող մարդիկ լավատես չեն: Քանի պոչամբարը մեծանում է՝ կուլ տալով նոր հողեր, այնքան շատանում են հայրենի բնակավայրից հեռանալու մասին խոսակցությունները: «Ինքս գիշեր-ցերեկ մտածում եմ, թե մեր վերջն ինչ է լինելու: Չեմ կարողանում տեղը բերել, թե ինչ կլինի, որովհետեւ զարգացման ոչ մի բնագավառ չկա: Ապագան ինչպե՞ս կլինի՝ չենք կարող ասել: Ես մտածում եմ, որ գյուղը պետք է տեղափոխվի»,- ասում է 86-ամյա արծվանիկցի Հրանտ Հարությունյանը:

Շարունակելի

Մեկնաբանություններ (5)

Արամ
Դուք կատարել եք մեծ աշխատանք շնորհակալություն անչափ
Bruce Gellerman
This is investigative reporting at its best- exposing , accurately, honestly and and powerfully the long history of harm this mine tailings have done to these communities and people. I’m am very interested in what has happened since this was produced. The multi media elements are very interesting. I have many questions about the medical data Hetq reporter should be commended for finding the 1989 letter and following up with the "overriding public interest” that allows these environmental crimes to continue. The people of the region deserve much better. The citizens of Armenia should demand it. I’m hopeful the voice this story has given the people was heard. But I’m skeptical. Report again. And again. And again.
Սամվել Հովասափյան
Հատեք անտառները, թունավորեք օդը, թունավորեք և չորացրեք գետերի, լճերի և ստորգետնյա ջրերի պաշարները, աշխարհի վերջն է, հայ ժողովրդի վերջն է, որքան արագ այնքան լավ։ Այլևս գալիք սերունդ չի լինի, որ տանջվի ու ափսոսա․․․
Hov
Passing through Artsvanik two residents told of sick children with unexplained illnesses. Out of concern for their children's health, families were relocating to Yerevan or, if there was no work there, leaving the country, Cleanup of the toxic dump, if that is even possible, will cost much more than whatever revenue was generated by the mine. Given our past history and the limited amount of land suitable for agriculture, I doubt if mining is a viable industry for Armenia. Armenia needs to look to the future, in 100 years what will Armenia be? Will Armenia be habitable in 100 years, in 200 years? Is no one thinking of the future?
User
Էէէխ էխխխխ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter