HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Ինձ մեղադրում են իմ եղբոր դեմ կատարված մահափորձի բացահայտմանը խոչընդոտելու մեջ»,- ասում է նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբայրը

Դատախազությունը բողոքարկել է Ազգային ժողովի պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբորը` Ռոբերտ Մանուկյանին 800 հազար դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը: Վերաքննիչ քրեական դատարանում` նախագահությամբ դատավոր Արմեն Դանիլյանի այսօր նշանակված էր բողոքի քննությունը: Ռոբերտ Մանուկյանը մասնակցում էր դատական նիստին: Վերջինս«Հետք»-ի հետ զրույցում անդրադարձավ օգոստոսի 2-ին Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունից հետո տեղի ունեցած իրադարձություններին, իրեն առաջադրված մեղադրանքին:

«Ինձ մեղադրում են իմ եղբոր դեմ կատարված մահափորձի բացահայտմանը խոչընդոտելու մեջ: Կարծում եմ, որ  ցանկացած մարդու համար անտրամաբանական ու անհիմն, մտացածին մեղադրանք է»,- ասաց Մելիք Մանուկյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Մելիք Մանուկյանին պատկանող ապակե տարաների գործարարի մոտ պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով երկու մեքենա է վնասվել, դրանցում եղած անձինք ստացել են մարմնական վնասվածqներ: Վնասված մեքենաներից մեկը պատկանում է Մելիք Մանուկյանին: Պայթյունից հետո իրավապահներն աշխատելիս են եղել դեպքի վայրում, երբ Մանուկյանի մեքենան հեռացրել են դեպքի վայրից, ապա քիչ անց վերադարձրել: Այս դրվագով մեղադրանք է առաջադրվել երկու անձի` Մանուկյանի եղբայր Ռոբերտ Մանուկյանին և Մարկոս Մարկոսյանին: Ըստ մեղադրանքի՝ Ռոբերտ Մանուկյանն է Մարկոս Մարկոսյանին հրահանգել մեքենան հեռացնել դեպքի վայրից՝ այսպիսով խոչընդոտելով արդարադատության իրականացմանը: Մանուկյանը մեղադրվում է նաև իրեն բերման ենթարկելիս ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Պայթյունի առթիվ քննություն է տարվում Մելիք Մանուկյանի նկատմամբ սպանության փորձի և պայթուցիկ նյութեր պահելու հոդվածներով:

Մեզ հետ զրույցում Ռոբերտ Մանուկյանն ասաց, որ ընդունում է հանգամանքը, որ եղել է դեպքի վայրում ու քննիչների հետ զրուցել մեքենան դեպքի վայրից հեռացնելու, այն ապահով տեղ տեղափոխելու մասին, սակայն որևէ մեկին որևէ հրահանգ չի տվել:

«Այս խոսակցության «դրդիչներն» էլ եղել են լրագրողները. նրանք տպագրել էին հոդվածներ, որտեղ մեր ընտանիքին անհիմն մեղադրում էին, վարկաբեկիչ նյութեր էին տարածում: Լրագրողները մեքենայի համարներն էին նկարում, կողքը դնում եղբորս նկարը, պիտակավորում հարգված կենսագրություն ունեցող մարդուն` իր մասնագիտական գործունեության հետ կապված»,- ասաց Ռոբերտ Մանուկյանը՝ նկատի ունենալով, որ լրագրողներն իրենց հրապարակումներում օգտագործել են Մելիք Մանուկյանի հայտնի մականունը, որը նա ստացել է ապակե տարաների գործարան ունենալու պատճառով:

Մեր հարցին՝ այդ հրապարակումներն ի՞նչ կապ ունեն մեքենան առանց թույլտվության դեպքի վայրից հեռացնելու արարքի հետ, Ռոբերտ Մանուկյանը պատասխանեց, որ եթե մեքենան տեղափոխվեր ապահով տարածք, նաև նկարահանումները կդադարեցվեին:

«Մեքենան թանկարժեք մեքենա էր, հիմա  այն արդեն երեք ամիս է՝  կանգնած է հատուկ պահպանվող տարածքում»,- ասաց Մանուկյանը: Վերջինս ասաց, որ մեքենան այժմ, իրենց բարձրացրած աղմուկից հետո, ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում պատշաճ հսկողության պայմաններում է պահվում, մինչդեռ այդ տարածքում պահվող մեքենաները նախկինում նորմալ չէին պահպանվում:

Անդրադառնալով իր մեղադրանքին այն մասին, որ Մարկոս Մարկոսյանին հրահանգել է մեքենան հեռացնել դեպքի վայրից, Մանուկյանը նշեց, որ ինքը որևէ մեկին որևէ հրահանգ տալու իրավունք չուներ:

«Ես դատարանում ելույթ եմ նախապատրաստել, որում նշել եմ, որ մեզ մոտ ռազմականացված հիմնարկ չէ, ես հրահանգավորելու կարգադրելու իրավունք չունեմ: Սխալ մեղադրանք է, ես մեղադրանքը չեմ ընդունում»,- ասաց Ռոբերտ Մանուկյանը:

Մեր հարցին՝ երբ Մանուկյանը ոստիկանի հետ խոսել է մեքենան անվտանգ տարածք տեղափոխելու մասին, այդ խոսակցությունն ինչ ընթացք է ստացել և ինչպե՞ս է ի վերջո մեքենան դեպքի վայրից տանելու որոշում կայացվել, Մանուկյանը պատասխանեց.

«Այդ հարցին թող տեղափոխողը պատասխանի, ասի թե ինչու տեղափոխեց: Ես իմ մասով եմ պատախանատու: Տեսագրություններ կան: Բոլորն էլ կարող են նայել ու տեսնել`արդյոք ես կարգադրո՞ւմ եմ մեքենան հեռացնել»:

Ռոբերտ Մանուկյանն, ինչպես վերը նշել ենք, մեղադրվում է նաև իրեն բերման ենթարկելուց ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Վերջինս  հիշեցրեց, որ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել իրեն ձերբակալելու որոշումը:

«Դատական ակտ կա և դրանով փաստվում է, որ իմ նկատմամբ կատարվել են ոչ օրինաչափ գործողություններ: Ոստիկանները գործել են անօրինական՝ չունենալով ինձ բերման ենթարկելու իրավասություն, ստիպողական, բռնություն գործադրելով բերման են ենթարկել: Չնայած դրան` տուժող են ճանաչվել ոստիկանները, իբր ես բոլոր ոստիկաններին ծեծել եմ, փռել գետնին»,- ասաց Ռոբերտ Մանուկյանը:

Վերջինս չթույլատրեց իրեն տեսանկարահանել կամ լուսանկարահանել: Նրա խափանման միջոցի գործի քննությունն այսօր հետաձգվել է, դեռևս որոշում չի կայացվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter