HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պոչամբարները վերամշակելու ծրագիր կա, բայց դրա շահավետությունը վեճի թեմա է

սկիզբը

Կենսաբանների գիտական հոդվածը հարվածել է հանքարդյունաբերողների շահերին

Սաղմնաբան (էմբրիոնոլոգ) Անուշ Ծառուկյանը հիշում է, որ 2011 թ. իր գիտական ղեկավար Իլոնա Ստեփանյանի հետ գիտական հոդված էին հրապարակել արտասահմանյան հանդեսում, որը պետք է շարունակություն ունենար, սակայն աշխատանքներն այդպես էլ կիսատ մնացին: Ինչ-որ մարդկանց ձեռնտու չէր այն, ինչ անում էին կենսաբանները: Իսկ նրանց աշխատանքը վերաբերում էր կենդանական աշխարհի վրա ծանր մետաղների ազդեցությանը:

Առաջին հոդվածում մասնագետները ցույց էին տվել, թե ինչպես են մոլիբդենի, քրոմի եւ կադմիումի իոններն ազդում լճագորտի մետամորֆոզի (ձեւափոխություն՝ ձու-շերեփուկ-գորտ) եւ էրիթրոցիտների (արյան կարմիր բջիջներ) վրա: Սաղմնաբանն ասում է, որ գորտերը համարվում են ցուցիչ՝ ինդիկատոր, ինչով էլ պայմանավորված էր այս կենդանիների ընտրությունը: Գիտափորձերի ընթացքում գորտերը ենթարկվել էին նշված մետաղների այնպիսի խտությամբ ազդեցության, որը գերազանցել է սահմանային թույլատրելի խտությունը (ՍԹԽ): Քրոմի եւ կադմիումի ազդեցությամբ արձանագրվել է շերեփուկների մահացության բարձր ցուցանիշ եւ աճի նվազում: Մետաղների բարձր խտությամբ աղտոտված ջրի միջոցով բացահայտվել էր նաեւ երիտասարդ գորտերի էրիթրոցիտների փոփոխություն: Ընդ որում՝ պարզվել էր, որ կադմիումն ավելի մեծ ազդեցություն է ունենում արյան կարմիր բջիջների ձեւափոխության վրա, քան քրոմն ու մոլիբդենը: Հետեւությունն այն էր, որ կադմիումի եւ քրոմի մեծ խտությունները ջրային միջավայրում վտանգ են ներկայացնում երկկենցաղների համար հատկապես մետամորֆոզի վաղ փուլերում:  

Ծառուկյանն ասում է, որ աշխատանքները չշարունակելու փաստը տխուր իրողություն էր իրենց համար, սակայն այդ էջը նա փակված է համարում: Հավելում է, որ այդպես էլ չիմացան, թե ով եւ ինչ պատճառներով է ցանկացել փակել թեման, բայց հետո տեղեկացել էին, որ հետազոտությունը խանգարում էր կա՛մ վերնախավին, կա՛մ արդյունաբերական ձեռնարկություններին:

«Հետքի» զրուցակից ռեպրոդուկտոլոգներն իրենց հերթին հայտնել են, որ պացիենտների մեջ մեծ թիվ են կազմում Ախթալայի, Ալավերդու, Քաջարանի եւ Կապանի տարածաշրջանների բնակիչները: Նկատենք, որ հենց այստեղ են Հայաստանի հանքարդյունաբերական խոշոր կենտրոնները՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (Քաջարանի հանքն ու կոմբինատը տես լուսանկարում), Կապանի ու Ախթալայի լեռնահարստացման կոմբինատները, Ալավերդու պղնձաձուլական գործարանը:   

DJI_0087.jpg (1.84 MB)

«Հիմա մեր աշխատանքի մեջ էլ տեսնում ենք, որ հատկապես այդ շրջաններում ժողովրդի մոտ պտղաբերական լուրջ խնդիրներ կան, ու իրականում սա շատ լուրջ թեմա է»,- նշում է Անուշ Ծառուկյանը:

Կապանցի բնապահպան Արմեն Փարսադանյանն էլ փաստում է, որ մարդկանց ու շրջակա միջավայրի վրա զգալի է, մասնավորապես, պոչամբարների ազդեցությունը: Սյունիքի մարզկենտրոն Կապան խոշորացված համայնքը հյուսիսից ու հարավից շրջապատված է երկու խոշոր պոչամբարով՝ Արծվանիկով, որն ամենամեծն է Հայաստանում, եւ Գեղանուշով: Առաջինը (նախագծային ծավալը՝ 325 մլն խմ) շահագործում է ԶՊՄԿ-ն, երկրորդը (11,37 մլն խմ)՝ Կապանի կոմբինատը:

10648374_756220237784448_7701814053708252639_o.jpg (506 KB)

«Հետքի» զրուցակիցը նկատում է, որ ընդհանրապես Հայաստանում պոչամբարների ազդեցության գնահատումը բավարար չափով չի արվում. սա ունի ինչպես օրենսդրական, այնպես էլ ոչ բավարար նյութատեխնիկական, մասնագիտական պատճառներ: «Պոչամբարների հարակից բնակավայրերում ակնհայտ նկատելի են մարդկանց առողջական տարատեսակ խնդիրները, բերքատվության նվազումը, իսկ երբեմն էլ՝ բուսականության չորացումը: Բնակիչների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից նմանատիպ խնդիրները բարձրաձայնելու դեպքում տնտեսվարողները դրանք համարում են մերկապարանոց մեղադրանքներ: Այնինչ պետությունն ու տնտեսվարողն են պարտավոր պատշաճ հետազոտություններ անել եւ ներկայացնել, թե ինչ միջավայրում են ապրում ազդակիր համայնքների բնակիչները»,- ասում է բնապահպանը:

Պոչամբարի վերամշակման ծրագիրը կրկին օրակարգում է

Արծվանիկի պոչամբարում կուտակված հարստությունը ոչ միայն հնարավոր է, այլեւ պետք է վերամշակել, ինչին ուղղված ծրագիրը պատրաստ է: Այս համոզմունքն է հայտնում քաջարանցի լեռնային ինժեներ Մանվել Ոսկանյանը:

Manvel Voskanyan.jpg (372 KB)

Ոսկանյանները լեռնային գործի հայտնի մասնագետներ են Սյունիքում եւ Հայաստանում: 1970-ականների սկզբներից մինչ օրս Արծվանիկի պոչամբարում կուտակվող լցակույտերի վերամշակումը եղել է Մանվել Ոսկանյանի հոր՝ Համլետ Ոսկանյանի երազանքը, ով 1975-1980 թթ. ԶՊՄԿ-ի տնօրենն էր: Մ. Ոսկանյանն ասում է, որ իր մասնագիտության հարցում վճռորոշ դեր է ունեցել հայրը, ով ընդունելության համար որդու գործերը հանձնել էր լեռնային ֆակուլտետ: «Հարցրեցի, թե դա ինչ է, ասաց, որ այն, ինչ վերցնում են սարից, նվազագույնն են ստանում, իսկ մնացածը պոչամբարներում է, կգնաս, կվերամշակես»,- պատմում է «Հետքի» զրուցակիցը:

Ինչու՞ որոշվեց հատուկ օրենք ընդունել ներդրումային ծրագրի մասին

Մանվել Ոսկանյանը ժամանակին ներգրավված էր «Ալյոտիգ» ՍՊԸ-ում, որի անվան շուրջ մեծ աղմուկ բարձրացավ մեր երկրում: Հենց այս ընկերությունն էր ցանկություն հայտնել վերամշակել ԶՊՄԿ-ի նախկին (Ողջի, Փուխրուտ) եւ ներկա (Արծվանիկ) պոչամբարների լցակույտերը: Սակայն ծրագրի հեղինակը հենց Ոսկանյանն էր:

«Ալյոտիգ» ՍՊԸ-ն 2009-ի հուլիսին հիմնադրել են կապանցի Ալեքսեյ Շահնազարյանն ու ծովագյուղցի Տիգրան Թովմասյանը (ընկերության անվանումն էլ նրանց անուններից է կազմված՝ Ալյոշա + Տիգրան), սակայն իրականում տերերը նրանց հայրերն էին՝ կապանցի Վարդան Շահնազարյանն ու նրա ընկերը՝ Անուշավան Թովմասյանը: Վերջինս եղել է ընկերության առաջին տնօրենը: ՍՊԸ-ն գրանցված է Ծովագյուղում՝ Թովմասյանների տանը: Ըստ ՊԵԿ-ի՝ ընկերությունն զբաղվում է գունավոր մետաղների հանքաքարերի արդյունահանմամբ: 2011-ի փետրվարին փոփոխություններ են կատարվել «Ալյոտիգում»: 100 տոկոսի սեփականատեր է դարձել Վ. Շահնազարյանը, իսկ գլխավոր տնօրեն է նշանակվել Մանվել Ոսկանյանը:  

Վերջինս «Հետքի» հետ զրույցում պատմում է, որ դեռ ուսանողական տարիներից տարված էր պոչամբարների վերամշակման տեխնոլոգիաներով, եւ «Ալյոտիգի» անունով ներկայացված ծրագիրն իր երկար տարիների աշխատանքի արդյունքն էր: «2010 թ. մենք մտադրվեցինք սկսել այդ գործը, նույն տարվա վերջում ներդրողի հարցը լուծվեց»,- ասում է Մ. Ոսկանյանն ու հավելում, որ ներդրողները մոսկվացի հայեր էին ու հրեական ծագում ունեցող ռուսաստանցի (նախկինում՝ ուկրաինաբնակ) գործարար Եվգենի Գիները, ում մեջ, ըստ Ոսկանյանի, եւս հայկական արյուն կա (տատը հայ է): Գիները լայն շրջանակներին հայտնի է որպես Մոսկվայի «ԲԿՄԱ» (Բանակի կենտրոնական մարզական ակումբ) ֆուտբոլային ակումբի նախագահ, չնայած դա նրա միակ բիզնեսը չէ:  

DSC_7273.jpg (443 KB)

Ոսկանյանն ասում է, որ 2011-ին Ողջիի, Փուխրուտի եւ Արծվանիկի պոչամբարներից հորատման միջոցով ընդհանուր 2,5 տ փորձանմուշ էին վերցրել եւ ծրագրի շրջանակներում ուսումնասիրել Հայաստանի, Ռուսաստանի ու Չինաստանի երեք ինստիտուտներում, որոնց եզրակացությունների հիման վրա էլ բիզնես պլան էր մշակվել ու ներկայացվել ներդրողին, որը ոգեւորվել էր: Ըստ մեր զրուցակցի՝ Գիները նաեւ Հայաստան էր եկել, հանդիպել այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանին:

Այսքանից հետո 2014-ի հոկտեմբերին Հովիկ Աբրահամյանի կառավարությունը լիազորել էր էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին գործադիրի անունից մտադրությունների մասին հուշագիր ստորագրել ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Նիլ Սթիվենսոնի, ԶՊՄԿ-ի գլխավոր բաժնետեր գերմանական «Քրոնիմետ Մայնինգ» ընկերության օպերատիվ տնօրեն Մհեր Պոլոսկովի (ներկայում ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենն է), որպես ներդրող հանդես եկող «VS Energy International» (VSEI) հոլդինգի ներկայացուցիչ Եվգենի Գիների, ինչպես նաեւ «Ալյոտիգ» ՍՊԸ-ի սեփականատեր Վարդան Շահնազարյանի եւ գլխավոր տնօրեն Մանվել Ոսկանյանի հետ:

«Ներդրողը հավաստում է, որ ծրագրի իրականացման համար արդեն իսկ կատարել է եւ շարունակելու է կատարել անհրաժեշտ ներդրումները, որոնց չափը կազմելու է առնվազն 200 մլն դոլար: Դա ներառում է վերամշակման գործարանի նախագծումը, կառուցումը եւ շահագործման սկիզբը: Հետագայում մաստեր պլանով նախատեսված եւ անհրաժեշտ գումարները կշարունակեն ներդրվել՝ ապահովելու համար ծրագրի լիարժեք իրագործումը»,- ասվում էր հուշագրում: Կառավարության նիստում նշվել էր, թե նախնական հաշվարկներով ստեղծվելու է 1800 աշխատատեղ:     

Հուշագրի ստորագրումից հետո կողմերը ձեւավորելու էին աշխատանքային խումբ, որը պիտի զբաղվեր մաստեր պլանի իրագործման համար անհրաժեշտ նոր իրավական ակտեր ընդունելու վերաբերյալ ուսումնասիրություններ անելով: Մ. Ոսկանյանն ասում է, որ իրենք նախապես չէին մտածում ծրագրի համար օրենք ընդունելու մասին, սակայն ԶՊՄԿ-ի հետ վերջնական համաձայնության գալու մասով ինչ-ինչ խնդիրներ էին ծագել, եւ դրանից հետո ներդրողը պնդել էր, որ անհրաժեշտ է օրենքի ուժ տալ ծրագրին, ինչն էլ, փաստորեն, տեղի ունեցավ: Կարելի է ասել, որ գործադիրն ու օրենսդիրը ջանք չէին խնայել՝ ծրագիրն իրականություն դարձնելու ճանապարհին: Այսպես՝ 2015-ի մայիսին կառավարությունը համապատասխան օրինագիծն անհետաձգելի էր համարել, ինչից շատ չանցած՝ հունիսի 23-ին, ԱԺ-ն ընդունել էր օրենքն ու առաջացրել շատերի տրամաբանական զարմանքը:

Լցակույտերը՝ «Ալյոտիգին», պոչամբարները՝ ԶՊՄԿ-ին

Կարճ ներկայացնենք մինչ օրս գործող օրենքի որոշ հետաքրքիր մանրամասներ:

Օրենքով սահմանվել է, որ դրա ուժի մեջ մտնելուց պահից (2015-ի օգոստոսի 1-ից) Ողջիի եւ Փուխրուտի պոչամբարներում առկա լցակույտերի հանդեպ ՀՀ սեփականության իրավունքը փոխանցվում է «Ալյոտիգ» ՍՊԸ-ին: Այս պոչամբարները գտնվում են Երեւան-Քաջարան ճանապարհի ձախ կողմում, Լեռնաձոր գյուղի հարեւանությամբ: Համարվում են կոնսերվացված (պետության հաշվեկշռում գտնվող), փաստացի՝ նաեւ ռեկուլտիվացված (ծածկված են հողաշերտով):

Մյուս կողմից՝ Արծվանիկի պոչամբարում մինչեւ 2011-ի դեկտեմբերի 31-ը կուտակված լցակույտերի հանդեպ օրենքով ճանաչվել է ԶՊՄԿ-ի սեփականության իրավունքը, սակայն պայման է դրվել, որ այդ, ինչպես նաեւ 2012-ի հունվարի 1-ից հետո նույն պոչամբարում կուտակված պոչանքները որպես սեփականություն հանձնվելու են ՀՀ-ին այն օրը, երբ Արծվանիկը կկոնսերվացվի, կամ դրա շահագործումը կդադարեցվի: Օրենքով, սակայն, ՀՀ-ն էլ իր հերթին Արծվանիկի լցակույտերը պիտի անմիջապես հանձներ «Ալյոտիգի» սեփականությանը:

Օրենքում նշված է նաեւ, որ ՍՊԸ-ին որպես սեփականություն հանձնված լցակույտերն առանձին պայմանագրով գրավադրվելու են հօգուտ ՀՀ-ի (գրավը երաշխիք էր այն բանի, որ «Ալյոտիգն» իրականացնելու է ներդրումային ծրագիրը): Համաձայն գրավի պայմանագրի (հայտնի չէ՝ նման պայմանագիր կնքվել է, թե ոչ)՝ պետությունը կարող էր առանց դատարան դիմելու բռնագանձել ընկերությանը փոխանցված լցակույտերը, եթե լինեին կոնկրետ հիմքեր (օրենքում դրանք չեն հստակեցվում):    

Հետաքրքիր է, որ ՀՀ-ի, ԶՊՄԿ-ի ու «Ալյոտիգի» միջեւ պիտի կնքվեր եռակողմ պայմանագիր՝ ծրագիրն իրականացնելու համար պոչամբարներն օգտագործելու եւ կառավարելու մասին: Այն բանից հետո, երբ կդադարեին պոչամբարների հանդեպ «Ալյոտիգի» այս իրավունքները, ՀՀ-ն պարտավորվում էր դրանք կրկին փոխանցել ԶՊՄԿ-ին, որպեսզի վերջինս նոր լցակույտեր տեղադրի այնտեղ: Այսինքն՝ պոչամբարներում եղած լցակույտերը վերամշակելուց հետո Ողջին, Փուխրուտն ու Արծվանիկը վերստին պիտի շահագործվեին ԶՊՄԿ-ի կողմից:

Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում (մինչեւ 2016-ի օգոստոսի 1-ը) «Ալյոտիգը» պետք է կառավարության հաստատմանը ներկայացներ մաստեր պլան, սակայն բանը դրան չի հասել: Մ. Ոսկանյանն ասում է, որ 2014-ին Ուկրաինայում սկսված քաղաքական պրոցեսներն ու պատերազմը հարված էին Եվգենի Գիների ուկրաինական բիզնեսին, մյուս կողմից՝ գործարարը մեծ գումարներ էր ներդնում Մոսկվայում կառուցվող նոր մարզադաշտի վրա: «Ալյոտիգի» ծրագրի անհաջող ընթացքի վերջակետը, թերեւս, այն էր, որ 2016-ի հունվարի 8-ին՝ օրենքի ընդունումից կես տարի անց, դատարանը ֆիննախի պահանջով սնանկ ճանաչեց այս ընկերությանը: Առաջ անցնելով՝ նշենք, որ լուծարվելու փոխարեն «Ալյոտիգը» կարողացել է առողջանալ եւ այժմ գործող ընկերություն է, սակայն Մանվել Ոսկանյանն այլեւս կապ չունի ՍՊԸ-ի հետ, հեռացել է 2017-ի դեկտեմբերին:  

Լեռնային ինժեներն առաջարկում է պոչամբարների վերամշակման իր բանաձեւը

«Հետքի» զրուցակիցն ասում է, որ Արծվանիկի պոչամբարի վերամշակման ծրագիրը նախադեպ ունի Հայաստանում: Խոսքը 1996-1998 թթ. Արարատի ոսկու ֆաբրիկայի պոչանքների վերամշակման մասին է, որն արվում էր միայն ոսկի ստանալու նպատակով: Ըստ Ոսկանյանի՝ քանի որ այդ ընթացքում ոսկու միջազգային գները բարձրացան, պոչանքների ոչ համալիր վերամշակումը հաջողություն ունեցավ, բայց եթե Արծվանիկի պոչամբարի դեպքում նույնն արվի այսօր, այսինքն՝ վերամշակում լինի միայն պղնձի եւ մոլիբդենի խտանյութ ստանալու համար, ապա ծրագիրը շահութաբեր չի լինի:

Համաշխարհային բանկի պատվերով 2016 թ. կատարված «Հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում- Հայաստան» ուսումնասիրության մեջ պոչամբարների հնարավոր վերամշակման մասին ասվում է. «Ստացանք տեղեկություն մի ընկերության մասին, որն ուսումնասիրել է Արծվանիկի պոչամբարը, սակայն հրաժարվել են այդ մտքից, երբ մոտավոր հաշվարկները ցույց են տվել, որ պղնձի կոնցենտրացիան կազմել է 0,1 %, որի դեպքում վերամշակումը տնտեսապես իրագործելի չի լինի»: Մ. Ոսկանյանն ասում է, թե չգիտի՝ որ ընկերության մասին է խոսքը, բայց կրկնում է, որ միայն պղինձ ու մոլիբդեն կորզելու դեպքում ծրագիրն իրոք շահավետ չի լինի: Ըստ ԶՊՄԿ-ի՝ իրենք հանքաքարից կարողանում են կորզել մոլիբդենի 83 %-ը եւ պղնձի 80 %-ը, ինչը նշանակում է, որ հանքաքարում եղած մնացած 17-20 % պղինձն ու մոլիբդենը լցվում է պոչամբար, բայց դա վերցնելու համար, Ոսկանյանի հավաստիացմամբ, հսկայական ծախսեր պետք է անել: «Բոլոր պոչերը վերամշակելու համար պետք է կոմպլեքսային մոտեցում ցուցաբերել, այսինքն՝ մաքսիմալ ձեւով ի՞նչ է հնարավոր ստանալ այդտեղից, որը կբերի ֆինանսական պլյուսի: Պետք է մտածել եւ ստանալ տարբեր տեսակի խտանյութեր»,- շեշտում է լեռնային ինժեներն ու ավելացնում, որ, համաձայն իր ծրագրի, պոչանքներից կարելի է ստանալ 7 տեսակի խտանյութ, որոնց անունները չի ցանկանում հրապարակայնացնել, մինչեւ աշխատանքները չսկսվեն: Մ. Ոսկանյանը հավաստիացնում է, որ ծրագիրը միանգամայն իրագործելի է:

DJI_0007.jpg (1.46 MB)

2018-ին մասնագետն արդեն իր անունից դիմել է վարչապետին, ավելի ուշ՝ շրջակա միջավայրի նախարարություն՝ ներկայացնելով ԶՊՄԿ-ի պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերի համալիր օգտագործման ներդրումային ծրագիրը: Մանվել Ոսկանյանն ասում է, որ ներկա պահին ամենամեծ խնդիրը ներդրող գտնելն է, քանի որ ձեռնարկի մեջ այժմ մնացել են ինքն ու մոսկվացի հայերը:

Ինչպես նշվեց վերեւում, Ողջիի, Փուխրուտի եւ Արծվանիկի պոչանքներն ուսումնասիրվել են Հայաստանում, Ռուսաստանում եւ Չինաստանում: Լեռնային ինժեները պատմում է, որ չինական կողմն ուսումնասիրությունից հետո կազմել էր տեխնոլոգիական կանոնակարգ, համաձայն որի՝ կարելի է տարեկան վերամշակել 12,5 մլն տոննա պոչանք, որից 7 տեսակի խտանյութ ստանալու դեպքում շղթայական արտադրանքի ընդհանուր գինը կկազմի 400 մլն դոլար: Ըստ մասնագետի՝ պոչանքներից կարելի է ստանալ ոչ միայն մետաղներ, այլեւ ոչ մետաղական նյութեր: Մյուս կողմից՝ քանի որ նախատեսվում են մասշտաբային աշխատանքներ, Մանվել Ոսկանյանն ամբողջ վերամշակող-արտադրական շղթան բաժանել է 7 փուլի, որոնց իրագործման ընթացքը կախված կլինի ֆինանսավորման ծավալներից:

Նախատեսված է երկու գործարան կառուցել Կապանից դուրս՝ Սյունիք գյուղից ոչ հեռու, ինչի համար, Ոսկանյանի փոխանցմամբ, անհրաժեշտ է 300-350 մլն դոլարի ներդրում եւ 3-4 տարի: Կոմբինատում, ըստ ծրագրի, կբացվի ընդհանուր 1200 աշխատատեղ:

Մեր զրուցակիցը նկատում է, որ եթե ծրագիրը կյանքի կոչվի, ապա առաջին հերթին կարեւոր բնապահպանական հարց կլուծվի՝ պոչամբարները կբեռնաթափվեն: Պոչամբարների լցակույտերը խառնվելու են ջրի հետ եւ պոմպերի միջոցով խողովակաշարով մղվեն վերամշակող կոմբինատ:  

DSC_7280.jpg (600 KB)

«Պոչամբարի ներսում, ինչպես ձվի դեղնուցն է, կա միջուկ: Եթե անգամ դարեր անցնի, այդ զանգվածը չի չորանում: Այսինքն՝ դրա վտանգավորությունը մշտապես կա: Երբ սկսենք վերամշակումը, պոչամբարները ժամանակավոր պահեստ կդառնան, որովհետեւ դրանց ներսում եղածը 95-98 %-ով կարող ենք վերամշակել՝ վերածելով կիրառական նյութերի: Դրանում կասկած չունեմ»,- ասում է Մանվել Ոսկանյանը:

Հարցին, թե արդյոք պոչանքների վերամշակումից չեն առաջանալու նոր պոչանքներ, որոնք ինչ-որ տեղ լցնելու խնդիր է ծագելու, մասնագետն ասում է, որ դա կախված է ֆինանսավորումից: Եթե ֆինանսավորվի ծրագրի միայն առաջին փուլը, ապա վերամշակումից հետո առաջացած պոչանքները ջրազրկվելու են ու պահեստավորվեն, այսինքն՝ գոյանալու է ջրազրկված պոչամբար: Իսկ եթե ստեղծվի ավելի մեծ շղթայով գործող արտադրություն, վերամշակումից հետո թափոնների քանակը շատ ավելի փոքր կլինի:

ԶՊՄԿ-ի տվյալներով՝ տարեկան արդյունահանվում է 22 մլն տ հանքաքար, որից ստացվում է 180 հազ. տ պղձնի խտանյութ եւ 10,8 հազ. տ մոլիբդենի խտանյութ, այսինքն՝ երկու խտանյութերի ընդհանուր ծավալը հանքաքարի մոտ 0,9 %-ն է: Հանքաքարի մնացած 99,1 %-ը (տարեկան 21,8 մլն տ) դառնում է պոչանք: Մանվել Ոսկանյանն ասում է, որ վերամշակման ծրագիրն իրականացնելու պարագայում պոչանքներից ստանալու են ոչ թե 0,9 %, այլ 20-25 % արտադրանք: Հարցին, թե ինչի հաշվին է տարբերությունն այդքան մեծ լինելու, կրկնում է՝ տարբեր խտանյութերի:

Հավելենք, որ, ըստ ՀԲ-ի պատվիրած ուսումնասիրության, 1969-ին կոնսերվացված Փուխրուտի պոչամբարում կա 3,2 մլն խմ պոչանք, իսկ 1977-ին կոնսերվացված Ողջիի պոչամբարում՝ 19,4 մլն խմ (այլ աղբյուրներում նշվում է 10 մլն խմ): Ինչ վերաբերում է Արծվանիկին, ապա, Մ. Պոլոսկովի տեղեկացմամբ, այս տարվա հունվարին այդտեղ կար 239,7 մլն խմ պոչանք:

Պոչանքների վերամշակման արդյունավետության մասին կարծիքները տարբեր են

ՀԲ-ի պատվիրած ուսումնասիրությունը կատարել են շվեդ մասնագետները, մասնակիցներից մեկն էլ եղել է Հայաստանի ամերիկյան համալսարանի պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը:

alen amirkhanian.jpg (261 KB)

Վերջինիս եւ ՀԱՀ-ի «Յակոբեան» բնապահպանական կենտրոնի ղեկավար Ալեն Ամիրխանյանը նշում է, որ երբ շվեդները Հայաստանում էին, ասել էին, թե աշխարհում շատ քիչ տեղեր կան, որտեղ պոչամբարի վերամշակումը շահավետ է, եւ դրանք հիմնականում ոսկու հանքերի պոչամբարներն են:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանն էլ ասում է, որ հանքարդյունաբերության մասին գրականության մեջ բազմիցս հանդիպել է ընդերքօգտագործման թափոնների վերամշակման գործնական դեպքերի, որոնք դրական արդյունք են ունեցել: Պատգամավորը միաժամանակ նկատում է, որ վերամշակումը պետք է արվի ոչ թե գուշակությունների մակարդակով, այլ նախնական ուսումնասիրությունների հիման վրա: Ասում է, թե իր տեղեկություններով՝ պոչանքներում երկրորդական վերամշակման հումք հանդիսացող բավականին նյութեր կան, որոնց վերամշակումը եկամտաբերության առումով շահավետ կարող է լինել: Դա կարող է նաեւ շահեկան լինել բոլորի համար այն առումով, որ ազատվում ենք թունավոր պոչանքներից: Բայց վերամշակումը պետք է այնպես արվի, որ նոր բնապահպանական ռիսկեր չառաջանան:

m galstyan.jpg (253 KB)

Մերի Գալստյանը չգիտի, թե ինչու է «Ալյոտիգ» ընկերության ծրագրի համար 2015-ին առանձին օրենք ընդունվել, նախապատմությանը տեղյակ չէ, բայց ասում է, որ օրենքում հստակեցված չէ, թե վերամշակման ինչ տեխնոլոգիաներ են կիրառվելու, որպեսզի վստահություն լինի, որ գործընթացը բնապահպանական առումով վատ հետեւանքներ չի ունենա:

«Ալյոտիգն» օրենքով սահմանված ժամկետում չի ներկայացրել մաստեր պլան, բացի դրանից՝ ընկերությունը, որի անունով գրվել է օրենքը, եւ ծրագրի նախաձեռնող Մանվել Ոսկանյանն իրար հետ այլեւս կապ չունեն, այս պարագայում թվում է, թե բոլոր հիմքերը կան, որ ԱԺ-ն ուժը կորցրած ճանաչի ավելի քան 4 տարի թղթին մնացած օրենքը: «Ես հարցումներ եմ ուղարկել համապատասխան գերատեսչություններ, երբ ունենամ պատասխանները, մեկ անգամ եւս կանդրադառնամ այդ օրենքին եւ ուժը կորցրած ճանաչելու նպատակահարմարությանը»,- ասում է պատգամավոր Մերի Գալստյանը:

Հանքարդյունաբերության ոլորտում պետք է կարգուկանոն հաստատի պետությունը

Արծվանիկի պոչամբարի խնդիրներից մեկը, ըստ ՀԱՀ-ի աշխատակից Ալեն Ամիրխանյանի, ջրերի կառավարումն է. Քաջարանից պոչանքը 30 կմ հասցնում են Կապան եւ հետո բաց թողնում Ողջի գետի մեջ՝ կեղտոտված, առանց մշակելու (Արծվանիկի պոչամբարից պարզվածքը լցվում է Նորաշենիկ գետ, այնտեղից՝ Ողջի, սակայն հարցն այն է, որ հաճախ այդ պարզվածքում քիմիական տարրերի կամ միացությունների խտությունը առավելագույն թույլատրելիից մի քանի անգամ բարձր է լինում):

«Նախ պետք է մտածեն, թե ինչպես պակասեցնեն այդ ջրերը, չորացում կատարեն, ծրագիր ներկայացնեն դրա մասին, եւ ինչպես անել, որ այդ ջուրը մաքրեն, ապա նոր բաց թողնեն: Դա շատ մեծ վնաս է հասցնում ջրային ռեսուրսներին, շրջակա միջավայրին»,- նշում է Ամիրխանյանն ու ավելացնում, որ նույն խնդիրն ունի Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատը, որի նախկին սեփականատեր, կանադական «Դանդի Փրիշս Մեթալս» ընկերությունը հպարտանում էր, թե կոմբինատն ունի ջրերի փակ շրջանառու համակարգ, սակայն դրան զուգահեռ ստորգետնյա ջրերը, ծանր մետաղների թթվային դրենաժով ջրերը գալիս-լցվում են Ողջի գետ:

Հղում անելով 2016 թ. վերոնշյալ ուսումնասիրությանը՝ Ամիրխանյանն ասում է, որ Հայաստանի բոլոր պոչամբարներում աղետային ռիսկերի կառավարման խնդիր կա: Ըստ այդմ՝ մեր երկրի պոչամբարներում չի կիրառվում սեյսմիկ գոտիների լավագույն փորձը: Նկատում է, որ եթե երկրաշարժի ժամանակ պոչամբարները փլվեն, լուրջ հետեւանքներ կունենան: Արծվանիկի պոչամբարի դեպքում, մեր զրուցակցի կարծիքով, գուցե մահացության դեպքեր քիչ լինեն՝ հաշվի առնելով, որ գյուղերը մի քիչ հեռու են պոչամբարից (այդուհանդերձ, շեշտենք, որ հենց պոչամբարի պատնեշի հարեւանությամբ է Սյունիք գյուղը), սակայն ճանապարհների փակվելու խնդիր կառաջանա, ու դժվար է ասել, թե ինչպես է հնարավոր լինելու Կապանից Երեւան հասնել: Հայաստանն Իրանի հետ կապող Երեւան-Կապան-Մեղրի միակ մայրուղին (տես լուսանկարում) ռազմավարական նշանակության ճանապարհ է մեզ համար:   

DJI_0067.jpg (1.88 MB)

Ալեն Ամիրխանյանն ասում է, որ առաջին հերթին պետությունը պետք է լուրջ մոտանա բնապահպանական, առողջապահական նորմերին, այլապես ինչու՞ պետք է հանքարդյունաբերողը դրանք լուրջ ընդունի, եթե ինքը շահույթ հետապնդող ձեռնարկություն է, իսկ նորմերը խստորեն պահպանելու համար անհրաժեշտ են ծախսեր, որոնք իրենց հերթին նվազեցնելու են շահույթը, այսինքն՝ մինչեւ պետությունն իր քայլերը չանի, հանքարդյունաբերողից ավելին պետք չէ սպասել:

«Շեշտը պետք է դնել պետական համակարգի վրա: Կարո՞ղ ենք մշակել մի պետական ապարատ, որ այդ շատ բարդ եւ ռիսկային ոլորտը կարողանա կառավարել, ինչպես, օրինակ, Շվեդիայում եւ շատ այլ երկրներում, որտեղ եթե հետազոտության փուլում պաշարը ցույց են տալիս 20 տարուց պակաս, ապա դիմումը մերժվում է: Մենք էլ պետք է ունենանք քաղաքականություն, թե ինչն է ընդունելի, ինչը՝ ոչ: Հիմա չգիտեմ, թե ինչ է կատարվում, սակայն նախկինում նվազագույն փաստաթղթերով կարելի էր թույլտվություն ստանալ, վնաս էր հասցվում տեղանքին, բայց հետո հանքարդյունաբերություն չէր իրականացվում, պետությունն օգուտ չէր ստանում, իսկ համայնքն ավելի էր քայքայվում»,- ասում է «Հետքի» զրուցակիցը՝ ավելացնելով, որ Շվեդիան, այդքան մեծ տարածք ունենալով (15 անգամ մեծ է Հայաստանից), 6-7 խոշոր հանք ունի, եւ մենք էլ չպետք է խոսենք շատ հանքերի մասին, եթե նման 3-4 կառավարվող հանք լինի, ապա կարող է բավարար լինել Հայաստանի համար:

Որտեղի՞ց սկսել փոխել ոլորտը

Ալեն Ամիրխանյանի կարծիքով՝ փոփոխությունների առաջին ազդակը պետք է ուղղվի հենց հանքարդյունաբերողներին: Այն պիտի լինի այսպիսին՝ Հայաստանն իր օրենքներն ունի, եւ ձեռնարկությունները պետք է պատշաճ հետեւեն նախանշված ստանդարտներին: «Բայց չես կարող ասել՝ մեկ օրում արեք, դա ռեալ չէ, պետք է գոնե 3-4 տարի տրամադրել, որ ծրագիր ներկայացնեն, հասնեն այդ ստանդարտներին: Սակայն հանքարդյունաբերողները պետք է իմանան, որ դա բանակցության առարկա չէ, որովհետեւ մինչեւ հիմա մեր օրենքները չեն աշխատել, ամեն ինչի շուրջ բանակցվել է, իսկ եթե բանակցվել է, նշանակում է՝ օրենք չի եղել, ախպերական մոտեցում էր: Պետությունը պետք է հետամուտ լինի օրենքի իրականացմանը»,- նշում է մեր զրուցակիցը:

Ամիրխանյանի դիտարկմամբ՝ հանքարդյունաբերության կողմից բնապահպանական եւ սոցիալական վնասները պետք է նվազեցվեն, ոլորտը պետք է ինտեգրվի երկրի տնտեսությանը, այսինքն՝ Հայաստանը չպիտի լինի զուտ հումք արտահանող, ինչպիսին է այսօր: Մասնագետն ուշադրություն է հրավիրում նաեւ նրա վրա, որ հետազոտությունների թույլտվություններ են տրվում բնության հատուկ պահպանվող տարածքների սահմաններում. «Եկեք որոշենք՝ պահպանվող տարա՞ծք ենք ուզում ունենալ, թե՞ հանքարդյունաբերություն, երկուսը համատեղելով, մեզ ենք մոլորեցնում»: Շեշտում է, որ ընդերքը չվերականգնվող ռեսուրս է, ու դրա շահագործումից գոյացած գումարներն այսօր ծախսվում-գնում են. «Պետք է մտածենք, թե ինչպես անել, որ չվերականգնվող այդ ռեսուրսը ֆինանսական վերականգնվող ռեսուրս դարձնենք, ինչպես արել են շատ երկրներ»:

Ընդերքի մասին օրենսդրությունը փոփոխվելու է

Պատգամավոր Մերի Գալստյանը, ով նախկինում աշխատել է ՀԱՀ-ի պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնում, համամիտ է Ալեն Ամիրխանյանի հետ: ԱԺ ներկայացուցիչն ասում է, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտն աստիճանաբար պետք է անցնի վերջնական արտադրանք ստանալու գործընթացին, եւ դա պետք է կարգավորվի թե՛ օրենսդրորեն, թե՛ ինստիտուցիոնալ առումով:

Խոսելով օրենսդրական դաշտի մասին՝ Մ. Գալստյանը նշում է, որ Ընդերքի մասին գործող օրենսգիրքը հեռու է կատարյալ լինելուց եւ ամբողջությամբ չի արտացոլում բնական ռեսուրսների կառավարման պետության ու քաղաքացու շահերը: Ըստ պատգամավորի՝ անհրաժեշտ է ունենալ ընդերքի կառավարման համալիր, համապարփակ ու հնարավորինս լավ կարգավորումներ, քանի որ գործ ունենք չվերականգնվող եւ սահմանափակ ռեսուրսների հետ: Գալստյանն ասում է, որ չնայած հանքարդյունաբերությունը կարեւոր ոլորտ է Հայաստանի տնտեսական զարգացման համար, մինչ օրս մեր երկիրը չունի որեւէ ռազմավարական փաստաթուղթ, որը կուղենշեր այն սկզբունքներն ու հիմնական ուղղությունները, որոնց հիման վրա պետք է զարգանա ոլորտը՝ արտացոլելով նաեւ պետության դիրքորոշումը դրա վերաբերյալ:

DJI_0008.jpg (1.12 MB)

Ընդերքի մասին գործող օրենսգիրքը, Մ. Գալստյանի կարծիքով, բավականին բացեր ունի, ինչի վերաբերյալ քննարկումներ են սկսվել Աժ համապատասխան հանձնաժողովների ու կառավարության կողմից:

Իշխանական խմբակցության անդամն ասում է, որ նախեւառաջ պետք է սկսել ռազմավարություն մշակելուց: Ներկայում, ըստ նրա, «ախտորոշիչ» ուսումնասիրություններ են իրականացվում կառավարության կողմից՝ սոցիալ-տնտեսական, բնապահպանական եւ առողջապահական, որոնց արդյունքներով վերանայվելու են օրենսդրությունն ու ենթաօրենսդրական դաշտը. դրանք պետք է համապատասխանեցվեն մինչ այդ մշակված ռազմավարությանը:

Գալստյանի մոտեցմամբ՝ այդ ընթացքում նախընտրելի կլիներ որոշ ժամանակով դադարեցնել ընդերքօգտագործման թույլտվությունների տրամադրումը, որպեսզի այդ բարեփոխումների իրականացումից հետո իրավահարաբերական խնդիրներ չառաջանան:

Առաջին հերթին փոփոխություններն ուղղված են լինելու ընդերքօգտագործման թույլտվությունների տրամադրման մեխանիզմներին՝ շեշտադրելով բնապահպանական մասը, այսինքն՝ հաշվի է առնվելու, թե ընդերքը շահագործելիս բնապահպանական բաղադրիչը որքանով է համապատասխանելու լավագույն չափանիշներին կամ ապահովելու շրջակա միջավայրի աղտոտվածության կանխարգելումը, վնասի նվազեցումը:

Փոփոխություններն անդրադառնալու են նաեւ հանքարդյունաբերության ոլորտի հարկային դաշտին: «Ընդերքի ոլորտի հարկման մեխանիզմները պետք է զգուշորեն, մանրակրկիտ մշակվեն ու գործի դրվեն: Սա բխում է այն ֆունդամենտալ սկզբունքից, որ գործ ունենք չվերականգնվող եւ սահմանափակ քանակությամբ մի ռեսուրսի հետ, որի եկամտաբերությունը խիստ տատանվող է: Պետության ու քաղաքացու շահերից է բխում, որ այդ ամբողջ հարկման մեխանիզմն իրենց երկարաժամկետ կարիքներին ու շահերին ծառայի»,- նշում է Մերի Գալստյանը՝ ավելացնելով, թե կարեւոր են ոչ միայն հարկերի գոյացման մեխանիզմները, այլեւ ստացված եկամուտների հետագա կառավարումը:

Պատգամավորի տեղեկացմամբ՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում ստեղծվել է հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրության աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկված են թե՛ քաղհասարակության, թե՛ գործադիր իշխանության, թե՛ ոլորտը վերահսկող մարմինների ներկայացուցիչներ, հանդիպումներ են նախատեսվում նաեւ մասնավոր հատվածի հետ:

2021 թվականից բոլոր հանքարդյունաբերողների առաջ նոր պահանջ է դրվելու

Մերի Գալստյանն ասում է, որ 2016 թ. Ընդերքի մասին օրենսգրքում կատարված փոփոխություններով դրանից հանվել է «տեխնածին հանքավայր» հասկացությունը, ինչպիսին համարվում էին նաեւ պոչամբարները: Փոխարենը օրենսգրքում առանձին գլուխ է մտցվել ընդերքօգտագործման թափոնների կառավարման եւ վերամշակման մասին:

Պատգամավորը շեշտում է, որ այս փոփոխություններով պոչամբարների հանդեպ ամբողջ պատասխանատվությունը դրվել է տնտեսվարողների վրա: Այսուհետ բոլոր այն ձեռնարկությունները, որոնք կդիմեն ընդերքօգտագործման թույլտվության համար, պարտավոր են պետությանը ներկայացնել թափոնների կառավարման (վերամշակման) պլան, ինչպես նաեւ այդ պլանով նախատեսված միջոցառումների իրականացման ֆինանսական երաշխիքներ: Նշված դրույթները պարտադիր են բոլոր նրանց համար, ովքեր ընդերքօգտագործման թույլտվություններ են ստացել կամ ստանալու օրենսդրական փոփոխություններից հետո: Սակայն դրանք կտարածվեն նաեւ նրանց վրա, ովքեր արդեն իսկ ձեռք էին բերել նման թույլտվություն: Վերջիններս 60 ամսվա ընթացքում, այսինքն՝ մինչեւ 2021 թ. պետք է իրենց գործունեությունը համապատասխանեցնեն օրենսգրքի նշված պահանջներին: Այս առումով Մ. Գալստյանը նշում է, որ հանքարդյունաբերողների կողմից ներակայացվելիք թափոնների կառավարման (վերամշակման) պլաններն անցնելու են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքով նախատեսված փուլերով:

Արծվանիկի պոչամբարի եւ Քաջարանի լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter